Մատթեոս 6․19-34
«Նախ Աստծու արքայությունը … փնտրեք»
Որպես Լեռան քարոզի մաս՝ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Իր աշակերտներին՝ «նախ Աստծու արքայությունը … փնտրեք [կառուցել]» (Մատթեոս 6.33): Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կստանաք խորհել Աստծուն ձեր կյանքում առաջին տեղում դնելու կարևորության մասին և կիսվել այդ գաղափարով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Փրկիչը ուսուցանում է Իր աշակերտներին՝ «նախ Աստծու արքայությունը … փնտրել»
Կարդացեք հետևյալ իրական սցենարները.
-
ԱՄՆ-ի Կալիֆորնիայից մի երիտասարդ տղա տաղանդավոր սերֆեր է, սակայն սեմինարիայի դասացուցակը համընկնում է նրա ավագ դպրոցի սերֆինգի թիմի մարզումների հետ:
-
Բրազիլիայում ապրող մի երիտասարդ աղջիկ հրավիրվել է պատվավոր տեղ զբաղեցնել իր ընկերոջ 15-ամյակի տոնակատարությանը, սակայն պետք է կրի մի զգեստ, որը չի համապատասխանում իր չափանիշներին:
-
Նոր Զելանդիայում ապրող մի երիտասարդ տղա տաղանդավոր ռեգբիստ է, ում կանխագուշակում էին մասնագիտական կարիերա, սակայն նա լիաժամկետ միսիոներ ծառայելու տարիքում է:
Ահա մի քանի օրինակներ, որտեղ երիտասարդները կարող են ընտրել և Աստծուն իրենց կյանքում դնել առաջին տեղում, չնայած դա դժվար ընտրություն է:
-
Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող են ունենալ այդ երիտասարդները:
-
Դուք կամ ձեր ընկերները ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող եք ունենալ այսպիսի իրավիճակում:
Այս դասը սովորելիս խնդրեք Տիրոջն օգնել ձեզ լուծել ձեր խնդիրները և հասկանալ Նրան ձեր կյանքում առաջին տեղում դնելու կարևորությունը: Ուսումնասիրեք հետևյալ սուրբգրային հատվածների խմբերից որևէ մեկը․ Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի կարողանաք գտնել և հասկանալ Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ` Աստծուն առաջին տեղում դնել ձեր կյանքում:
Տարբերակ Ա.Մատթեոս 6.19-24: Այս հատվածներում Փրկիչն օգտագործեց գանձեր բառը, որը նշանակում է այն, ինչ մենք շատ ենք գնահատում և աչք բառը՝ որը խորհրդանշում է մեր տեսակետը կյանքում: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, թե Տերն ինչ է ուսուցանել հատված 22-ում. «Ուստի եթե աչքդ պարզ է Աստծուն փառաբանելու համար, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.22 [Մատթեոս 6.22, ծանոթագրություն բ], տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88.67): Օգտակար կլինի նշել նաև, որ մամոնա բառը նշանակում է նյութապաշտություն կամ հարստություն (տես Մատթեոս 6.24, ծանոթագրություն բ):
Տարբերակ Բ. Մատթեոս 6.25-34: Այս հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ Տերը խոսում էր Իր առաքյալների հետ «աշխարհ գնալու ․․․ և մարդկանց ուսուցանելու» իրենց պարտավորության մասին (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.25-26 [Աստվածաշնչի հավելվածում]): Այդ պահին Տիրոջ հրահանգն ուղղված էր մասնավորապես Տասներկու Առաքյալներին, բայց Նրա ուսուցանած սկզբունքը վերաբերում է նաև մեզ: Նկատեք, թե Աստված ինչպես է հոգ տանում Իր արարչագործությունների, այդ թվում՝ մեր մասին: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք հատված 33-ին. այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը այսպես է սկսվում. «Ուստի, մի փնտրեք աշխարհի բաները, այլ փնտրեք նախ կառուցել Աստծո արքայությունը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.38 [Աստվածաշնչի հավելվածում]):
-
Երբ կարդացիք Փրկիչի այս խոսքերը և հրավիրեցիք Սուրբ Հոգու առաջնորդությունը, ի՞նչ գտաք, որ կարևոր էր ձեզ համար: Ինչո՞ւ էր այն կարևոր:
Այս հատվածներում Փրկիչն ուսուցանել է մի քանի ճշմարիտ սկզբունքներ, այդ թվում՝ մենք չենք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային (կամ նյութապաշտությանը), և եթե մենք նախ ձգտենք կառուցել Աստծո արքայությունը, ապա Նա մեզ կօրհնի այն ամենով, ինչի կարիքն, Իր կարծիքով, մենք ունենք:
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ մղում է Նրանց առաջին տեղում դնել ձեր կյանքում:
Երիտասարդները, ովքեր Աստծուն առաջին տեղում են դնում
Հնարավորության դեպքում դիտեք Աստծուն առաջնահերթություն տված երիտասարդ մարդկանց մասին հետևյալ տեսանյութերից մեկը: Տեսանյութերը համապատասխանում են դասի սկզբում ներկայացված իրավիճակներին: (Բոլոր տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում):
«Ոչ մի ափսոսանք» (5:38)․ սերֆինգով զբաղվող երիտասարդը:
«Առաքինի երիտասարդ կանայք» (3:50)․ երիտասարդ կինը, որին ասել են անհամեստ զգեստ կրել:
«Ձեր միսիայի օրը» (3:31)․ ռեգբի խաղացող երիտասարդ տղամարդը:
-
Ի՞նչը ձեզ դուր եկավ այս տեսանյութում: Ի՞նչ սովորեցիք Աստծուն առաջնահերթություն տալու մասին:
-
Ե՞րբ եք ձեր կյանքում Աստծուն առաջին տեղում դրել:
-
Ի՞նչ օրհնություններ եք տեսել ձեր որոշման արդյունքում:
Քաջալերել մարդկանց՝ Աստծուն առաջին տեղում դնել
Մի րոպե մտածեք, թե որքանով են ձեզ համար կիրառելի Աստծուն ձեր կյանքում առաջին տեղում դնելու մասին Փրկիչի ուսմունքները: Այս դասն ավարտելիս շարունակեք ոգեշնչում փնտրել Սուրբ Հոգուց:
Պատկերացրեք, որ ձեր ցցի կամ շրջանի նախագահությունը հրավիրել է ձեր քվորումին կամ դասարանին տեսանյութ պատրաստել և դրանով ոգևորել ձեր տարածքի երիտասարդներին՝ Աստծուն առաջնահերթություն տալ իրենց կյանքում: Նախագահությունը ծրագրում է այդ տեսանյութը ցուցադրել երիտասարդների միջոցառման ժամանակ:
Մանրամասն նախագիծ ստեղծեք ձեր տեսանյութի համար: (Պետք չէ տեսանյութ նկարել, միայն պետք է ծրագիր մշակել։) Ձեր նախագծում ներառեք հետևյալը.
-
Մատթեոս 6-ում Փրկչի ուսուցանած ճշմարտություններից առնվազն մեկը և բացատրություն, թե այն ինչպես կարող է օգնել երիտասարդներին՝ Աստծուն առաջնահերթություն տալ իրենց կյանքում:
-
Աստծուն առաջնահերթություն տվող որևէ մարդու ժամանակակից օրինակ: Այդ օրինակը կարող է լինել ձեր անձնական կամ ձեր ծանոթի փորձառությունը: Գրեք այդ օրինակի պարզ ամփոփումը:
Ձեր նախագծում ներառեք նշվածներից մեկը կամ ավելին.
-
Եկեղեցու ղեկավարի հայտարարություն
-
Նկարներ կամ պատկերներ, որոնք կարող եք ներառել, և երբ դրանք կներառեիք
-
Ձեր անձնական վկայությունը
Տեսանյութի ձեր նախագծով կիսվեք ձեր ընտանիքի կամ ընկերների հետ: Դուք դա կարող եք անել, երբ ընտանիքի հետ քննարկեք այս թեման Եկ, հետևիր ինձ ուսումնասիրության շրջանակներում:
Եթե կարող եք, նկարեք ձեր տեսանյութը և դրանով կիսվեք ուրիշների հետ:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ Աստծուն առաջին տեղում ենք դնում մեր կյանքում
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899-1994) ուսուցանել է.
Մենք պետք է Աստծուն ամեն ինչից առաջ դնենք մեր կյանքում …
Երբ դնում ենք Աստծուն առաջին տեղում, մնացած բոլոր բաներն ընկնում են իրենց պատշաճ տեղը կամ հեռանում են մեր կյանքից: Տիրոջ հանդեպ մեր սերը կկառավարի մեր հակվածության պահանջները, ժամանակի կարիքը, հետաքրքրությունները, որոնց մենք հետամուտ ենք, ինչպես նաև մեր առաջնահերթությունների կարգը:
(Ezra Taft Benson, “The Great Commandment—Love the Lord,” Ensign, May 1988, 4)
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: …
Մտածեք, թե նման պատրաստակամությունն ինչպես կարող է օրհնել ձեզ: …
Եթե անկեղծ հարցեր ունեք ավետարանի կամ Եկեղեցու վերաբերյալ, երբ ընտրում եք թույլ տալ, որ Աստված տնօրինի, ձեզ կառաջնորդեն գտնել և հասկանալ բացարձակ, հավերժական ճշմարտություններ, որոնք կուղղորդեն ձեր կյանքը և կօգնեն ձեզ ամուր մնալ ուխտի արահետի վրա:
Երբ բախվում եք գայթակղության, նույնիսկ եթե գայթակղությունը գալիս է, երբ դուք ուժասպառ եք, ձեզ մենակ եք զգում կամ ձեզ սխալ են հասկացել, պատկերացրեք, որ կարող եք զինվել քաջությամբ, երբ նախընտրեք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, և երբ խնդրեք Նրան զորացնել ձեզ: …
… Երբ թույլ տաք, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, ինքներդ կզգաք, որ մեր Աստվածը «հրաշքների Աստված է» [Մորմոն 9․11]»։
(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2020, 94, 95)
Ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ ասել է. «մի՛ հոգացեք ձեր կյանքի համար» և «վաղվա մասին մի՛ հոգացեք» (Մատթեոս 6.25, 34)
«Հունարեն արտահայտությունը, որը Մատթեոս 6.25, 34 հատվածների Հակոբոս Թագավորի տարբերակում թարգմանվել է «մի՛ հոգացեք» նշանակում է մի անհանգստացեք» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 29):
Փրկիչն ի՞նչ է նկատի ունեցել, երբ ասել է. «յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են» (Մատթեոս 6․34)
Այս արտահայտությունը նշանակում է «Մի մտահոգվեք վաղվա մասին, դուք բավականաչափ գործ ունեք այսօր» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ, 29):
Ի՞նչ է կանգունը (Մատթեոս 6.27)
Կանգունը «Տիրոջ ժամանակներում հրեաների երկարության միավորներից էր՝ արմունկից մինչև մատների ծայրը ընկած հեռավորությունը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կանգուն»):