Սեմինարիա
Դաս 85. Վարդապետություն և Ուխտեր 76․1–19․ «Մեր հասկացողության աչքերը բացվեցին»


«Դաս 85․ Վարդապետություն և Ուխտեր 76.1–19. «Մեր հասկացողության աչքերը բացվեցին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 76․1–19», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 85․ Վարդապետություն և Ուխտեր 76

Վարդապետություն և Ուխտեր 76․1–19

«Մեր հասկացողության աչքերը բացվեցին»

Ջոզեֆը և Սիդնին պատրաստվում են հայտնությանը

1832 թվականի հունվարին աշխատելով Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը խորհեցին Հովհաննես 5.29 հատվածի իմաստի շուրջ: Խորհելիս նրանք մի շարք տեսիլքներ տեսան, որոնցում Տերը բացահայտեց կարևոր ճշմարտություններ Իր ծրագրի մասին: Այս դասը կօգնի ուսանողներին սովորել Սուրբ Հոգու զորությամբ՝ ժամանակ հատկացնելով՝ Փրկչի խոսքերի շուրջ խորհելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փնտրենք անձնական հայտնություն

Կարող եք գրատախտակին ցուցադրել հետևյալ հարցերը: Ուսանողները կարող են հարցերի իրենց պատասխանները գրանցել իրենց օրագրերում: Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք կիսվել պատասխաններով, որոնք խիստ անձնական չեն:

  • Որո՞նք են այն հանգամանքները կամ իրավիճակները, որոնց դուք բախվում եք կամ կարող եք բախվել, երբ ցանկանում եք առաջնորդություն ստանալ Տիրոջից՝ Սուրբ Հոգու միջոցով:

  • Ինչո՞ւ եք ցանկանում ստանալ Տիրոջ օգնությունն այդ հարցերում:

Այսօր դուք կիմանաք մի եղանակի մասին, որով կարող եք հրավիրել Տիրոջը խոսել ձեզ հետ Սուրբ Հոգու միջոցով: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ ձեր նշած որևէ իրավիճակում կամ հարցում:

Տեսիլքը

Հետևյալ ամփոփումը կարող է օգնել ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի 76 բաժինը։ Մտածեք, թե որն է լավագույն տարբերակը՝ կարդալ կամ ամփոփ ներկայացնել այն ինքնուրույն, թե առաջարկել որևէ ուսանողի անել դա: Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Սրբեր, 1.147 հատվածը՝ իմանալու հանգամանքների մասին, որոնք տանում են դեպի այդ հայտնությունը:

Ջոն Ջոնսոնի տունը

1832 թ-ի փետրվարի 16-ին Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը և մոտ 12 այլ մարդիկ գտնվում էին Ջոն և Էլզա Ջոնսոնների տան վերին հարկի սենյակում՝ Օհայո նահանգի Հիրամ քաղաքում։ Մինչ Ջոզեֆն ու Սիդնին աշխատում էին Աստվածաշնչի ներշնչված թարգմանության վրա, մյուսներն ուսումնասիրում էին Հովհաննես 5.29 հատվածը՝ դրախտը նկարագրող սուրբ գրությունը, և ցանկանում էին իմանալ ավելին: Խորհելիս նրանք տեսան տեսիլք, որը նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում։ Փրկիչը Ջոզեֆին և Սիդնիին ցույց տվեց տեսիլքների շարք, որոնք ուսուցանեցին նրանց կարևոր ճշմարտություններ Երկնային Հոր փրկության ծրագրի մասին:

Ուսանողներին բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինն ամբողջ շաբաթվա ընթացքում ուսումնասիրելով՝ նրանք հնարավորություն կունենան տեղեկանալ այդ տեսիլքի տարբեր հատվածների մասին: Այսօրվա դասը կկենտրոնանա Փրկչի ուսմունքների և բաժին 76-ի սկզբում արձանագրված փորձառությունների վրա:

Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինը սկսվում է նրանով, որ Տերն Իր մասին կարևոր ճշմարտություններ է հայտնում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.1–10 հատվածները՝ փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք, ըստ ձեզ, ցույց են տալիս, թե ինչ է Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ մենք հասկանանք Իր մասին: Նկատի ունեցեք, որ վախենալ Աստծուց (հատված 5) նշանակում է երկրպագել, սիրել և ոգեշնչվել Նրանով:

Այս հատվածներն ուսումնասիրելու համար ուսանողներին բավարար ժամանակ հատկացնելուց հետո առաջարկեք նրանց կիսվել իրենց գաղափարներով: Հետևյալ հարցերը կօգնեն ուսանողներին քննարկել Սուրբ Հոգու միջոցով ճշմարտությունն իրենց բացահայտելու Փրկչի ցանկությունը:

  • Ինչպե՞ս են այս հատվածներն օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Փրկչին:

  • Փրկչի մասին այս գիտելիքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեզ վրա:

Սուրբ գրությունների մասին խորհելը տանում է դեպի հայտնություն

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76․11–19 հատվածները՝ փնտրելով, թե ինչ արեցին Ջոզեֆն ու Սիդնին նախքան տեսիլքը տեսնելը:

  • Ըստ ձեզ, ո՞ր գործողությունները հանգեցրեցին նրան, որ Ջոզեֆն և Սիդնին ունենան այն փարձառությունը, որն ունեցան:

    Կարող եք բացատրել, որ թեև մենք կարող ենք չտեսնել Ջոզեֆի և Սիդնիի տեսած տեսիլքը, սակայն նրանց փորձառությունը կարող է ուսուցանել մեզ մի սկզբունք՝ Սուրբ Հոգու միջոցով Տիրոջից հայտնություն ստանալուն նախապատրաստվելու վերաբերյալ:

  • Ո՞րն է այն ճշմարտությունը, որը դուք սովորում եք այս հատվածներից, որը կարող է նախապատրաստել մեզ Սուրբ Հոգու միջոցով հայտնություն ստանալուն:

Ուսանողները կարող են նշել նման մի ճշմարտություն. Երբ մենք աղոթքով ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և խորհում դրանց մասին, մենք պատրաստում ենք մեզ Սուրբ Հոգու միջոցով Տիրոջից հասկացողություն ստանալուն:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրել է, թե մենք ինչպես կարող ենք ուսումնասիրել և խորհել սուրբ գրությունների շուրջ մի եղանակով, որը մեզ կտանի դեպի հայտնություն՝ Սուրբ Հոգու միջոցով։

2:3
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Երբ ես ասում եմ «ուսումնասիրել», նկատի ունեմ ավելին, քան ընթերցելը։ … Ես տեսնում եմ, թե ինչպես եք երբեմն մի քանի հատված կարդում, ապա դադար առնում և խորհում դրանց մասին, այնուհետև կրկին ուշադիր կարդում հատվածները, և երբ մտածում եք դրանց նշանակության մասին՝ աղոթելով հասկացողության համար, հարցեր տալով ձեր մտքում, սպասելով հոգևոր հուշումներին և գրի առնելով ձեր ստացած տպավորություններն ու մտքերը, կարող եք հիշել և ավելին իմանալ։ Այսպես ուսումնասիրելով՝ դուք գուցե կես ժամում չհասցնեք շատ բաժիններ կամ հատվածներ կարդալ, սակայն ձեր սրտում տեղ կտաք Աստծո խոսքին, և Նա կխոսի ձեզ հետ։ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Երբ դու դարձի եկար», Լիահոնա, մայիս 2004 թ., 11)

  • Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք երբեմն կարող են խանգարել մեզ խորհել: Ի՞նչը կարող է օգնել մեզ հաղթահարել այդ խոչընդոտները:

Կարող եք կիսվել մի փորձառությամբ, երբ դուք ուսումնասիրել եք սուրբ գրությունները, աղոթքով խորհել եք դրանց շուրջ և հայտնություն եք ստացել: Ուսանողներին նույնպես առաջարկեք կիսվել իրենց ունեցած ցանկացած փորձառությամբ:

Ուսումնասիրեք աղոթքով և խորհեք

Կարող եք ուսանողներին դասարանում ժամանակ տրամադրել, գուցե 7–10 րոպե, որպեսզի նրանք փորձեն սուրբ գրություններն աղոթքով ուսումնասիրել և խորհել: Կիսվեք հետևյալ ցուցումներով.

Որոշ ժամանակ հատկացրեք՝ փորձելով ուսումնասիրել սուրբ գրությունները և խորհել դրանց շուրջ։ Մտածեք այն հանգամանքի կամ իրավիճակի մասին, որը նշել էիք ավելի վաղ, և որի համար ցանկանում եք ստանալ Տիրոջ օգնությունը: Աղոթեք առաջնորդության համար, խորհեք, թե ինչ եք կարդում և ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք կարող են ձեզ անհրաժեշտ ուղղություն կամ օգնություն տրամադրել: Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր օրագրում:

Ուսանողներին հնարավորություն տվեք ընտրել սուրբ գրություններ, որոնք նրանք կուսումնասիրեն այս վարժության ընթացքում: Այն ուսանողների համար, որոնց անհրաժեշտ է ուղղորդել, թե որ հատվածներն ընտրել, կարող եք մի քանի տարբերակ տրամադրել, օրինակ՝

  • Ենովս 1.1–17 (Ենովսն աղոթում է Աստծուն):

  • Մոսիա 3.1–20 (Բենիամին թագավորը մարգարեանում է Հիսուս Քրիստոսի մասին)։

  • Ալմա 36.1–30 (Ալման նկարագրում է իր մեղքերի թողությունը)։

  • Մովսես 1.1–39 (Մովսեսը խոսում է Աստծո հետ և դիմադրում սատանային)։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո ցուցադրեք հետևյալ հարցերը և առաջարկեք ուսանողներին օրագրում գրել իրենց պատասխանները:

  • Սուրբ գրությունների ուսումնասիրությունը և խորհելը ինչպե՞ս են ձեզ օգնել պատրաստվել հայտնություն ստանալ Սուրբ Հոգու միջոցով:

  • Ի՞նչ ուսուցանեց ձեզ այդ փորձառությունը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին:

  • Ի՞նչ կարող եք անել կամ շարունակել անել՝ Տիրոջ կողմից լրացուցիչ օգնություն և հայտնություն ստանալու համար:

Վկայեք այն մասին, թե սուրբ գրությունների ավելի նպատակաուղղված և հաճախակի ուսումնասիրությունը և խորհելը ինչպես կարող է ուսանողներին ավելի մոտեցնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Խրախուսեք ուսանողներին շարունակել աղոթքով հայտնություն փնտրել՝ կանոնավոր կերպով ուսումնասիրելով սուրբ գրությունները և խորհելով դրանց շուրջ: