Գործք Առաքելոց 10–15
Ակնարկ
Իր Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը պատվիրեց Իր առաքյալներին ուսուցանել և մկրտել բոլոր ազգերի մարդկանց (տես Մատթեոս 28.19): Այս պատվիրանը սկսեց կատարվել, երբ Կոռնելիոս անունով արդար հեթանոսը և Պետրոս Առաքյալը հայտնություններ ստացան և Աստծո ուղղորդությամբ հանդիպեցին միմյանց: Պետրոսը մկրտեց Կոռնելիոսին, և այդ պահից ի վեր ավետարանը սկսեց տարածվել հեթանոսների մեջ: Սակայն որոշ մարդիկ շարունակում էին ընդդիմանալ առաքյալների գործին, ինչը տեղի ունեցավ, երբ Հակոբոս Առաքյալը մարտիրոսացավ, իսկ Պետրոսը բանտարկվեց: Արդար մարդկանց բազմաթիվ աղոթքներից հետո մի հրեշտակ ազատեց Պետրոսին: Բոլոր ազգերին ուսուցանելու նպատակով Պողոս և Բառնաբաս առաքյալները սկսեցին ճամփորդել: Նրանք նույնպես ընդդիմության հանդիպեցին, բայց նրանց գործը հաջողվեց և բազմաթիվ հեթանոսներ ընդունեցին Քրիստոսի ավետարանը: Հարց բարձրացվեց, թե արդյոք դարձի եկած հեթանոսները պետք է թլպատվեն և հետևեն Մովսեսի օրենքին: Այդ հարցը ուղղվեց Պետրոսին և Եկեղեցու այլ ղեկավարներին, որոնք խորհրդակցեցին և հայտնություն ստացան այդ խնդրի վերաբերյալ:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Գործք Առաքելոց 10․ Մաս 1
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին տեսնել այլ մարդկանց Երկնային Հոր և Հիսուսի աչքերով:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ուշադրություն դարձնել, թե իրենք ինչպես են վերաբերվում իրենց շրջապատող մարդկանց, և ինչու են նրանք այդպես վարվում: Խնդրեք նրանց պատրաստ լինել՝ կիսվելու իրենց գաղափարներով:
-
Տեսանյութ. «Պետրոսի հայտնությունը ավետարանը հեթանոսներին տանելու վերաբերյալ» (3:29–7:44)
-
Նկարներ. Ամպերի նկար
-
Նյութեր ուսանողների համար. Թուղթ և գունավոր մատիտներ՝ նկարելու համար
-
Առցանց ուսուցման առաջարկ. Եթե ուսանողներին առաջարկել եք նկարել Պետրոսի տեսիլքը, խնդրեք նրանց հարմարեցնել իրենց էկրանները, որպեսզի երբ նրանցից յուրաքանչյուրը կիսվի և բացատրի, նրա նկարը երևա էկրանին: Դա թույլ կտա ուսանողներին տեսնել միմյանց նկարները:
Գործք Առաքելոց 10․ Մաս 2
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես կարող է հայտնել նրանց Իր կամքը:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք բացահայտել իրենց կյանքի կարիքները կամ մտահոգությունները, որոնց վերաբերյալ նրանք կցանկանային հայտնություն ստանալ:
-
Տեսանյութեր. «Լույսի նմուշներ» (3:04), «Թող Սուրբ Հոգին առաջնորդի» (15:45 դիտեք 14:41-15:18-ը)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներն ուսումնասիրեն Գործք Առաքելոց 10.1-28, 44-48-ում նկարագրված իրադարձությունները, դուք կարող եք ցուցադրել այդ հատվածների տեքստը և թույլ տալ ուսանողներին նշել դուր եկած հատվածները՝ օգտագործելով «Ծանոթագրում» գործառույթը:
Գործք Առաքելոց 11, 15
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչպես է ուղղորդում Իր Եկեղեցին՝ Իր մարգարեներին և առաքյալներին ուղարկված հայտնության միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Սուրբ գրքերի ուղեցույցը, «Հայտնություն», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում և պատրաստ լինել կիսվելու, թե ինչ են հասկացել այն մասին, թե Տերն ինչպես է հայտնում Իր կամքը Իր մարգարեներին:
-
Թերթիկ. Պատրաստեք բավարար թվով օրինակներ:
-
Տեսանյութ.«Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» (20:27, դիտեք 10:46-12:14-ը)
Գործք Առաքելոց 12․1-19
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի շատ վստահել Երկնային Հորը և աղոթքին տված Նրա պատասխաններին:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին խնդրեք դասից առաջ հիշել մի փորձառություն, երբ նրանք կամ ուրիշները իրենց աղոթքներին սպասված պատասխաններ են ստացել և մի փորձառություն, երբ աղոթքները կարծես թե անպատասխան են մնացել, կամ պատասխանները տարբերվում էին սպասվածից:
-
Տեսանյութեր. «Խաղաղության սկզբունքները. Աղոթք» (2:49), «Արդ ուշադիր եղեք և միշտ աղոթեք» (15:01, դիտեք 12:17-13:07-ը), «Հիվանդների բժշկումը» (17:34, դիտեք 15:19-16:55-ը)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք հրավիրել Եկեղեցու տեղական ղեկավարին, որը փորձառություն է ունեցել, երբ նրա աղոթքները սպասված և չակնկալված պատասխաններ են ստացել: Կարող եք նաև ուսանողներից մեկին խնդրել հրավիրել իր ընտանիքի անդամին, որը դասարանի հետ կկիսվի աղոթքի հետ կապված իր փորձառությամբ: Անպայման նախօրոք ստացեք համապատասխան թույլտվություններ Եկեղեցու տեղական ղեկավարներից և սեմինարիաների և կրոնի ինստիտուտների տեղական համակարգողից:
Վարդապետության սերտման կրկնություն 14
Դասի նպատակը. Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կրկնել վարդապետության սերտման այն հատվածները, որոնք կուսումնասիրվեն այս դասի ընթացքում և պատրաստ լինել քննարկել դրանք: Ուսանողները կարող են օգտագործել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթը (2022) կամ Վարդապետության սերտման հավելվածը:
Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
-
Բովանդակություն ցուցադրման համար. Համապատասխանեցման վարժություն
-
Տեսանյութ. «Նախագահ Նելսոն. Սուրբ գրությունները ուսուցանում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին (Երիտասարդների համար)» (0:59)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին բաշխել քննարկման սենյակներում՝ դասի վերջում այս հարցերը քննարկելու համար: