«Դաս 5. Վարդապետություն և Ուխտեր 1․30–33․ «Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 1․30–33», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 5․ Վարդապետություն և Ուխտեր 1
Վարդապետություն և Ուխտեր 1․30–33
«Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին»
Վարդապետություն և Ուխտերի Իր նախաբանում Տերը հռչակեց Հիսուս Քրիստոսի նոր վերականգնված Եկեղեցու նշանակությունը: Նա հայտարարեց, որ Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է երկրի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 1․30)։ Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կարևորությունը՝ որպես միակ ճշմարիտ եկեղեցի։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տիրոջ Եկեղեցին
Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են համաձայնել կամ չհամաձայնվել հետևյալ պնդումների հետ:
-
Չեմ կարծում, որ որևէ եկեղեցու կարիք ունեմ:
-
Բոլոր եկեղեցիները հավասարապես ճշմարիտ են:
-
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ եկեղեցին է։
Բազմաթիվ տարբեր կրոնների և կարծիքների մեջ դժվար է իմանալ, թե որն է ճշմարիտը: Տերը մեզ ուղղություն է տվել սուրբ գրությունների միջոցով, որպեսզի օգնի մեզ վստահություն ունենալ, թե որն է ճշմարիտը, և իմանալ, թե ինչ է Նա ցանկանում մեզ համար:
Որպես Վարդապետություն և Ուխտերի նախաբան՝ Տերը մի նախազգուշացում բացահայտեց «բոլոր ժողովուրդներին» (Վարդապետություն և Ուխտեր 1․4)։ Որպես Իր ուղերձի մաս, Նա հստակ հայտարարություն արեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1․30 հատվածը և փնտրեք, թե ինչպես է Տերը նկարագրում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:
-
Ի՞նչ գտաք:
«Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա»
Ճշմարիտ և կենդանի եկեղեցին
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Տերը հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի վրա» (Վ&Ու 1․30)։ Այս վերականգնված Եկեղեցին ճշմարիտ է, որովհետև այն Փրկչի Եկեղեցին է. Նա է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննես 14․6)։ Եվ այն կենդանի եկեղեցի է Սուրբ Հոգու գործածության և պարգևների պատճառով: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Ստացիր Սուրբ Հոգին», Լիահոնա, նոյեմբեր 2010, 97)
Առաջին նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.
Երեք հատկանիշներ՝ (1) վարդապետության լրիվությունը, (2) քահանայության զորությունը, և (3) վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, բացատրում են, թե Աստված ինչու է հռչակել, որ … սա միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է երկրի վրա: …
Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ամբողջական է, համընդհանուր, ողորմած և ճշմարիտ: …
Ունենալով քահանայության զորություն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարները և լիազորված անդամները լիազորված են կատարելու քահանայության անհրաժեշտ արարողությունները, օրինակ՝ մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևի շնորհումը և հաղորդության սպասավորումը։
Քահանայության բանալիները, որոնք կրում է մեր սիրելի մարգարեն … և յուրաքանչյուր հաջորդող մարգարեն և Եկեղեցու նախագահը, իրավունք են տալիս նրան հայտնություն ստանալ ամբողջ Եկեղեցու անունից: Այս Եկեղեցին «կենդանի է», քանի որ մենք ունենք մարգարեներ, որոնք շարունակում են մեզ հայտնել Տիրոջ խոսքը, որն անհրաժեշտ է մեր ժամանակի համար։
Երրորդ պատճառը, թե ինչու ենք մենք միակ ճշմարիտ Եկեղեցին, այն է, որ մենք ունենք հայտնությամբ տրված ճշմարտություն Աստծո էության և Նրա հետ մեր հարաբերությունների մասին, և, հետևաբար, մենք ունենք առանձնահատուկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: (Դալլին Հ. Օուքս, «Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին», New Era, օգոստոս 2011, 3–5)
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց նշածով: Նրանք կարող են գրել գրատախտակին իրենց գտածը երկու սյունակում։ Հարցրեք ուսանողներին, թե ինչպես է Տերն օրհնում մեզ Իր Եկեղեցու յուրաքանչյուր կողմով, որն իրենք նշել են: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Քրիստոսի մասին մեր եզակի վկայության վերաբերյալ նախագահ Օուքսի միտքը, առաջարկեք նրանց խորհել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այն ճշմարտությունների շուրջ, որոնք իրենք իմացել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի, Մորմոնի Գրքի կամ ժամանակակից մարգարեների միջոցով: Նրանք կարող են ավելացնել իրենց մտքերը «Ճշմարիտ» սյունակում:
Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տիրոջ վկայությունը, որով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հռչակվում է որպես «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցի», չի նշանակում, որ մյուս եկեղեցիները չունեն որևէ ճշմարտություն:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու օրհնությունները
Եկեղեցին որպես «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցի» հռչակելուց հետո Փրկիչը նշեց մի քանի պատճառ, թե ինչու Նա վերականգնեց Իր Եկեղեցին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1․31–33 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Նա ուսուցանել:
Ուսանողները կարող կիսվել դասընկերոջ հետ՝ ամփոփելով, թե ինչ են սովորել այս հատվածներից: Նրանք կարող են նաև միասին քննարկել ստորև բերված հարցը։
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ճշմարիտ և կենդանի Եկեղեցին օգնում ձեզ դիմել Նրան՝ ներում ստանալու համար:
Ուսանողներին հնարավորություն տվեք արտահայտելու այն, ինչ նրանք սովորել են այս դասի ընթացքում: Դրա համար կարող եք ուսանողներին առաջարկել օրագրում գրել ստորև ներկայացվող սցենարի իրենց պատասխանը։ Երբ ուսանողներն ավարտեն, խնդրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով:
Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ձեզ հարցնում է, թե ինչով է ձեր եկեղեցին տարբերվում մյուսներից: Ինչպե՞ս կպատասխանեք այդ անձին, որ նա ցանկանա ավելին իմանալ Եկեղեցու մասին: Ձեր պատասխանում կարող եք ներառել հետևյալը.
-
Ի՞նչ իմացաք այսօր Տիրոջ վկայությունից Իր Եկեղեցու մասին և ինչ զգացողություններ ունեք այդ վկայության վերաբերյալ
-
Ինչպե՞ս եք զգացել կամ տեսել, որ Եկեղեցին ճշմարիտ է կամ կենդանի
-
Օրհնություններ, որոնք դուք զգացել եք որպես Քրիստոսի Եկեղեցու անդամ
Կարող եք եզրափակել՝ կիսվելով ձեր սեփական վկայությամբ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ և կենդանի Եկեղեցու օրհնությունների մասին և այն մասին, թե Եկեղեցուն պատկանելն ինչպես է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին:
Անգիր սովորեք
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում անգիր սովորել սուրբգրային հղումը և հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունն է «Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին»: Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: