Ամենամյա հեռարձակումներ
Մենք այսքան հեռուն չենք հասել, որ մնանք միայն այստեղ։


Մենք այսքան հեռուն չենք հասել, որ մնանք միայն այստեղ։

Ս&Ի 2020 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

Երեքշաբթի, 9 հունիսի 2020թ․

Հրաշալի է, որ միասին ենք։ Հուսով ենք, որ դուք և ձեր ընտանիքներն ապահով եք և լավ եք։ Այս տարվա ընթացքում մենք նշում ենք Առաջին տեսիլքի 200-ամյակը: Ես երախտապարտ եմ Ջոզեֆ Սմիթին և ճշմարտությունն իմանալու նրա հավատքի և ցանկության օրինակի համար և ես երախտապարտ եմ, որ մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեզ այնքան սիրեցին, որ պատասխանեցին Ջոզեֆի խոնարհ աղոթքին: Երբ լսեցինք «Փառք տանք մարդուն, որ տեսավ Եհովային»1, մենք զորություն զգացինք։ Ես պարզապես կավելացնեի՝ փառք Եհովային, որ կրկին հաղորդակցվում է մարդու հետ։ Ես երախտապարտ եմ այն իրողության համար, որին Ջոզեֆն ականատես եղավ Սրբազան պուրակում։

Այս տեսիլքից հետո Ջոզեֆը վերադարձավ տուն, որտեղ նա հանդիպեց իր մորը և ասաց նրան. «Լավ է… ես ինքս հասկացա»:2 Այն օրինաչափությունը, որով Ջոզեֆը հետամուտ եղավ ճշմարտության որոնմանը, նույնն է, որին պետք է մեր ուսանողները հետևեն։ Եվ ճիշտ այնպես, ինչպես Ջոզեֆի փորձառությունն օգնեց նրան ինքնուրույն սովորել, մենք հույս ունենք, որ մեր բոլոր ուսանողներն ինքնուրույն կսովորեն, որ Երկնային Հայրը ճանաչում և սիրում է նրանց, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ այս վերջին օրերին Նա կանգնած է Իր Եկեղեցու գլխին:

Սեմինարների և Ինստիտուտների հիմնադրման օրվանից շատ բան է խոսվում ուսուցման և ուսումնառության մասին: Charted Course (Ուղենշված դասընթացից) մինչև Ուսուցման և ուսումնառության հիմունքները, մեր ստացած ոգեշնչված առաջնորդությունը օգնել է մեզ արդյունավետ ուսուցանել վերականգնված ավետարանը, ինչպես որ գրվել է սուրբ գրություններում և մարգարեների ուսմունքներում՝ Սուրբ Հոգու զորությամբ: Մենք երբեք չպետք է հեռանանք այդ հիմունքներից։ Բայց նաև չպետք է վախենանք նոր բաներ սովորելուց կամ մեր հասկացողությանն ավելացնելուց, թե ինչպես լավագույնս օգնենք մեր ուսանողներին ինքնուրույն սովորել։

Ես շնորհակալ եմ մեր ունեցած առաջընթացի համար: Ինչ-որ առումով զգում եմ, որ միասին լեռ ենք բարձրանում: Մենք այսքան հեռու չէինք կարող հասնել, եթե չլինեին անցյալի փորձն ու հայտնությունը, բայց չպետք է երբեք բավարավենք և դադարենք ձգտենք ավելիին։ Միտքս է գալիս մի արտահայտություն, որը Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն արտասանեց վերջին գերագույն համաժողովի ժամանակ․ «Մենք այսքան հեռուն չենք հասել, որ մնանք միայն այստեղ» [Judith Mahlangu (multistake conference near Johannesburg, South Africa, Nov. 10, 2019), in Sydney Walker, “Elder Holland Visits Southeast Africa during ‘Remarkable Time of Growth,’Church News, Nov. 27, 2019, thechurchnews.com3 Մենք լեռան լանջի կեսն անցել ենք, և Տերը պատրաստ է ավելին տալ մեզ։

Այդ նպատակով Երեց Քիմ Բ. Քլարկը մեզ հրավիրեց մտածել ոչ միայն նրա մասին, թե ինչ և ինչպես ենք ուսուցանում, այլև այն, թե ինչպես կարող ենք ավելի շատ կենտրոնանալ սովորողի վրա և ուսումնառության ընթացքի ու արդյունքների վրա: Նա հրավիրեց, որ ինքներս մեզ հարց տանք․ «Ի՞նչ փորձառությունների կարիք ունեն իմ ուսանողները, որպեսզի մեծացնեն սովորելու իրենց ուժն ու կարողությունը»: Միավորելով մեր հիշարժան պատմությունն ու ներկայիս ցուցումները, որոնք մենք կարող ենք խնդրել․ «Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի կենտրոնացած լինենք Քրիստոսի և սովորողի վրա»։

Երեկո Բարձրագույն Իշխանության հետ մեր վերջին հանդիպման ժամանակ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը մի հրաշալի օրինակ բերեց այն մասին, թե ինչ է նշանակում լինել սովորողի վրա կենտրոնացած։ Ակնհայտ էր, որ նրա նպատակը ոչ թե մեզ ինչ-որ բան ասելն էր, այլ մեզ համար ինչ-որ նոր բան սովորելը: Նա հարցեր տվեց, դիտարկեց և լսեց, որպեսզի համոզվի, որ մենք հասկանում ենք: Նա նաև ուսուցանեց մեզ, թե ինչպիսի մոտեցում է ցուցաբերում ուսուցման ժամանակ, երբ ասաց. «Փոխանակ մտածելու, թե ի՞նչ եմ ես ասելու նրանց, կենտրոնացեք, թե ի՞նչ եմ հարցնելու նրանց»: Եվ ոչ միայն «ի՞նչ եմ հարցնելու նրանց, այլ ի՞նչ եմ հրավիրելու նրանց անել»։4

Հայտնի պրոֆեսոր և ռաբբի Ջեյկոբ Նեյզեները մի անգամ ասել է. «Մեծ ուսուցիչները չեն սովորեցնում: Նրանք օգնում են ուսանողներին սովորել»։ Իհարկե, խորհրդանշական կապ կա արդյունավետ ուսուցման և ուսումնառության միջև: Բայց կարծում եմ, որ դոկտոր Նեյզեների հայտարարությունը ենթադրում է, որ մենք պետք է նայենք մեր ենթադրած արդյունավետ ուսուցումից այն կողմ և ավելի շատ կենտրոնանանք ոչ թե պատմելու վրա, այլ օգնենք մեր ուսանողներին այնպիսի փորձառություններ ունենալ, որոնք սովորելու կոչ կանեն։ Մեր դեպքում դա նշանակում է օգնել մեր ուսանողներին զգալ Սուրբ Հոգին, ով վկայում է ճշմարտությունը և Աստծո սերը նրանց հանդեպ: Դա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք մի միջավայր, որտեղ նրանք վստահ կզգան՝ հարցեր տալ, բացահայտել ճշմարտությունը, վարդապետական կապեր հաստատել, լսել իրենց հասակակիցների վկայությունները, ինչպես նաև գնահատել և բանավոր արտահայտել իրենց սեփական մտքերը, զգացմունքները և իրենց սովորած ճշմարտություններից ստացած տպավորությունները: Դա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք փորձառություններ, որոնք կոգեշնչեն նրանց ապրել ավետարանով և իմանալ, թե ինչպես գործել հավատով, սովորել իրենց սխալներից և Քրիստոսի հանդեպ հույսով լցված կրկին փորձել։ Այդ ձևով նրանք ինքնուրույն կսովորեն։

Ավելի լիարժեք հասկանալու համար, թե ինչ փորձառությունների կարիք ունեն մեր ուսանողները քանի դեռ մեզ հետ են, մենք որոշեցինք, որ լավագույն բանը, ինչ կարող էինք անել, նրանց հարցնելն էր: Հետազոտական խումբը զրուցել է չորս մայրցամաքների հազարավոր երիտասարդների հետ: Նրանք հանդիպել են ինչպես դասերի մասնակիցների, այնպես էլ ներկայումս չընդգրկված բազում երիտասարդների հետ: Աշխատելով ամփոփել տվյալների անհավանական քանակը, մենք պատասխանները խմբավորել ենք երեք անվանակարգերի:

Առաջին անվանակարգը մենք անվանեցինք «Դարձ»: Երիտասարդներն ու երիտասարդ ամուրիներն ասացին մեզ, որ ցանկանում են և նրանց անհրաժեշտ են այնպիսի փորձառություններ, որոնք կօգնեն նրանց զգալ Աստծո սերը և ամրապնդել իրենց հարաբերությունները Նրա հետ: Նրանք ցանկանում են ամրապնդել իրենց հավատն ու վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի հանդեպ: Իհարկե, դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք նրանց համար:

Լավ նորությունն այն է, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր դասերն օգնում են հասնել այդ նպատակին։ Նրանք, ովքեր հետևողականորեն հաճախում և մասնակցում են ուսման հնարավորություններին, զգալիորեն զորացնում են իրենց վկայությունները և մեծացնում են իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Դա այն բազմաթիվ պատճառներից մեկն է, որ մենք ուզում ենք ավելի շատ երիտասարդների մասնակցելու կոչ հղել: Երբ նրանք սովորում են ձեզ հետ, նրանց հավատքն ու վկայությունն աճում են:

Շնորհակալ եմ այն ամենի համար, որ անում եք նրանց դարձն ամրապնդելու համար։ Մենք մեծ առաջընթաց ենք արձանագրել, երբ յուրացրել ենք ուսուցման սկզբունքները, որոնք օգնում են մեր ուսանողներին ավելի շատ սովորել: Եվ ես հավատում եմ, որ Տերը դեռ պատրաստ է մեզ ավելին ուսուցանել, երբ մենք խնդրենք Նրա առաջնորդությունը: Երբ խորհեք հնարավորությունների մասին, աղոթքով կքննարկե՞ք այն փորձառությունները, որոնք կմեծացնեն Երկնային Հոր ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու Քավությունը հասկանալու ուսանողների ուժն ու կարողությունը։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել, որ նրանք փնտրեն, ճանաչեն և գործեն ըստ Սուրբ Հոգու ազդեցության, ապա գործեն հավատքով, ապաշխարեն և կապեն ու պահեն սրբազան ուխտերը: Ի վերջո, մենք հուսով ենք, որ իրենց ունեցած փորձառությունը կօգնի նրանց ճանաչել և սիրել Հիսուս Քրիստոսին և նրանք կձգտեն դառնալ Նրա նման:

Երկրորդ անվանակարգը, որն առանձնացրել ենք ուսումնասիրության մասնակիցներին լսելու արդյունքում, անվանել ենք «Համապատասխանություն անձնական հոգևոր աճին»: Հարցման ենթարկվածներն ասել են, որ դասերը համապատասխան են թվում, երբ ուսուցիչներն ընդունում և գնահատում են ուսանողի տարատեսակ հանգամանքներն ու անցյալը և հարմարեցնում են ուսումնառության փորձը՝ անհատական կարիքներին բավարարելու համար: Նրանք ասացին, որ կարիք ունեն մի այնպիսի վայրի, որտեղ իրենք կարող են անկեղծ հարցեր տալ վարդապետության, Եկեղեցու պատմության և իրենց համար կարևոր նշանակություն ունեցող սոցիալական հարցերի վերաբերյալ: Նրանք չեն ցանկանում վիճել այս բաների վերաբերյալ: Նրանք անկեղծ հարցեր ունեն և ցանկանում են ապահով, հավատով լի մի անկեղծ միջավայր, որտեղ կկարողանան բացահայտել այդ հարցերը։ Նրանց պետք է, որ ուսուցիչները պատասխանեն իրենց հարցերին ոչ միայն հավատքով, այլև անկեղծորեն և կարեկցանքով: Նրանք ցանկանում են նաև ուսանելու փորձ ձեռք բերել և դառնալ հոգևորապես ավելի ինքնապահով: Նրանք ցանկանում են զարգացնել հմտություններ, որոնք կօգնեն նրանց վերլուծել սկզբունքները և ընկալել դրանք հավերժական համատեքստի շրջանակում: Նրանց անհրաժեշտ է օգնություն, որ ավելի վստահ կարողանան ուրիշներին բացատրել ավետարանի սկզբունքները և Եկեղեցու քաղաքականությունը։ Եվ նրանք ցանկանում են զարգացնել ավետարանի սկզբունքներն օգտագործելու հմտություններ, որոնք կօգնեն նրանց ամենօրյա մարտահրավերների ժամանակ:

Այն, ինչ ուսանողները մեզ ասացին, որ իրենք ցանկանում են և ինչի կարիքն ունեն, համահունչ է այն ցուցումներին, որոնք մենք անցյալ տարի ստացանք Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդից: Նա հիշեցրեց մեզ, որ «ուսանողը տարա չէ, որը պիտի լցվի, ուսանողը կրակ է, որը պետք է բոցավառել»:5

Մեր՝ ուսուցիչներիս դերն է՝ օգնել ուսանողներին զարգացնել սովորելու ցանկություն, ստանալ անձնական հայտնություն և բացահայտել, հասկանալ ու ապրել իրենց համար ձեռք բերված ճշմարտության համաձայն: Մենք չպետք է պարզապես տարածենք այն գիտելիքները, որոնք ձեռք ենք բերել մեր սեփական ուսումնասիրությունից կամ փորձից: Եվ պետք է հիշենք, որ այն, ինչը մեզ համապատասխան է թվում, գուցե այնքան էլ օգտակար չլինի կյանքի այլ փուլում գտնվող մեր ուսանողների համար: Այսպիսով, մենք իսկապես պետք է լսենք նրանց, ուշադիր լսենք և աղոթենք խորաթափանցության համար:

Դժբախտաբար, շատ երիտասարդներ և չափահաս երիտասարդներ, հատկապես նրանք ովքեր չեն հաճախում, կարծում են, որ մեր դասերն այդքան էլ համապատասխան չեն: Նրանք մտածում են, որ մենք ավելի շատ մտահոգված ենք մեր պատրաստած նյութը լուսաբանելու, քան իրենց իրական կարիքները բավարարելու խնդրով: Նրանք ասացին, որ մեր դասերը հաճախ կենտրոնանում են կատարյալի վրա և բավարար չափով չեն ընդունում իրենց կյանքի իրականությունը կամ չեն անդրադառնում իրենց հարցերին:

Օրինակ, պատկերացրեք, որ ինստիտուտի ուսուցիչը քննարկում է սելեստիալ ամուսնության վարդապետությունը, մտածելով, որ թեման շատ տեղին է երիտասարդ ամուրիների համար: Դասարանի ուսանողներն արդեն հավատում են տաճարային ամուսնության կարևորությանը, բայց ոմանք վստահ չեն, թե ինչպես պետք է կիրառեն այդ վարդապետությունն իրենց կյանքում: Ոմանք վախենում են, քանի որ գալիս են ամուսնալուծված ընտանիքներից և համոզված չեն, որ ամուսնության մեջ հաջողակ կլինեն։ Դասարանում մյուսները մտածում են, թե արդյոք նրանք կկարողանան ֆինանսապես ապահովել իրենց ընտանիքը և երեխաներ մեծացնել։ Ուրիշները կարող են կասկածի տակ դնել, թե արդյոք նրանք երբևէ կունենան այդ հնարավորությունը: Իսկ մյուսներն էլ պայքարում են միասեռ հակումների դեմ և կասկածի տակ են դնում Եկեղեցում մնալու իրենց դերը։ Դասն ընթանում է նախատեսվածի պես, բայց առանց ուսանողների բովանդակալից մասնակցության: Ուսուցիչը կարծում է, որ թեմայի շնորհիվ նա ուսանողների հետ շփվել է համապատասխան ձևով։ Բայց ճշմարտությունն այն է, որ չնայած վարդապետությունն ուսուցանվել է, այն չի բավարարել ուսանողների վախերը, չի անդրադարձել նրանց կարիքներին կամ շոշափել նրանց կյանքի իրականությունը: Այդպիսով՝ բաց թողնվեց իրենց բնորոշ հանգամանքներում վարդապետության կարևորությունը տեսնելու հնարավորությունը։

Ուսուցիչը, ով մտածում է իր աշակերտների հոգևոր առաջընթացի մասին, պատրաստ է ուսուցանել ըստ նրանց կարիքների։ Նա հույս է ներշնչում և օգնում է նրանց տեսնել, թե ավետարանով ապրելն ինչպես կարող է օրհնել և օգնել նրանց առաջադիմել դեպի իրենց վերջնական նպատակները: Նա օգնում է նրանց զարգացնել վստահություն, որ սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքներն իրականում տալիս են իրենց հոգու հարցերի պատասխանները:

Որպեսզի օգնեք մեր ուսանողներին ճանաչել ավետարանի կարևորությունն ու համապատասխանությունն իրենց կյանքում, աղոթքով կմտածե՞ք, թե ինչպես կարող եք խրախուսել ձեր ուսանողներին անկեղծ հարցեր տալ և կիսվել իրենց մտքերով և հեռանկարներով։ Նրանք պետք է վստահեն, որ դուք ճանաչում և հասկանում եք իրենց, և որ պատրաստ եք հարմարվել և բավարարել իրենց կարիքները։ Օգնեք նրանց փորձառություններ ստանալ, որոնք կոգեշնչեն նրանց ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները և առաջնորդության համար կարդալ սուրբ գրություններն ու ժամանակակից մարգարեների ուսմունքները: Օգնեք նրանց սովորել հոգևոր գիտելիք ձեռք բերելու հմտություններ և օրինակներ, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն սովորել:

Երրորդ անվանակարգը, որը մենք հասկացանք՝ լսելով մեր ուսանողներին և հատկապես նրանց, ովքեր չեն հաճախում, առաջարկում է, որ նրանք ցանկանում են և կարիք ունեն, որ մենք պատկանելության զգացում ստեղծենք: Պատկանելությունը ստեղծվում է մեր Երկնային Հոր, ուսուցչի և դասարանի այլ ուսանողների հետ հարաբերությունների և շփումների միջոցով: Պատկանելության զգացում է առաջանում, երբ կա մի միջավայր, որտեղ բոլորը ընդունված, աջակցված, անհրաժեշտ և գնահատված են զգում: Պատկանելության զգացումը նաև մեծանում է, երբ ուսանողները զգում են, որ իրենք իմաստալի աշխատանքի մաս են կազմում:

Ես կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Ես շատ եմ գնահատում «Տես անհատին» ուսուցման ձեր արձագանքը և ձեր անհատական ջանքերը, որոնցով օգնում եք յուրաքանչյուր ուսանողի սիրված ու հարգված զգալ։ Մենք պետք է շարունակենք այս ջանքերը, քանի որ դասերին չընդգրկված ուսանողների մեծ մասը մտածում է, որ սա իրենց տեղը չէ։ Նրանցից շատերն ասել են, որ սեմինարիայի և ինստիտուտի դասերը նախատեսված են միայն նրանց համար, ում նրանք համարում են կատարյալ Վերջին Օրերի Սրբեր, ովքեր երբեք խնդիրներ և հարցեր չեն ունեցել: Այս սխալ ընկալման պատճառով նրանք մտածում են, որ չեն համապատասխանում։ Ոմանք նույնիսկ կարծում են, որ եթե անկեղծ հարցեր տան կամ ի սրտե կիսվեն իրենց հեռանկարով, ապա իրենց կդատապարտեն կամ կմտածեն, որ հավատարիմ չեն։ Նրանք նաև ասել են, որ ավելի հավանական է կմասնակցեն, եթե դա լինի մի միջավայր, որտեղ բոլորն ընդունված կլինեն՝ անկախ ներքին հավատքից կամ արտաքին տեսքից:

Վերջերս եղբայր Լինֆորդը տեսավ մի երիտասարդ աղջկա, ով կանգնած էր մեր շենքերից մեկի դիմաց: Նա ներկայացավ և հարցրեց, թե արդյոք նա ընդգրկված է դասերին: Աղջիկը պատասխանեց, որ Եկեղեցու անդամ էր և գիտեր ինստիտուտի մասին, բայց չէր հաճախում: Նա հավելեց. «Եթե դուք ինձ ճանաչեիք և իմանայիք իմ անցյալը, դուք կիմանայիք, որ դա իմ տեղը չէ։ Ես չեմ համապատասխանում»։ Բարեբախտաբար, այս երիտասարդ աղջիկն ընդունեց եղբայր Լինֆորդի ներս մտնելու հրավերը, որտեղ նրան դիմավորեցին ջերմորեն: Նա ցուցակագրվեց դասին և անմիջապես սկսեց հաճախել: Բայց ես մտածեցի, թե քանի հարյուր, նույնիսկ հազարավոր երիտասարդներ կանգնած են մեր շենքերի մոտ, որոնց պետք է հենց այն, ինչ առաջարկում են մեր դասերը, բայց վախենում են, որ իրենք չեն համապատասխանում:

Նրանց անհրաժեշտ է ոչ միայն այն, ինչ մենք ենք առաջարկում , այլ նաև մենք ունենք նրանց կարիքը։ Ուսուցիչները, ովքեր պատկանելության զգացում են ստեղծում, անկեղծորեն ընդունում են, որ ամեն ուսանող պետք է կատարի իր ներդրումը, ինչը դասն ավելի լավ փորձառություն կդարձնի:

Դրա վառ օրինակին ականատես եղա, երբ եղբայր Անդրեի դասարանում հանդիպեցի մի երիտասարդ տղայի: Առողջական խնդիրների պատճառներով Մայքլն իր միսիայից շուտ էր տուն վերադարձել։ Տուն վերադառնալուց առաջ նա ընկավ մեքենայի տակ, ստացավ բազմաթիվ կոտրվածքներ և երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա հրաժարվեց միսիան ավարտելու երազանքից: Նա նվիրվեց էքստրիմ մարզաձևերին և հեռացավ Եկեղեցուց։ Մի օր նա մենակ էր և որոշեց առանց պաշտպանվելու և անվտանգության ցանցի քայլել ձորի լայնքով ձգվող լարի վրայով։ Երբ նա անցավ լարի վրայով, ցանկանում էր գոռալ և տոնել, բայց հետո նայեց ներքև և հասկացավ, որ եթե ընկներ, ապա նրա կյանքը դրանով կավարտվեր։

Այդ պահին նա մտածեց իր մոր և կրտսեր քրոջ մասին, և թե ինչպես կկոտրեր նրանց սիրտը, եթե մեռներ: Հետո նա մտածեց Փրկիչի և այն ամենի մասին, ինչ Նա արել էր իր համար, և Հոգին լցրեց նրա սիրտը։ Նա իջավ ժայռից և սկսեց դեպի Եկեղեցի իր հետդարձը։ Նա հասկացավ ուշագրավ ձևերով մեզ փրկագնելու Փրկիչի ողորմածությունը, սերը և զորությունը։

Մի որոշ ժամանակ անց լողափում գտնվելիս Մայքլը հիշեց, որ իր միսիայից առաջ հաճախել էր ինստիտուտ: Նա լողափից ուղիղ գնաց ինստիտուտի շենք՝ դասը սկսվելուց մի քանի րոպե առաջ։ Այդ պահին եղբայր Անդրեն չգիտեր այն ամենի մասին, ինչ ես պատմեցի ձեզ: Նա միայն գիտեր, որ Մայքլը պետք է այդտեղ լիներ և առաջարկելու շատ բան ուներ: Եղբայր Անդրեն հրավիրեց Մայքլին մնալ, բայց Մայքլը մտածեց, որ գուցե մարդիկ չընդունեն իրեն։ Նա լողազգեստով և անթև շապիկով էր, որը մերկացնում էր նրա ձեռքերը և ցույց տալիս, որ դաստակներից դեպի ուսերի վերջը ծածկված էին դաջվածքներով: Նա ասաց, որ նախընտրում է հագնվել և հագնել երկար թևով վերնաշապիկ՝ նախքան դասարան գալը: Եղբայր Անդրեն պատասխանեց. «Ոչ ոք չի էլ նկատի»: Մայքլը մնաց: Բայց երբ մյուս ուսանողները ներս մտան, ոչ ոք նրա մոտ չնստեց։ Հոգևոր մտքից հետո եղբայր Անդրեն խնդրեց Մայքլին կանգնել դասարանի դիմաց, որտեղ նա ծանոթացրեց նրան: Նա ասաց մյուս ուսանողներին, որ սիրում է Մայքլին, որ Մայքլը առաջարկելու շատ բան ունի և շատ լավ սիրտ ունի։ Այնուհետև նա հարցրեց, թե արդյոք Մայքլը կկիսվի իր վկայությամբ: Արցունքներն աչքերին Մայքլը խոսեց Աստծո սիրո, Նրա բարության, կարեկցանքի և ներելու պատրաստակամության մասին: Մեզանից յուրաքանչյուրը, ով այդ օրն այնտեղ էր, օրհնվեց Մայքլի վկայությամբ:

Եղբայր Անդրեն Մայքլի մեջ տեսավ մի բան, որը մյուսները գուցե չտեսան: Ուսուցիչ լինելով՝ նա արժևորում է տարբեր անցյալ ունեցող մարդկանց և հանգամանքները և հասկանում է, որ բոլոր մարդիկ առաջարկելու բան ունեն: Այսպիսով, նա ստեղծում է փորձառություններ, որոնք թույլ են տալիս իր ուսանողներին ամրապնդել միմյանց և համատեղ ցանկությամբ ստանալ Փրկիչի խաղաղությունը, բժշկումը և շնորհը։ Մեկ այլ հետաքրքիր պահն այն էր, որ դասից հետո մի քանի ուսանողներ շրջապատեցին Մայքլին՝ ողջունելով և հավաստիացնելով նրան, որ նա ընդունված է։

Ինչպես արդեն նշեցի, պատկանելության զգացում ստեղծելու համար նաև անհրաժեշտ է զբաղվել իմաստալի աշխատանքով: Մեր ուսանողները ցանկություն ունեն մասնակցել մարդասիրական աշխատանքներին և բարձրացնել կյանքի հանդեպ այլոց արժանապատվությունը, հավասարությունը և հնարավորությունը: Սովորաբար, նրանք չեն կապում իրենց սովորածը կամ ունեցած հնարավորություններն այսպիսի աշխատանքի հետ: Եվ մինչ երկրի վրա ամենամեծ աշխատանքը Քրիստոսի աշխատանքն է և Իսրայելի հավաքվումն է վարագույրի երկու կողմերում, շատերը սեմինարիայում և ինստիտուտում իրենց ձեռք բերած փորձը չեն կապում այդ գործի հետ:

Կարո՞ղ եք մտածել այն փոփոխությունների մասին, որոնք կարող եք կատարել ձեր ուսուցման մեջ, ձեր փոխհարաբերություններում և դասարանում, որպեսզի ավելի հյուրընկալ լինեք Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ։ Ժամանակ առ ժամանակ գուցե ցանկանաք կապույտ վերնաշապիկ հագնել: Բայց ամենակարևորը, աղոթքով կփորձե՞ք փորձառություններ ապահովել, որոնք կօգնեն ուսանողներին զգալ Երկնային Հոր սերը և ճանաչել իրենց աստվածային ինքնությունն ու ներուժը: Օգնեք նրանց իմանալ, որ դուք մտածում եք նրանց մասին և ընդունում եք նրանց անհատականությունը։ Օգնեք նրանց կապեր հաստատել դասարանի անդամների հետ և ապահով ու պիտանի զգալ: Խրախուսեք նրանց մասնակցել Քրիստոսի գործին՝ օգնելով ուրիշներին առաջ ընթանալ ուխտի արահետով։ Երբ խթանեք այս տեսակի փորձառությունները, նրանք կիմանան, որ համապատասխանում են։

Ես հասկանում եմ, որ ամեն օր չենք կարող այս ամենն անել: Բայց մենք կարող ենք մտածել դրանց մասին, երբ պատրաստվում ենք, ուսուցանում ենք և շփվում ենք մեր ուսանողների հետ։ Կարևոր չէ, թե դուք սեմինարիայում կամ ինստիտուտում եք ուսուցանում, դեմ առ դեմ կամ առցանց եք ուսուցանում, վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան եք ուսուցանում․ այս սկզբունքների ներառումը կօրհնի ձեր ուսանողներին և կօգնի ձեզ անհրաժեշտ փորձառություններ տալ նրանց։

Այնքան լավ բաներ են արդեն կատարվում, իսկ լավագույնը դեռ առջևում է։ Հիշե՛ք, մենք այսքան հեռուն չենք հասել, որ մնանք միայն այստեղ։ Ես գիտեմ, որ եթե մենք անկեղծորեն հայտնություն փնտրենք, Տերը կօգնի մեզ իմանալ, թե ինչպես օրհնել Իր զավակներին: Անհատապես և հավաքականորեն, Նա պատրաստ է մեզ օգնել և փորձառություններ տալ, որոնք կամրացնեն դարձը, կհամապատասխանեն անհատական հոգևոր աճին և կստեղծեն պատկանելության զգացում: Նա պատրաստ է մեզ ավելին տալ: Թող որ մենք շարունակենք հավատքով դիմել Նրան, որպեսզի իմանանք, թե ինչպես օգնենք մեր ուսանողներին իսկապես սովորել ինքնուրույն․ դա իմ աղոթքն է՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել