Դաս 31. Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 1. Հիսուս Քրիստոսը ենթարկվեց Երկնային Հոր կամքին
«Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 1. Հիսուս Քրիստոսը ենթարկվեց Երկնային Հոր կամքին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մխիթարության և առաջնորդության աղերսով Մարտին Հարրիսը դիմեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և հայտնություն խնդրեց Տիրոջից: Վարդապետություն և Ուխտեր 19 բաժնում Փրկիչը պատմեց, թե Ինքն ինչպես որոշեց ենթարկվել Երկնային Հոր կամքին և զորություն ձեռք բերեց՝ հաղթահարելու բոլոր բաները: Մարտինին խոստացվեց խաղաղություն, եթե նա ապաշխարեր և հնազանդվեր այն ամենին, ինչ Տերն էր խնդրել նրան անել: Այս դասը կարող է օգնել մեծացնել ուսանողների ցանկությունը՝ հետևելու Երկնային Հոր կամքին ենթարկվելու Հիսուս Քրիստոսի օրինակին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Փրկչի օրինակը
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեր կամքը ենթարկել Աստծուն:
Ինչպիսի՞ դժվար զոհաբերություններ կարող են պահանջվել երիտասարդներից՝ Երկնային Հոր կամքին ենթարկվելու համար:
Փրկիչը հնազանդվում է Իր Հորը
Ցանկանալով աջակցել Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Մորմոնի Գրքի հրատարակմանը՝ Մարտին Հարրիսը խոստացավ օգնել վճարել տպագրության համար: Երբ նա ավելի ուշ հասկացավ, որ դրա համար հնարավոր է՝ պահանջվի վաճառել իր ագարակը, նա խնդրեց Ջոզեֆին, որ Տիրոջ կողմից ուղղորդման հայտնություն ստանա: Այդ հայտնությունում, որն այժմ հայտնի է որպես Վարդապետություն և Ուխտեր 19, Փրկիչն ուսուցանեց կարևոր ճշմարտություններ Իր քավող զոհաբերության մասին: Այդ ճշմարտություններն օգնեցին Մարտինին հասկանալ Երկնային Հոր կամքին ենթարկվելու կարևորությունը, նույնիսկ երբ դա դժվար է:
Ի՞նչ է նշանակում՝ Հիսուս Քրիստոսը ենթարկեց Իր կամքը Երկնային Հորը։
Ձեր կարծիքով, Իր մասին Հիսուս Քրիստոսի ուսուցանածն ինչպե՞ս կարող էր օգնել Մարտինին այդ իրավիճակում: Այն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ մեզ խնդրում են դժվար զոհաբերություններ կատարել:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է.
Մեր կամքի ենթարկումը միակ՝ իսկապես բացառիկ անձնական բանն է, որ մենք կարող ենք դնել Աստծո խորանի վրա: Շատ այլ բաներ, որոնք մենք «տալիս ենք» … իրականում այն բաներն են, որոնք Նա նախապես տվել է մեզ: Ինչևէ, երբ ես և դուք, ի վերջո, ենթարկենք մեզ, թույլ տալով, որ մեր անձնական կամքը կուլ գնա Աստծո կամքին, ապա մենք իսկապես ինչ-որ բան կտանք Նրան: Դա միակ ունեցվածքն է, որ իսկապես մերն է, և որը մենք կարող ենք տալ: (Նիլ Ա. Մաքսվել «Swallowed Up in the Will of the Father», Ensign, նոյեմբեր 1995 թ․, 24)
Ձեր կարծիքով, սեփական կամքը ենթարկելը ինչո՞վ է տարբերվում հասարակ հնազանդությունից՝ ինչպես ուսուցանել է երեց Մաքսվելը։
Ե՞րբ եք տեսել որևէ մարդու, որը հետևում է Փրկչի օրինակին՝ ենթարկելով իր կամքը Աստծուն, նույնիսկ երբ դժվար էր:
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը (1899–1994) վկայել է.
Տղամարդիկ և կանայք, որոնք իրենց կյանքը նվիրում են Աստծուն, կհայտնաբերեն, որ Նա կարող է իրենց կյանքից շատ ավելի մեծ բան ստեղծել, քան իրենք են ունակ: Աստված կխորացնի նրանց ուրախությունները, կընդլայնի նրանց տեսադաշտը, կարագացնի նրանց միտքը, … կբարձրացնի նրանց ոգին, կբազմապատկի նրանց օրհնությունները, կմեծացնի նրանց հնարավորությունները, կմխիթարի նրանց հոգիները, կգտնի ընկերներ և խաղաղություն կհեղի նրանց վրա։ Նա, ով կկորցնի իր կյանքը Աստծո ծառայության մեջ, կգտնի հավերժական կյանք: (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014 թ․], 42–43)