Սուրբ գրություններ
2 Նեփի 5


Գլուխ 5

Նեփիացիներն իրենց առանձնացնում են Լամանացիներից, պահում են Մովսեսի օրենքը և տաճար կառուցում – Իրենց անհավատության հետևանքով՝ Լամանացիները կտրվում են Տիրոջ ներկայությունից, անիծվում և դառնում են խարազան Նեփիացիների համար: Մոտ 588–559թթ. Ք.ծ.ա.:

1 Ահա, եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, եղբայրներիս բարկության պատճառով, շատ կանչեցի առ Տերը՝ իմ Աստվածը:

2 Բայց, ահա, նրանց բարկությունն ուժեղանում էր իմ դեմ՝ այնքան, որ նրանք ջանում էին խլել իմ կյանքը:

3 Այո, նրանք տրտնջում էին իմ դեմ՝ ասելով. Մեր փոքր եղբայրը մտածում է իշխել մեզ վրա. և մենք շատ փորձանքներ ունեցանք նրա պատճառով. ուստի, եկե՛ք սպանենք նրան, որպեսզի այլևս չչարչարվենք նրա խոսքերի պատճառով: Քանզի, ահա, մենք չենք հանդուրժի, որ նա լինի մեր ղեկավարը. քանզի, որպես ավագ եղբայրներ, դա մեզ է պատկանում՝ իշխել այս ժողովրդի վրա:

4 Այժմ ես չեմ գրում այս թիթեղների վրա բոլոր խոսքերը, որոնք նրանք տրտնջացին իմ դեմ: Բայց ինձ բավարարում է ասելը, որ նրանք ջանում էին խլել իմ կյանքը:

5 Եվ եղավ այնպես, որ Տերը նախազգուշացրեց ինձ, որ ես՝ Նեփիս, պիտի հեռանամ նրանցից և փախչեմ անապատ, և բոլոր նրանք, ովքեր կկամենան գալ ինձ հետ:

6 Ուստի, եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, վերցրեցի իմ ընտանիքը, և նաև Զորամին և նրա ընտանիքը, և Սամին՝ իմ ավագ եղբորը և նրա ընտանիքը, և Հակոբին ու Հովսեփին՝ իմ կրտսեր եղբայրներին, և նաև իմ քույրերին, և բոլոր նրանց, ովքեր կամեցան գալ ինձ հետ: Եվ բոլոր նրանք, ովքեր կամեցան գալ ինձ հետ, նրանք էին, ովքեր հավատում էին Աստծո նախազգուշացումներին և հայտնություններին. այդ պատճառով նրանք ականջ դրեցին իմ խոսքերին:

7 Եվ մենք վերցրեցինք մեր վրանները և ամեն բան, ինչ հնարավոր էր մեզ համար և ճամփորդեցինք անապատում, շատ օրերի ընթացքում: Եվ շատ օրերի ընթացքում ճամփորդելուց հետո, մենք խփեցինք մեր վրանները:

8 Եվ իմ ժողովուրդը ցանկացավ, որ մենք տեղի անունը կոչենք Նեփի. ուստի, մենք այն կոչեցինք Նեփի:

9 Եվ բոլոր նրանք, ովքեր ինձ հետ էին, իրենց վրա վերցրեցին՝ կոչելու իրենց Նեփիի ժողովուրդ:

10 Եվ մենք պահում-պահպանում էինք Տիրոջ դատաստաններն ու կանոնները, և պատվիրանները բոլոր բաներում՝ ըստ Մովսեսի օրենքի:

11 Եվ Տերը մեզ հետ էր. և մենք չափազանց բարգավաճեցինք. քանզի մենք սերմ ցանեցինք և դարձյալ առատորեն հնձեցինք: Եվ մենք սկսեցինք բազմացնել հոտեր և նախիրներ և ամեն տեսակի կենդանիներ:

12 Եվ ես՝ Նեփիս, բերել էի նաև հիշատակարանները, որոնք փորագրված էին արույրե թիթեղների վրա. և նաև գունդը, կամ ուղեցույցը, որը պատրաստվել էր իմ հոր համար Տիրոջ ձեռքով՝ համաձայն նրա, ինչ գրված է:

13 Եվ եղավ այնպես, որ մենք սկսեցինք չափազանց բարգավաճել և բազմանալ երկրում:

14 Եվ ես՝ Նեփիս, վերցրեցի Լաբանի սուրը և նույն ձևով պատրաստեցի բազմաթիվ սրեր, որպեսզի չլիներ թե այն ժողովուրդը, որն այժմ կոչվում էր Լամանացիներ, որևէ ձևով գար մեզ վրա և կործաներ մեզ. քանզի ես գիտեի նրանց ատելությունը՝ հանդեպ ինձ ու իմ զավակները, և նրանց, ովքեր կոչվում էին իմ ժողովուրդ:

15 Եվ ես սովորեցրեցի իմ ժողովրդին շենքեր շինել և մշակել ամեն ձևի փայտ և երկաթ և պղինձ և արույր և պողպատ և ոսկի և արծաթ և ընտիր հանքանյութեր, որոնք շատ առատ էին:

16 Եվ ես՝ Նեփիս, տաճար կառուցեցի. և ես այն կառուցեցի Սողոմոնի տաճարի ձևով, միայն թե դա կառուցված չէր այնքան շատ թանկարժեք բաներից. քանզի դրանք չէին ճարվում այս երկրում, ուստի այն չէր կարող կառուցվել Սողոմոնի տաճարի նման: Բայց կառուցվածքի ձևը նման էր Սողոմոնի տաճարին. և դրա ոճը չափազանց գեղեցիկ էր:

17 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, սովորեցրի իմ ժողովրդին աշխատասեր լինել և աշխատել իրենց ձեռքերով:

18 Եվ եղավ այնպես, որ նրանք կամեցան, որ ես լինեմ իրենց թագավորը: Բայց ես՝ Նեփիս, ցանկանում էի, որ նրանք թագավոր չունենան. այնուամենայնիվ, ես անում էի նրանց համար՝ համաձայն նրա, ինչ իմ կարողությունն էր:

19 Եվ, ահա, Տիրոջ խոսքերն իրագործվեցին իմ եղբայրների համար, որ նա խոսել էր նրանց վերաբերյալ, որ ես պետք է լինեի նրանց ղեկավարը և նրանց ուսուցիչը: Ուստի, ես եղա նրանց ղեկավարը և նրանց ուսուցիչը՝ ըստ Տիրոջ պատվիրանների, մինչև այն ժամանակը, երբ նրանք ջանացին խլել իմ կյանքը:

20 Ուստի, Տիրոջ խոսքն իրագործվեց, որը նա խոսել էր ինձ հետ՝ ասելով. Որքան որ նրանք ականջ չեն դնի քո խոսքերին, նրանք կտրված կլինեն Տիրոջ ներկայությունից: Եվ, ահա, նրանք կտրված էին նրա ներկայությունից:

21 Եվ նա արեց այնպես, որ մի անեծք գար նրանց վրա, այո, նույնիսկ, դառն անեծք՝ նրանց անօրինության պատճառով: Քանզի, ահա, նրանք կարծրացրել էին իրենց սրտերը նրա դեմ, այնպես որ դարձել էին կայծքարի պես, ուստի, քանի որ նրանք սպիտակ էին և չափազանց գեղեցիկ ու հմայիչ, որպեսզի նրանք չկարողանային հրապուրիչ լինել իմ ժողովրդի համար, Տեր Աստված արեց այնպես, որ սևամաշկություն գար նրանց վրա:

22 Եվ այսպես է ասում Տեր Աստված. Ես այնպես կանեմ, որ նրանք զզվելի կլինեն քո ժողովրդի համար, մինչև որ նրանք չապաշխարեն իրենց անօրինություններից:

23 Եվ անիծված կլինի սերունդը նրա, ով կխառնվի նրանց սերնդին. քանզի նրանք կանիծվեն, հենց նույն անեծքով: Եվ Տերը խոսեց սա, և այն կատարվեց:

24 Եվ նրանց անեծքի պատճառով, որն իրենց վրա էր, նրանք դարձան մի ծույլ ժողովուրդ՝ լի չարությամբ ու նենգությամբ, և նրանք անապատում փնտրում էին որսի գազաններ:

25 Եվ Տեր Աստված ասաց ինձ. Նրանք կլինեն խարազան քո սերնդի համար՝ զարթնեցնելու նրանց հիշելու իմ մասին. և որքան որ նրանք չեն հիշի ինձ և ականջ չեն դնի իմ խոսքերին, նրանք կխարազանվեն, մինչև իսկ ի կործանումն իրենց:

26 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, նվիրաբերեցի Հակոբին ու Հովսեփին, որ նրանք լինեին քահանաներ և ուսուցիչներ իմ երկրի ժողովրդի վրա:

27 Եվ եղավ այնպես, որ մենք ապրեցինք երջանիկ:

28 Եվ երեսուն տարի էր անցել այն ժամանակից, երբ մենք թողեցինք Երուսաղեմը:

29 Եվ ես՝ Նեփիս, մինչև այժմ արել էի իմ ժողովրդի մասին արձանագրությունները՝ թիթեղների վրա, որոնք ես էի պատրաստել:

30 Եվ եղավ այնպես, որ Տեր Աստված ասաց ինձ. Պատրաստիր ուրիշ թիթեղներ. և դու կփորագրես ուրիշ շատ բաներ դրանց վրա, որոնք բարի են իմ աչքում, քո ժողովրդի օգտի համար:

31 Ուստի, ես՝ Նեփիս, հնազանդ լինելով Տիրոջ պատվիրաններին, գնացի և պատրաստեցի այս թիթեղները, որոնց վրա ես փորագրեցի այս բաները:

32 Եվ ես փորագրեցի այն, ինչը հաճո է Աստծուն: Եվ եթե իմ ժողովուրդը գոհ լինի Աստծո բաներից, նրանք գոհ կլինեն իմ փորագրություններից, որոնք այս թիթեղների վրա են:

33 Եվ եթե իմ ժողովուրդը ցանկանա իմանալ ժողովրդիս պատմության մանրամասնությունները, նրանք պետք է ուսումնասիրեն իմ մյուս թիթեղները:

34 Եվ ինձ բավարարում է ասելը, որ քառասուն տարիներ անցել էին, և մենք արդեն ունեցել էինք պատերազմներ և հակառակություններ մեր եղբայրների հետ: