2010–2019 թթ․
Բարություն, գթություն և սեր
Ապրիլ 2017


4:3

Բարություն, գթություն և սեր

Եկե՛ք քննենք մեր կյանքը և որոշենք հետևել Փրկիչի օրինակին՝ լինելով բարի, սիրող և գթառատ:

Իմ սիրելի՛ եղբայրներ, ինձ համար մեծ պատիվ ու արտոնություն է իմ խոսքն ուղղել ձեզ՝ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված Աստծո քահանայության հավատարիմ կրողներին։ Այս երեկո կխոսեմ մի թեմայի շուրջ, որի մասին ես նախկինում ելույթ եմ ունեցել։

Մարգարե Մորմոնը նշել է Փրկիչի կարևոր բնութագրերից մեկը, որը պիտի ընդօրինակեն Նրա աշակերտները։ Նա ասել է․

«Եվ եթե մարդ հեզ է ու սրտով խոնարհ, և խոստովանում է Սուրբ Հոգու զորությամբ, որ Հիսուսը Քրիստոսն է, նա անպայման պետք է ունենա գթություն. քանզի եթե նա չունի գթություն, նա ոչինչ է. ուստի, նա անպայման պետք է ունենա գթություն։

Եվ գթությունը երկայնամիտ է և բարի, չի նախանձում, փքված չէ, իրենը չի փնտրում, չի գրգռվում հեշտորեն։ …

Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, եթե դուք չունեք գթություն, դուք ոչինչ եք, քանզի գթությունը երբեք չի խափանվում։ Ուստի, հարե՛ք գթությանը, որը բոլորից մեծ է, քանզի բոլոր բաները պիտի խափանվեն,

Բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ. և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի»։

Եղբայրներ, մենք չենք պատվում Աստծո քահանայությունը, եթե մենք բարյացակամ չենք ուրիշների հանդեպ։

Իմ սիրելի ընկեր և գործընկեր Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինն իսկապես բարի մարդ էր։ Նա ասել է․

«Բարությունը սելեստիալ կյանքի հիմնական սկզբունքն է։ Քրիստոսանման անձը բարությամբ է վերաբերվում ուրիշներին։ Բարությունը պետք է ներթափանցի մեր խոսքերի ու գործերի մեջ՝ աշխատանքում, դպրոցում, եկեղեցում և, հատկապես, մեր տներում։

Հիսուսը, մեր Փրկիչը, բարության և կարեկցանքի մեծագույն օրինակ է ծառայել»։

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ քահանայության արդար կիրառումը կախված է բարության, գթության և սիրո սկզբունքների մեր ապրելակերպից։

Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն համոզումով, … մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով․

Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության»։

Եղբայրնե՛ր, եկե՛ք քննենք մեր կյանքը և որոշենք հետևել Փրկիչի օրինակին՝ լինելով բարի, սիրող և գթառատ։ Եվ եթե այդպես վարվենք, մենք կլինենք ավելի բարենպաստ դիրքում, որպեսզի կարողանանք իջեցնել երկնքի զորությունները՝ մեզ համար, մեր ընտանիքների և մեր ընկերակից ուղեկիցների համար՝ դեպի հետ մեր երկնային տուն տանող այս դժվարին ճանապարհին։ Այդ մասին ես աղոթում եմ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։