Գլուխ 28
Տասներկուսից իննը փափագում են և նրանց խոստացվում է ժառանգություն Քրիստոսի արքայությունում, երբ նրանք մեռնեն – Երեք Նեփիացիները փափագում են և նրանց տրվում է զորություն՝ մահվան վրա, որպեսզի մնան երկրի վրա, մինչև Հիսուսը կրկին գա – Նրանք փոխվում են և տեսնում բաներ, ոչ օրինական՝ արտաբերելու, և նրանք այժմ ծառայում են մարդկանց մեջ: Մոտ 34–35թթ. Ք.ծ.հ.:
1 Եվ եղավ այնպես, երբ Հիսուսն ասաց այս խոսքերը, նա խոսեց իր աշակերտների հետ, մեկ առ մեկ, ասելով նրանց. Ի՞նչ եք փափագում դուք ինձանից, հետո, երբ ես գնամ Հոր մոտ:
2 Եվ նրանք բոլորը խոսեցին, բացի երեքից՝ ասելով. Մենք փափագում ենք, որ մարդկային տարիքն առնելուց հետո, երբ մեր ծառայությունը, որին դու կանչել ես մեզ, վերջանա, որպեսզի մենք կարողանանք շտապ գալ քեզ մոտ՝ քո արքայությունը:
3 Եվ նա ասաց նրանց. Օրհնվա՛ծ եք դուք, որովհետև դուք փափագեցիք այս բանն ինձանից. հետևաբար, յոթանասունևերկու տարեկանից հետո, դուք կգաք ինձ մոտ՝ իմ արքայությունը. և ինձ հետ դուք կգտնեք հանգստություն:
4 Եվ երբ նա խոսեց նրանց հետ, նա շրջվեց դեպի այն երեքը, և ասաց նրանց. Ի՞նչ եք կամենում դուք, որ ես անեմ ձեզ համար, երբ ես գնամ Հոր մոտ:
5 Եվ նրանք տրտմեցին իրենց սրտում, քանզի նրանք չհամարձակվեցին ասել նրան այն բանը, որ իրենք փափագում էին:
6 Եվ նա ասաց նրանց. Ահա, ես գիտեմ ձեր մտքերը, և դուք փափագեցիք այն բանը, որը Հովհաննեսը՝ իմ սիրելին, որն ինձ հետ էր իմ ծառայության ընթացքում, նախքան իմ բարձրացվելը հրեաների կողմից, փափագեց ինձանից:
7 Հետևաբար, ավելի օրհնված եք դուք, քանզի դուք երբեք մահ չեք ճաշակի. այլ կապրեք՝ տեսնելու Հոր բոլոր արածները մարդկանց զավակների համար, նույնիսկ մինչև բոլոր բաները կատարվեն, համաձայն Հոր կամքի, երբ ես կգամ իմ փառքով երկնքի զորությունների հետ:
8 Եվ դուք երբեք չպիտի տանեք մահվան ցավերը. բայց երբ ես գամ իմ փառքով, դուք պիտի փոխվեք մի ակնթարթում մահկանացությունից անմահության. և այն ժամանակ, կօրհնվեք դուք իմ Հոր արքայությունում:
9 Եվ բացի այդ, դուք չպիտի ունենաք ցավ, մինչ դուք կբնակվեք մարմնում, ոչ էլ վիշտ, բացի դա լինի՝ աշխարհի մեղքերի համար. և այս բոլորը կանեմ ես, այն բանի պատճառով, որ դուք փափագեցիք ինձանից, քանզի դուք փափագեցիք, որպեսզի դուք կարողանաք մարդկանց հոգիներ բերել ինձ մոտ, մինչ աշխարհը կանգուն կլինի:
10 Եվ այս պատճառով, դուք պիտի ունենաք լիակատար ուրախություն. և դուք պիտի նստեք իմ Հոր արքայության մեջ. այո, ձեր ուրախությունը պիտի լիակատար լինի, ճիշտ ինչպես Հայրն է տվել ինձ լիակատար ուրախություն. և դուք կլինեք ճիշտ ինչպես ես եմ, և ե՛ս եմ, ճիշտ ինչպես Հայրը. և Հայրը և ես մեկ ենք.
11 Եվ Սուրբ Հոգին վկայում է Հոր և իմ մասին. և Հայրը շնորհում է Սուրբ Հոգին մարդկանց զավակներին՝ իմ պատճառով:
12 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսը խոսեց այս խոսքերը, նա, իր մատով, դիպավ նրանցից ամեն մեկին, բացի՝ երեքից, ովքեր պիտի մնային, և, այնուհետև, նա հեռացավ:
13 Եվ ահա, երկինքները բացվեցին, և նրանք հափշտակվեցին երկինք, և տեսան, և լսեցին անասելի բաներ:
14 Եվ նրանց արգելվեց, որ նրանք արտաբերեն. ոչ էլ նրանց տրվեց զորություն, որ նրանք կարողանային արտաբերել այն բաները, որոնք նրանք տեսան ու լսեցին.
15 Եվ արդյոք նրանք մարմնում էին, թե մարմնից դուրս, նրանք չէին կարող ասել. քանզի նրանց թվաց, կարծես իրենք կերպարանափոխվեցին, որ իրենք փոխվեցին այս մսի մարմնից մի անմահ վիճակի, որ նրանք կարողանային տեսնել Աստծո բաները:
16 Բայց եղավ այնպես, որ նրանք կրկին ծառայեցին աշխարհի երեսին. սակայն նրանք չսովորեցրեցին այն բաների մասին, որոնք նրանք լսել էին ու տեսել, այն պատվիրանի պատճառով, որը նրանց տրվել էր երկնքում:
17 Եվ արդ, արդյոք նրանք մահկանացու էին, թե անմահ, իրենց կերպարանափոխության օրից ի վեր, ես չգիտեմ.
18 Բայց այսքանը ես գիտեմ համաձայն այն հիշատակարանի, որը տրվել է՝ նրանք առաջ գնացին երկրի երեսին, և ծառայեցին ողջ ժողովրդին՝ միացնելով եկեղեցուն բոլոր նրանց, ովքեր հավատացին իրենց քարոզին. մկրտելով նրանց, և բոլոր նրանք, ովքեր մկրտվեցին, ստացան Սուրբ Հոգին:
19 Եվ նրանք բանտ գցվեցին նրանց կողմից, ովքեր չէին պատկանում եկեղեցուն: Եվ բանտերն ի զորու չեղան պահել նրանց, քանզի դրանք ճեղքվեցին երկու մասի:
20 Եվ նրանք գցվեցին վիրապը. բայց նրանք զարկեցին հողը Աստծո խոսքով, այնպես որ նրա զորությամբ նրանք դուրս պրծան վիրապի խորքերից. և ուստի, նրանց պահելու համար նրանք համապատասխան հորեր չկարողացան փորել:
21 Եվ երեք անգամ նրանց գցեցին հնոցը և ոչ մի վնաս չկրեցին:
22 Եվ երկու անգամ նրանք գցվեցին վայրի գազանների որջը. և ահա, նրանք խաղում էին գազանների հետ, ինչպես երեխան՝ ծծկեր գառան հետ, և ոչ մի վնաս չկրեցին:
23 Եվ եղավ այնպես, նրանք առաջ գնացին Նեփիի ողջ ժողովրդի մեջ, և քարոզեցին Քրիստոսի ավետարանը ողջ ժողովրդին՝ երկրի երեսին. և նրանք դարձի եկան դեպի Տերը և միացվեցին Քրիստոսի եկեղեցուն, և այսպիսով, այդ սերնդի ժողովուրդն օրհնվեց՝ Հիսուսի խոսքի համաձայն:
24 Եվ այժմ ես՝ Մորմոնս, միառժամանակ ավարտում եմ խոսելն այս բաների վերաբերյալ:
25 Ահա, ես քիչ էր մնում գրեի նրանց անունները, ովքեր երբեք չպիտի մահ ճաշակեն, բայց Տերն արգելեց. ուստի, ես չեմ գրում դրանք, քանզի դրանք թաքցված են աշխարհից:
26 Բայց ահա, ես տեսել եմ նրանց, և նրանք ծառայել են ինձ:
27 Եվ ահա, նրանք կլինեն հեթանոսների մեջ, և հեթանոսները չեն ճանաչի նրանց:
28 Նրանք կլինեն նաև հրեաների մեջ, և հրեաները չեն ճանաչի նրանց:
29 Եվ կլինի այնպես, որ երբ Տերը հարմար տեսնի իր իմաստությամբ, նրանք կծառայեն Իսրայելի բոլոր ցրված ցեղերին, և բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին, և դուրս կբերեն նրանցից բազում հոգիներ Հիսուսի համար, որպեսզի նրանց իղձը կատարվի, և նաև Աստծո համոզող զորության շնորհիվ, որը նրանց մեջ է:
30 Եվ նրանք Աստծո հրեշտակների պես են, և եթե նրանք աղոթեն Հորը՝ Հիսուսի անունով, նրանք կարող են ցույց տալ իրենց՝ ինչ մարդու որ իրենք հարմար կգտնեն:
31 Հետևաբար, մեծ ու զարմանալի գործեր պիտի գործվեն նրանց կողմից, նախքան մեծ և գալիք օրը, երբ բոլոր մարդիկ պիտի, անկասկած, կանգնեն Քրիստոսի ատյանի առջև.
32 Այո, նույնիսկ հեթանոսների մեջ մի մեծ ու զարմանալի գործ պիտի կատարվի նրանց կողմից, նախքան այդ դատաստանի օրը:
33 Եվ եթե դուք ունեցել եք սուրբ գրքերը, որոնք տալիս են Քրիստոսի բոլոր զարմանալի գործերի պատմությունը, դուք կիմանաք, համաձայն Քրիստոսի խոսքերի, որ այս բաները պետք է անկասկած գան:
34 Եվ վա՜յ լինի նրան, ով չի կամենա ականջ անել Հիսուսի խոսքերին, և նաև նրանց, ում նա ընտրել է և ուղարկել նրանց մեջ. քանզի ով որ չի ընդունում Հիսուսի խոսքերը և նրանց խոսքերը, ում նա ուղարկել է, չի ընդունում իրեն. և հետևաբար, նա չի ընդունի նրանց՝ վերջին օրը.
35 Եվ ավելի լավ կլիներ նրանց համար, եթե նրանք ծնված չլինեին: Քանզի մի՞թե դուք կարծում եք, որ կարող եք ազատվել վիրավորված Աստծո արդարադատությունից, որը կոխկրտվել է մարդկանց ոտքերի տակ, որպեսզի դրա միջոցով փրկություն կարողանա գալ:
36 Եվ այժմ ահա, ինչպես ես խոսեցի նրանց վերաբերյալ, որոնց Տերն ընտրել է, այո, այսինքն՝ երեքի, ովքեր հափշտակվեցին երկինքների մեջ, այնպես որ ես չգիտեի, թե արդյոք նրանք մաքրվել էին մահկանացությունից դեպի անմահություն,
37 Բայց ահա, մինչ ես գրում էի, ես հարցրեցի Տիրոջը, և նա հայտնի դարձրեց ինձ, որ անպայման նրանց մարմինների վրա մի փոփոխություն պիտի գործվեր, այլապես նրանք անպայման պետք է որ մահ ճաշակեին.
38 Հետևաբար, որպեսզի նրանք մահ չճաշակեն, մի փոփոխություն գործվեց նրանց մարմինների վրա, որպեսզի նրանք չկրեին ցավ, ոչ էլ վիշտ, բացի դա լիներ աշխարհի մեղքերի համար:
39 Արդ, այս փոփոխությունը հավասար չէր նրան, ինչը պիտի տեղի ունենա վերջին օրը. բայց նրանց վրա մի փոփոխություն էր գործվել, այնպես որ Սատանան չէր կարող զորություն ունենալ նրանց վրա, այնպես որ նա չէր կարող գայթակղել նրանց. և նրանք սրբագործված էին մարմնում, այնպես որ նրանք սուրբ էին, և երկրի զորությունները չէին կարող պահել նրանց:
40 Եվ այս վիճակում նրանք պիտի մնան, մինչև Քրիստոսի դատաստանի օրը. և այդ օրը նրանք պիտի ստանան ավելի մեծ փոփոխություն, և ընդունվեն Հոր արքայության մեջ՝ այլևս դուրս չգալու, այլ Աստծո հետ հավերժորեն բնակվելու երկինքներում: