Սեմինարիա
Դաս 112․ Վարդապետության սերտման գործնական պարապմունք 7․ Մտապահել. Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ


«Դաս 112․ Վարդապետության սերտման գործնական պարապմունք 7․ Մտապահել. ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետության սերտման Վարժություն 7», Վարդապետություն և Ուխտեր Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 112. Վարդապետություն և Ուխտեր 94–97

Վարդապետության սերտման գործնական պարապմունք 7

Մտապահել․ ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

քայլող ընկերների խումբ

Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա յուրացնել վարդապետության սերտման հատվածները և այն վարդապետությունը, որը նրանք ուսուցանում են: Այն նաև կօգնի նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման կրկնություն․ մտապահել

Կարող եք դասը սկսել մի կարճ վարժությունով, որը կօգնի ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները մտապահելու կարևորությունը: Օրինակ՝ կարող եք ցուցադրել գումար, սնունդ, օրագիր կամ այլ իրեր, որոնք մարդիկ կարող են պահպանել: Ուսանողներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցն իրենց դասընկերոջ հետ։

  • Մարդիկ ինչո՞ւ կարող են հավաքել կամ պահպանել այս իրերը:

  • Ուրիշ ի՞նչ կարող են մարդիկ հավաքել և պահպանել՝ ապագայում օգտագործելու համար:

  • Ինչպե՞ս կարող է դա կապված լինել վարդապետության սերտման հղումների և սուրբգրային հիմնական արտահայտությունների մտապահման հետ:

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ են քննարկել իրենց դասընկերների հետ: Դասարանով կատարեք հետևյալը.

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․85 հատվածը։ Փնտրեք այն խոստումը, որը տալիս է Տերը, եթե մենք պահպանում կամ գանձում ենք Նրա խոսքը մեր մտքում:

  • Ի՞նչ է նշանակում «կյանքի խոսքեր»:

  • Ի՞նչ տարբեր եղանակներով եք փորձել գանձել Աստծո խոսքը ձեր մտքում:

  • Ինչպե՞ս են այս ջանքերն օգնել ձեզ զգալ Աստծո սերը կամ զորությունը ձեր կյանքում:

    Ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կյանքի այն դեպքերի մասին, երբ դժվար պահին իրենք հիշել են վարդապետության սերտման հատվածը կամ մեկ այլ սուրբ գրություն, օրինակ՝ երբ իրենք բախվել են դժվարին որոշման հետ կամ փնտրել են հարցի պատասխաններ: Կարող եք կիսվել օրինակներով, թե ինչպես է սուրբ գրությունների մտապահումն օրհնել ձեր կյանքը:

  • Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ՝ օգնելով հիշել սուրբ գրությունը հենց այն պահին, երբ դրա կարիքն ունեիք:

    Ուսանողներին ժամանակ տվեք՝ իրենց մտքերում Աստծո խոսքը գանձելու համար՝ մտապահելով վարդապետության սերտման հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները: Հետևյալը դա անելու եղանակներից մեկն է: (Մտապահելու համար լրացուցիչ գաղափարները ներկայացված են այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: Ձեր կատարած վարժությունը չպետք է տևի ավելի քան 10 կամ 15 րոպե, որպեսզի ուսանողները ժամանակ ունենան վարժվելու՝ կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները դասի ընթացքում:)

    Կարող եք ուսանողների համար մի քանի փոքր թուղթ կամ բացիկ պատրաստել և նրանց տրամադրել հետևյալ ցուցումները:

  • Ընտրեք երեքից հինգ վարդապետության սերտման հատված, որոնք, ըստ ձեզ, արժեքավոր կլինեն «գանձելու» կամ մտապահելու համար:

  • Մտածեք, թե այս հղումները գանձելն ինչպես կարող է օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքներին:

  • Ձեր ընտրած յուրաքանչյուր հատվածի համար ստեղծեք պատկերով քարտ՝ գրելով հղումը թղթի առջևի մասում, իսկ սուրբգրային հիմնական արտահայտությունը հետևի մասում:

  • Վարժվեք մտապահել յուրաքանչյուր պատկերով քարտի երկու կողմերի բովանդակությունը:

Որոշ ժամանակ անց ուսանողները կարող են փոխանակել իրենց պատկերներով քարտերը դասընկերոջ հետ և վարժվել մտապահել վարդապետության սերտման լրացուցիչ հղումներ: Նրանք կարող են նաև հարցեր տալ միմյանց՝ օգտագործելով իրենց ստեղծած պատկերներով քարտերը:

Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Դասի մնացած մասի ընթացքում օգնեք ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և կիրառել դրանք Իմաստության Խոսքի վերաբերյալ սցենարում:

Կարող եք ուսանողներին տրամադրել հետևյալ սցենարը։ Կարող եք առաջարկել ուսանողներին օգնել հարմարեցնել սցենարը, որպեսզի այն առավել համապատասխանի այն իրավիճակներին, որոնց իրենք կարող են բախվել Իմաստության Խոսքը պահելու պատճառով:

Ձեր ընկերներից մի քանիսը, ովքեր Եկեղեցու անդամ չեն, հարցրել են ձեզ, թե ինչու սուրճ, թեյ կամ ալկոհոլ չեք խմում: Երբ համառոտ բացատրում եք, թե ինչ գիտեք Իմաստության Խոսքի մասին, ձեր ընկերները նշում են, թե, ըստ իրենց, որքան սահմանափակող է այն և հարցնում են. «Ինչու՞ է մարդը ցանկանում այդպես ապրել»:

  • Ըստ ձեզ, հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից ո՞րն առավել օգտակար կլինի հաշվի առնել՝ ձեր ընկերներին պատասխանելիս։ Ինչո՞ւ։

Երբ ուսանողները պատասխանեն նախորդ հարցին, կարող եք գնահատել, թե որքան լավ են նրանք հասկանում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Այնուհետև կարող եք օգտագործել հետևյալ վարժությունը կամ հարմարեցնել այն ըստ անհրաժեշտության:

Ուսանողներին կարող եք բաժանել փոքր խմբերի։ Յուրաքանչյուր խմբին առաջարկեք ընտրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունք՝ ուսումնասիրելու համար: Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել իրենց ընտրած սկզբունքը պարբերություններ 5–12-ից Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում։ Երբ նրանք ուսումնասիրեն, յուրաքանչյուր խմբին առաջարկեք գրել մեկ կամ երկու հարց՝ կապված իրենց սկզբունքի հետ: Դրանք պետք է լինեն հարցեր, որոնք կօգնեն նրանց պատասխանել իրենց ընկերներին նախորդ սցենարում: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը որպես օրինակ կամ, եթե ուսանողներն օգնության կարիք ունեն:

Գործեք հավատքով

  • Ինչպե՞ս է Իմաստության Խոսքին հնազանդվելու ձեր պարտավորությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 89) համարվում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի գործողություն:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, որը կօգնի ձեզ հնազանդվել Իմաստության Խոսքին, նույնիսկ, եթե ամբողջությամբ չեք հասկանում այն:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից

  • Ինչպե՞ս է Աստծո փրկության ծրագրի ընկալումն ազդում Իմաստության Խոսքի վերաբերյալ ձեր տեսակետի վրա:

  • Որո՞նք են այն կարճաժամկետ օգուտները, որոնք, ըստ մարդկանց կարծիքի, իրենք կարող են ստանալ՝ Իմաստության Խոսքին չհնազանդվելով: Ինչպե՞ս են այս օգուտները համեմատվում Փրկչի կողմից խոստացված երկարաժամկետ օրհնությունների հետ, երբ մենք հնազանդվում ենք Իմաստության Խոսքին (տես Վարդապետություն և Ուխտեր 89.18–21):

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Ի՞նչ սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 89 բաժինն ուսումնասիրելիս, որն օգտակար կլինի՝ ձեր ընկերներին պատասխանելու համար:

  • Որո՞նք են վարդապետության սերտման այն լրացուցիչ հատվածները, որոնք կարող են օգնել:

  • Ինչպե՞ս են աստվածայնորեն սահմանված աղբյուրները, օրինակ՝ Սուրբ Հոգին, ձեր ծնողները կամ Եկեղեցու ղեկավարներն ազդել Իմաստության Խոսքին հնազանդվելու ձեր ցանկության վրա:

Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք նրանց հարցեր փոխանակել մեկ այլ խմբի հետ: Նրանց ժամանակ տվեք՝ իրենց խմբում քննարկելու, թե ինչպես կպատասխանեն միմյանց հարցերին: Այնուհետև ուսանողները կարող են ներկայանալ դերախաղով, թե ինչպես կպատասխանեն այդ սցենարի հարցերին՝ օգտագործելով իրենց պատասխանները:

Վարժությունը կատարելուց հետո առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց խմբի անդամների հարցերից կամ պատասխաններից ստացած գաղափարներով: Եթե ժամանակ մնա, կարող եք նաև առաջարկել ուսանողներին կիսվել ուրիշներին Իմաստության Խոսքի մասին ուսուցանելու կամ վկայելու փորձառություններով: