ՋՍԹ, Հայտնություն 12.1–17 (համեմատի՛ր Հայտնություն ԺԲ.1–17; Վարդապետություն և Ուխտեր 77)
[Կինը (Եկեղեցին), երեխան (Աստծո արքայությունը), երկաթե ձողը (Աստծո խոսքը), վիշապը (Սատանան) և Միքայելը, բոլորը բացատրվում է: Երկնքի պատերազմը շարունակվում է երկրի վրա]:
1 Եվ մի մեծ նշան երևաց երկնքում, երկրի վրայի բաների նմանությամբ. մի կին՝ արեգակն իր վրա հագած, և լուսինը նրա ոտքերի տակ, և նրա գլխի վրա տասներկու աստղերի պսակ:
2 Եվ կինը հղի լինելով՝ աղաղակում էր, երկունք քաշելով, և ցավ քաշելով, որ ազատվի:
3 Եվ նա մի արու զավակ բերեց, որը պիտի կառավարեր բոլոր ազգերի վրա երկաթե ձողով. և նրա որդին հափշտակվեց Աստծո մոտ և նրա գահի մոտ:
4 Եվ մի ուրիշ նշան երևաց երկնքում. և ահա, մի մեծ կարմիր վիշապ, որը յոթը գլուխ և տասը եղջյուր ուներ, և նրա գլուխների վրա յոթը թագ: Եվ նրա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ մասը, և նրանց գցեց երկրի վրա: Եվ վիշապը կանգնեց կնոջ առաջ, որն ազատվել էր, պատրաստ, որ կուլ տա նրա զավակին՝ ծնվելուց հետո:
5 Եվ կինը փախավ անապատ, որտեղ Աստծո կողմից պատրաստված տեղ ուներ, որ նրան այնտեղ կերակրեին հազար երկու հարյուր և վաթսուն տարի:
6 Եվ պատերազմ եղավ երկնքում. Միքայելը և իր հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ. և վիշապը և նրա հրեշտակները պատերազմեցին Միքայելի դեմ.
7 Եվ վիշապը չհաղթեց ո՛չ Միքայելին, ո՛չ երեխային, ո՛չ էլ այն կնոջը, որն Աստծո եկեղեցին էր, որն ազատվել էր իր ցավերից և ծնել էր մեր Աստծո և նրա Քրիստոսի արքայությունը:
8 Ոչ էլ տեղ գտնվեց մեծ վիշապի համար, որը դուրս գցվեց. այն հին օձը՝ դև կոչվածը, և նաև Սատանա կոչվածը, որը մոլորեցնում է ողջ աշխարհը. նա դուրս գցվեց երկրի վրա. և նրա հրեշտակները դուրս գցվեցին նրա հետ:
9 Եվ մի մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքում. Հիմա եկել է մեր Աստծո փրկությունը և զորությունը և թագավորությունը, և նրա Քրիստոսի իշխանությունը.
10 Որովհետև մեր եղբայրներին մեղադրողը վայր է գցվել, որն օր ու գիշեր նրանց մեղադրում էր մեր Աստծո առաջ:
11 Որովհետև նրանք հաղթել են նրան Գառի արյունով և իրենց վկայության խոսքով. որովհետև նրանք չսիրեցին իրենց կյանքը, բայց պահպանեցին վկայությունը, մինչև իսկ ի մահ: Դրա համար ուրախացեք, ո՛վ երկինքներ, և դո՛ւք, որ բնակվում եք նրանցում:
12 Եվ սրանից հետո ես լսեցի մեկ ուրիշ ձայն, որ ասում էր. Վա՛յ երկրի բնակիչներին, այո՛ նրանց, որ բնակվում են ծովի կղզիներում. քանզի դևը վայր է իջել ձեզ մոտ մեծ ցասումով, որովհետև գիտի, որ քիչ ժամանակ ունի:
13 Որովհետև, երբ վիշապը տեսավ, որ գցվեց երկրի վրա, նա ընկավ այն կնոջ հետևից, որն արու զավակ էր բերել:
14 Դրա համար, այն կնկան երկու մեծ արծվի թևեր տրվեցին, որպեսզի նա փախչի անապատ՝ օձի երեսից, դեպի իր տեղը, որտեղ նա կերակրվում է մի ժամանակ և ժամանակներ և կես ժամանակ:
15 Եվ օձն իր բերանից հեղեղի պես ջուր է թափում այն կնկա ետևից, որ այնպես անի, որ նա տարվի հեղեղով:
16 Եվ երկիրն օգնում է կնոջը, և երկիրը բացում է իր բերանը և կուլ է տալիս հեղեղը, որը վիշապը դուրս է թափում իր բերանից:
17 Դրա համար վիշապը բարկացավ կնոջ վրա, և գնաց պատերազմելու նրա մնացած սերունդների հետ, որոնք պահում են Աստծո պատվիրանները և ունեն Հիսուս Քրիստոսի վկայությունը: