Սեմինարիա
2․ Փրկության ծրագիրը


2. Փրկության ծրագիրը, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

2․ Փրկության ծրագիրը

Հիսուս Քրիստոսը ստեղծում է Երկիրը

2.1. Նախաերկրային գոյության մեջ Երկնային Հայրը ներկայացրեց մի ծրագիր, որը մեզ հնարավորություն կտար դառնալ Նրա նման և ձեռք բերել անմահություն ու հավերժական կյանք (տես Մովսես 1.39): Որպեսզի իրականացնենք այս ծրագիրը և դառնանք մեր Երկնային Հոր նման, մենք պետք է ճանաչենք Նրան և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին և ճիշտ պատկերացում ունենանք Նրանց էության և հատկանիշների մասին (տես Հովհաննես 17․3

2.2. Սուրբ գրություններում Երկնային Հոր ծրագիրը կոչվում է փրկության ծրագիր, երջանկության մեծ ծրագիր, փրկագնման ծրագիր և ողորմածության ծրագիր: Այդ ծրագիրն ընդգրկում է Արարումը, Անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը և ավետարանի բոլոր օրենքները, ծեսերը և վարդապետությունը: Կամքի բարոյական ազատությունը, որը ինքնուրույն ընտրելու և գործելու ընդունակություն է, նույնպես կարևոր դեր ունի Երկնային Հոր ծրագրում: Մեր հավերժական զարգացումը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք օգտագործում այս պարգևը (տես Հեսու 24․15, 2 Նեփի 2․27

2.3. Հիսուս Քրիստոսը փրկության ծրագրում առանցքային դեր ունի։ Փրկության ծրագրի շնորհիվ մենք կարող ենք կատարելագործվել, ստանալ ուրախության լիությունը, հավերժության մեջ վայելել մեր ընտանեկան հարաբերությունները և հավերժ ապրել Աստծո ներկայության մեջ:

Առնչվող հղումներ․ Մաղաքիա 4․5–6, 3 Նեփի 12․48, ՎևՈւ 131․1–4

Նախաերկրային կյանք

2.4. Երկրի վրա ծնվելուց առաջ մենք ապրում էինք մեր Երկնային Հոր ներկայության մեջ` որպես Նրա հոգևոր զավակներ (տես Աբրահամ 3.22–23): Այդ նախաերկրային կյանքում Երկնային Հոր մյուս հոգևոր զավակների հետ միասին մենք մասնակցեցինք մի խորհրդի: Այդ խորհրդի ժամանակ Երկնային Հայրը ներկայացրեց Իր ծրագիրը, իսկ նախաերկրային Հիսուս Քրիստոսը Փրկիչը լինելու ուխտ կապեց:

2.5. Երկնային Հոր ծրագրին հետևելու համար մենք օգտագործեցինք մեր ազատ ընտրության իրավունքը: Նրանք, ովքեր հետևեցին Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, թույլտվություն ստացան գալ երկիր՝ մահկանացու կյանքով ապրելու և դեպի հավերժական կյանք առաջ ընթանալու համար: Լյուցիֆերը՝ Աստծո հոգևոր որդիներից մեկը, ապստամբեց այդ ծրագրի դեմ: Նա դարձավ սատանա և իր հետևորդների հետ միասին վտարվեց երկնքից ու զրկվեց ֆիզիկական մարմին ստանալու և մահկանացու կյանքով ապրելու արտոնությունից:

Առնչվող հղումներ․ Երեմիա 1․4–5, Եբրայեցիս 12․9, 2 Նեփի 2․27, 3 Նեփի 11․10–11

Արարում

2.6. Հիսուս Քրիստոսը ստեղծել է երկինքները և երկիրը Հոր ղեկավարության ներքո (տես ՎևՈւ 76․22–24): Երկրի արարումը կարևոր էր Աստծո ծրագրում: Դա այն վայրն է, որտեղ մենք կարող ենք ստանալ ֆիզիկական մարմին, ստուգվել, փորձվել և զարգացնել աստվածային հատկանիշներ:

2.7. Ադամը երկրի վրա ստեղծված առաջին մարդն էր: Աստված ստեղծեց Ադամին ու Եվային Իր պատկերով: Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով (տես Ծննդոց 1.26-27): Սեռը յուրաքանչյուր անհատի նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի ու նպատակի հիմնական բնութագիրն է:

Անկում

2.8. Եդեմի պարտեզում Աստված միավորեց Ադամին ու Եվային ամուսնության միջոցով։ Մինչ Ադամն ու Եվան պարտեզում էին, նրանք վայելում էին Աստծո ներկայությունը և կարող էին հավերժ ապրել։ Նրանք ապրում էին անմեղ վիճակում, և Աստված հոգում էր նրանց կարիքները։

2.9. Աստված Ադամին ու Եվային տվեց իրենց ազատ ընտրության իրավունքը, մինչ նրանք Եդեմի պարտեզում էին: Նա պատվիրեց նրանց չուտել արգելված պտուղը՝ չարի ու բարու գիտության ծառի պտուղը: Այս պատվիրանին հնազանդվելը նշանակում էր, որ նրանք կարող էին մնալ պարտեզում։ Այնուամենայնիվ, Ադամն ու Եվան դեռևս չէին հասկանում, որ եթե իրենք մնային պարտեզում, չէին կարողանա զարգանալ՝ մահկանացու կյանքում հակասությունների հանդիպելու միջոցով։ Նրանք չէին կարողանա ճաշակել ուրախությունը, քանի որ չէին կարողանա ճաշակել վիշտ ու ցավ։ Եվ ավելին, նրանք չէին կարող երեխաներ ունենալ:

2.10. Սատանան գայթակղեց Ադամին ու Եվային ուտել արգելված պտուղը, և նրանք ընտրեցին անել դա։ Այդ ընտրության հետևանքով նրանք վտարվեցին Աստծո ներկայությունից, անկում ապրեցին և դարձան մահկանացու: Ադամի ու Եվայի մեղսագործությունը և դրան հետևող փոփոխությունները, ներառյալ հոգևոր և ֆիզիկական մահը, կոչվում են Անկում: Հոգևոր մահը բաժանում է Աստծուց: Ֆիզիկական մահը հոգու բաժանումն է մահկանացու մարմնից:

2.11. Անկումը Երկնային Հոր փրկության ծրագրի առանցքային մասն է: Անկման արդյունքում Ադամն ու Եվան կարողացան երեխաներ ունենալ։ Նրանք ու նրանց սերունդները կարող էին ունենալ ուրախություն և վիշտ, ճանաչել չարն ու բարին և զարգանալ (տես 2 Նեփի 2․22–25):

2.12. Որպես Ադամի և Եվայի ժառանգներ, մենք ժառանգում ենք անկման վիճակը մահկանացու կյանքի ընթացքում: Մենք բաժանված ենք Աստծո ներկայությունից և ենթակա ենք ֆիզիկական մահվան: Մենք նաև փորձվում ենք մահկանացու կյանքի դժվարություններով և հակառակորդի գայթակղություններով: Չնայած մենք պատասխանատու չենք Ադամի ու Եվայի օրինազանցության համար, սակայն պատասխանատու ենք մեր սեփական մեղքերի համար։ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք հաղթահարել Անկման բացասական հետևանքները, ներում ստանալ մեր մեղքերին և, ի վերջո, վայելել լիակատար ուրախություն։

Առնչվող հղումներ․ Ծննդոց 1․28, Մոսիա 3․19, Ալմա 34․9–10

Առնչվող թեմա․ Հիսուս Քրիստոսի Քավությունը

Մահկանացու կյանք

2.13. Մահկանացու կյանքը սովորելու ժամանակ է, որի ընթացքում մենք ապացուցում ենք, որ կօգտագործենք մեր ազատ ընտրության իրավունքը` անելով այն, ինչ Տերն է պատվիրել և կնախապատրաստվենք հավերժական կյանքին՝ զարգացնելով աստվածային հատկանիշներ: Մենք անում ենք դա, երբ հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը, ապաշխարում ենք, ստանում փրկարար արարողությունները և ուխտերը, ինչպիսիք են մկրտությունը և հաստատումը, և հավատարմորեն համբերում ենք մինչև մեր կյանքի վերջը՝ հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին։

2.14. Մահկանացու կյանքում մեր հոգիները միավորված են մեր ֆիզիկական մարմինների հետ, տալով մեզ հնարավորություններ աճելու և այնպիսի եղանակներով զարգանալու համար, որ հնարավոր չէր նախաերկրային կյանքում: Քանի որ մեր Երկնային Հայրն ունի շոշափելի մարմին մսից ու ոսկորից, մեր մարմիններն անհրաժեշտ են մեր զարգացման և Նրա նման դառնալու համար։ Մեր մարմինները սուրբ են և պիտի հարգվեն` որպես պարգև Երկնային Հոր կողմից (տես Ա Կորնթացիս 6.19-20):

Առնչվող հղումներ․ Հեսու 24․15, Մատթեոս 22․36–39, Հովհաննես 14․15, 2 Նեփի 2․27, 3 Նեփի 12․48, Մորոնի 7․45, 47–48, ՎևՈւ 130․22–23

Առնչվող թեմաներ․ Աստվածագլուխ, Հիսուս Քրիստոսի Քավությունը, Արարողություններ և ուխտեր, Պատվիրանները

Կյանք մահից հետո

2.15. Երբ մենք մահանում ենք, մեր հոգիները գնում են հոգևոր աշխարհ և սպասում Հարությանը: Արդարների հոգիները մտնում են երջանկության վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ: Նրանք, ովքեր մահանում են առանց ճշմարտության իմացության, և նրանք, ովքեր մահկանացու կյանքում անհնազանդ են լինում, մտնում են մի ժամանակավոր վայր հետմահկանացու աշխարհում, որը կոչվում է հոգևոր բանտ։

2.16. Յուրաքանչյուր ոք, ի վերջո, հնարավորություն կունենա սովորելու ավետարանի սկզբունքները և ստանալու արարողությունները և ուխտերը։ Հավատարիմներից շատերը շարունակում են քարոզել ավետարանը հոգևոր բանտում գտնվողներին: Նրանք, ովքեր ընտրում են ընդունել ավետարանը, ապաշխարել և ընդունել փրկության արարողությունները, որոնք կատարվում են նրանց համար տաճարներում, կապրեն դրախտում մինչև Հարությունը (տես Ա Պետրոս 4․6

2.17. Հարությունը մեր հոգեղեն մարմնի և մսից ու ոսկորից կազմված մեր ֆիզիկական կատարելագործված մարմնի վերամիավորումն է։ Հարությունից հետո մենք անմահ կդառնանք․ մեր հոգին ու մարմինը այլևս երբեք չեն բաժանվի։ Երկրի վրա ծնված ցանկացած անձ հարություն կառնի, որովհետև Հիսուս Քրիստոսը հաղթահարել է ֆիզիկական մահը (տես Ա Կորնթացիս 15.20–22): Արդարները հարություն կառնեն ամբարիշտներից առաջ և առաջ կգան Առաջին Հարության ժամանակ:

2.18. Վերջին Դատաստանը տեղի կունենա Հարությունից հետո: Հիսուս Քրիստոսը կդատի յուրաքանչյուր անձի և կորոշի, թե ինչ հավերժական փառքի կարժանանա տվյալ անձը: Այդ դատաստանը հիմնված կլինի յուրաքանչյուր անձի ցանկությունների և Աստծո պատվիրաններին հնազանդվելու վրա (տես Հայտնություն 20.12–13):

2.19. Կան փառքի երեք արքայություններ՝ սելեստիալ արքայություն, թերեստրիալ արքայություն և թելեստիալ արքայություն (տես Ա Կորնթացիս 15․40–42)։ Նրանք, ովքեր անվեհեր են եղել Հիսուսի վկայության մեջ և հնազանդվել են ավետարանի սկզբունքներին, կապրեն սելեստիալ արքայությունում Հայր Աստծո և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ և իրենց ընտանիքի արդարակյաց անդամների հետ։

Առնչվող հղումներ․ Ղուկաս 24․36–39, Հովհաննես 17․3, ՎևՈւ 131․1–4

Առնչվող թեմաներ․ Հիսուս Քրիստոսի Քավությունը, Արարողություններ և ուխտեր