2010–2019 թթ․
Եկեք և տեսեք
Հոկտեմբեր 2014


15:28

Եկեք և տեսեք

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին միշտ եղել է և միշտ էլ կլինի միսիոներական եկեղեցի:

Իմ ուղերձն ուղղված է հատկապես այն անձանց, ովքեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ չեն: Ես կանդրադառնամ մի հիմնադրույթային հարցի, որը ձեզանից շատերն ունեն. «Ինչո՞ւ են Վերջին Օրերի Սրբերը այդպես ձգտում պատմել ինձ այն բանի մասին, ինչին նրանք հավատում են, և հրավիրում են ինձ սովորել իրենց Եկեղեցու մասին»:

Աղոթում եմ, որ Տիրոջ Հոգին օգնի ինձ արդյունավետորեն հաղորդակցվել և, որ դուք հստակորեն հասկանաք այս կարևոր հարցի իմ պատասխանը:

Աստվածային հանձնարարություն

Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտները միշտ եղել են և կլինեն քաջարի միսիոներներ: Միսիոները Քրիստոսի հետևորդ է, որը վկայում է Նրա մասին որպես Քավիչ և հռչակում Նրա ավետարանի ճշմարտությունները:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին միշտ եղել է և միշտ կլինի միսիոներական եկեղեցի: Փրկչի Եկեղեցու անդամներն անհատապես ընդունել են լուրջ պարտավորությունն՝ օգնելու կատարել աստվածային հանձնարարությունը, որը տրվել է Տիրոջ կողմից Իր Առաքյալներին և արձանագրված է Նոր Կտակարանում.

«Ուրեմն գնացէ՛ք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.

Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը: Ամեն»: (Մատթէոս ԻԸ.19–20):

Վերջին Օրերի Սրբերը լրջորեն են ստանձնում Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին բոլոր մարդկանց բոլոր ազգերում ուսուցանելու այս պարտավորությունը: Մենք հավատում ենք, որ նույն Եկեղեցին, որը հիմնադրվել էր Փրկչի կողմից հին դարերում, վերահաստատվել է երկրի վրա Նրա կողմից վերջին օրերում: Նրա ավետարանի վարդապետությունը, սկզբունքները, քահանյության իշխանությունը, արարողությունները և ուխտերը գտնվում են այսօր Նրա Եկեղեցում:

Երբ մենք հրավիրում ենք ձեզ հաճախել եկեղեցի մեզ հետ կամ սովորել լիաժամկետ միսիոներների հետ, մենք չենք փորձում ձեզ ապրանք վաճառել: Որպես Եկեղեցու անդամներ, մենք չենք ստանում մրցանակներ, դրամական պարգև և միավորներ երկնային մրցույթում: Մենք չենք ձգտում ուղղակի մեծացնել Եկեղեցու թվաքանակը: Եվ ամենակարևորը մենք չենք փորձում ստիպել ձեզ հավատալ, ինչպես մենք ենք հավատում: Մենք հրավիրում ենք ձեզ լսել Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնված ճշմարտությունները, որպեսզի դուք կարողանաք ուսումնասիրել, խորհել և ձեզ համար բացահայտել, թե այն բաները, որոնցով մենք կիսվում ենք ձեզ հետ, արդյոք ճշմարիտ են:

Ձեզանից ոմանք գուցե ասեն. «Բայց ես արդեն հավատում եմ Հիսուսին և հետևում եմ Նրա ուսմունքներին» կամ «Ես համոզված չեմ, որ Աստված իսկապես գոյություն ունի»: Ձեզ ուղղված մեր հրավերները ձեր կրոնական ավանդույթը կամ կյանքի փորձառությունը նվաստացնելու փորձ չէ: Բերեք բոլոր այն բաները, որոնք դուք գիտեք, որ ճշմարիտ է, բարի, և գովասանքի արժանի և ստուգեք մեր ուղերձը: Ճիշտ ինչպես Հիսուսը կանչեց Իր երկու աշակերտներին՝ «եկէք և տեսէք» (Հովհ. Ա.39), այնպես էլ մենք ենք հորդորում ձեզ գալ և տեսնել, թե Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ինչպես է համալրում և հարստացնում այն, ինչը դուք արդեն հավատում եք, որ ճշմարիտ է:

Մենք իսկապես լուրջ պատասխանատվություն ենք զգում տանելու այս ուղերձը ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի: Եվ դա ճիշտ հենց այն է, ինչ մենք անում ենք 88000 լիաժամկետ միսիոներների ուժով, ովքեր աշխատում են ավելի քան 150 անկախ պետություններում ողջ աշխարհով մեկ: Այս նշանավոր տղամարդիկ և կանայք օգնում են մեր Եկեղեցու անդամներին կատարել աստվածայնորեն հանձնարարված և մեզանից յուրաքանչյուրիս տրված Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանը հռչակելու անձնական պարտավորությունը (տես ՎևՈՒ 68.1):

Ավելի քան հոգևոր պարտավորություն

Բայց այս ուղերձը հայտարարելու մեր ձգտումը պարզապես հոգևոր պարտավորվածության արդյունք չէ: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով կիսվելու ցանկությունը ավելի շուտ արտացոլումն է այն բանի, թե որքան կարևոր են այս ճշմարտությունները մեզ համար: Կարծում եմ, ես կարող եմ լավագույն ձևով նկարագրել, թե ինչու ենք մենք այդքան վճռական՝ մեր հավատալիքները ձեզ բացատրելու ձգտումում, մի փորձառությամբ, որը ես և կինս ենք ունեցել շատ տարիներ առաջ մեր որդիներից երկուսի հետ:

Մի երեկո Սյուզանը և ես կանգնած էինք մեր տան պատուհանի մոտ և հետևում էինք մեր երկու փոքր տղաներին, որոնք խաղում էին դրսում: Իրենց արկածների ընթացքում, տղաներից փոքրը թեթևակի վնասվեց մի փոքրիկ պատահարից: Մենք արագ հասկացանք, որ նա լուրջ չէր վնասվել, և մենք որոշեցինք անմիջական օգնություն ցույց չտալ: Մենք ցանկանում էինք հետևել և տեսնել, թե արդյոք եղբայրական բարության մեր ընտանեկան քննարկումներից որևէ բան տեղ հասել էր, թե ոչ: Այն ինչ պատահեց հետո և հետաքրքիր էր և ուսուցողական:

Ավագ եղբայրը հանգստացրեց և հոգատարությամբ օգնեց փոքրին տուն վերադառնալ: Սյուզանը և ես դիրք էինք գրավել խոհանոցի կողքին, որպեսզի տեսնեինք, թե հետո ինչ պիտի լիներ, և մենք պատրաստ էինք անմիջապես միջամտել, եթե այլ մարմնական վնասվածք կամ լուրջ պատճառ լիներ:

Ավագ եղբայրը մի աթոռ քաշեց խոհանոցի լվացարանի մոտ: Նա բարձրացավ աթոռին, օգնեց եղբորը աթոռին բարձրանալ, միացրեց ջուրը և սկսեց մեծ քանակությամբ աման լվանալու հեղուկ օճառ լցնել իր եղբոր քերծված թևին: Նա արեց ինչ կարող էր խնամքով կեղտը լվանալու համար: Այդ ժամանակ փոքր եղբոր արձագանքը կարելի է միայն ճշտորեն նկարագրել՝ օգտագործելով սուրբ գրությունների բառերը.«Եվ նրանք պատճառ կունենան ոռնալու և ողբալու և կաղկանձելու և կրճտացնելու իրենց ատամները» (Մոսիա 16.2): Եվ ինչպես էր այդ փոքրիկ տղան ոռնում:

Լվանալուց հետո նա թևը խնամքով չորացրեց: Ի վերջո, ճչոցը դադարեց: Ավագ եղբայրը հետո բարձրացավ խոհանոցի սեղանին, բացեց դարակը և գտավ դեղորայքային քսուքի մի նոր տուփ: Չնայած իր փոքր եղբոր քերծվածքները մեծ կամ խորը չէին, ավագ եղբայրն օգտագործեց գրեթե ողջ տուփը, ամբողջ վնասված թևի վրա: Ճչոցները չկրկնվեցին, քանի որ փոքր եղբորն ակնհայտորեն շատ ավելի դուր եկավ քսուքի հանգստացնող ազդեցությունը, քան աման լվացող օճառի մաքրող ազդեցությունը:

Ավագ եղբայրը կրկին վերադարձավ այն դարակի մոտ, որից նա գտել էր քսուքը և վերցրեց ախտազերծված վիրակապերի մի արկղ: Ապա նա բացեց փաթեթը և վիրակապը փաթաթեց իր եղբոր ամբողջ թևի վրա, դաստակից մինչև արմունկը: Առաջին օգնությունը ցույց տալուց հետո, և օճառի պղպջակները, քսուքն ու վիրակապերը ողջ խոհանոցով մեկ թափված, երկու փոքրիկ տղաները վար ցատկեցին աթոռի վրայից պայծառ ժպիտներով և երջանիկ դեմքերով:

Այն ինչ պատահեց հետո, ամենակարևորն է: Վնասված եղբայրը հավաքեց բոլոր մնացած վիրակապերը և գրեթե դատարկ քսուքի տուփը և ետ գնաց դուրս: Նա արագ գտավ իր ընկերներին և սկսեց քսուք դնել և վիրակապել նրանց թևերը: Սյուզանը և ես ապշել էինք նրա արձագանքի անկեղծության, խանդավառության և արագության վրա:

Ինչո՞ւ այդ փոքրիկ տղան այդպես վարվեց: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ նա անմիջապես և կանխազգացությամբ ցանկացավ տալ իր ընկերներին հենց այն, ինչն օգնել էր իրեն, երբ նա վնասվել էր: Այդ փոքրիկ տղային պետք չէր ստիպել, կոչ անել, հուշել կամ խթանել, որ գործի: Նրա ցանկությունը, առավել օգտակար և շահավետ անձնական փորձով կիսվելու բնական հետևանք էր:

Մեզանից շատերը որպես չափահասներ վարվում ենք ճիշտ նույն կերպ, երբ մենք գտնում ենք բուժում կամ դեղորայք, որը վերացնում է ցավը, որից մենք երկար տառապել ենք, կամ ստանում ենք խորհուրդ, որն օգնում է մեզ դիմակայել մարտահրավերներին խիզախությամբ, իսկ շփոթմունքները՝ համբերությամբ: Այլ մարդկանց հետ կիսվելով այն բաներով, որոնք ամենաիմաստալին են մեզ համար, կամ օգնել են մեզ, միանգամայն անսովոր մի բան չէ:

Այս նույն օրինակը հատկապես ակնառու է մեծ հոգևոր կարևորություն և հետևանք ունեցող հարցերում: Օրինակ, մի պատմություն սուրբ գրքի մի հատորում, որը հայտնի է որպես Մորմոնի Գիրք, պատկերվում է մի երազ, որը ստացել էր Լեքի անունով հնադարյան մի մարգարե առաջնորդ: Լեքիի երազի կենտրոնական առանձնահատկությունը կենաց ծառն է, որը ներկայացնում է «Աստծո սերը», որը «ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի» և «հոգու համար ամենաբերկրալին» (1 Նեփի 11.22–23, տես նաև 1 Նեփի 8.12, 15):

Լեքին բացատրել է.

«Եվ եղավ այնպես, որ ես առաջ գնացի և ճաշակեցի դրա պտղից. և տեսա, որ այն ամենաքաղցրն էր բոլորից, որ ես նախկինում երբևիցե փորձել էի: Այո, և ես նկատեցի, որ դրա պտուղը ճերմակ է՝ գերազանցելով ամեն ճերմակություն, որ ես երբևէ տեսել էի:

Եվ, երբ ես ճաշակեցի դրա պտղից, այն լցրեց իմ հոգին չափազանց մեծ ուրախությամբ. ուստի ես սկսեցի փափագել, որ իմ ընտանիքն էլ ճաշակի դրանից, քանի որ գիտեի, որ այն բաղձալի է բոլոր մյուս պտուղներից ավելի» (1 Նեփի 8.11–12, շեշտադրումն ավելացված է):

Իր զավակների հանդեպ Աստծո սիրո մեծագույն դրսևորումներից մեկը մահկանացու ծառայությունն է, քավող զոհաբերությունը և Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը: Ծառի վրայի պտուղը կարող է համարվել Փրկչի Քավության օրհնությունների մի խորհրդանիշ:

Կենաց ծառի պտղից ճաշակելուց և մեծ ուրախություն զգալուց հետո Լեքիի վայրկենական արձագանքն էր՝ իր ընտանիքի հետ կիսվելու և նրանց ծառայելու աճող բաղձանքը: Այսպիսով, երբ նա դարձավ դեպի Քրիստոս, նա նաև դարձավ դեպի մյուսները՝ սիրով և ծառայությամբ:

Մեկ այլ կարևոր դրվագ Մորմոնի Գրքում նկարագրում է, թե ինչ պատահեց Ենովս անունով մի մարդու հետ, երբ նրա լուրջ և աղերսալի աղոթքը լսվեց և պատասխանվեց Աստծո կողմից:

Նա ասել է.

«Եվ իմ հոգին քաղցում էր. և ես ծնկի իջա իմ Արարչի առջև, և ես աղաղակեցի առ նա զորեղ աղոթքով և աղաչանքով իմ սեփական հոգու համար. և ողջ օրվա ընթացքում ես աղաղակեցի առ նա, այո, և երբ եկավ գիշերը, ես դեռ բարձրացնում էի իմ ձայնը վեր, այնպես որ այն հասավ երկինքներին:

Եվ մի ձայն եկավ ինձ ասելով. Ենովս քո մեղքերը ներված են քեզ, և դու պիտի օրհնվես:

Եվ ես Ենովսս, գիտեի, որ Աստված չէր կարող ստել, ուստի, իմ հանցանքը սրբվեց:

Եվ ես ասացի. Տեր, ինչպե՞ս եղավ դա:

Եվ նա ասաց ինձ. Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ, որին դու երբեք նախկինում ոչ լսել ես, ոչ տեսել: … Ուստի գնա, քո հավատքը քեզ ողջ դարձրեց:

Արդ, եղավ այնպես, որ երբ ես լսեցի այս խոսքերը, ես սկսեցի ցանկություն զգալ իմ եղբայրների՝ Նեփիացիների բարօրության համար. ուստի, ես դուրս թափեցի իմ ողջ հոգին առ Աստված, նրանց համար» (Ենովս 1.4–9, շեշտադրումն ավելացված է):

Երբ Ենովսը դարձավ դեպի Տերը «սրտի ողջ նվիրվածությամբ» (2 Նեփի 31.13), նրա մտահոգությունը իր ընտանիքի, ընկերների և ծանոթների համար սկսեց միաժամանակ աճել:

Այս հարատև դասը, որից մենք սովորում ենք այս երկու դրվագներում, մեր անձնական կյանքում Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունների կարևորությունը զգալն է, նախքան անկեղծ և իսկական ծառայություն մատուցելը, որը շատ ավելին է, քան պարզապես «որոշ գործողություններ կատարելը»: Ճիշտ Լեքիի, Ենովսի և իմ պատմած դեպքից մեր փոքրիկ տղայի նման, մենք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, զգացել ենք հոգևոր անորոշության և մեղքի հետ կապված տառապանքը: Մենք նաև զգացել ենք մաքրվելը, խղճի խաղաղությունը, հոգևոր ապաքինումը և վերածնունդը և առաջնորդությունը, որոնք ձեռք են բերվում միայն սովորելով և ապրելով Փրկչի ավետարանի սկզբունքներով:

Հիսուս Քրիստոսի Քավությունն ապահովում է ախտահանիչը, որն անհրաժեշտ է անբիծ և մաքուր դառնալու համար, հանգստացնող սպեղանին՝ ապաքինելու հոգևոր վերքերը և վերացնելու հանցանքը, և այն պաշտպանությունը, որը հնարավորություն է տալիս մեզ հավատարիմ լինել ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում:

Գոյություն ունի բացարձակ ճշմարտություն

Ձեզ, ընտանիքի անդամներ և ընկերներ, ովքեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ չեք, ես փորձեցի բացատրել հիմնական պատճառները, թե ինչու ենք մենք միսիոներներ:

Բացարձակ ճշմարտությունը գոյություն ունի մի աշխարհում, որը գնալով ավելի է արհամարհում և հերքում բացարձակ ճշմարտությունները: Ապագայում մի օր «ամեն ծունկ [պիտի] խոնարհվի» և «ամեն լեզու [պիտի] դավանէ, թե Հիսուս Քրիստոսը Տէր է Հոր Աստուծոյ փառքի համար» (Փիլիպպեցիս Բ.10–11): Հիսուս Քրիստոսը բացարձակապես Հավերժական Հոր Միածին Որդին է: Որպես Նրա Եկեղեցու անդամներ մենք վկայում ենք, որ Նա ապրում է, և Նրա Եկեղեցին վերականգնվել է իր լրիվությամբ այս վերջին օրերում:

Հրավերները, որոնք մենք հղում ենք ձեզ, մեր ուղերձն իմանալու և ստուգելու վերաբերյալ, գալիս են այն դրական ազդեցություններից, որոնք Հիսուս Քրիստոսի ավետարանը թողել է մեր կյանքում: Երբեմն մենք գուցե տարօրինակ կամ բուռն կամ նույնիսկ անդրդելի լինենք մեր փորձերում: Մեր պարզ ցանկությունն է կիսվել ձեզ հետ այն ճշմարտություններով, որոնք մեծագույն արժեք ունեն մեզ համար:

Լինելով Տիրոջ Առաքյալներից մեկը, իմ հոգու ողջ ավյունով, ես բերում եմ վկայություն Նրա աստվածայնության և իրականության մասին: Եվ ես հրավիրում եմ ձեզ «եկեք և տեսեք» (Հովհաննես Ա.39), Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: