Ամենամյա հեռարձակումներ
Լսել Նրա ձայնը անհանգիստ ժամանակներում


Լսել Նրա ձայնը անհանգիստ ժամանակներում

Ս&Ի 2020 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

Հունիսի 9, 2020

Ի՜նչ հրաշալի արտոնություն է ձեզ հետ լինելը։ Ես մեծ սեր ունեմ բոլորիդ հանդեպ, ովքեր այնքան ջանասիրաբար աշխատում են սեմինարիաներում և կրոնի ինստիտուտներում (Ս&Ի)։ Ես առաջին անգամ սեմինարիայում սկսել եմ ուսուցանել 42 տարի առաջ, և զարմանում եմ, թե ինչպես անցավ այդ ժամանակը։ Ինձ համար թանկ են հիշողությունները՝ կապված ուսանողների, ուսուցիչների և այլ գործընկերների հետ, որոնց հետ ծառայել եմ տարիների ընթացքում և տարբեր հանձնարարություններ կատարել։ Ես ակնածանքով եմ լցված տասը հազարավոր կանչված ուսուցիչների հանդեպ, ովքեր իրենց ժամանակի մեծ մասն ու սիրտը տալիս են երիտասարդների կյանքն օրհնելու համար։ Ես եղել եմ նրանց մի քանի դասերին աշխարհի բոլոր ծայրերում, և ինձ հուզել է այն, ինչ տեղի է ունենում այդ դասերի ժամանակ։ Ես և Ջիլը կյանքի այն փուլում ենք, երբ մեր թոռներից մի քանիսը բավականաչափ մեծ են սեմինարիա և ինստիտուտ հաճախելու համար, և մենք երախտապարտ ենք ձեզանից նրանց, ովքեր ազդեցություն են ունենալու նրանց վրա։ Շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին, ով ներգրավված է այս մեծ աշխատանքում։

Այս տարվա սկզբին Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հրապարակեց մի տեսանյութ, որը կոչվում է «Ինչպե՞ս եք դուք լսում Նրան»1։ Այդ տեսանյութում նա ասում է. «Սա հատուկ տարի է, մինչ մենք նշում ենք Առաջին տեսիլքի 200-ամյակը, և ես հրավիրում եմ ձեզ խորապես ու հաճախ մտածել այս կարևոր հարցի շուրջ. Ինչպե՞ս եք դուք լսում Նրան։ Ես նաև հրավիրում եմ ձեզ քայլեր ձեռնարկել, որպեսզի ավելի լավ ու ավելի հաճախ լսեք Նրան»։ Ես խորհել եմ այդ հրավերի մասին, հատկապես կապված COVID-19 համաճարակի և դրա հետևանքների հետ, որոնք սկսեցին տարածվել ողջ աշխարհում գրեթե այն ժամանակ, երբ հրապարակվեց տեսանյութը։

Ես նույնիսկ մտածում եմ, որ վերջին մի քանի ամիսները հատուկ հնարավորություն են ընձեռել հասկանալու, թե ինչպես եմ ես լսում Նրան։ Շատ մարդիկ կորցրել են իրենց սիրելիներին այս սարսափելի հիվանդության հետևանքով։ Համաճարակը փոխել է մեր կյանքը և կենսակերպը և ոչնչացրել սովորական առօրյան, որին մենք ընտելացել էինք։ Այն փոխել է մեր ուսման, երկրպագության և հանգստի վայրերը։ Մենք ստիպված ենք եղել այլ կերպ վարվել։ Ս&Ի-ում այն մեզ հնարավորություն է տալիս վերանայել այն ամենը, ինչ անում ենք, ինչպես ենք անում, և տեսնել, թե արդյոք Տերը ցանկանում է, որ մենք որոշ փոփոխություններ կատարենք։ Նա կառաջնորդի մեզ, եթե մենք լսենք Նրան։

Թվում է, թե դժվար ժամանակներն ու գերլարված պահերը հաճախ երկնային առաջնորդության հատուկ ժամանակներ են նրանց համար, ովքեր բաց են ընդունելու այն։ Մտածեք, թե ինչը հանգեցրեց Առաջին տեսիլքին։ Դրանք ժամանակներ էին, որոնք «մարդկանց մեջ առաջացնում էին նկատելի իրարանցումներ և բաժանումներ»2 և «մեծ խառնաշփոթության ու վատ զգացումների» ժամանակներ։3 Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ իր «միտքը համակված էր լուրջ մտախոհությամբ ու մեծ անհանգստությամբ»։4 Նա «վշտացած էր թե՛ [իր] մեղքերի համար և թե՛ աշխարհի մեղքերի համար»։5 Իր համար այդ դժվարին ժամանակներում էր, որ նա գնաց պուրակ և երկինքները բացվեցին։

Ի՞նչ կասենք Լիբերթիի բանտում նրա անցկացրած ժամանակի մասին։ Անձամբ նրա համար պայմանները սարսափելի էին, և բեռը, որը նա զգաց իր ուսերին, երբ Սրբերը դուրս քշվեցին Միսսուրիից, մինչ նա բանտում էր, պիտի որ շատ ծանր լիներ։ Սակայն այդ դժվարին պայմաններում Տերը բացեց Ջոզեֆի հասկացողությունը։

Երբ Ալմա Ավագը հանդիպեց Եկեղեցում առկա խնդիրները լուծելու մարտահրավերին, որտեղ շատ անդամներ մեղքեր էին գործում, նա «իր հոգում խռովվեց»6 և խորհում էր, թե ինչպես վարվել այն անդամների հետ, ովքեր խախտել էին Աստծո օրենքները։ Նա «վախենում էր, որ սխալ վարվեր Աստծո աչքում»,7 ուստի նա «իր ողջ հոգին Աստծուն դուրս թափեց»8 և Տերն ուսուցանեց նրան, թե ինչպես վարվի օրինազանցների հետ։

Խորհեք Փրկիչի խաչելության ժամանակ արևմտյան կիսագնդում մահվան և ավերվածությունների արդյունքում առկա ծայրահեղ ծանր հանգամանքների վերաբերյալ։ Անթափանց խավարի մեջ ողջ ժողովուրդը լսեց և հասկացավ Փրկիչի ձայնը։9 Ավելի ուշ, երբ մարդիկ հավաքվել էին տաճարի շուրջը, նրանք լսեցին Հոր ձայնը, սակայն չհասկացան, մինչև որ լսեցին երրորդ անգամ, երբ «բացեցին իրենց ականջները՝ լսելու այն. և նրանց աչքերը ձայնին էին ուղղված»։10 Այդ ժամանակ էր, որ նրանք լսեցին, թե ինչպես Հայրը ներկայացրեց Որդուն և ասաց՝ «լսե՛ք նրան»։11 Այդպես սկսվեցին ապշեցուցիչ իրադարձությունները, մինչ Փրկիչը սպասավորում էր մարդկանց, որոնց արտոնվեց լսել Նրան։

Այս օրինակներից յուրաքանչյուրում տեսնում ենք անսահման հայտնություններ, ինչը օրհնություն էր Եկեղեցու և աշխարհի համար․ թե՛ այն ժամանակների մարդկանց, թե՛ ապագա սերունդների համար։ Ներգրավված անհատները նաև մի քանի խիստ անձնական հայտնություն և օրհնություն ստացան։

Սրբազան պուրակում Ջոզեֆի փորձառության ընթացքում ի լրացում բացահայտմանը, որ նա չպիտի միանար եկեղեցիներից ոչ մեկին, նա ուսուցանվեց «էլի շատ բաներ»։12 Տերը նաև ասաց նրան, որ նրա մեղքերը ներվել էին։13

Լիբերթիի բանտում Ջոզեֆը խոստում ստացավ, որ «սրտով մաքուրները և իմաստունները և ազնվահոգիները և առաքինիները, շարունակ խորհուրդ և իշխանություն և օրհնություններ պիտի փնտրեն քո ձեռքի տակ»։14

Ալմա Ավագը հրահանգներ ստացավ ոչ միայն այն բանի վերաբերյալ, թե ինչպես վարվել օրինազանցների հետ, այլև ստացավ խիստ անձնական ուղերձ։ Նրան ասվեց, որ նա կունենար հավերժական կյանք։15

Մարդկանց, ովքեր լսեցին Փրկիչին, երբ Նա այցելեց Լիառատ երկիրը, ուսուցանվեց ոչ միայն Քրիստոսի վարդապետությունը և այլ կարևոր ուսմունքներ, այլև նրանցից յուրաքանչյուրին անհատապես թույլ տրվեց դիպչել Նրա մարմնի վերքերին և անձամբ վկա դառնալ Փրկիչ Հիսուս Քրիստոսի իրական լինելուն։16

Մենք չենք կարող ակնկալել առաջնորդություն և ոգեշնչում ստանալ լոկ մեր հանձնարարություններում և կոչումներում որոշումներ կայացնելիս, այլ Տերը մեզ բավականաչափ սիրում է՝ ավելացնելով անձնական օրհնություններ և ոգեշնչում՝ դժվարությունների ժամանակ։

Ալմայի գրքի վերջին գլուխներում մենք կարդում ենք, որ «Նեփիացիների ու Լամանացիների միջև պատերազմի չափազանց երկարատևության պատճառով շատերը դարձել էին կարծրացած,… շատերն էլ փափկել էին՝ իրենց չարչարանքների պատճառով, այնպես որ նրանք իրենց խոնարհեցրել էին Աստծո առաջ, մինչև իսկ համեստության խորքերը»։17 Մինչ մենք հանդիպում ենք դժվար ժամանակների, մենք կարող ենք փափկել և խոնարհեցնել մեզ։ Դա այն դարձնում է հնարավորությունների ժամանակ, նշանակալի ժամանակ՝ լսելու Նրան։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք բավականաչափ փոփոխություններ ենք ունեցել, որոնք օգնել են մեզ հասկանալ, թե ինչն է հնարավոր հեռացնել․ բաներ, որոնք գուցե լավ ծառայել են մեզ, բայց էական չեն առաջ գնալու համար և նույնիսկ կարող են դանդաղեցնել մեր առաջընթացը, եթե կառչենք դրանցից։ Մենք գուցե ապրում ենք ժամանակներ, երբ կարող ենք հարմարվել և պատրաստվել ապագային՝ ավելի քիչ սահմանափակումներով, քան մենք կարող էինք տեսնել նախկինում։

Ես երբեմն մտածում եմ, որ շատ անգամ կանչվել եմ, սակայն «չեմ կամեցել լսել»։18 Ներկա իրավիճակը կարող է օգնել մեզ հաղթահարել դա։ Ես զգում եմ, որ մենք հնարավորություն ունենք փոխվելու և նախապատրաստվելու «մի ձևով, որը երբեք հայտնի չէր եղել»։19

Ես խրախուսում եմ մեր նպատակին հասնելու համար գործադրել ջանքեր՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչպես լավագույնս օրհնել այս աճող սերնդի կյանքը մեր փոփոխվող ժամանակներում։ Ինձ համար հետաքրքրական էր այն, որ երբ Տերը Եկեղեցուն ուսուցանում է հոգևոր պարգևների մասին, Նա բացատրում է՝ «ոմանց տրված է, Սուրբ Հոգուց, իմանալ պաշտոնավարության տարբերությունները … իր ողորմությունները համապատասխանեցնելով մարդկանց զավակների պայմաններին»։20 Մարդկանց զավակների պայմանները փոխվում են, և Նա համապատասխանեցնում է Իր ողորմությունները՝ համաձայն այդ պայմանների։ Մեզ անհրաժեշտ է պաշտոնավարության տարբերություններն իմանալու պարգևը, որպեսզի մենք կարողանանք օգնել՝ համաձայն մարդկանց զավակների պայմանների։ Այդ պայմանները փոխվել են և կփոխվեն ապագայում։

Եթե մենք սովորենք ավելի լավ լսել Նրան և ստանալ անհրաժեշտ օգնություն մեր թանկարժեք ուսանողներին ուսուցանելու համար, ես զգում եմ, որ մեզ կտրվեն նաև անձնական գանձեր և գիտելիքներ, ճիշտ, ինչպես Ջոզեֆ Սմիթի, Ալմայի և Լիառատ երկրի ժողովրդի դեպքում։ Այդ անհատական ուղերձները կտրվեն մեզ, եթե մենք խոնարհ կլինենք և բաց՝ Տիրոջ առաջնորդության համար։ Դրանք գուցե տրվեն անսպասելի, ինչպես հաճախ տրվում են նրանց, ովքեր կենտրոնացած են ուրիշների վրա, սակայն դրանք զորեղ օրհնություններ են։

Անցած ամառ նորվեգացի երգչուհի Սիսելը Տաճարային Հրապարակում ելույթ ունեցավ Թաբերնաքլի երգչախմբի հետ։ Նա երգեց մի գեղեցիկ երգ, որի վերնագիրն էր «Դանդաղիր»։21 Այն հուզիչ էր և հզոր։ Ես հրավիրում եմ ձեզ գտնել և դիտել այն YouTube.com-ում։ Ուղերձը մասնավորապես կիրառելի է թվում այս հատուկ ժամանակներում։ Ահա երգի որոշ բառերը․

Երբ խորապես շփոթված եմ,

Հուսահատ եմ երբ սաստիկ,

Երբ մտքերս խառնված են,

Ձայնը անուշ ասում է ինձ․

Դանդաղիր, խաղաղվիր,

Սպասիր, ձայնին մեղմ ու կամաց,

Երբ կհնչի, այդժամ լսիր,

Եվ իմացիր՝ Նա է Աստված։

Երբ դժվար է օրը իմ,

Երբ վստահ չեմ ես ինձ զգում,

Երբ ճնշված եմ տակավին,

Ձայնն է հանգիստ այդ հնչում․

Դանդաղիր, խաղաղվիր, հոգիս,

Սպասիր, ձայնին մեղմ ու կամաց,

Երբ կհնչի, այդժամ լսիր,

Եվ իմացիր՝ Նա է Աստված։

Եկեք օգտվենք այս պատմական պահից։ Դանդաղե՛նք։ Լսե՛նք Նրան։ Ապա առաջ շարժվենք։ Սա ինչ-որ բան կփոխի երիտասարդների համար, ում կյանքը մենք փորձում ենք օրհնել, և այն ինչ-որ բան կփոխի անհատապես մեզ համար։

Ես աղոթում եմ, որ Տերը օրհնի ձեզանից յուրաքանչյուրին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել