Մեղքին դիմակայող սերունդ
Երբ դուք ուսուցանեք, առաջնորդեք ու սիրեք երեխաներին, դուք կստանաք անձնական հայտնություն, որը կօգնի ձեզ մեծացնել ու զինել քաջ, մեղքին դիմակայող սերունդ:
Մեկ տարի առաջ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոսեց «մեղքին դիմակայող սերունդ ուսուցանելու և մեծացնելու» անհրաժեշտության մասին: «Մեղքին դիմակայող սերունդ» արտահայտությունը խորը հոգևոր իմաստ ունեցավ ինձ համար:
Մենք պատվում ենք այն երեխաներին, ովքեր ձգտում են ապրել մաքուր ու հնազանդ կյանքով: Ես ականատես եմ եղել շատ երեխաների զորությանն ամբողջ աշխարհով մեկ: Նրանք դիմակայում են, «հաստատուն և անխախտ» են զանազան դժվարին հանգամանքներում և միջավայրերում: Այս երեխաները հասկանում են իրենց աստվածային էությունը, զգում են Երկնային Հոր սերն իրենց հանդեպ և ձգտում են հնազանդվել Նրա կամքին:
Այնուամենայնիվ, կան երեխաներ, ովքեր «հաստատուն և անխախտ» կանգնելու համար ճիգեր են գործադրում, և ում նրբազգաց մտքերը խոցվում են: «Հակառակորդի կրակոտ նետերը» գրոհում են նրանց վրա ամեն կողմից, և նրանք ունեն զորացման ու աջակցության կարիք: Նրանք մեզ համար մեծ շարժառիթ են հանդիսանում, որպեսզի մենք ներգրավվենք մեր երեխաներին Քրիստոսի մոտ բերելու մեջ ու մեղքի դեմ պատերազմ մղենք:
Եկեք լսենք Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի խոսքերը, որոնք նա ասել է 43 տարի առաջ.
«Որպես Եկեղեցու անդամներ, մենք ներգրավված ենք մի հզոր պայքարի մեջ: Մենք պատերազմի մեջ ենք: Մենք զինվորագրված ենք Քրիստոսի բանակում` Լյուցիֆերի դեմ կռվելու համար: …
Մեծ պատերազմը, որը մոլեգնում է ամենուր, և որը, դժբախտաբար, մեծ կորուստներ է տալիս, ընդհուպ մահացու, նորություն չէ: …
Այժմ այս պատերազմում չկան ու չեն էլ կարող լինել չեզոք գոտում գտնվողներ»:
Այսօր պատերազմն ավելի ուժգին է շարունակվում: Այն ազդում է բոլորիս վրա, իսկ մեր երեխաներն առաջին գծում են կանգնած` դեմ առ դեմ հակազդող ուժերին: Այսպիսով, կարիքը դրդում է, որ մենք ամրացնենք մեր հոգևոր ռազմավարությունը:
Որպեսզի երեխաները դառնան մեղքին դիմակայող, նրանց պիտի ամրացնենք, որն էլ հանդիսանում է ծնողների, տատիկ-պապիկների, ընտանիքի անդամների, ուսուցիչների ու ղեկավարների պարտականությունն ու օրհնությունը: Մեզանից յուրաքանչյուրն օգնելու պատասխանատվություն է կրում: Այնուամենայնիվ, Տերը, հատկապես ծնողներին է պատվիրել ուսուցանել իրենց երեխաներին, որպեսզի նրանք «հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի` առ Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի», և «[աղոթեն] և ուղիղ [քայլեն] Տիրոջ առաջ»:
Այն հարցը, թե ինչպես «[մեծացնենք մեր] երեխաներին լույսի և ճշմարտության մեջ», կարող է դժվար լինել, քանի որ այն անհատականացված է յուրաքանչյուր ընտանիքի ու յուրաքանչյուր երեխայի համար, սակայն Երկնային Հայրը տվել է համընդհանուր ուղենիշներ, որոնք մեզ կօգնեն: Սուրբ Հոգին մեզ կոգեշնչի ամենաարդյունավետ ձևերով, որպեսզի մեր երեխաներին ապահովենք հոգևոր պաշտպանությամբ:
Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ այս պատասխանատվության կարևորությունը: Մենք պետք է հասկանանք մեր և նրանց աստվածային էությունն ու նպատակը, նախքան կկարողանանք օգնել մեր երեխաներին հասկանալ, թե ովքեր են իրենք և ինչու են այստեղ: Մենք, անկասկած, պետք է օգնենք նրանց հասկանալ, որ իրենք սիրառատ Երկնային Հոր որդիներն ու դուստրերն են, և որ Նա աստվածային ակնկալիքներ ունի իրենցից:
Երկրորդ` մեղքին դիմակայող դառնալու համար անհրաժեշտ է հասկանալ ապաշխարության վարդապետությունը: Մեղքին դիմակայող լինել չի նշանակում անմեղ լինել, այլ նշանակում է շարունակաբար ապաշխարող, զգոն ու անվեհեր լինել: Գուցե մեղքին դիմակայող լինելը օրհնություն է, որը գալիս է շարունակաբար մեղքին դիմակայելուց: Ինչպես ասել է Հակոբոսը. «Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, և նա կփախչի ձեզանից»:
Պատանի մարտիկներն «անսահման անվեհեր էին խիզախության մեջ, … , բայց ահա, դա բոլորը չէր, նրանք … հավատարիմ էին բոլոր դեպքերում, ինչ էլ որ նրանց վստահվում էր: Այո, … նրանց սովորեցրել էին պահել Աստծո պատվիրանները և քայլել ուղիղ` նրա առաջ»: Այս երիտասարդ տղամարդիկ պատերազմ գնացին` Քրիստոսանման արժանիքները որպես զենք կրելով իրենց հակառակորդի դեմ: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հիշեցրել է մեզ, որ «մենք բոլորս էլ պետք է մշտապես քաջություն դրսևորենք: Մեր ամենօրյա կյանքում քաջությունը պարտադիր է ոչ թե նշանակալից իրադարձությունների համար, այլ շատ հաճախ որոշումներ կայացնելիս կամ մեզ շրջապատող իրավիճակներին արձագանքելիս»:
Մեր երեխաները կրում են հոգևոր զենք, երբ ամեն օր փորձում են լինել Քրիստոսի իսկական հետևորդ: Մենք գուցե թերագնահատում ենք երեխաների` ամեն օր Քրիստոսի հետևորդ լինելու կարողության գաղափարը: Նախագահ Հենրի Բ. Այրինգը մեզ խորհուրդ է տվել «սկսել վաղ տարիքում և հաստատուն կերպով շարունակել»: Այսպիսով, երեխաներին օգնելու երրորդ բանալին, որպեսզի նրանք դառնան մեղքին դիմակայող, վաղ տարիքում նրանց ավետարանի հիմնական վարդապետությունն ու չափանիշները սիրով ուսուցանելն է սուրբ գրություններից, Հավատո հանգանակից, «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից, Երեխաների Խմբի երգերից, օրհներգերից և մեր անձնական վկայություններից, որոնք կառաջնորդեն երեխաներին դեպի Փրկիչը:
Աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության, ընտանեկան երեկոյի և Հանգստության օրը երկրպագելու հետևողական սովորություններ ստեղծելը հանգեցնում է լիարժեքության զգացումի, ներքին կայունության և բարոյական բարձր արժեքների, այլ կերպ ասած` հոգևոր ուժի: Այսօրվա աշխարհում, որտեղ շիտակությունն անհետացել է, մեր երեխաներն արժանի են հասկանալ, թե ինչ է նշանակում իսկական շիտակությունը, և ինչու է այն այդքան կարևոր, հատկապես, երբ մկրտության ժամանակ և տաճարում պատրաստում ենք նրանց կապել ու պահել սրբազան ուխտերըԻնչպես ուսուցանում է «Քարոզիր իմ ավետարանը»,ձեռնարկը՝ «Պարտավորություններ պահելը մարդկանց [այդ թվում նաև տարիքով փոքր երիտասարդներին] օգնում է կապել ու պահել սուրբ ուխտերը»:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Երբ մենք խոսում ենք ուխտ պահելու մասին, խոսում ենք մահկանացու կյանքում մեր ամենակարևոր նպատակի մասին»: Արտասովոր ուժ կա մեր Երկնային Հոր հետ ուխտեր կապելու և պահելու մեջ: Հակառակորդը գիտի դա, դրա համար նա մթագնում է ուխտ կապելու գաղափարը: Երեխաներին օգնելը, որպեսզի նրանք հասկանան, կապեն ու պահեն սրբազան ուխտերը, հանդիսանում է ևս մեկ բանալի մեղքին դիմակայող սերունդ ձևավորելու համար:
Ինչպե՞ս ենք մեր երեխաներին նախապատրաստում կապել ու պահել սրբազան ուխտեր, երբ նրանք մտնեն ուխտի մեջ ու առաջ ընթանան այդ ճանապարհով: Փոքր հասակում երեխաներին ուսուցանելով պահել հասարակ խոստումները, կօգնենք նրանց հետագայում պահել սուրբ ուխտերը:
Թույլ տվեք ձեզ հետ կիսվել մի պարզ օրինակով. ընտանեկան երեկոյի ժամանակմի հայր հարցրեց. «Ինչպե՞ս են մեր հարաբերություններն ընտանիքում միմյանց հետ»: Հինգ տարեկան Լիզին բողոքեց, որ իր մեծ եղբայրը` Քեվինը, շատ էր կատակում իր հետ, և վիրավորում էր իր զգացմունքները: Քեվինը դժկամորեն ընդունեց, որ Լիզին ճիշտ է: Քեվինի մայրը հարցրեց նրան, թե նա ինչ կարող է անել, որպեսզի լավացնի իր հարաբերությունները քրոջ հետ: Քեվինը մտածեց ու որոշեց, որ նա կխոստանա Լիզիին, որ մի ամբողջ օր չի կատակի նրա հետ:
Հաջորդ օրվա վերջում, երբ բոլորը հավաքվեցին ընտանեկան աղոթքի համար, Քեվինի հայրը հարցրեց նրան, թե ինչպես է նա իրեն պահել: Քեվինը պատասխանեց. «Հայրի՛կ, ես խոստումս պահել եմ»: Լիզին ուրախությամբ համաձայնվեց և ընտանիքը շնորհավորեց Քեվինին:
Այնուհետև Քեվինի մայրն առաջարկեց, որ եթե նա իր խոստումը կարող է պահել մի օր, ապա ինչո՞ւ չպիտի փորձի պահել երկու օր: Երկու օր անցավ, Քեվինին հաջողվում էր պահել իր խոստումը, իսկ Լիզին ավելի քան երախտապարտ էր: Երբ նրա հայրը հարցրեց, թե ինչու է նա պահում իր խոստումներն այդքան լավ, Քեվինն ասաց. «Ես պահեցի իմ խոստումը, որովհետև խոստացել էի»:
Փոքր, հաջողությամբ պահված խոստումների հաջորդականությունը տանում է դեպի շիտակություն: Խոստումը հետևողականորեն պահելը երեխաների համար հոգևոր նախապատրաստություն է, որպեսզի ստանան մկրտության իրենց առաջին ուխտը և Սուրբ Հոգու պարգևը, որտեղ նրանք Աստծուն ծառայելու և Նրա պատվիրանները պահելու ուխտ են կապում: Խոստումներն ու ուխտերը միմյանցից անբաժան են:
Դանիելի գրքից մենք սովորում ենք, որ Սեդրաքը, Միսաքը ու Աբեդնագովը հրաժարվում են պաշտել Նաբուգոդոնոսոր թագավորի արձանը: Թագավորը զգուշացնում է, որ նրանց կգցեն բորբոքված կրակով հնոցը, եթե չհնազանդվեն: Նրանք հրաժարվեցին ու ասացին:
«Ահա մեր Աստուածը որիմ մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը: …
«Եվ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում»:
«Եվ եթէ ոչ»: Խորհեք այս երեք բառերի նշանակության մասին, և ինչպես են դրանք առնչվում ուխտեր պահելու հետ: Այս երեք երիտասարդ տղամարդիկ չհնազանդվեցին պարզապես փրկվելու համար: Նույնիսկ, եթե չփրկվեին, նրանք կպահեին Տիրոջը տված իրենց խոստումը, որովհետև նրանք խոստացել էին: Անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակում ենք, պետք է պահենք մեր ուխտերը: Այս երեք երիտասարդ տղամարդիկ, պատանի մարտիկների նման, մեր երեխաների համար հրաշալի օրինակներ են, ովքեր դիմակայում են մեղքին:
Ինչպե՞ս են այս օրինակները կիրառվում մեր տներում և ընտանիքներում: «Տող առ տող, ցուցում առ ցուցում» մենք օգնում ենք մեր երեխաներին փոքր պատառներով ճաշակել հաջողության համը: Երբ նրանք պահում են իրենց խոստումները, զգում են Սուրբ Հոգին իրենց կյանքում: Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին ուսուցանել է, որ «Շիտակության ամենամեծ պարգևը Սուրբ Հոգու մշտական ուղեկցությունն ունենալն է»: Այնուհետև մեր երեխաների «վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ»: Շիտակության աղբյուրից բխում է զորեղ, մեղքին դիմակայող սերունդ:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ձեր փոքրիկների հանդեպ ուշադիր եղեք, այնքան ուշադիր, որ նրանք տեսնեն ձեր ամենօրյա կրոնասեր պահվածքն ու զննեն, թե ինչպես եք պահում ձեր խոստումներն ու ուխտերը: «Երեխաները հրաշալի ընդօրինակողներ են, այնպես որ, թող որ ձեզանից մի հրաշալի բան ընդօրինակեն»: Մենք իսկապես խոստում առ խոստում, ուխտ առ ուխտ օգնում ենք Տիրոջ համար ուսուցանել ու մեծացնել մեղքին դիմակայող սերունդ:
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն առաջնորդում է այս Եկեղեցին: Երբ դուք ուսուցանեք, առաջնորդեք ու սիրեք երեխաներին, ինչպես Փրկիչն է սիրում, դուք կստանաք անձնական հայտնություն, որը կօգնի ձեզ մեծացնել ու զինել քաջ, մեղքին դիմակայող սերունդ: Ես աղոթում եմ, որ մեր երեխաները կրկնեն Նեփիի խոսքերը. «Կդարձնե՞ս դու ինձ այնպիսին, որ կարողանամ ցնցվել մեղքի տեսքից»: Ես վկայում եմ, որ մեր Փրկիչը քավել է աշխարհի մեղքերը, որովհետև Նա խոստացել էր, որ անելու է այդպես, որ Նա սիրում է մեզ ավելին, քան մենք` մահկանացուներս, կարող ենք նույնիսկ ըմբռնել, որովհետև Նա ասել է, որ սիրելու է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: