Բ Կորնթացիս 5
«Հաշտության սպասավորությունը»
Երբևէ ձեզ զգացե՞լ եք Աստծուց հեռու: Այլ մարդիկ, որոնց դուք ճանաչում եք, երբևէ զգացե՞լ են նույնը: Պողոսը հիշեցրեց Կորնթոսի սրբերին այն ողորմության մասին, որը Հիսուս Քրիստոսը ցույց տվեց նրանց: Պողոսն ուսուցանեց մարդկանց, որ նրանք հեռացել են Աստծուց մեղքի պատճառով: Բարեբախտաբար, Քրիստոսի Քավության միջոցով նրանք կարող էին վերականգնել բարենպաստ հարաբերություններն Աստծո հետ և ստանալ Քրիստոսի արդարությունը (տես Բ Կորնթացիս 5.16–21): Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Աստծուն և դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է ցանկանում, որ դուք դառնաք:
Աստծո հետ ձեր հարաբերությունները
Ընթերցեք հետևյալ սցենարները: Մտածեք այն մասին, թե ձեր անձնական իրավիճակն ինչով է նման կամ ինչով է տարբերվում այս սցենարներից:
-
Ջամիլան Հիսուս Քրիստոսի եռանդուն հետևորդ է: Շատ ընկերներ նրան որպես օրինակ են ընդունում: Այնուամենայնիվ, երբ նա սխալներ է թույլ տալիս, իրեն ճնշված է զգում և անհանգստանում է, թե արդյոք կկարողանա՞ մի օր վերադառնալ Երկնային Հոր մոտ:
-
Անդրեն ունի վատ սովորություններ, և գիտի այդ մասին: Նրա համար դժվար է հասկանալ, թե ինքը ինչպես կարող է ներվել և փոխվել: Նա մտածում է՝ արդյոք ինքը երբևէ կարո՞ղ է իրեն մոտ զգալ Աստծուն, և վստահ չէ, որ արժե ջանքեր գործադրել: Իր խնդիրների մասին նա չի ցանկանում խոսել իր ծնողների կամ եպիսկոպոսի հետ:
Մտածեք Երկնային Հոր հետ ձեր սեփական հարաբերությունների մասին: Ձեր օրագրում նկարագրեք ձեր կյանքի իրավիճակը և ձեր հարաբերությունները Նրա հետ: Դուք կարող եք նկարագրել, թե երբ եք ձեզ մոտ զգում Նրան և երբ եք զգում նրանից հեռու, ինչպես նաև ձեր ցանկությունները՝ Նրա հետ ձեր ապագա հարաբերությունների վերաբերյալ:
Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ Աստծուն մոտենալու օրհնությունները, և թե ինչպես կարող եք մոտենալ Նրան:
Հաշտություն
Բ Կորնթացիս 5 գլխում Պողոսը գրել է, որ երբ ապրում ենք երկրի վրա, մենք «հառաչում» ենք «ծանրություն կրելով»՝ փափագելով վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ (տես Բ Կորնթացիս 5.1–5): Հիշեք ձեր կյանքի այն պահերը, երբ զգացել եք այն, ինչ նկարագրել է Պողոսը:
Կարդացեք Բ Կորնթացիս 5.17–20-ը՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող եք կիրառել ձեր կյանքում, երբ ձեզ հեռու եք զգում Աստծուց: Նկատի ունեցեք, որ այս հատվածներում հաշտություն և հաշտեցում նշանակում է Աստծո հետ նորից միասնության և բարեհաճության մեջ լինել՝ Նրանից օտարվելուց հետո:
Բ Կորնթացիս 5.17–20-ում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որ մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ և դառնալ նոր արարածներ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Պողոսը նաև ուսուցանեց այն մասին, թե մենք ինչու կարող ենք դառնալ նոր արարածներ, և ինչ է դա նշանակում:
Կարդացեք Բ Կորնթացիս 5.21-ը՝ փնտրելով հղումներ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ձեր վերաբերյալ:
-
Ի՞նչ սովորեցիք այս հատվածից:
Կարդացեք հետևյալ պարբերությունը և փնտրեք լրացուցիչ գաղափարներ, որոնք նշանակալից են ձեզ համար:
Բ Կորնթացիս 5.21-ում Պողոսն ուսուցանում է, որ թեև Հիսուսը երբեք մեղավոր չի եղել մեղք գործելու մեջ, Գեթսեմանիի այգում և Գողգոթայի խաչի վրա Նա իր վրա վերցրեց մեր մեղքերի բեռը, ծանրությունն ու հետևանքները: Երբ մենք իրապես ձգտում ենք ներվել և դառնալ «նոր արարած», մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի առաջարկն այն մասին, որ եթե մենք հավատանք Իրեն և ապաշխարենք մեր մեղքերի համար, Նա կվերցնի մեր մեղքերը, և մենք կարող ենք ստանալ Նրա արդարությունը: Այս կերպ մենք մաքուր կդառնանք, ինչպես Նա է մաքուր (տես նաև Կողոսացիս 2.13–14, Ա Պետրոս 2.24):
-
Ինչպե՞ս են Բ Կորնթացիս 5.21 հատվածի ուսմունքներն օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե մենք ինչու կարող ենք նոր արարածներ դառնալ Քրիստոսում և իրականում ինչ է դա նշանակում:
-
Ի՞նչ մտքեր և զգացումներ կարող էր ունենալ Աստծո անմեղ Որդին, երբ Նա պատրաստակամորեն վերցրեց ձեր մեղքերն իր վրա, որպեսզի դուք կարողանաք հաշտվել Աստծո հետ և փոխվել: (Այս հարցին պատասխանելուց առաջ դուք կարող եք կարդալ Եսայիա 49.16 և Վարդապետություն և Ուխտեր 19.18 հատվածները:)
Աստծո հետ հաշտվելու և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով «նոր արարած» դառնալու ժամանակակից օրինակ տեսնելու համար դիտեք «Ես գիտեմ, որ Նրա շնորհը ինձ հետ է, երբ ես մեղք եմ գործում» (6.24): Այն կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Խորհեք, թե ինչպես եք դուք կամ ձեր ծանոթը զգացել այն ապաքինումն ու հաշտեցումը, որը Փրկիչն է առաջարկում Իր Քավության միջոցով:
Ավետարանի սկզբունքների մասին խորհելով՝ կարող ենք ավելի լավ հասկանալ և զգալ դրանց կարևորությունը: Վերընթերցեք ձեր կյանքի ներկայիս իրավիճակի և Աստծո հետ հարաբերությունների նկարագրությունը, որը գրել եք դասի սկզբում: Այնուհետև մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ի՞նչ տեսք կարող է ունենալ կամ ինչ զգացում կարող է առաջացնել հավերժ հաշտությունը Աստծո հետ:
-
Ի՞նչ ուղիներով կկամենայիք նոր արարած դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել ձեր կյանքում, որոնք ցույց են տալիս, թե որքան պատրաստակամ է Հիսուս Քրիստոսը օգնելու ձեզ փոխվել:
Սովորեք, զգացեք և գործեք
Ձեր օրագրում գրեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր, ինչն էր ամենակարևորը ձեզ համար և ինչու: Գրեք, թե ինչ եք ոգեշնչված անել, որը կարող է օգնել ձեզ հաշտվել Աստծո հետ և դառնալ «նոր արարած» Քրիստոսում: Ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում տեսնել ձեր մեջ (մեկ տարի, երկու կամ հինգ տարի հետո)՝ որպես մարդ, որն իսկապես փոխվել է Քրիստոսում:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս կարող է դա օգնել ինձ ապրել Քրիստոսի ավետարանով և դառնալ «նոր արարած» Նրանում
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը ուսուցանել է․
Մեծ հավատքը և դարձը կօգնեն մեզ կապել և պահել ուխտերն Աստծո հետ, դրանով իսկ ամրացնելով Հիսուսին հետևելու մեր ցանկությունը և առաջացնելով հոգևոր իրական վերափոխում մեր մեջ, այսինքն՝ վերափոխելով մեզ նոր ստեղծածի, ինչպես Պողոս Առաքյալն է ուսուցանել Կորնթացիներին ուղղված իր նամակում։ (Բ Կորնթացիս 5.17): Այդ վերափոխման արդյունքում մենք կլինենք ավելի երջանիկ, ավելի արդյունավետ, կունենանք առողջ կյանք, և այն կօգնի մեզ պահպանել հավերժական հեռանկար։
(Ուլիսես Սոարես, «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ», Լիահոնա, մայիս 2019, 6)
Բ Կորնթացիս 4.17-21 Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանել Պողոսը այս հատվածներում
Հետևյալ բացատրությունը կօգնի ձեզ հասկանալ այս հատվածների որոշ բառեր և արտահայտություններ.
«Նոր արարած» դառնալը նշանակում է, որ «մեր սիրտը, դեմքը և էությունը փոխակերպվում են՝ ավելի նմանվելով Փրկչին» (Բենջամին Մ. Զ. Թայ, «Մորմոնի Գրքի զորությունը դարձի համար», Լիահոնա, մայիս 2020, 47):
Քրիստոսը «նրանց հանցանքները չի վերագրում իրենց» նշանակում է, որ մեզ համար Քրիստոսի արածի շնորհիվ մեր մեղքերը վերցվում են մեր վրայից, երբ մենք հաշտվում ենք Աստծո հետ: