Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց
Ամեն անգամ, երբ զգում եք, որ ձեզ խնդրում են դժվար բան անել, մտածեք Տիրոջ մասին, Ով նայում է ձեզ, սիրում է ձեզ, և հրավիրում է հետևել Իրեն:
Մի քանի տարի առաջ կնոջս՝ Ջաքիի հետ ես կանչվել էի նախագահելու Վաշինգտոն Սպոքեն միսիան: Մենք ժամանեցինք միսիայի վայր վախի և հուզմունքի խառը զգացումով, այդքան շատ հրաշալի երիտասարդ միսիոներների հետ աշխատելու պատասխանատվությամբ: Նրանք շատ տարբեր միջավայրերից էին եկել և շուտով հարազատ որդիների ու դուստրերի պես դարձան:
Թեև շատերը հրաշալի աշխատանք էին կատարում, մի քանիսը դժվարանում էին համապատասխանել իրենց կոչման բարձր պահանջներին: Հիշում եմ միսիոներներից մեկն ինձ ասաց. §Նախագահ, ես չեմ սիրում մարդկանց¦: Մի քանիսն ինձ ասացին, որ այդքան էլ ցանկություն չունեն հետևելու միսիոներական խիստ կանոններին: Ես անհանգստացած էի և մտածում էի, թե ինչ կարող ենք անել, որ փոխենք այն մի քանի միսիոներների սրտերը, ովքեր դեռ չէին ընկալել հնազանդ լինելու ուրախությունը:
Մի օր, երբ մեքենայով անցնում էի Վաշինգտոն-Այդահո սահմանի երկայնքով, զառիվայր իջնող գեղեցիկ ցորենի դաշտերի մոտով, լսում էի Նոր Կտակարանի ձայնագրությունը: Երբ լսեցի հարուստ երիտասարդի ծանոթ պատմությունը, ով գալիս է Փրկիչի մոտ, որ հարցնի, թե ինչ կարող է անել, որպեսզի հավերժական կյանք ունենա, ես մի անսպասելի, բայց շատ խորը անձնական հայտնություն ստացա, որն այժմ սրբազան հիշողություն է:
Երբ ես լսեցի, թե ինչպես է Հիսուսն արտասանում պատվիրանները և երիտասարդը պատասխանում է, որ ինքն այդ ամենը դեռ երեխա հասակից պահել է, ես լսեցի Փրկիչի նրբանկատ ուղղումը. §Մեկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր… և… եկ ինձ հետևիր¦: Սակայն, ի զարմանս ինձ, հատվածի այդ մասից առաջ ես լսեցի վեց բառ, որոնք, կարծես, երբեք չէի լսել կամ կարդացել: Կարծես դրանք ավելացվել էին սուրբ գրություններին: Ես զմայլվեցի ի հայտ եկած ոգեշնչված ըմբռնումով:
Որո՞նք էին այն վեց բառերը, որ այդպիսի խորը ազդեցություն ունեցան: Լսեք, արդյոք ծանո՞թ են սովորական թվացող այս բառերը, որոնք չկան մյուս ավետարաններում, բայց կան Մարկոսի ավետարանում.
«Մէկը վազելով եկավ … նորան հարցնում էր և ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ:
Հիսուսն էլ ասեց նորան. …
Պատվիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հորը և մորը պատվիր:
Նա էլ պատասխանեց. … Վարդապետ, այդ ամենն իմ երեխայությունից պահել եմ:
Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց, և ասեց նորան. Մեկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր և աղքատներին տուր. և գանձ կունենաս երկնքումը. և խաչն առած՝ եկ ինձ հետևիր»:
«Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց:»
Երբ լսեցի այս խոսքերը, Տիրոջ պարզ պատկերը լցրեց միտքս՝ երբ դադար է առնում, մտիկ է տալիս այս երիտասարդին: Մտիկ տալիս՝ այսինքն, խորաթափանցությամբ նայում է նրա հոգու խորքը, հասկանալով նրա մեծահոգությունը և ներուժը, ինչպես նաև հայտնաբերելով նրա ամենամեծ կարիքը:
Այնուհետև պարզ խոսքեր՝ Հիսուսը նրան սիրեց: Նա զգաց անսահման սեր ու կարեկցանք այս բարի երիտասարդի նկատմամբ և այդ սիրո պատճառով ու այդ սիրո զգացումով Հիսուսը նույնիսկ ավելին խնդրեց նրանից: Ես պատկերացրի, թե ինչպիսի զգացում պիտի ունենար այդ երիտասարդը, պարուրված լինելով նման սիրով, նույնիսկ երբ նրան խնդրում էին անել ծայրահեղ դժվար մի բան, վաճառել իր ամբողջ ունեցվածքը և տալ աղքատներին:
Այդ պահին ես հասկացա, որ միայն մեր որոշ միսիոներների սրտերը չէ, որ կարիք ունեին փոխվելու: Իմ սիրտը նույնպես դրա կարիքն ուներ: Հարցն այլևս այսպիսին չէր. «Ինչպե՞ս պետք է միսիայի հիասթափված նախագահը սովորեցնի դժվարացող միսիոներին իրեն ավելի լավ պահել¦: Փոխարենը, հարցն այսպիսին էր. §Ինչպե՞ս ես կարող եմ լցված լինել Քրիստոսի սիրով, որպեսզի միսիոները կարողանա զգալ Աստծո սերը իմ միջոցով և ցանկանա փոխվել»: Ինչպե՞ս կարող եմ նայել նրան նույն կերպ, ինչպես Տերը նայեց հարուստ երիտասարդին, տեսնելով, թե նրանք իրականում ովքեր են և ինչպիսին կարող են դառնալ, այլ ոչ թե՝ նրանք ինչ են անում կամ չեն անում: Ինչպե՞ս կարող եմ ես ավելի նման լինել Փրկիչին:
»Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց»:
Այդ ժամանակից ի վեր ես ծունկ ծնկի տված նստել եմ ցանկացած երիտասարդ միսիոների հետ, ով դժվարություններ է ունեցել հնազանդության որևէ դրսևորման հետ: Իմ սրտում ես արդեն տեսնում էի երիտասարդ տղայի կամ աղջկա, ով իր ցանկությամբ էր առաջնորդվել՝ գալով միսիա: Ապա ես կարող էի հոգատար ծնողի զգացմունքով ասել. «Երեց կամ քույր, եթե ես չսիրեի քեզ, ես չէի մտահոգվի, թե ինչ է տեղի ունենում քո միսիայի ընթացքում: Բայց ես քեզ սիրում եմ, և քանի որ սիրում եմ, ինձ համար միևնույնը չէ, թե դու ով կդառնաս: Այսպիսով, ես հրավիրում եմ քեզ փոխել այն բաները, որոնք դժվար են քեզ համար և դառնալ այնպիսին, ինչպիսին Տերն է ուզում քեզ տեսնել»:
Ամեն անգամ գնալով միսիոներների հետ հարցազրույցի, ես նախ աղոթում էի գթության պարգևի համար և այն բանի համար, որ կարողանայի տեսնել յուրաքանչյուր երեցին և քրոջն այնպես, ինչպես Տերն է տեսնում նրանց:
Մինչև մարզային համաժողովները, երբ քույր Փալմերը և ես մեկ առ մեկ ողջունում էինք միսիոներներին, ես դադար էի առնում և նայում խորը նրանց աչքերի մեջ՝ մտիկ տալով նրանց, ինչն առանց խոսքերի հարցազրույց էր, որից հետո առանց ձախողվելու ես լցվում էի մեծ սիրով Աստծո այս թանկագին որդիների ու դուստրերի հանդեպ:
Կյանք փոխող շատ դասեր ես սովորեցի Մարկոսի 10-րդ գլխի հետ կապված այս խորը անձնական փորձառությունից: Ահա այդ դասերից չորսը, որոնք իմ համոզմամբ կօգնեն յուրաքանչյուրիս.
-
Երբ սովորենք նայել մարդկանց այնպես, ինչպես Տերն է նայում նրանց, այլ ոչ մեր սեփական աչքերով, մեր սերը նրանց հանդեպ կաճի, ինչպես նաև կաճի նրանց օգնելու մեր ցանկությունը: Մենք ներուժ կտեսնենք նրանց մեջ, որն իրենք իրենց մեջ գուցե չեն տեսնում: Քրիստոսանման սիրով մենք չենք վախենա խիզախ խոսել, քանի որ «կատարյալ սերը հեռացնում է վախը»։ Եվ մենք երբեք չենք դադարի սիրել, հիշելով, որ նրանք, ում դժվար է սիրել, ամենաշատը դրա կարիքն ունեն:
-
Ոչ մի իսկական ուսուցում կամ ուսումնառություն երբևէ տեղի չի ունենա, եթե կատարվում է հիասթափությամբ ու զայրույթով և սրտերը չեն փոխվի, եթե չկա սեր: Կարևոր չէ, թե մենք ում դերում ենք՝ ծնողների, ուսուցիչների, թե ղեկավարների, իսկական ուսուցումը տեղի է ունենում միայն վստահություն ներշնչող, ոչ թե դատապարտող մթնոլորտում: Մեր տները պետք է միշտ լինեն անվտանգ ապաստարաններ մեր երեխաների համար, և ոչ թե թշնամական միջավայրեր:
-
Սերը երբեք չպետք է հեռանա մեր սրտից, երբ երեխան, ընկերը կամ ընտանիքի անդամը չի կարողանում ապրել համաձայն մեր սպասելիքների: Մենք չգիտենք, թե ինչ պատահեց հարուստ երիտասարդի հետ նրանից հետո, երբ նա տխուր հեռացավ, բայց վստահ եմ, որ Հիսուսը շարունակում է սիրել նրան կատարյալ սիրով, նույնիսկ եթե նա ընտրած լիներ հեշտ ճանապարհը: Գուցե ավելի ուշ իր կյանքում, երբ նա հասկանար, որ իր մեծ ունեցվածքը փուչ բան է, նա կհիշեր իր ունեցած եզակի փորձառությունը, երբ Տերը մտիկ էր տվել նրան, սիրել էր և հրավիրել հետևել Իրեն:
-
Տերը շատ բան է ակնկալում մեզանից, քանի որ սիրում է մեզ: Եթե մենք խոնարհ ենք, ապա կընդունենք Տիրոջ հրավերը՝ ապաշխարելու, զոհաբերելու և ծառայելու որպես մեր հանդեպ Նրա կատարյալ սիրո ապացույց: Ի վերջո, ապաշխարելու հրավերը նաև հրավեր է ներման և խաղաղության հրաշալի պարգևը ստանալու: Հետևաբար, «մի անարգիր Տիրոջ խրատը. և ոչ էլ վհատվիր, նորանից հանդիմանված ժամանակդ: Որովհետև Տէրը իրան սիրածին խրատում է»:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ցանկացած ժամանակ, երբ դուք զգաք, որ ձեզանից դժվար բան է պահանջվում անել, հրաժարվեք վատ սովորությունից կամ կախվածությունից, մի կողմ դրեք աշխարհիկ զբաղմունքները, զոհաբերեք ձեր սիրած միջոցառումը Հանգստության օրվա համար, ներեք մեկին, ով սխալ է վարվել ձեզ հետ, մտածեք Տիրոջ մասին, որ նայում է ձեզ, սիրում է ձեզ և հրավիրում է չանհանգստանալ ու հետևել Իրեն: Շնորհակալ եղեք Նրան, քանի որ այնքան է սիրում ձեզ, որ հրավիրում է ավելին անել:
Ես վկայում եմ մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի մասին և անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Նա Իր ձեռքերով կգրկի յուրաքանչյուրիս, մտիկ տալով մեզ և շրջապատելով մեզ Իր կատարյալ սիրով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: