Մարգարեների խոսքերն ընդունենք համբերությամբ և հավատքով
Վարդապետություն և Ուխտեր 21 բաժինը ստացվել է 1830 թվականի ապրիլի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորման օրը: Այս հայտնության մեջ Փրկիչը հրահանգեց Իր Եկեղեցու անդամներին հետևել Իր մարգարեի խորհրդին: Այս դասը կօգնի ուսանողներին համբերությամբ և հավատքով հետևել Տիրոջ մարգարեների խոսքերին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հետևեք խորհրդին
Պատկերացրեք, որ գերագույն համաժողովը լսելիս ձեր ընկերոջից ստանում եք հետևյալ տեքստային հաղորդագրությունը. «Լսեցի՞ր, թե ինչ ասաց մարգարեն: Վստահ չեմ, որ ես համաձայն եմ դրա հետ»:
Ձեր կարծիքով, ի՞նչ կզգայիք, եթե ստանայիք նման հաղորդագրություն:
Ձեր ընկերոջ համար ինչի՞ մասին կարևոր կլինի մտածել նախքան որոշելը՝ հետևե՞լ մարգարեի խորհրդին, թե՞ ոչ:
Ողջ համբերությամբ ու հավատքով
Այն օրը, երբ կազմավորվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին՝ 1830 թվականի ապրիլի 6-ին Տերը Ջոզեֆ Սմիթին տվեց մի հայտնություն, որը նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 21 բաժնում։ Այս հայտնության մի հատվածում Տերը կարևոր խորհուրդ տվեց մարգարեին հետևելու վերաբերյալ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21․1–3 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ տիտղոսներ է Տերը օգտագործել մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին խոսելիս։
Ելնելով այս տիտղոսներից, Տիրոջ՝ նոր կազմավորված Եկեղեցու անդամների համար ինչո՞ւ էր օրհնություն Աստծո կողմից կանչված մարգարե ունենալը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 21․4–5 հատվածները՝ փնտրելով, թե ինչ խորհուրդ է տվել Տերը Սրբերին այն մասին, թե նրանք ինչպես պետք է ընդունեն մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը:
Այս հատվածներից ո՞ր բառերն ու արտահայտություններն են առանձնահատուկ ձեզ համար: Ինչո՞ւ։
Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից, որը կարող է օգնել մեկին, ով երկմտում է՝ արդյոք պե՞տք է հետևել Տիրոջ մարգարեների խորհրդին։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը ուսուցանել է, թե ինչպես կարող ենք համբերություն և հավատք ցուցաբերել, երբ ձգտում ենք հետևել մարգարեին:
Մի զարմացեք, եթե ձեր անձնական տեսակետը սկզբում չի համընկնում Տիրոջ մարգարեի ուսմունքների հետ։ Դրանք սովորելու, խոնարհվելու պահեր են, երբ մենք ծնկի ենք իջնում՝ աղոթելու։ Մենք առաջ ենք գնում հավատքով, վստահելով Աստծուն, իմանալով, որ ժամանակի ընթացքում ավելի շատ հոգևոր հստակություն կստանանք մեր Երկնային Հորից։ (Նիլ Լ. Անդերսեն «Աստծո մարգարեն», Լիահոնա մայիս 2018 թ., 26)
Տիրոջ մարգարեներին հետևելու օրհնությունները
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21․6 հատվածը։ Բացահայտեք այն երեք օրհնությունները, որոնք Տերը խոստացել է նրանց, ովքեր համբերությամբ և հավատքով են ընդունում մարգարեի միջոցով փոխանցված Իր խոսքերը:
Հիմնվելով հատված 6-ի Տիրոջ ուսմունքների վրա՝ ինչպե՞ս կավարտեիք հետևյալ արտահայտությունը։ Եթե մենք համբերությամբ և հավատքով ընդունենք մարգարեների միջոցով փոխանցված Տիրոջ խոսքերը, …
Ձեր բառերով ինչպե՞ս կամփոփեիք, թե ինչ են նշանակում այս խոստումները
Այս խոստումներն ի՞նչ ճշմարտություններ են օգնում ձեզ հասկանալ Տիրոջ մասին:
Ինչպե՞ս կարող են այս խոստումները ազդել Տիրոջ մարգարեներին հետևելու մեր ցանկության վրա:
Հետևեք Տիրոջ մարգարեներին այսօր
Գտեք ժամանակակից մարգարեների և առաքյալների կողմից տրված մի հրավեր, որը դուք ցանկանում եք փորձել կիրառել ձեր կյանքում: Օգտագործեք Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույցը (2022) կամ վերջին գերագույն համաժողովի ուղերձը՝ համապատասխան խորհուրդ կամ հրավերներ գտնելու համար։
Ուսումնասիրությունից հետո ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
Ի՞նչ հրավեր կամ խորհուրդ գտաք:
Ինչո՞ւ կարող եք համբերության և հավատքի կարիք ունենալ՝ այդ մարգարեական հրավերին ուշք դարձնելու համար:
Աստծուց ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ, եթե հետևեք այդ խորհրդին:
Ի՞նչ հատուկ գործողություններ եք ձեռնարկելու ձեր կյանքում այս խորհրդին հետևելու համար: