«Դեկտեմբերի 25-31-ը։ Հայտնություն 15-22․ «Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)
«Դեկտեմբերի 25-31-ը։ Հայտնություն 15-22», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Դեկտեմբերի 25-31-ը
Հայտնություն 15-22
«Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ»
Հայտնություն գրքում նկարագրված բարու և չարի միջև մղվող պատերազմն ի՞նչ է ուսուցանում ձեզ այստեղ՝ երկրի վրա Քրիստոսին հետևելու կարևորության մասին։ Այս սկզբունքի շուրջ խորհելուց հետո մտածեք ձեր դասարանի անդամների կարիքների մասին։ Հայտնություն գրքի ո՞ր ճշմարտությունները կարող են օգնել նրանց կատարել արդար ընտրություններ։
Հրավիրեք կիսվել
Քանի որ դասարանի անդամները գրեթե ավարտում են Նոր Կտակարանի իրենց ուսումնասիրությունը, խրախուսեք նրանց կիսվել Նոր Կտակարանի մասին իրենց մտքերով։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել նրանց ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին և ավելի նմանվել Նրան:
Ուսուցանեք վարդապետությունը
Մենք պետք է հեռու պահենք մեզ աշխարհի ամբարշտությունից
-
Այդքան էլ հաճելի չէ կարդալ ամբարշտության և Բաբելոնի անկման մասին Հայտնություն 17-18 գլուխներում, սակայն ուսանելի է, քանի որ Բաբելոնը կարող է լինել ամբարիշտ աշխարհի խորհրդանիշը, որում մենք այսօր ապրում ենք։ Գուցե դուք բաժանեք այդ գլուխները դասարանի անդամների միջև և խնդրեք նրանց փնտրել նմանատիպ հարցերի պատասխանները․ Ինչո՞ւ է մարդկանց գրավում Բաբելոնը կամ աշխարհիկ կյանքը։ Ինչո՞ւ է Բաբելոնը վտանգավոր։ Ի՞նչ տեղի կունենա Բաբելոնի հետ։ Ի՞նչ նախազգուշացումներ տվեց Հովհաննեսը, որ օգնի մեզ խուսափել Բաբելոնի ճակատագրից։
-
Հայտնություն 18․4-ը կարդալուց հետո դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես կարող են «դուրս գալ» Բաբելոնից և «մասնակից չ’լինել դորա մեղքերին»։ Նրանք կարող են կիսվել սուրբ գրություններով կամ Եկեղեցու ղեկավարների ուղերձներով, որոնք օգնել են նրանց դիմակայել Բաբելոնի կամ աշխարհի գայթակղություններին։ Կարող եք դիտել “Dare to Stand Alone” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կամ կարդալ Երեց Քվենթին Լ. Քուքի խոսքերը՝ «Օժանդակ նյութեր» բաժնում։ Դասարանի անդամները կարող են կիսվել գաղափարներով, թե ինչպես կիրառել Երեց Քուքի նշած երկու սկզբունքները: Ի՞նչ իմաստով ենք մենք «դուրս գալիս» Բաբելոնից (տես օրինակ Եսայիա 52․11, Վարդապետություն և Ուխտեր 25․10)։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խրախուսենք ուրիշներին՝ անել նույնը։
Մենք կարող ենք նախապատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին և դատաստանի օրվան
-
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը հաճախ կոչվում է «Տիրոջ մեծ եւ ահեղ օր» (Հովել 2․31), և հիմնվելով Հայտնություն 19-20 գլուխների վրա, կարող ենք ասել, որ դա լավ նկարագրություն է։ Գրատախտակին կարող եք գրել որոշ իրադարձություններ, որոնք նկարագրված են Հայտնություն 19․5-20․15-ում։ Հրավիրեք դասարանի անդամներին գտնել հատվածները, որոնք նկարագրում են այդ իրադարձությունները։ Ինչո՞ւ են այդ իրադարձությունները կոչվում մեծ ու ահեղ։ Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Փրկիչի և նրանց մասին, ովքեր հետևում են Նրան։ Ի՞նչ կարող ենք անել այժմ, որպեսզի լինենք նրանց մեջ, ովքեր կուրախանան Նրա գալստյան ժամանակ։
-
Կյանքի գրքի և վերջին դատաստանի վերաբերյալ քննարկում ոգեշնչելու նպատակով կարող եք հրավիրել դասարանի անդամներին պատրաստել մի հասարակ գիրք՝ քառապատիկ ծալելով թերթիկը։ Այնուհետև նրանք կարող են կարդալ Հայտնություն 20․12-15, 2 Նեփի 9․14, 29․11 հատվածները և խորհել, թե ինչ կցանկանային, որ իրենց մասին գրվեր կյանքի գրքում։ Հրավիրեք նրանց գրել այդ ամենը իրենց գրքերում և խնդրեք դասարանի մի քանի անդամների կիսվել իրենց գրածով։ Ի՞նչ ընտրություններ կարող ենք անել հիմա, որպեսզի այդ ամենը գրվի կյանքի գրքում: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին չհուսահատվել իրենց հոգևոր առաջընթացից, կարող եք կիսվել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ելույթով՝ «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո» (Լիահոնա, նոյեմբեր 2017, 40-42)։
Եթե մենք հավատարիմ ենք, ապա կօրհնվենք սելեստիալ փառքով
-
Չնայած վերջին օրերի մասին մարգարեացել են, որ դրանք լի կլինեն ամբարշտությամբ և վտանգներով, հավատարիմների համար Հովհաննեսի տեսած պարգևը մեծապես գերազանցում է նախորդող նեղությանը։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննել Հայտնություն գրքի այս գեղեցիկ վերջաբանը, կարող եք հրավիրել նրանց ուսումնասիրել Հայտնություն 21․1-22․5 հատվածները, փնտրելով արտահայտություններ, որոնք կոգեշնչեն նրանց ձգտել սելեստիալ փառքի։ Ի՞նչ խոստումներ են տրված հավատարիմներին։ Ինչպե՞ս կարող է այս քննարկումն օգնել մեզ, երբ մենք հանդիպենք մեր ներկայիս խնդիրներին և փորձություններին։
Օժանդակ նյութեր
Ընտրել արդարություն՝ Բաբելոնի ամբարշտության փոխարեն
Երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանել է․
«Մենք չենք կարող խուսափել աշխարհից։ Կյանքի առօրյա դժվարություններով գոյատևելը պատասխան չէ։ Դրական առումով, մեր ներդրումն աշխարհում մեր մարտահրավերի մի մասն է կազմում և առանցքային նշանակություն ունի, եթե մենք ցանկանում ենք զարգացնել մեր տաղանդները։ …
Եկեղեցու անդամները պետք է դրական ձևով ներգրավվեն աշխարհում։ Ինչպե՞ս կարող ենք այդ դեպքում հավասարակշռություն պահպանել՝ աշխարհում դրական ներդրում ունենալու կարիքի և աշխարհի մեղքերի մեջ չթաղվելու հարցերում։ Տես Վարդապետություն և Ուխտեր 25․10, 59․9]։ Երկու սկզբունքներ կարևոր դեր կխաղան։
-
Թող մարդիկ իմանան, որ դուք վերջին օրերի նվիրված սրբեր եք։ …
-
Վստահ եղեք ձեր համոզմունքներում և ապրեք համաձայն դրանց» (“Lessons from the Old Testament: In the World but Not of the World,” Ensign, Feb. 2006, 54-55)։