Ամուր եղեք ներքուստ և լիովին հանձն առեք
Անհրաժեշտության դեպքում եկեք երթուղու վերահաշվարկ կատարենք և առաջ նայենք մեծ հույսով ու հավատով: Թող որ «ամուր մնանք ներքուստ» ` լինելով անվեհեր ու «լիովին հանձն առած»:
Մի քանի տարի առաջ մեր երիտասարդ թոռնուհին վազելով եկավ ինձ մոտ ու ոգևորված հայտարարեց. «Պապի՜կ, պապի՜կ, այսօր ֆուտբոլի խաղի ժամանակ երեք գոլերն էլ ես խփեցի»:
Ես խանդավառությամբ պատասխանեցի. «Հրաշալի՜ է, Սառա»:
Այնուհետև նրա մայրը փայլող աչքերով նայեց ինձ ու ասաց. «Հաշիվը երկու մեկ էր»:
Ես չհամարձակվեցի հարցնել, թե ով էր հաղթել:
Համաժողովը խորհելու, հայտնության ու երբեմն նաևվերաուղղորդման ժամանակ է:
Մեքենաների վարձույթի մի կազմակերպություն կա գլոբալ տեղորոշման համակարգով, որի անունն է «Երբեք չես մոլորվի»: Ձեր ցանկացած ուղղությունը մոտքագրելուց հետո, եթե սխալ կողմ շրջվեք, առաջնորդող ձայնը չի ասում` «Դու հիմար ես»: Այլ շատ հաճելի ձայնով ասում է` «Երթուղու վերահաշվարկ` հնարավորության դեպքում շրջադարձ կատարեք»:
Եզեկիէլի գրքում մենք կարդում ենք այս հրաշալի խոստումի մասին.
«Եվ ամբարիշտը, երբոր դարձի գայ իր բոլոր մեղքերիցը որ արել էր, և պահէ իմ բոլոր օրէնքները և իրաւունք ու արդարութիվն գործէ, պէտք է անշուշտ ապրէ, նա պիտի չմեռնէ:
Նորա արած բոլոր յանցանքները պիտի չյիշվին նորան. իր արած արդարութիվնովը նա պիտի ապրէ»:
Ինչպիսի՜ հրաշալի խոստում, սակայն այն մեզանից պահանջում է պահել երկու «բոլոր օրենքները»` երրորդի խոստումը ստանալու համար: Եթե դարձի գանք բոլոր մեղքերից, պահենք բոլոր օրենքները, ապա բոլոր մեղքերը կներվեն: Սա պահանջում է «լիարժեք հանձնառություն»:
Մենք չպիտի լինենք այն մարդու նման, ում մասին հայտնում է «Wall Street» ամսագիրը, ով Ներքին եկամուտների ծառայությունների գրասենյակ է ուղարկել կանխիկ գումարով լցված մի ծրար և դրան կից մի անանուն նամակ, որն ասում է հետևյալը. «Հարգելի Ներքին եկամուտների ծառայություն, կից ստացեք գումարը, որը ես պարտք եմ նախորդ հարկերից: Ի միջի այլոց, եթե սրանից հետո խիղճս դեռ շարունակի տանջել ինձ, մնացածը նույնպես կուղարկեմ»:
Այդպես չենք կարող վարվել: Մենք մնացորդ չենք պահում, որպեսզի տեսնենք, թե որքանն է այն նվազագույնը, որի համար չենք դատապարտվի: Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը: Մեր ողջ սիրտը: Երբ մկրտվում ենք, մենք ամբողջովին ընկղմվում ենք ջրի մեջ` ի նշան ոչ թե կիսով չափ, այլ Փրկիչին լիարժեք հետևելու մեր տված խոստումի: Երբ մենք ամբողջովին պարտավորվում ենք և «լիովին հանձն ենք առնում», երկինքները ցնծում են մեր կատարած բարի գործի համար: Երբ անտարբեր ենք կամ ոչ լիարժեք պարտավորված, կորցնում ենք երկնքի ամենաընտիր օրհնություններից մի քանիսը:
Շատ տարիներ առաջ սկաուտներին ճամբար ուղեկցեցի դեպի անապատ: Տղաները քնեցին իրենց վառած մեծ խարույկի շուրջ, իսկ ես, ինչպես ամեն մի լավ սկաուտական ղեկավար, քնեցի մեքենայիս հետնամասում: Առավոտյան, երբ նստած նայում էի ճամբարի ուղղությամբ, տեսա մի սկաուտի, ում ես կանվանեմ Փոլ, ով հոգնած տեսք ուներ: Հարցրի, թե ինչպես է քնել, և նա պատասխանեց. «Ոչ այնքան լավ»:
Երբ հարցրի, թե ինչու, նա պատասխանեց. «Մրսում էի, խարույկը հանգել էր»:
Ես ասացի . «Իհարկե, այն պետք է հանգեր: Քո քնապարկը բավականաչափ տաք չէ՞ր»:
Նա չպատասխանեց:
Այնուհետև սկաուտներից մեկը բարձր ձայնով բացատրեց. «Նա չի օգտագործել իր քնապարկը»:
Ես զարմացած հարցրի. «Ինչո՞ւ ոչ, Փոլ»:
Նա լուռ էր, այնուհետև վերջապես շփոթված պատասխանեց. «Ես մտածեցի, որ եթե չբացեմ իմ քնապարկը, ստիպված չեմ լինի կրկին այն հավաքել»:
Սա ճշմարիտ պատմություն է. նա մրսեց ժամեր շարունակ, որպեսզի հինգ րոպե գործ չաներ: Գուցե մտածենք. ինչպիսի՜ հիմարություն: Ո՞վ այդպիսի բան կաներ: Մենք բոլորս էլ անում ենք ավելի վտանգավոր բաներ: Մենք իրականում հրաժարվում ենք բացել մեր հոգևոր քնապարկը, երբ ժամանակ չենք հատկացնում անկեղծորեն աղոթելուն, ուսումնասիրելուն և ամեն օր ջանասիրաբար ավետարանով ապրելուն. խարույկը ոչ միայն կհանգչի, այլև մենք կլինենք անպաշտպան ու հոգեպես կմրսենք:
Երբ լուրջ չենք վերաբերվում մեր ուխտերին, հետևանքների առջև ենք կանգնում: Տերը մեզ խորհուրդ է տվել «[զգուշանալ մեր] համար, որ ջանասիրաբար ուշք [դարձնենք] հավերժական կյանքի խոսքերին»: Այնուհետև Նա հայտնել է. «իմ արյունը չի մաքրի նրանց, եթե նրանք ինձ չլսեն»:
Իրականում շատ ավելի հեշտ է «լիովին հանձն առնել», քան մասնավորապես: Երբ մենք մասնավորապես ենք հանձն առնում կամ բոլորովին չենք առնում, ինչպես ասվում է «Star Wars» ֆիլմում, «անհանգստանալու տեղ ունենք»: Մենք ներդաշնակության մեջ չենք Աստծո կամքի հետ, և հետևաբար, ներդաշնակության մեջ չենք երջանկության հետ: Եսայիան ասել է.
«Բայց ամբարիշտները ալէծուփ ծովի նման են, որ չէ կարող հանդարտել, և նորա ջուրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս:
Խաղաղութիւն չկայ, ասում է իմ Աստուածը, ամբարիշտների համար»:
Բարեբախտաբար, որտեղ էլ որ լինենք, որտեղ էլ որ եղել ենք , մենք հեռու չենք Փրկիչի ազդեցությունից, ով ասել է. «Հետևաբար, ով որ ապաշխարում է և գալիս ինձ մոտ, ինչպես մի փոքր երեխա, նրան ես կընդունեմ, քանզի այդպիսիններինն է Աստծո արքայությունը: Ահա, այդպիսինների համար եմ ես իմ կյանքը ցած դրել, և վերցրել այն կրկին»:
Եթե մենք շարունակաբար ապաշխարենք ու ապավինենք Տիրոջը, ձեռք կբերենք ուժ, երբ ետ վերադառնանք` ունենալով փոքրիկ երեխայի հեզությունն ու հավատքը, հարստանալով փորձառությունով լի կյանքից ծնված իմաստությամբ: Հոբը հայտարարել է. «Արդարը պինդ կբռնէ իր ճանապարհը, և մաքուր ձեռք ունեցողը քանի գնայ կզօրանայ»: Թեննիսոնը գրել է. «Իմ ուժը հավասար է տասը հոգու ուժի, որովհետև սիրտս մաքուր է»: Տերը խորհուրդ է տվել. «Կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք»:
Մեր որդին` Ջասթինը, մահացավ 19 տարեկանում` մինչև վերջ պայքարելով հիվանդության դեմ: Մեզանից հեռանալուց առաջ հաղորդության ժողովներից մեկի ժամանակ իր ելույթում նա կիսվեց իր համար մի իմաստալից պատմությամբ, որը մի հոր ու նրա տղայի մասին էր, ովքեր գնացել էին խաղալիքների խանութ, որտեղ կար տղամարդու կերպարանք ունեցող մի փչած տոպրակ: Տղան բռունցքով հարվածում էր փչած տղամարդուն, որն ամեն զարկից հետո շրջվում ու անմիջապես ետ էր գալիս իր նախկին դիրքին: Հայրը հարցրեց տղային, թե ինչու էր տղամարդը միշտ ետ գալիս: Տղան մի պահ մտածեց ու այնուհետև ասաց. «Չգիտեմ: Կարծում եմ որովհետև այն «ամուր է ներսից»: Որպեսզի մենք «լիովին հանձն առնենք», մենք միշտ պետք է «ամուր լինենք ներքուստ», «ինչ էլ որ պատահի»:
Մենք ներքուստ ամուր ենք, երբ համբերությամբ սպասում ենք Տիրոջը, որ հեռացնի կամ ուժ տա մեզ, որպեսզի դիմանանք «մարմնի խայթերին»: Նման խայթ կարող են լինել հիվանդությունները, սահմանափակ կարողությունները, մտավոր հիվանդությունները, սիրելիի մահը և ուրիշ այլ խնդիրներ:
Մենք ներքուստ ամուր ենք , երբ բարձրացնում ենք թուլացած ձեռքերը:Մենք ներքուստ ամուր ենք , երբ պաշտպանում ենք ճշմարտությունը ամբարիշտ ու կենսասեր աշխարհից, որն ավելի ու ավելի անհարմար է դառնում լույսի համար` չարին ասելով բարի և բարուն` չար, և «դատապարտելով արդարներին իրենց արդարության համար»:
Չնայած դժվարություններին` ներքուստ ամուր լինելը հնարավոր է հանգիստ խղճի, Սուրբ Հոգու զորացնող ու մխիթարող հավաստիացման ու հավերժական հեռանկարի շնորհիվ, որը վեր է մարդկային հասկացողությունից: Մեր նախաերկրային կյանքում մենք բոլորս ցնծացինք ուրախությամբ` մահկանացու կյանքում փորձառություն ունենալու հնարավորության համար: Մենք բոլորս «լիովին հանձն առանք», երբ ոգևորված որոշեցինք լինել մեր Երկնային Հոր ծրագրի քաջ պաշտպանները: Ժամանակն է կրկին ամրանալ ու պաշտպանել Նրա ծրագիրը:
Իմ 97-ամյա հայրիկը վերջերս մահացավ: Երբ ինչ-որ մեկը հարցնում էր նրան, թե ինչպես է իրեն զգում, նրա մշտական պատասխանն էր. «1–10 սանդղակով 25 տարեկան եմ զգում»: Նույնիսկ, երբ այս սիրելի մարդն այլևս չէր կարողանում կանգնել կամ նստել և խիստ դժվարանում էր խոսել, նրա պատասխանը դեռ նույնն էր: Նա միշտ ներքուստ ամուր էր:
Երբ հայրս 90 տարեկան էր, և մենք օդանավակայանում էինք, ես հարցրի նրան, արդյոք կուզենար, որ նրա համար սայլակ բերեի: Նա ասաց. «Ոչ Գարի, գուցե հետո, երբ ծերանամ»: Այնուհետև նա ավելացրեց. «Բացի դրանից, եթե հոգնեմ քայլելուց, ապա միշտ կարող եմ վազել»: Եթե ներկայումս մեր քայլերում մենք չենք կարող «լիովին հանձն առնել», ապա գուցե պետք է վազենք, գուցե պետք է մեր երթուղու վերահաշվարկ կատարենք: Հնարավոր է, շրջադարձ կատարելու կարիք ունենանք: Հնարավոր է, ավելի նպատակային ուսումնասիրելու, ավելի ուժգին աղոթելու կարիք ունենանք, կամ պարզապես ուշադրություն չդարձնենք որոշ բաների վրա, որպեսզի կարողանանք կառչել այն բաներից, որոնք իսկապես կարևոր են: Մենք պետք է թողնենք աշխարհիկը, որպեսզի կարողանանք կառչել հավերժությունից: Հայրս հասկանում էր սա:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նա ռազմածովային նավատորմում էր, շատերը կային այնտեղ, ովքեր մեծ ու ընդարձակ շենքում էին, ու ծաղրի էին ենթարկում նրա սկզբունքները, սակայն նրա ընկեր-նավաստիներից երկուսը` Դեյլ Մեդոքսն ու Դոն Դեյվիդսոնը, նկատում էին դա ուչէին ծաղրում նրան: Նրանք հարցրին. «Սաբի՛ն, ինչո՞ւ ես այդքան տարբերվում բոլորից: Դու ունես բարոյական բարձր չափանիշներ՝ չես խմում, չես ծխում, չես հայհոյում, բայց հանգիստ ու ուրախ ես երևում»:
Հայրիկիս մասին նրանց դրական տպավորությունը չէր համապատասխանում այն ամենի հետ, ինչ նրանց սովորեցրել էին մորմոնների մասին, սակայն հայրս կարողացավ իր երկու ընկեր-նավաստիներին էլ ուսուցանել ու մկրտել: Դեյլի ծնողներին դա դուր չեկավ, ու նրան զգուշացրին, որ եթե միանա Եկեղեցուն, նա կկորցնի իր սիրելիին` Մերի Օլիվին, սակայն Դեյլի խնդրանքով նա հանդիպեց միսիոներների հետ և նույնպես մկրտվեց:
Պատերազմի ավարտին մոտ Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը կանչեց միսիոներների, այդ թվում նաև մի քանի ամուսնացած տղամարդկանց: 1946 թ.-ին Դեյլն ու իր կինը`Մերի Օլիվը, որոշեցին, որ Դեյլը պետք է ծառայի` չնայած որ նրանք սպասում էին իրենց առաջնեկին: Ի վերջո, նրանք ունեցան ինը երեխա` երեք տղա ու վեց աղջիկ: Բոլոր ինն էլ ծառայեցին միսիաներում, որից հետո Դեյլն ու Մերի Օլիվը միասին ծառայեցին երեք միսիաներում: Նրանց տասնյակ թոռնիկները նույնպես ծառայել են: Նրանց որդիներից երկուսը` Ջոն ու Մեթյու Մեդոքները, ինչպես նաև Մեթյուի փեսան` Ռայանը, այժմ Թաբերնաքլի երգչախմբի անդամներ են: Մեդօքս ընտանիքն այժմ բաղկացած է 144 հոգուց, և բոլորը «լիովին հանձն առնողների» հրաշալի օրինակ են հանդիսանում:
Հայրիկիս թղթերը տեսակավորելիս` մենք մի նամակ տեսանք Ջենիֆեր Ռիչարդսից, ով մյուս ընկերոջ` Դոն Դեյվիդսոնի հինգ դուստրերից մեկն էր: Նա գրել էր. «Ձեր արդարակեցությունը փոխեց մեր կյանքը: Դժվար է ըմբռնել, թե ինչպիսին կլիներ մեր կյանքն առանց Եկեղեցու: Հայրս մահացավ ավետարանի հանդեպ սիրով լցված ու մինչև վերջ փորձելով ապրել դրա չափանիշներով»:
Դժվար է չափել այն դրական ազդեցությունը, որ ամեն մեկը կարող է ունենալ` ներքուստ ամուր մնալով: Հայրս ու նրա երկու ընկերները հրաժարվեցին ուշադրություն դարձնել մեծ ու ընդարձակ շենքի մարդկանց վրա, ովքեր նրանց կողմ էին ուղղում արհամարհանքի մատը: Նրանք գիտեին, որ ավելի լավ է հետևել Արարիչին, քան ամբոխին:
Պողոս Առաքյալը գուցե նկարագրում էր մեր օրերը, երբ նա ասաց Տիմոթէոսին, որ «ոմանք խոտորելով ունայն խօսքերի ետևից գնացին»: Այսօր աշխարհում շատ ունայն խոսքեր կան: Դրանք մեծ ու ընդարձակ շենքում գտնվողների զրույցներն են: Հաճախ դրանք ամբարշտությունն արդարացնելու բացատրություններ են հանդիսանում կամ ի հայտ են գալիս, երբ մարդիկ կորցնում են իրենց ճանապարհն ու հեռանում ավետարանից: Երբեմն դա տեղի է ունենում նրանց հետ, ովքեր չեն կատարել անհրաժեշտ քայլերը, որպեսզի «լիովին հանձն առնեն» և նախընտրում են մարգարեին հետևելու փոխարեն հետևել բնական մարդուն:
Բարեբախտաբար, մենք գիտենք, թե ամեն ինչ ինչպես է ավարտվում հավատարիմների համար: Երբ մենք «լիովին հանձն ենք առնում», մենք ունենում ենք այդ լիարժեք հավաստիացումը, որ «Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին»: Ինչպես ասել է Երեց Նիլ Ա. Մաքսվելը. «Մի՛ վախեցիր, պարզապես ճիշտ ապրիր»:
Կնոջս հայրն ուսուցանում էր ԲՅՀ-ում և շատ էր սիրում ԲՅՀ-ի ֆուտբոլը, սակայն չէր կարողանում նայել նրանց խաղը, քանի որ շատ էր անհանգստանում արդյունքի համար: Հետո մի հրաշալի բան տեղի ունեցավ. ի հայտ եկան տեսաերիզային ձայնագրությունները, որոնք հնարավորություն տվեցին նրան տեսագրել խաղերը: Եթե ԲՅՀ-ն հաղթեր, նա կատարյալ վստահությամբ կնայեր տեսագրությունը` ամբողջովին վստահ լինելով ավարտի մասին: Եթե նրանց անարդարացիորեն տուգանեին, վնաս հասցնեին կամ խաղի վերջին րոպեներին թվար, որ պարտվում են, նա չէր լարվում, քանի որ գիտեր՝ հաղթելու են: Կարող եք ասել, որ նա «հույսի կատարյալ պայծառություն» ուներ:
Այդպես է նաև մեզ հետ: Երբ հավատարիմ ենք, նույն կերպ կարող ենք վստահել, որ ի վերջո ամեն ինչ լավ է լինելու մեզ հետ: Տիրոջ խոստումները հավաստի են: Դա չի նշանակում, որ հեշտ է լինելու կամ առանց արցունքների, այլ ինչպես Պողոսն է գրել. «Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»:
Եղբայրնե՛ր ու քույրե՛ր, վաղը դեռ ոչ ոք մեղք չի գործել: Անհրաժեշտության դեպքում եկեք երթուղու վերահաշվարկ կատարենք և առաջ նայենք մեծ հույսով ու հավատով: Թող որ «ամուր լինենք ներքուստ»` լինելով քաջ ու «լիովին հանձն առած»:Եկեք լինենք մաքուր ու անվեհեր մեր Երկնային Հոր ծրագիրն ու Նրա Որդու` մեր Փրկիչի առաքելությունը պաշտպանելիս: Ես վկայում եմ, որ մեր Հայրն ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ երջանկության հրաշալի ծրագիրն իրական է:Ես աղոթում եմ, որ Տիրոջ ամենաընտիր օրհնությունները ձեզ հետ լինեն, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: