Սեմինարիա
6. Քահանայությունը և քահանայության բանալիները


6. Քահանայությունը և Քահանայության բանալիները, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

6. Քահանայությունը և քահանայության բանալիները

Նկար
Ջոզեֆ Սմիթը ստանում է Ահարոնյան քահանայությունը

6.1. Քահանայությունը Աստծո հավիտենական զորությունը և իշխանությունն է: Քահանայության միջոցով Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը և ղեկավարում է դրանք: Այս զորությամբ Նա փրկագնում և վեհացնում է Իր զավակներին։ Քահանայությունը շնորհվում է Եկեղեցու արական սեռի արժանի անդամներին: Քահանայության օրհնությունները հասանելի են Աստծո բոլոր զավակներին ավետարանի արարողությունների և ուխտերի միջոցով։

6.2. Քահանայության բանալիները նախագահելու իրավունքներն են կամ զորությունը, որն Աստված տալիս է մարդուն՝ Աստծո թագավորությունը երկրի վրա ղեկավարելու և առաջնորդելու համար (տես Մատթեոս 16.15-19): Քահանայության բանալիներն անհրաժեշտ են ավետարանը քարոզելու և փրկության արարողությունները կատարելու համար:

6.3. Հիսուս Քրիստոսը կրում է Իր Եկեղեցուն պատկանող քահանայության բոլոր բանալիները: Իր բոլոր Առաքյալներին Նա շնորհել է երկրի վրա Աստծո արքայությանը պատկանող քահանայության բոլոր բանալիները: Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, ով լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները: Տաճարի նախագահը, միսիայի նախագահը, ցցի նախագահը, եպիսկոպոսը և քվորումի նախագահը նույնպես կրում են քահանայության բանալիներ, որոնք նրանց թույլ են տալիս նախագահել և ղեկավարել աշխատանքը, որը հանձնարարված է իրենց։

6.4. Բոլորը, ովքեր ծառայում են Եկեղեցում, թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք, կանչված են մի մարդու առաջնորդությամբ, ով կրում է քահանայության բանալիները (տես ՎևՈւ 42․11): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Ցանկացած մարդ, ով գործում է իր պաշտոնում կամ կոչման մեջ, որը ստացել է քահանայության բանալիներ կրողի կողմից, իրեն հանձնարարված պարտականությունները կատարելիս գործադրում է քահանայության իշխանությունը» («Քահանայության բանալիները և իշխանությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 51)։ Քահանայության իշխանությունը կարող է գործածվել միայն արդարության սկզբունքների հիման վրա (տես ՎևՈւ 121․36, 41–42

6.5. Նրանք, ովքեր կարգվում են Մելքիսեդեկյան Քահանայության, մտնում են քահանայության երդման և ուխտի մեջ: Եթե նրանք մեծարում են իրենց կոչումը և հավատարմորեն ընդունում են Տիրոջը և Նրա ծառաներին, նրանք ձեռք են բերում վեհացման օրհնությունները։ Կանանց նույնպես խոստացված են վեհացման օրհնությունները, եթե նրանք հավատարիմ են ուխտերին, որոնք կապել են Տիրոջ հետ։

Առնչվող հղումներ․ Հովհաննես 15․16, Եփեսացիս 2․19–20

Առնչվող թեմաներ․ Վերականգնում, Մարգարեներ և հայտնություն, Արարողություններ և ուխտեր

Ահարոնյան Քահանայություն

6.6. Ահարոնյան Քահանայությունը հաճախ կոչվում է նախապատրաստական քահանայություն: Ահարոնյան Քահանայությունը «կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները» (ՎևՈՒ 13.1): Այս քահանայությունը կիրառելու միջոցով նախապատրաստում, օրհնում և մատուցում են հաղորդությունը։ Ահարոնյան Քահանայության պաշտոններն են՝ սարկավագ, ուսուցիչ, քահանա և եպիսկոպոս:

Մելքիսեդեկյան Քահանայություն

6.7. Մելքիսեդեկյան Քահանայությունը ամենաբարձր կամ ամենամեծ քահանայությունն է և «կրում է նախագահելու իրավունքը և զորություն ու իշխանություն ունի եկեղեցու բոլոր պաշտոնների վրա, աշխարհի բոլոր դարաշրջաններում, հոգևոր բաները ղեկավարելու համար» (ՎևՈւ 107․8): Եկեղեցու բոլոր օրհնությունները, արարողությունները, ուխտերը և կազմակերպությունները ղեկավարվում են Եկեղեցու Նախագահի իշխանության ներքո, ով Մելքիսեդեկյան Քահանայության Նախագահն է։ Այս քահանայությունը տրվել է Ադամին և երկրի վրա է եղել այն ժամանակներում, երբ Տերը հայտնել է Իր ավետարանը: Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոններն են՝ երեց, քահանայապետ, հայրապետ, Յոթանասունական և Առաքյալ:

Առնչվող հղում. Եփեսացիս 4.11-14

Տպել