Բ Կորնթացիս 8–9
Հոգ տանել կարիքավորի համար
Հիսուս Քրիստոսը հոգ է տանում Երկնային Հոր բոլոր զավակների համար և հրավիրում է մեզ միանալ Իրեն՝ աղքատներին և կարիքավորներին օգնելու գործում: Պողոսը առաջարկեց Կորնթացի Սրբերին հետևել Փրկչի օրինակին և զոհաբերել իրենց միջոցները՝ աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելու նպատակով: Այս դասը կօգնի ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ձեր ունեցածով կիսվելու նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն:
Մեծ մարտահրավեր
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոսել է մեծ մարտահրավերի մասին. Հիշեք մի քանի մարտահրավերներ, որոնք կարող են լրացնել հետևյալ մեջբերման դատարկ տեղերը:
Պատմության ընթացքում համարվել է մարդկության մեծագույն և առավել տարածված մարտահրավերներից մեկը: Դրա ակնհայտ վնասը սովորաբար ֆիզիկական է, բայց հոգևոր և հուզական վնասը կարող է անգամ ավելի տկարացնող լինել:
(Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք», Լիահոնա, նոյ. 2014, 40-42)
Հիսուս Քրիստոսի օրինակը
Պողոսը կիսվել է Փրկիչի օրինակով, որպեսզի քաջալերի մեզ հոգ տանել կարիքավորների մասին՝ անկեղծ սիրուց դրդված:
Կարդացեք Բ Կորնթացիս 8.9-ը՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի՝ մեզ համար հոգ տանելու անձնուրաց օրինակը:
-
Ձեր կարծիքով, Պողոսն ինչ նկատի ուներ, երբ գրեց, որ Հիսուսը աղքատ դարձավ, որպեսզի մենք հարուստ լինենք:
Պողոսի նամակից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. երբ սկսենք գնահատել այն ամենը, ինչ Փրկիչը տվել է մեզ, մենք ավելի պատրաստակամ կլինենք ուրիշներին տալ:
Կարիքավորների մասին հոգալու կարևորությունը ուսուցանվում է սուրբ գրությունների և Մորմոնի Գրքի բազում հատվածներում: Կարդացեք Պողոսի հետևյալ ուսմունքները և դրանց հետ առնչություն ունեցող Մորմոնի Գրքի հատվածները՝ փնտրելով, թե այդ հատվածներն ինչ են ուսուցանում ուրիշների համար հոգալու մասին: Կարող եք հղումներ ստեղծել հատվածների միջև:
-
Տալու ցանկություն. Բ Կորնթացիս 8.12, Մոսիա 4.24
-
Որքան տալ. Բ Կորնթացիս 9.6, Ալմա 1.30
-
Ինչպես տալ. Բ Կորնթացիս 9.7, Մորոնի 7.6-8
-
Աստծուն երախտագիտություն հայտնել. Բ Կորնթացիս 9.11-15, Մոսիա 4.19-21
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը բացատրել է, թե Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեծահոգությունն ինչպես կարող է փոխել մեզ:
Մենք բոլորս ստացել ենք պարգևներ, որոնք չէինք կարող ինքնուրույն ձեռք բերել, պարգևներ՝ մեր Երկնային Հորից և Նրա Սիրելի Որդուց, ներառյալ փրկագնումը՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով: Մենք ստացել ենք կյանք այս աշխարհում, այնուհետև կստանանք ֆիզիկական կյանք, հավերժական փրկություն և վեհացում, եթե ընտրենք, և այդ ամենը՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շնորհիվ:
Ամեն անգամ, երբ օգտագործում ենք, օգուտ ենք քաղում կամ նույնիսկ մտածում ենք այդ պարգևների մասին, մենք պետք է մտածենք այդ նվիրատուի զոհաբերության, մեծահոգության և կարեկցանքի մասին: Այդ նվիրատուների հանդեպ ակնածանք ունենալն ավելի մեծ բան է, քան զուտ երախտագիտությունը։ Նրանց տված պարգևների մասին մտածելը կարող է փոխակերպել մեզ։
(Դեյլ Գ. Ռենլանդ, «Մտածեք Աստծո բարության և մեծության մասին», Լիահոնա, մայիս 2020, 42)
-
Խորհելով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեծահոգության մասին, ինչպե՞ս կարող ենք փոխվել:
Հոգ տարեք աղքատների մասին
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է, թե Փրկիչն ինչպես է օգտագործում Իր վերականգնված Եկեղեցին՝ մեր օրերում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող աղքատների մասին հոգ տանելու նպատակով: Կարդացեք հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Երկրորդ մեծ պատվիրանը» տեսանյութը (6:15-8:51-ը) ChurchofJesusChrist.org կայքում:
Այդ ժամանակից ի վեր Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական կազմակերպությունը տրամադրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին ողջ աշխարհում։ Այս աջակցությունն առաջարկվում է մարդկանց՝ անկախ եկեղեցու պատկանելությունից, ազգությունից, ռասայից, սեռական կողմնորոշումից, սեռից կամ քաղաքական համոզմունքներից։
Դա ամենը չէ։ Նեղության մեջ գտնվող Տիրոջ Եկեղեցու անդամներին օգնելու համար մենք սիրում և ապրում ենք համաձայն ծոմապահության հնագույն օրենքի [տես Եսայիա 58.3-12]: Մենք քաղցած ենք մնում, որպեսզի օգնենք ուրիշներին, ովքեր քաղցած են։ Ամեն ամիս մեկ օր մենք ոչինչ չենք ուտում և նվիրաբերում ենք այդ ուտելիքի գումարը (և ավելին), որպեսզի օգնենք կարիքի մեջ գտնվողներին։
(Ռասսել Մ. Նելսոն «Երկրորդ մեծ պատվիրանը» Լիահոնա, նոյեմբեր 2019, 97)
Աստված ի՞նչ կկամենար, որ դուք անեիք
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ մենք պետք է խնդրենք Աստծո ուղղորդումը՝ ուրիշներին օգնելու գործում:
Ես չգիտեմ, հատկապես ինչպես պետք է ձեզանից յուրաքանչյուրը կատարի իր պարտականությունը նրանց հանդեպ, ովքեր չեն կարողանում օգնել իրենք իրենց: Բայց ես գիտեմ, որ Աստված գիտի, և Նա կօգնի և կուղղորդի ձեզ աշակերտին հատուկ գթասիրտ գործերում, եթե դուք բարեխղճորեն ցանկանաք, աղոթեք և ուղիներ փնտրեք պահելու պատվիրանը, որը Նա բազմիցս տվել է մեզ:
(Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք», Լիահոնա, նոյ. 2014, 41-42)
Ծրագրեք, թե ինչպես կգործեք այսօր ստացած ձեր մտքերի և զգացմունքների համաձայն՝ ձեզ շրջապատող մարդկանց օգնելու համար: Եթե դուք դեռ համոզված չեք, թե Երկնային Հայրն ում կցանկանար, որ դուք օգնեիք և ինչպես, աղոթեք ուղղորդում ստանալու համար և հնարավորություններ փնտրեք ծառայելու ձեզ շրջապատող մարդկանց, այդ թվում՝ ձեր ընտանիքի անդամներին: Աստված կպատասխանի ձեր աղոթքներին Իր ձևով և Իր ժամանակին:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Փրկիչի Եկեղեցուն տրված նվիրատվություններն ինչպե՞ս են օգտագործվում մեր օրերում աղքատությունը նվազեցնելու համար
-
Այցելեք latterdaysaintcharities.org կայքը՝ այս և այլ հարցերին պատասխաններ ստանալու համար:
-
Դիտեք «Մանկան առաջին շունչը» տեսանյութը (3:13) ChurchofJesusChrist.org կայքում:
-
Դիտեք «Տղաների տունը» տեսանյութը (3:20) ChurchofJesusChrist.org կայքում:
-
Դիտեք «Հազար օր» տեսանյութը (4:32) ChurchofJesusChrist.org.կայքում:
Ինչպե՞ս կարող եմ օգնել ինձ շրջապատող մարդկանց՝ գումար նվիրաբերելուց բացի
Քույր Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, կիսվել է մի գաղափարով.
Իմ երիտասարդ ընկերներ, ես կարող եմ երաշխավորել, որ Եկեղեցու յուրաքանչյուր ժողովում, որին դուք մասնակցում եք, միշտ էլ կգտնվի մեկը, որը մենակ է, որը դժվարություններ ունի և ընկերոջ կարիք ունի, կամ մեկը, որը զգում է, որ չի պատկանում այդ միջավայրին: Յուրաքանչյուր ժողովին կամ միջոցառմանը դուք ներդրում ունեք կատարելու, և Տերը ցանկանում է, որ դուք նայեք ձեր շուրջը, ձեր հասակակիցներին, իսկ հետո ծառայեք՝ ինչպես Նա կծառայեր:
(Բոննի Լ. Օսկարսոն, «Կարիքները մեր առջև են», Լիահոնա նոյեմբեր 2017, 26–27)
Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–1844) բացատրել է.
[Եկեղեցու անդամը] պետք է կերակրի քաղցածին, հագցնի մերկին, օգնի այրուն, սրբի որբի արցունքները, սփոփի չարչարվածին, լինի այս թե այլ եկեղեցում, կամ ամենևին էլ ոչ եկեղեցում:
(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 426)