Սեմինարիա
5. Մարգարեներ և հայտնություն


5. Մարգարեներ և հայտնություն, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

5. Մարգարեներ և հայտնություն

Իրենց ղեկավարներին հաստատող մարդիկ

5.1. Մարգարեն այն անձն է, ով կանչվում է Աստծո կողմից Նրա անունից խոսելու համար (տես Երեմիա 1․4–5, Ամովս 3․7, Հովհաննես 15․16, ՎևՈւ 1․37–38)։ Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում են Նրա ավետարանը: Նրանք հայտնի են դարձնում Աստծո կամքը և իրական էությունը: Նրանք դատապարտում են մեղքը, նախազգուշացնում են դրա հետևանքների մասին և օգնում են խուսափել մոլորություններից (տես Եզեկիել 3․16–17, Եփեսացիս 4․11–14)։ Երբեմն նրանք մարգարեանում են ապագա իրադարձությունների մասին: Մարգարեները կարողանում են կատարել այդ պարտականությունները, քանի որ նրանք ստանում են իշխանություն և հայտնություն Աստծո կողմից։

5.2. Հայտնությունը Աստծո կողմից Իր զավակներին ուղղված հաղորդակցության միջոց է: Հայտնությունների մեծ մասը տրվում են տպավորությունների, մտքերի և Սուրբ Հոգու կողմից տրված զգացողությունների միջոցով։ Հայտնությունը կարող է գալ նաև տեսիլքների, երազների և հրեշտակների այցելությունների միջոցով:

5.3. Իր մահկանացու ծառայության ընթացքում և կրկին մեր օրերում Տերը հիմնեց Իր Եկեղեցին մարգարեների և առաքյալների հիմքի վրա (տես Եփեսացիս 2․19–20)։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը այսօր երկրի վրա Աստծո մարգարեն է բոլոր մարդկանց համար: Մենք հաստատում ենք Եկեղեցու Նախագահին որպես մարգարե, տեսանող և հայտնող, և երկրի վրա միակ մարդը, ով հայտնություն է ստանում ողջ Եկեղեցին առաջնորդելու համար: Եթե մենք հավատարմորեն ստանում և հնազանդվում ենք Եկեղեցու Նախագահի ուսմունքներին, Աստված օրհնում է մեզ, որպեսզի խուսափենք մոլորությունից ու չարից (տես ՎևՈւ 21․4–6)։ Մենք նաև հաստատում ենք Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

5.4. Սուրբ գրությունները` Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, Թանկագին Մարգարիտը, պարունակում են հայտնություններ` տրված հնադարյան և վերջին օրերի մարգարեների միջոցով: Երբ մենք ուսումնասիրում ենք մարգարեների խոսքերը, մենք կարողանում ենք սովորել ճշմարտությունը և ստանալ առաջնորդություն:

5.5. Մինչ Աստված մարգարեների միջոցով հայտնություն է տալիս Իր բոլոր զավակներին առաջնորդելու համար, անհատները կարող են հայտնություն ստանալ, որը կօգնի իրենց յուրահատուկ կարիքների, պարտականությունների և հարցերի դեպքում և կօգնի ամրացնել իրենց վկայությունները: Այնուամենայնիվ, Տիրոջ կողմից ստացված անձնական ոգեշնչումները երբեք չեն հակասի հայտնություններին, որոնք Աստված տալիս է Իր մարգարեների միջոցով։

Առնչվող հղումներ․ Աբրահամ 3․22–23, Մատթեոս 16․15–19, Բ Տիմոթեոս 3․15–17, 2 Նեփի 32․3, ՎևՈւ 8․2–3, ՎևՈւ 76․22–24

Առնչվող թեմաներ․ Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Քահանայությունը և քահանայության բանալիները