Ա Պետրոս 3.18-22, 4.1–6
Մահացածների փրկության աշխատանքը
Ինչ է լինելու Երկնային Հոր միլիոնավոր զավակների հետ, որոնք ապրել և մահացել են՝ առանց Հիսուս Քրիստոսի մասին լսելու կամ Նրա անունով լիազորված արարողություններ ընդունելու հնարավորության: Պետրոս Առաքյալն ուսուցանել է, որ Իր մահից հետո Հիսուս Քրիստոսը քարոզել է ավետարանը հոգևոր աշխարհում՝ ավետարանի օրհնությունները մատչելի դարձնելով Երկնային Հոր բոլոր զավակներին: Այս դասը կօգնի ձեզ գտնել ուղիներ՝ օգնելու Փրկչին մահացածների փրկագնման Իր աշխատանքում։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Շփոթեցնող հարց
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․
Քրիստոնյա աստվածաբանները երկար վիճաբանություններ են ծավալել այն հարցի շուրջ, թե ի՞նչ ճակատագրի կարժանանան միլիարդավոր մարդիկ, ովքեր ապրել են և մահացել առանց Հիսուսի մասին գիտելիքի:
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մահացածների փրկագնումը և Հիսուսի վկայությունը», Ensign, նոյեմբեր 2000, 9)
-
Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե որևէ մեկը ձեզ տար այս հարցը:
Երեց Քրիստոֆերսոնը շարունակում է.
Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման արդյունքում եկավ հասկացողությունը, թե ինչպես են փրկագնվում չմկրտված մահացածները, և Աստված ինչպես կարող է լինել «կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» [ Ալմա 42․15 ]:
(D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” 9)
Փրկիչը հոգևոր աշխարհում
Մինչ մահացածների փրկության մասին գիտելիքը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, Աստվածաշունչը պարունակում է հատվածներ, որոնք ցույց են տալիս մեզ, որ այդ ճշմարտությունները հասկացվել և ուսուցանվել են վաղեմի առաքյալների կողմից: Օրինակ՝ Պետրոս առաքյալն ուսուցանել է, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել նրանց համար, ովքեր մահացել են՝ չիմանալով ավետարանը:
Կարդացեք Ա Պետրոս 3.18-20 , 4.6-ը տեսնելով, թե Պետրոսն ինչ է ուսուցանել այն մասին, թե Իր մահից հետո Հիսուս Քրիստոսն ինչպես է շարունակել Երկնային Հոր զավակների փրկության աշխատանքը: Տեսեք, թե որքան են այս հատվածները տարբերվում Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ (տես Ա Պետրոս 3.20 , ծանոթագրություն ա, և Ա Պետրոս 4.6 , ծանոթագրություն ա):
-
Այս հատվածներն ի՞նչ են ձեզ ուսուցանում հոգևոր աշխարհում Փրկչի ծառայության մասին:
-
Ըստ Ա Պետրոս 4.6 հատվածի, ինչո՞ւ է ավետարանը քարոզվում մահացածներին։
-
Ինչպե՞ս է մահացածների փրկության վարդապետությունը փաստում Իր զավակների հանդեպ Աստծո սիրո և կարեկցանքի մասին։
Ժամանակակից հայտնությունը հոգևոր աշխարհի մասին
Ժամանակակից հայտնությունը կարող է օգնել ավելի շատ բան սովորել այն մասին, թե Փրկիչն ինչ է արել հոգևոր աշխարհում:
Երբ նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918) կարդում էր Պետրոս 1 հատվածը և մտորում էր դրա շուրջ, նա տեսիլք տեսավ մահացածների մեջ Փրկչի ծառայության մասին: Այդ հայտնությունը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնում և ներառում է մանրամասներ, որոնք նախկինում անհայտ էին Եկեղեցու անդամներին: Կարող եք ձեր սուրբ գրություններում խաչաձև հղումներ ստեղծել Ա Պետրոս 4.6 հատվածի և Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնի միջև:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.29-34, 57-58 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ գաղափարներ հոգևոր աշխարհում Փրկչի ծառայության մասին:
-
Ի՞նչ եք սովորել Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնից, որը, ձեր կարծիքով, հատկապես կարևոր է: Ինչո՞ւ:
-
Հոգևոր աշխարհում կատարվող իրադարձությունների ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել ձեր տաճարային և ընտանեկան աշխատանքի վրա:
-
Հիսուս Քրիստոսի սիրո և կարեկցանքի ի՞նչ ապացույց եք դուք տեսնում այս հատվածներում:
Մեր պարտականությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը խոսել է այն մասին, որ մենք պարտավոր ենք օգնել Փրկչին՝ մահացածներին փրկագնելու Իր աշխատանքում: Դիտեք «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 3:01-3:47 ժամանակային կոդերում կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը.
Որպես Եկեղեցու անդամներ՝ մենք ունենք աստվածայնորեն նշանակված պատասխանատվություն՝ որոնել մեր նախնիներին և կազմել ընտանեկան պատմություններ: Սա ավելին է, քան խրախուսվող հոբբին, որովհետև փրկության արարողություններն անհրաժեշտ են Աստծո բոլոր զավակների համար: Մենք պետք է գտնենք մեր սեփական նախնիներին, որոնք մահացել են՝ առանց ստանալու փրկության արարողությունները: Մենք կարող ենք փոխարինաբար կատարել տաճարային արարողություններ, իսկ մեր նախնիները կարող են ընտրել ընդունել արարողությունները: Մեզ խրախուսում են նաև օգնել ծխի և ցցի անդամներին՝ իրենց ընտանիքի անդամների անունների հետ աշխատելիս: Ուղղակի ապշեցուցիչ է, որ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով մենք կարող ենք օգնել փրկագնել մահացածներին:
(Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 46-47)
-
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում ձեր մասնակցությունը ինչպե՞ս է ազդել ձեր և ուրիշների կյանքի վրա: Եթե դուք դեռ չեք մասնակցել այս աշխատանքին, ձեր կարծիքով, այն ինչպե՞ս կարող եք ազդել ձեր կյանքի վրա:
-
Այցելեք FamilySearch.org կամ օգտագործեք FamilySearch Family Tree հավելվածը: Տեսեք՝ արդյոք կարող եք գտնել քահանայության արարողությունների կարիք ունեցող նախնիների: Դուք կարող եք գրանցել նրանց անունները և ինքներդ տանել տաճար, կամ ներկայացնել անունները տաճար, որպեսզի որևէ մեկը արարողություններ կատարի նրանց համար: Կարող եք օգտագործել «Արարողությունների նախապատրաստում» գործառույթը, որպեսզի արագ գտնեք քահանայության արարողությունների կարիք ունեցող նախնիներին: (Այդ գործառույթն օգտագործելու ուղղորդումների համար տես «Family Tree հավելված: Արարողությունների նախապատրաստում», New Era, հունվար 2019, 45)
-
Այցելեք «Ընտանեկան պատմություն» բաժինը Ավետարանի թեմաներում (topics.ChurchofJesusChrist.org) և գտեք բացատրություններ, սուրբ գրություններ, գերագույն համաժողովի ուղերձներ և տեսանյութեր ընտանեկան պատմության մասին:
-
Այցելեք Ընտանեկան պատմություն տեսանյութերի հավաքածուն Media Library էջում (videos.ChurchofJesusChrist.org) և գտեք ոգեշնչող տեսանյութեր տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու մասին:
-
Նշեք ձեր նախնիների մասին այն հարցերը, որոնք դուք կցանկանայիք տալ ձեր ծնողներին կամ բարեկամներին: Տվեք ձեր հարցերը և քննարկեք, թե ձեր ընտանիքն ինչպես կարող է ձեզ հետ միասին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ո՞րն է իմ պատասխանատվությունը հանգուցյալ նախնիներիս հանդեպ
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Քվենթին Լ Քուքն ուսուցանել է.
Ընտանիքի վարդապետությունն ընտանեկան պատմության ու տաճարային աշխատանքի հարցում հստակ է: Տերն իր տված նախնական հայտնության մեջ նշել է «ձեր մահացածների մկրտություն» արտահայտությունը [ Վարդապետություն և Ուխտեր 127․5 , շեշտադրումն ավելացված է]: Մեր վարդապետական պարտականությունը մեր սեփական նախնիների հանդեպ է: Պատճառն այն է, որ երկնքի սելեստիալ կազմակերպությունը ընտանիքակենտրոն է: Առաջին Նախագահությունը խրախուսել է անդամներին, հատկապես երիտասարդներին ու երիտասարդ ամուրիներին, հատուկ նշանակություն տալ ընտանեկան պատմության աշխատանքին ու արարողություններին՝ իրենց սեփական ընտանիքի անդամների համար կամ իրենց ծխի ու ցցի անդամների նախնիների համար: Մենք պետք է կապված լինենք թե՛ մեր արմատների, թե՛ մեր ճյուղերի հետ:
(Քվենթին Լ․ Քուք, «Արմատներ ու ճյուղեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 45)
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ուսուցանել է․
Որքան գիտեմ, Տերը երբեք չի նշել, որ Իր աշխատանքը եզրափակվում է մահկանացու աշխարհով: Նրա աշխատանքը ընդգրկում է հավերժությունը: Ես հավատում եմ, որ Նա արագացնում է Իր աշխատանքը նաև հոգևոր աշխարհում: Ես նաև հավատում եմ, որ Տերը Իր ծառաների օգնությամբ բազում հոգիների է պատրաստում՝ ավետարանը ստանալու համար: Մեր գործն է՝ գտնել մեր մահացածներին, գնալ տաճար և կատարել սրբազան արարողություններ, որոնք վարագույրի մյուս կողմում գտնվողներին կտան այն հնարավորությունները, որոնք մենք ունենք:
Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ, որ Տերը կօրհնի մեզ, երբ մենք ընդունենք ու արձագանքենք այս կոչին:
(Թոմաս Ս. Մոնսոն, “Արագացնել աշխատանքը,” Ensign, հունիս 2014, 4–5)
Ես ինչպե՞ս կարող եմ ընդգրկվել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում
Դիտեք «Ժամանակը եկել է» (3:19) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում և լսեք, թե Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ինչ է ուսուցանում այս կարևոր աշխատանքի մասին:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.
Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է որևէ մեկին վարագույրի այս կամ այն կողմում՝ կատարելու քայլ Աստծո հետ ուխտեր կապելու համար, … դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։ Դա այնքան պարզ է:
(Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018, լրացում New Era և Ensign, 15, ամսագրերի համար, ChurchofJesusChrist.org)
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ինչպե՞ս կարող է օրհնել ինձ
2018 թ. ապրիլի գերագույն համաժողովին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը նշել է բազում օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներին մասնակցելիս: Դիտեք այս հատվածը կամ կարդացեք ամբողջ ուղերձը (Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 46-49)
Դիտեք «Մահացածների փրկագնումը փրկագնեց ինձ» տեսանյութը (4:57) ChurchofJesusChrist.org կայքում՝ տեսնելով, թե մի մարդ ինչպես է օրհնվել այս աշխատանքին մասնակցելով: