ՋՍԹ, Հռովմայեցիս 7.5–27 (համեմատի՛ր Հռովմայեցիս Է.5–25)
(Քրիստոսն ի զորու է փոխելու մարդկանց հոգին):
5 Որովհետև երբ մարմնով էինք, մեղքի կրքերը, որ հակառակ էին օրենքին, գործում էին մեր անդամներում, որ պտուղ բերեն մահին:
6 Բայց այժմ մենք ազատված ենք օրենքից, որով բռնված էինք, մահացած լինելով օրենքի համար, որպեսզի հոգու նորությունով ծառայենք, և ոչ թե գրի հնությունով:
7 Արդ ի՞նչ ասենք ուրեմն: Օրենքը մե՞ղք է: Աստված ոչ անի: Ո՛չ, ես մեղքը չէի իմանա, եթե ոչ օրենքով. քանզի ցանկությունը չէի ճանաչի, եթե օրենքը չասեր՝ Մի՛ ցանկանա:
8 Բայց մեղքը, առիթ առնելով պատվիրանով, ինձանում ամեն ձևի ցանկություն գործեց: Որովհետև առանց օրենքի մեղքը մեռած էր:
9 Քանզի ես, առանց օրենքը զանց առնելու, մի ժամանակ կենդանի էի, բայց երբ Քրիստոսի պատվիրանը եկավ, մեղքը կենդանացավ, և ես մեռա:
10 Եվ երբ ես չհավատացի Քրիստոսի բերած պատվիրանին, որը կյանքի համար էր սահմանված, ես տեսա, որ այն դատապարտեց ինձ մահվան:
11 Քանզի մեղքը, առիթից օգտվելով, մերժեց պատվիրանը և խաբեց ինձ. և դրանով ինձ սպանեց:
12 Այնուամենայնիվ, ես տեսնում եմ, որ օրենքը սուրբ է, և պատվիրանն էլ սուրբ և արդար և բարի է:
13 Ուրեմն այն, ինչ բարի է, ինձ մա՞հ պատճառեց: Աստված ոչ անի: Այլ մեղքը, որպեսզի մեղքը երևա, բարիով մահ գործեց իմ մեջ. որպեսզի մեղքը, պատվիրանի միջոցով, առավել ևս մեղավոր դառնա:
14 Քանզի գիտենք, որ պատվիրանը հոգևոր է. բայց երբ ես օրենքի տակ էի, դեռևս մարմնավոր էի՝ մեղքի տակ ծախված:
15 Բայց այժմ հոգևոր եմ. քանզի այն, ինչ պատվիրված է անել, անում եմ. իսկ այն, ինչ պատվիրված է թույլ չտալ, թույլ չեմ տալիս:
16 Որովհետև այն, ինչ գիտեմ, որ ճիշտ չէ, ես չեմ անի. որովհետև այն, ինչը մեղք է, ես ատում եմ:
17 Իսկ եթե չեմ անում այն, ինչ ես թույլ չէի տա, ապա օրենքի հետ համաձայնվում եմ, որ այն բարի է. և ես չեմ դատապարտվում:
18 Արդ ուրեմն, այլևս ես չէ, որ մեղք եմ գործում. այլ ես փորձում եմ ճնշել մեղքը, որ բնակվում է ինձանում:
19 Որովհետև գիտեմ, որ ինձանում, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում. որովհետև կամենալը հետս է, բայց բարին գործելը չեմ գտնում, բացի միայն Քրիստոսով:
20 Որովհետև բարին, որը կանեի օրենքի տակ, բարի չեմ համարում. ուստի, այն չեմ անում:
21 Բայց չարը, որն օրենքի տակ չէի անի, բարի եմ համարում. այդ բանն անում եմ:
22 Արդ, եթե Քրիստոսի օգնությամբ անում եմ այն, ինչը չէի անում օրենքի տակ, ուրեմն օրենքի տակ չեմ. և այլևս ոչ թե փնտրում եմ սխալ անել, այլ ճնշել մեղքը, որը բնակվում է ինձանում:
23 Ուրեմն գտնում եմ, որ օրենքի տակ, երբ կամենում էի բարին գործել, չարն ինձ մոտ էր. որովհետև ներքին մարդով ես հիանում եմ Աստծո օրենքով:
24 Բայց այժմ տեսնում եմ մեկ ուրիշ օրենք, այսինքն՝ Քրիստոսի պատվիրանը, և այն դրոշմված է իմ մտքում:
25 Բայց իմ անդամները պատերազմում են մտքիս օրենքի դեմ, և ինձ գերության են տանում մեղքի օրենքին, որն իմ անդամներում է:
26 Եվ եթե ես չճնշեմ մեղքը, որն իմ մեջ է, այլ մարմնով ծառայեմ մեղքի օրենքին. ի՜նչ խեղճ մարդ եմ ես. ո՞վ կազատի ինձ այս մահվան մարմնից:
27 Ուրեմն շնորհակալ եմ Աստծուց, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ այդպես, մտքով ես ինքս ծառայում եմ Աստծո օրենքին: