Սեմինարիա
Դաս 55. Վարդապետություն և Ուխտեր 41.1-12․ Տերը բերկրանքով օրհնում է մեզ


«Դաս 55. Վարդապետություն և Ուխտեր 41.1-12․ Տերը բերկրանքով օրհնում է մեզ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 41․1-12», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 55. Վարդապետություն և Ուխտեր 41–44

Վարդապետություն և Ուխտեր 41

Տերը բերկրանքով օրհնում է մեզ

Հիսուս Քրիստոսը ողջունում է կույր մարդուն

Երբ Մարգարեն Օհայոյում միացավ դժվարությունների դեմ պայքարող Սրբերին, Տերը վկայեց, որ Նա բերկրանքով օրհնում է նրանց, ովքեր լսում են Իրեն։ Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին վստահ լինել, որ Տերը կօրհնի իրենց, եթե իրենք լսեն և հնազանդվեն Նրան:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Որքանո՞վ եք վստահ, որ … ։

Գրատախտակին հետևյալի նման մի գծապատկեր նկարեք․

Վստահության սանդղակ

Մատնանշեք սանդղակի աջ կողմը: Առաջարկեք ուսանողներին կիսվել մի բանով, որում իրենք վստահ են, և բացատրել, թե ինչու են վստահ:

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Տերը կօրհնի մեզ, եթե մենք լսենք և հնազանդվենք Իրեն։ Խնդրեք ուսանողներին օգտագործել սանդղակը՝ այս արտահայտության նկատմամբ իրենց վստահությունը գնահատելու համար 1-ից 5 միավորով (1 = վստահ չեմ, 5 = շատ վստահ եմ): Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչու են իրենց վստահությունը գնահատել այնպես, ինչպես նշել են սանդղակով:

  • Ի՞նչ փոփոխություն կարող է լինել կյանքում, երբ շատ վստահ լինեք, որ Տերը կօրհնի ձեզ:

Առաջարկեք ուսանողներին օգնություն խնդրել Տիրոջից՝ մեծացնելու իրենց վստահությունը, որ Նա կօրհնի իրենց, եթե իրենք ձգտեն լսել և հնազանդվել Նրան:

Տիրոջ վերաբերմունքը մեզ օրհնելու նկատմամբ

1830 թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց Սրբերին տեղափոխվել Օհայո (տես Վարդապետություն և Ուխտեր 37.3): Կարճ ժամանակ անց՝ 1831 թվականի հունվարին և փետրվարին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա կինը՝ Էմման, հարյուրավոր մղոններ անցան՝ ուղևորվելով դեպի Կիրթլենդ, Օհայո: Այնուհետև, երբ այլ շրջաններից Սրբերը սկսեցին բնակություն հաստատել Կիրթլենդում, մարգարեն հայտնություն ստացավ, որը որոշ հրահանգներ էր պարունակում։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 41․1 հատվածը՝ փնտրելով Տիրոջ վերաբերմունքը նրանց օրհնելու նկատմամբ, ովքեր լսում են Իրեն:

դասընթացի պատկերակՕգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ ազդեցությունը. որպեսզի լրացուցիչ ուսուցում ստանաք, թե ինչպես օգնել սովորողներին ճանաչել Տիրոջ ազդեցությունը սուրբ գրություններում և իրենց կյանքում, տես «Հարցեր տվեք, որոնք Տիրոջ սերը, զորությունը և ողորմածությունը կապում են ուսուցանված ճշմարտությունների հետ» հմտությունը «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում» դասընթացում, որը զետեղված է Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ուսուցողական նյութում։ Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Տերը բերկրանքով է օրհնում նրանց, ովքեր լսում են Իրեն։ Կարող եք խրախուսել ուսանողներին նշել այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում բերկրանքով անել որևէ բան։

  • Ձեր կարծիքով, որո՞նք են «մեծագույնները Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14․7

  • Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք լսել Նրան:

Լսեք ուսանողների պատասխանները: Եթե օգտակար լինի, առաջարկեք ուսանողներին կարդալ հետևյալ խոսքերը, փնտրելով եղանակներ, որոնցով մենք կարող ենք լսել Տիրոջը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն

Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով: …

Կարող ենք դիմել սուրբ գրություններին։ Նրանք մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, Նրա Քավության մեծության և մեր Հոր՝ երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: … Եթե ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց երբևէ չենք մտածել, որ կբախվենք:

Մենք կարող ենք նաև լսել Նրան տաճարում։ Տիրոջ տունը ուսուցման տուն է։ Այնտեղ Տերն ուսուցանում է Իր ձևով: …

… Մենք լսում ենք Նրան, երբ ականջ ենք դնում մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերին: Հիսուս Քրիստոսի կարգված առաքյալները միշտ վկայում են Նրա մասին: Նրանք մատնանշում են ուղին, երբ մենք քայլում ենք մահկանացու փորձառությունների մեր մռայլ լաբիրինթոսի ուղիով: (Ռասսել Մ. Նելսոն. «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020 թ․, 89–90)

Խնդրեք ուսանողներին վերանայել հատված 1-ը՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր հրաժարվում են լսել Տիրոջը: Օգտակար կլինի նշել, որ այս հատվածում օգտագործվող «անեծքներ» բառը նշանակում է դատաստաններ կամ հետևանքներ:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Տիրոջը լսելուց հրաժարվելը կարող է հանգեցնել բացասական հետևանքների:

Օրինակներ, երբ Տերը օրհնում է Իրեն լսողներին

Մի քանի ուսանողի խրախուսեք կիսվել ստորև ներկայացվող հարցերի վերաբերյալ իրենց պատասխաններով։ Իրենց ոգևորությամբ և սիրով կիսվելը կօգնի ուսանողներին զգալ Տիրոջ բերկրանքը: Դա կարող է նաև լավ հնարավորություն լինել ձեր ուսանողներին ավելի լավ ճանաչելու համար:

  • Ի՞նչ եք դուք սիրում կամ ինչից եք բերկրանք զգում։

Բացատրեք, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ Տերն իսկապես բերկրանք է զգում՝ օրհնելով Իրեն լսողներին:

Կարդացեք հետևյալ հատվածները և փնտրեք, թե ինչպես է Տերն օրհնում Իր Սրբերին, եթե նրանք լսում են Իրեն:

Կարող եք դասարանը խմբերի բաժանել՝ հատվածները կարդալու և ուղեկցող հարցերին պատասխանելու համար: Ապա ուսանողները կարող են միմյանց հետ կիսվել իրենց սովորածով:

Վարդապետություն և Ուխտեր 41․2–5

  • Ինչպե՞ս կարող է օրհնություն լինել Տիրոջ օրենքը կամ առաջնորդությունը ստանալը (Տես հատված 3։)

  • Ինչպե՞ս կարող է մեզ օգնել Տիրոջ օրենքին հնազանդվելը և Քրիստոսի ավելի լավ աշակերտներ դառնալը (Տես հատված 5):

Ժամանակակից օրինակի համար տես նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) պատմությունն այն մասին, թե ինչպես Տերը օրհնեց մի մարդու, որը լսում և հնազանդվում էր Իրեն, «Մենք քայլում ենք հավատքով» տեսանյութի 7:30–12:39 հատվածում, որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

We Walk by Faith

We reach toward the unknown, but faith lights the way. If we will cultivate that faith, we shall never walk in darkness.

Լրացուցիչ օրինակներ

Առաջարկեք ուսանողներին փնտրել կամ հիշել առնվազն երկու լրացուցիչ օրինակ, որոնք կամրացնեն իրենց վստահությունն առ այն, որ Տերը կօրհնի նրանց, ովքեր լսում են Իրեն: Խրախուսեք ուսանողներին փնտրել Տիրոջ առաջնորդությունը՝ գտնելու օրինակներ, որոնք կօրհնեն իրենց և դասարանին:

  1. Գտեք մեկ օրինակ սուրբ գրություններից: Դա կարող է լինել․

    1. Պատմություն այն մասին, թե երբ Տերն օրհնեց նրանց, ովքեր լսեցին և հնազանդվեցին Իրեն: (Կարող են լինել նմանատիպ օրինակներ. Նոյը կառուցում է տապանը և փրկվում Ջրհեղեղից [տես Ծննդոց 6–8], Դեբորան հնազանդվում է Իսրայելը գերությունից ազատելու Տիրոջ հրահանգին [Դատավորներ 4․1–8, 13–15], Մարիամը ընդունում է Փրկչի մայրը լինելու իր դերը և զգում է Տիրոջ օրհնությունները [Ղուկաս 1․38, 46–49], Նեփին ստանում է արույրե թիթեղները [տես 1 Նեփի 3–5], Ջոզեֆ Սմիթը կարողանում է պաշտպանել թիթեղները [տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․46, 60], Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին մկրտում են միմյանց Ահարոնյան Քահանայությունը ստանալուց հետո, այնուհետև Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա [տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․68–74])։

    2. Հատված կամ հատվածներ, որոնք վկայում են, որ Տերը կօրհնի մեզ, եթե մենք լսենք և հնազանդվենք Իրեն: (Այդ հատվածների որոշ օրինակներ են․ Մաղաքիա 3․10, 1 Հովհաննես 3․22, Հարոմ 1․9, Մոսիա 2․41, Վարդապետություն և Ուխտեր 19․38, 82․10, 89․1, 18–21, 130․21

  2. Մտածեք լրացուցիչ օրինակ: Դա կարող է լինել․

    1. Անձնական փորձառություն, երբ Տերը օրհնել է ձեզ:

    2. Ընկերոջ կամ մտերիմ մարդու փորձառություն:

    3. Ելույթ գերագույն համաժողովից:

    4. Տեսանյութ ChurchofJesusChrist.org կայքում։

Առաջարկեք ուսանողներին գրել իրենց օրինակները առանձին թերթի վրա: Ուսանողներին տեղեկացրեք, որ նրանց գրածը կարող է ներկայացվել դասարանի մյուս անդամներին: Հավաքեք թերթերը, խառնեք դրանք, ապա ընտրեք մի քանիսը կամ առաջարկեք որևէ ուսանողի դա անել: Կարող եք կարդալ մեկ օրինակ և հարցնել, թե արդյոք այն գրած ուսանողը պատրաստ է կիսվել, թե ինչու է ընտրել այդ օրինակը: Հարցրեք, թե ինչպես կարող է այդ օրինակը մեծացնել ուսանողների վստահությունը, որ Տերը կօրհնի իրենց, եթե իրենք լսեն Նրան: Երբ ուսանողները կիսվեն, շնորհակալություն հայտնեք նրանց ջանքերի համար և փորձեք օգնել, որ զգան դասարանում իրենց մտքերով ու փորձառություններով կիսվելու կարևորությունը:

Այս դասն ավարտելով՝ գրեք ձեր մտքերն ու զգացմունքներն այն մասին, որ Տերը օրհնում է մեզ, երբ մենք լսում ենք Նրան: Դուք վստահություն ունե՞ք, որ Նա կօրհնի ձեզ: Ի՞նչ կարող եք անել ձեր վստահությունը մեծացնելու համար:

Ուսանողներին առաջարկեք կիսվել այսօր դասարանում իրենց սովորածով և զգացածով: Կիսվեք ձեր սեփական վկայությամբ, որ Տերը կօրհնի մեզ, եթե մենք լսենք Իրեն։