Սեմինարիա
Դաս 92․ Վարդապետություն և Ուխտեր 82․8–24․ «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ»


«Դաս 92․ Վարդապետություն և Ուխտեր 82.8–24․ «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 82․8–24», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 92. Վարդապետություն և Ուխտեր 81–83

Վարդապետություն և Ուխտեր 82․8–24

«Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ»

Փրկիչը

Միացյալ Միաբանության անդամներին Փրկիչը հրավիրեց կապել իրենց ուխտով՝ Իր Եկեղեցու գործերը կառավարելու համար: Նա տվեց նրանց պատվիրաններ և խոստացավ օրհնել, եթե նրանք հնազանդվեն պատվիրաններին: Երբ մենք ուխտ ենք կապում՝ հնազանդվել Հիսուս Քրիստոսի պատվիրաններին, Նա խոստանում է օրհնել մեզ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես պահել այն ուխտերը, որոնք կապում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուխտով կապված Տիրոջ հետ

Հետևյալ առարկայական դասը կարող է օգնել ուսանողներին խորհել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների մասին: Ուսանողներին ցուցադրեք երկու մագնիս: Ուսանողներից մեկը կարող է ցուցադրել, թե ինչպես են մագնիսները ձգում կամ վանում միմյանց, երբ դրանք մոտեցնում ենք իրար: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ մագնիսներից մեկը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, իսկ մյուսը՝ իրենց:

  • Այս մագնիսների միջոցով ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների մասին:

Առաջարկեք ուսանողներին խորհել իրենց հարաբերությունների մասին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 82 բաժինը, խրախուսեք նրանց փնտրել անձնական հայտնություն այն մասին, թե ինչպես կարող են ամրացնել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

«Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ»

Վարդապետություն և Ուխտեր 82 բաժնում Տերը կրկնեց ավելի վաղ հայտնության մեջ տրված հրահանգները (տես Վարդապետություն և Ուխտեր 78)։ Հրահանգները տրվել էին, որպեսզի ստեղծվեր Միացյալ Միաբանություն՝ Եկեղեցու աշխարհիկ գործերը ղեկավարելու և Սիոնը կառուցելու համար:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Վարդապետություն և Ուխտեր 82․10 հատվածը վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82․8–10 հատվածները և փնտրեք, թե ինչ է ուսուցանել Տերն Իր պատվիրանների մասին:

  • Ո՞րն է մեզ պատվիրաններ տալու Փրկչի պատճառը:

  • Ի՞նչ է խոստանում Փրկիչը, եթե մենք պահենք Իր պատվիրանները:

Ուսանողներին առաջարկեք վերաձևակերպել այս հատվածներից մի ճշմարտություն իրենց բառերով: Նրանք կարող են նաև գրել այն իրենց օրագրում կամ գրատախտակին: Ուսանողները կարող են նշել նմանատիպ ճշմարտություններ. Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, Նա խոստանում է օրհնել մեզ:

Ի՞նչ են ուսուցանում ձեզ այս հատվածները Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի էության և բնույթի մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե երբ են իրենք տեսել այս ճշմարտության կատարումը, կարող եք կատարել հետևյալ վարժությունը.

Դասարանը բաժանեք փոքր խմբերի։ Յուրաքանչյուր խմբի խնդրեք գտնել օրինակներ, երբ Փրկիչն օրհնում է մարդկանց՝ Իր պատվիրաններին հնազանդվելու համար: Ուսանողները կարող են նշել օրինակներ սուրբ գրություններից, իրենց կյանքից կամ իրենց ծանոթ մարդկանց կյանքից: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո խմբերին առաջարկեք հերթով կիսվել օրինակներով: Քննարկեք, թե այս օրինակներից ինչ կարող ենք իմանալ Իր խոստումները պահելու Փրկչի պատրաստակամության մասին:

Ուխտով կապված

Կարող եք օգնել ուսանողներին տեսնել, թե ինչպես է հատված 1-ը ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր ուխտյալ հարաբերությունների մասին: Ուխտերի միջոցով մենք խոստումներ ենք տալիս Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, իսկ Նրանք խոստումներ են տալիս մեզ:

  • Ձեր կարծիքով, հատված 10-ը ի՞նչ է ուսուցանում այն ուխտերի մասին, որոնք մենք կապում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը՝ փնտրելով, թե նա ինչ է ուսուցանել ուխտերի մասին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, ընդմիշտ հեռանում ենք չեզոք գոտուց։ Աստված չի խզի Իր հարաբերությունները նրանց հետ, ովքեր նման կապ են հաստատել Իր հետ: Իրականում բոլորը, ովքեր ուխտ են կապել Աստծո հետ, ունեն հատուկ սեր և ողորմություն: …

Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտն էին: Մենք դառնում ենք կապված միմյանց հետ։ Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ։ Յուրաքանչյուրս հատուկ տեղ ունենք Աստծո սրտում։ Նա մեզ հետ կապված վեհ նպատակներ ունի։ (Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտեմբեր 2022, 5–6)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր հիշել այս խոսքերից։

Ուխտերը պահելը օրհնություններ է բերում

Միացյալ Միաբանության ղեկավարներին տրված Տիրոջ հրահանգում Նա խորհուրդ տվեց Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին, Էդվարդ Պատրիջին և մյուսներին «միմյանց կապվել կապով և ուխտով» (Վարդապետություն և Ուխտեր 82.11)՝ Եկեղեցու աշխարհիկ գործերը ղեկավարելու համար։ Որպես Աստծո ուխտյալ զավակներ՝ մենք նաև որոշակի բաներ անելու ուխտ ենք կապում՝ հետևելով Հիսուս Քրիստոսին:

Կարող եք դասարանը բաժանել երկու խմբի և յուրաքանչյուր խմբի առաջարկել կազմել հետևյալ ցուցակներից մեկը։ Ուսանողները կարող են նաև իրենց ցուցակները գրել գրատախտակին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82․12–19 հատվածները և կազմեք ցուցակ, թե ինչի վերաբերյալ Տերը խնդրեց, որ ուխտ կապեն Միացյալ Միաբանության անդամները։

Կարդացեք Մոսիա 18.8–10 և Վարդապետություն և Ուխտեր 20.77 հատվածները և կազմեք ցուցակ, թե ինչի վերաբերյալ է Տերը խնդրում, որ մենք ուխտ կապենք այսօր:

  • Այս ցուցակներում ի՞նչն է առանձնահատուկ ձեզ համար:

  • Ինչո՞վ են նման ուխտի այս պարտականությունները:

  • Ձեր կարծիքով, մեր ուխտերը պահելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ նմանվել Փրկչին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82․24 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է խոստացել Տերը նրանց, ովքեր պահում են իրենց ուխտը Իր հետ։

Կարող եք ցուցադրել իրար միացված մագնիսները: Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ սովորեցին այս դասից Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների մասին: Դուք կարող եք նաև կիսվել ձեր զգացմունքներով այն օրհնությունների վերաբերյալ, որոնք ստացել եք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ուխտեր կապելու և պահելու արդյունքում:

Մտապահեք վարդապետության սերտման հատվածը

Այս դասի ընթացքում դուք կարող եք օգնել ուսանողներին մտապահել Վարդապետություն և Ուխտեր 82.10 հատվածը և սուրբգրային հիմնական արտահայտությունը․ «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ»: Այնուհետև կարող եք կրկնել այն հետագա դասերի ընթացքում: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: