Սեմինարիա
Դաս 33. Վարդապետություն և Ուխտեր 19.25–41. Դիտարկեք զոհաբերությունները հավերժության հեռանկարով


«Վարդապետություն և Ուխտեր 19․25–41․ Դիտարկեք զոհաբերությունները հավերժության հեռանկարով» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 19.25–41», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 33․ Վարդապետություն և Ուխտեր 19

Վարդապետություն և Ուխտեր 19․25–41

Դիտարկեք զոհաբերությունները հավերժության հեռանկարով

Մարտին Հարրիսի ագարակը

Մարտին Հարրիսը խոստացել էր գրավ դնել իր ֆերման՝ Մորմոնի Գրքի տպագրության գումարը վճարելու համար: Տպագրիչը՝ Է. Բ. Գրանդինը որոշեց, որ ինքը չի սկսի տպագրությունը, մինչև պայմանավորվածությունները պաշտոնապես չձևակերպվեն: Մարտինը վտանգեց իր տունը և իր ունեցվածքի մեծ մասը՝ վճարումն ապահովելու համար: Տերը Ջոզեֆին ուղարկեց մի հայտնություն, որն ընդլայնեց Մարտինի հեռանկարը և տվեց նրան անհրաժեշտ վստահություն՝ առաջ շարժվելու ըստ պայմանավորվածության: Այս դասը կարող է օգնել ուսանողներին հետևել Փրկչի օրինակին՝ զոհաբերելու այն ամենը, ինչ Երկնային Հայրը խնդրում է մեզանից:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մարտին Հարրիսի երկընտրանքը

Պատկերացրեք, որ դուք ապրում եք 1829 թվականին և առաջիններից եք, ով հավատաց Ջոզեֆ Սմիթի կոչմանը։ Ձեր ընկեր Մարտին Հարրիսը գալիս է ձեզ մոտ՝ խորհուրդ ստանալու: Դուք գիտեք, որ նա ապրում է 240 ակր տարածք ունեցող գեղեցիկ ագարակում: Նա ասում է ձեզ, որ եթե Մորմոնի Գրքի բավարար քանակով օրինակներ չվաճառվեն, նա ստիպված կլինի վաճառել իր տունը և ագարակի մեծ մասը՝ տպագրության գումարը վճարելու համար: Նրա կինը և հարևանները դեմ են, որ նա վտանգի իր ագարակը Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի համար: Նա կարող է կորցնել իր տունը և խզել իր հարաբերությունները սիրելի մարդկանց հետ:

  • Ի՞նչ կզգայիք, եթե լինեիք Մարտինի իրավիճակում:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

  • Ձեր կարծիքով, Մորմոնի Գրքի տպագրության կարևորությունն ինչպես է համեմատվում Հարրիսի ագարակի կարևորության հետ։

Կարող եք գրատախտակին ստեղծել հետևյալ սյունակները և ցուցակները։

Ձեր օրագրի էջի մեջտեղով մի ուղղահայաց գիծ քաշեք: Առաջին սյունակը անվանեք «Զոհաբերություններ», իսկ երկրորդ սյունակը՝ «Աստծո կողմից տրված խորհուրդ»։

Առաջին սյունակում գրեք այն զոհաբերությունները, որ Մարտին Հարրիսին խնդրել էին կատարել:

Պատասխանները կարող են ներառել նրա դրամական միջոցները, տունը և ագարակը, ինչպես նաև նրա հեղինակությունն ու հարաբերությունները ընտանիքի և ընկերների հետ:

Դրանց տակ՝ նույն սյունակում թվարկեք այն զոհաբերությունները, որոնք Տերը խնդրել է կամ կարող է խնդրել երիտասարդներին կատարել այսօր:

Հնարավոր է՝ ուսանողները արդեն ստեղծել են նման գաղափարներով մի ցանկ «Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 1» դասում։ Եթե արդեն ստեղծել են, կարող եք հիշեցնել նրանց այդ ցանկի մասին և հարցնել՝ արդյոք կցանկանան որևէ բան ավելացնել դրան:

Հավերժության հեռանկար

Բացեք ««Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժինը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։ Կարդացեք պարբերություն 8-ը և փնտրեք գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել Մարտին Հարրիսի իրավիճակում կամ այն իրավիճակներում, երբ Տերը խնդրում է մեզ զոհաբերություններ անել այսօր:

Առաջարկեք ուսանողներին իրենց ուսումնական օրագրերի «Աստծո կողմից տրված խորհուրդ» սյունակում և գրատախտակին թվարկել իրենց գտածը։

  • Ինչո՞ւ է հավերժության հեռանկարն այդքան կարևոր, երբ Տերը խնդրում է մեզ դժվար բաներ անել:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ մենք դիտարկում ենք այս զոհաբերությունները ներկա պահի աշխարհիկ տեսանկյունից, դրանք կարող են չափազանց մեծ կամ անարդար թվալ: Այս սահմանափակ տեսանկյունը կարող է հանգեցնել այնպիսի որոշումների, որոնց համար հետագայում կարող ենք զղջալ:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն հետևյալ հատվածները, առաջարկեք նրանց նշել իրենց գտած գաղափարները և ավելացնել դրանք «Աստծո կողմից տրված խորհուրդ» սյունակում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19․26–28, 32–35, 38–41 հատվածները և փնտրեք այն խորհուրդը, որը Տերը տվեց Մարտին Հարրիսին, և որը կարող էր օգնել նրան դիտարկել իր մտահոգությունները հավերժության հեռանկարով:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց գտած խորհրդով՝ որպես ճշմարտության խոսքեր: Նրանք պետք է բացահայտեն նմանատիպ մի խորհուրդ․

Մենք չպետք է ագահորեն պահենք մեր ունեցվածքը, այլ պետք դրանից առատորեն բաժին հանենք Աստծո գործի համար (տես հատված 26-ը

Տիրոջ խորհուրդն անտեսելը ի վերջո կհանգեցնի թշվառության և կործանման (տես 32–33 հատվածները

Եթե Հոգին մեզ հետ է, մեր օրհնությունն ավելի մեծ է, քան երկրի գանձերը (տես հատված 38-ը

  • Ինչպե՞ս կարող են ձեր գտած ճշմարտությունները օգնել Մարտին Հարրիսին:

  • Մարտինի հանդեպ Աստծո սերն ինչպե՞ս է երևում այս հայտնության մեջ:

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը կիսվել է հետևյալով՝ այս հայտնությանը Մարտին Հարրիսի պատասխանի վերաբերյալ․

Նախագահ Դալլին Հ. Օուքս

Մարտին Հարրիսի մեծագույն ներդրումներից մեկը Եկեղեցում, որի համար նա պետք է պատվի արժանանա բոլոր ժամանակներում, հանդիսանում է Մորմոնի Գրքի տպագրության ֆինանսավորումը: 1829 թ. օգոստոսին նա գրավ դրեց իր տունը և ագարակը Էգբերտ Բ. Գրանդինին՝ որպեսզի ապահովեր տպագրիչի պայմանագրի վճարումը: Յոթ ամիս անց Մորմոնի Գրքի առաջին 5000 տպագիր օրինակները պատրաստ էին: Ավելի ուշ, երբ գրավի ժամկետը լրացավ, տունը և ագարակի մի մասը վաճառվեցին 3000 դոլարով: Այդպիսով, Մարտին Հարրիսը հնազանդ եղավ Տիրոջ հայտնությանը։ (Դալլին Հ. Օուքս «Վկան․ Մարտին Հարրիս», Ensign, մայիս 1999 թ․, 36)

  • Մարտինի գործողություններն ինչո՞ւ էին քրիստոսանման պահվածքի օրինակ։

  • Հավերժական հեռանկարից ինչո՞ւ արժեր կատարել Մարտինի զոհաբերությունը:

Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ են սովորել հատված 19-ի առաջին կեսի իրենց ուսումնասիրությունից։ Ուսանողների հետ կարող եք քննարկել, թե Իր Հոր կամքը կատարելու համար Իրեն զոհաբերելու Փրկչի պատրաստակամությունն ինչպես կարող էր օգնել Մարտինին՝ պատրաստակամորեն զոհաբերելու իր ունեցվածքը: Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն մասին, թե Փրկչի օրինակը, որը վիթխարի տառապանքով կատարեց Իր Հոր կամքը, ինչպես կարող է ոգեշնչել նրանց ենթարկվել այն ամենին, ինչ Երկնային Հայրը խնդրում է:

Ինչ կարող է Տերը խնդրել ինձնից

Առաջարկեք ուսանողներին ընտրել մի բան, որը գրված է «Զոհաբերություններ» սյունակում և վերաբերում է այսօրվա երիտասարդներին, ապա «Խորհուրդ Աստծուց» սյունակում ընտրել Տիրոջ խորհուրդներից մեկը կամ մի քանիսը, որը կարող է օգնել ինչ-որ մեկին կատարել այդ զոհաբերությունը: Այնուհետև կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և առաջարկել նրանց բացատրել իրենց դասըկերոջը, թե ինչպես կարող է խորհուրդը օգնել մեկին, ում խնդրել են կատարել այդ զոհաբերությունը:

Միմյանց հետ կիսվելու համար ուսանողներին բավարար ժամանակ տալուց հետո կարող եք խնդրել, որ կամավորները դասարանի հետ կիսվեն իրենց պատասխաններով:

Ապա կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող ցուցումները և առաջարկել ուսանողներին օրագրերում գրել իրենց մտքերը։

  1. Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք մի իրավիճակ, երբ Տերը կարող է ցանկանալ, որ դուք ենթարկվեք Իր կամքին, ինչը կարող է դժվար լինել ձեզ համար:

  2. Թվարկեք այն խոչընդոտները, որոնց կարող եք հանդիպել, երբ ձգտում եք կատարել Նրա կամքը։

  3. Գրեք, թե Աստծո հավերժության տեսանկյունից ձեր իրավիճակը դիտարկելն ինչպես կարող է օգնել ձեզ հաղթահարել այս խոչընդոտներից ցանկացածը:

  4. Գրեք, թե ինչպես Վարդապետություն և Ուխտեր 19 բաժնում ներկայացված Փրկչի օրինակը կարող է ոգեշնչել ձեզ ենթարկվել ձեր Երկնային Հոր կամքին: (Կարող եք կարդալ հատվածներ 2-ը, 16–19-ը, 23–24-ը

  5. Նկարագրեք առաջին մի քանի քայլերը, որոնք կարող եք կատարել՝ հետևելու Փրկչի օրինակին ձեր իրավիճակում: