2010–2019 թթ․
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ
Ապրիլ 2017


15:25

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ

Սուրբ Հոգին զգուշացնում է, Սուրբ Հոգին մխիթարում է, Սուրբ Հոգին վկայում է:

Վերջերս ես ու կինս մի երկուշաբթի երեկոյան այցելեցինք մեր մոտակայքում ապրող մի երիտասարդ ընտանիքի: Մինչ այնտեղ էինք` այդ ընտանիքը մեզ հրավիրեց մնալ ընտանեկան երեկոյին` ասելով, որ դասը պատրաստել է իրենց ինը տարեկան որդին: Իհարկե մենք մնացինք:

Բացման օրհներգից, աղոթքից ու ընտանեկան հայտարարություններից հետո, ինը տարեկան երեխան սկսեց` կարդալով իր ձեռքով գրված դասից խորիմաստ մի հարց. «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ»: Այս հարցն առաջացրեց ընտանեկան իմաստալից քննարկում, որտեղ ամեն ոք կիսվում էր իր մտքերով ու կարծիքով: Ես տպավորված էի մեր ուսուցչի պատրաստած դասից և նրա շատ լավ հարցից, որի մասին անընդհատ մտածում էի:

Ընտանեկան երեկոյի ձեռքով գրված դասը

Դրանից հետո շարունակ հարցնում էի ինքս ինձ. «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ». մի հարց, որը հատկապես ունենում են երեխաների խմբի անդամները, ովքեր դառնում են ութ տարեկան ու պատրաստվում են մկրտության և այն երեխաները, ովքեր նոր են մկրտվել ու ստացել են Սուրբ Հոգու պարգևը: Այս հարցն ունենում են նաև հազարավոր նորադարձներ:

Ես հրավիրում եմ բոլորին, հատկապես Երեխաների խմբի անդամներին, խորհել, թե «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ»: Երբ ես մտածում էի այս հարցի շուրջ, անմիջապես հիշեցի մի փորձառություն, որն ունեցել եմ երիտասարդ տարիքում: Սա մի պատմություն է, որը ես պատմեցի Երեց Ռոբերտ Դ. Հեյլսին` Տասներկու Առաքյալների Քվորում իմ կանչից որոշ ժամանակ անց, և նա այն ընդգրկեց Եկեղեցու ամսագրային հոդվածներից մեկում, որը նա գրել էր իմ կյանքի մասին: Ձեզանից մի քանիսը գուցե լսել են այս պատմությունը, սակայն շատերը հավանաբար դեռ ոչ:

Երբ մոտ 11 տարեկան էի, հայրս և ես մի շոգ ամառային օր բարձրացանք մեր տան մերձակայքում գտնվող սարերը: Մինչ հայրս զառիվեր բարձրանում էր բլուրը, ես արահետի եզրերին գտնվող մի մեծ քարից մյուսն էի թռչում: Երբ ուզում էի բարձրանալ մեծ քարերից մեկի վրա, սկսեցի մագլցել: Ու մինչ մագլցում էի, զարմացա, երբ հայրս բռնեց գոտուցս ու արագ վայր իջեցրեց ինձ` ասելով. «Մի՛ մագլցիր այդ քարի վրա: Եկ շարունակենք քայլել արահետով»:

Րոպեներ անց, երբ արահետի ավելի բարձր հատվածից վայր նայեցինք, մենք ապշեցինք, քանի որ տեսանք մի մեծ բոժոժավոր օձ` պառկած արևի տակ հենց այն քարի վրա, որը ես փորձում էի մագլցել:

Ավելի ուշ, երբ մեքենայով տուն էինք վերադառնում, գիտեի, որ հայրս ակնկալում էր, որ ես կհարցնեմ. «Ինչպե՞ս իմացար, որ օձն այդտեղ էր»: Ուստի ես հարցրի, և իմ հարցն առաջացրեց Սուրբ Հոգու մասին մի քննարկում՝ ինչպես կարող է Սուրբ Հոգին մեզ օգնել: Ես երբեք չեմ մոռացել այն, ինչ սովորեցի այդ օրը:

Տեսնո՞ւմ եք, թե Սուրբ Հոգին ինչպես օգնեց ինձ: Ես հավերժ երախտապարտ կլինեմ, որ հայրս լսեց Սուրբ Հոգու մեղմ, հանդարտ ձայնը, որը գուցե փրկեց իմ կյանքը:

Ի՞նչ գիտենք Սուրբ Հոգու մասին

Նախքան կշարունակենք խորհել այն հարցի շուրջ, թե «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ», եկեք վերանայենք, թե Տերն ինչ է հայտնել Սուրբ Հոգու մասին: Շատ հավերժական ճշմարտություններ կան, որոնք մենք կարող ենք ուսումնասիրել, սակայն այսօր ես կկենտրոնանամ միայն երեքի վրա:

Առաջին հերթին, Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Այս մասին մենք սովորում ենք հավատո առաջին հանգանակում. «Մենք հավատում ենք Աստծուն` Հավերժական Հորը, և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն»:

Երկրորդ, Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է, ինչպես նկարագրված է ժամանակակից սուրբ գրություններում. «Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. Որդին` նույնպես. բայց Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում»: Սա նշանակում է, որ ի տարբերություն Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի, ովքեր ունեն ֆիզիկական մարմին, Սուրբ Հոգին ունի հոգեղեն մարմին: Այս ճշմարտությունը հստակեցնում է Սուրբ Հոգուն տրված ու մեզ ծանոթ մյուս անունները, ներառյալ Սուրբ Հոգի, Աստծո Հոգի, Տիրոջ Հոգի, Խոստումի Սուրբ Հոգի և Մխիթարիչ:

Երրորդ, Սուրբ Հոգու պարգևը տրվում է ձեռնադրման միջոցով: Այս արարողությունը, որը հետևում է մկրտությանը, իրավունք է տալիս մեզ, որ միշտ ունենանք Սուրբ Հոգու ընկերակցությունը: Այս արարողությունը կատարելու համար արժանի Մելքիսեդեկյան Քահանայություն կրողներն իրենց ձեռքերը դնում են անձնավորության գլխին, կոչում են նրան անունով, նշում են իրենց քահանայության լիազորությունը և Հիսուս Քրիստոսի անունով հաստատում են նրան որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, և արտասանում են այս կարևոր արտահայտությունը. «Ստացի՛ր Սուրբ Հոգին»:

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ:

Սուրբ Հոգու մասին այս երեք հիմնարար ճշմարտությունները վերանայելուց հետո վերադառնանք մեր առաջին հարցին. «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ»:

Սուրբ Հոգին զգուշացնում է

Ինչպես նկարագրեցի իմ մանկության փորձառության մեջ, Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ` նախապես զգուշացնելով ֆիզիկական ու հոգևոր վտանգների մասին: Ես ևս մի անգամ սովորեցի Սուրբ Հոգու զգուշացնող կարևոր դերի մասին, երբ ծառայում էի Ճապոնիայի տարածքային նախագահությունում:

Այդ ժամանակ ես սերտորեն աշխատում էի Ճապոնիա Սենդայ Միսիայի Նախագահ Ռեյդ Թեյթոկայի հետ: Որպես իր միսիոներական օրակարգի սովորական մաս` Նախագահ Թեյթոկան միսիոներական առաջնորդների համար իր միսիայի հարավային հատվածում հանդիպում էր ծրագրել: Հանդիպումից մի քանի օր առաջ Նախագահ Թեյթոկան տպավորություն էր ստացել, իր սրտում զգացում էր ունեցել, որ երեց և քույր առաջնորդ նշանակված փոքր թվով միսիոներներից բացի առաջնորդների հետ հանդիպմանը պետք է հրավիրեր այդ գոտու բոլոր միսիոներներին:

Երբ նա հայտնեց իր մտադրությունը, նրան հիշեցրին, որ այդ հանդիպումը բոլոր միսիոներների համար չէր նախատեսված, այլ միայն առաջնորդների համար էր: Այնուամենայնիվ, իր ստացած հուշումներին հետևելու համար մի կողմ դնելով կազմած ծրագիրը, նա այդ հանդիպմանը հրավիրեց բոլոր միսիոներներին, ովքեր ծառայում էին որոշ ծովափնյա քաղաքներում, այդ թվում նաև Ֆուկուշիմա քաղաքում: Նշանակված օրը` 2011թ.-ի մարտի 11-ին, միսիոներները միասին հավաքվեցին Քորիյամա ոչ ծովափնյա քաղաքում ծավալված միսիոներական հանդիպմանը:

Այդ հանդիպման ընթացքում Ճապոնիայի այն տարածքում, որտեղ տարածվում է Ճապոնիա Սենդայ միսիան, տեղի ունեցավ 9.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ ու ցունամի: Դժբախտաբար, շատ ծովափնյա քաղաքներ, այդ թվում նաև այն քաղաքները, որտեղից հավաքվել էին միսիոներները, ավերվել էին ու մարդկային կյանքի մեծ կորուստներ էին ունեցել: Իսկ Ֆուկուշիմա քաղաքն ավելի ուշ տուժել էր ատոմակայանի հետ առնչվող պատահարից:

Չնայած այն ժողովատունը, որտեղ միսիոներներն այդ օրը հավաքվել էին, տուժել էր երկրաշարժի պատճառով, սակայն Սուրբ Հոգու հուշումներին հետևելու շնորհիվ Նախագահ ու Քույր Թեյթոկան և բոլոր միսիոներները միասին ապահով էին: Նրանք անվտանգ վայրում էին` մի քանի մղոն հեռու ցունամիի ու միջուկային աղտոտման պատճառած ավերածությունից:

Երբ հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք հաճախ մեղմ ու հանդարտ տպավորություններ են, հոգևոր և ֆիզիկական վտանգները կհեռացվեն ձեզանից առանց ձեր իմանալու:

Եղբայրնե՛ր ու քույրե՛ր, Սուրբ Հոգին ձեզ կօգնի զգուշացնելով, ինչպես որ Նա զգուշացրեց հայրիկիս ու Նախագահ Թեյթոկային:

Սուրբ Հոգին մխիթարում է

Շարունակելով պատասխանել այն հարցին, թե «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ», եկեք այժմ ուսումնասիրենք Նրա դերը որպես Մխիթարիչ: Մեր բոլորի կյանքում անսպասելի իրադարձություններն առաջացնում են տխրություն, ցավ և հիասթափություն: Մինչդեռ, երբ գտնվում ենք այս փորձությունների մեջ, Սուրբ Հոգին ծառայում է մեզ` կատարելով Իր կարևոր դերերից մեկը` որպես Մխիթարիչ, որն իրականում Նրա անուններից մեկն է: Հիսուս Քրիստոսի այս խաղաղ, հուսադրող խոսքերը նկարագրում են այդ սրբազան դերը. «Եւ ես Հօրը կաղաչեմ և ուրիշ Մխիթարիչ կտայ ձեզ, որ մնայ ձեզ հետ յաւիտեան»:

Այս սկզբունքն ավելի լիարժեք բացատրելու համար ես կկիսվեմ հինգ որդի ունեցող մի ընտանիքի իրական պատմությամբ, ովքեր մի քանի տարի առաջ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելոս քաղաքից տեղափոխվեցին մի փոքր համայնք: Երկու ավագ որդիները սկսեցին մասնակցել ավագ դպրոցի սպորտային խաղերին ու առնչվել ընկերների, ղեկավարների ու մարզիչների հետ, որոնցից շատերը Եկեղեցու հավատարիմ անդամներ էին: Այս հարաբերությունները հանգեցրին Ֆերնանդոյի ու նրա կրտսեր եղբոր մկրտությանը:

Ֆերնանդոն ավելի ուշ տեղափոխվեց տնից այլ վայր, որտեղ նա շարունակեց իր կրթությունն ու խաղաց իր ուսումնական հաստատության ֆուտբոլի թիմում: Նա տաճարում ամուսնացավ իր ավագ դպրոցի սիրելիի` Բեյլիի հետ: Երբ Ֆերնանդոն ու Բեյլին վերջացրին իրենց ուսումը, անհամբեր սպասում էին իրենց առաջին երեխայի` դստեր ծնվելուն: Սակայն մինչ Ֆերնանդոյի ու Բեյլիի ընտանիքներն օգնում էին նրանց ետ վերադառնալ տուն, Բեյլին ու իր քույրը մեքենա էին վարում մայրուղու վրա և ենթարկվեցին ողբերգական ավտովթարի, որի մեջ ներգրավված էին մի քանի մեքենաներ: Բեյլին ու նրա դեռ չծնված դուստրը մահացան:

Ֆերնանդոն ու Բեյլին

Որքան էլ որ խորն էր Ֆերնանդոյի, ինչպես նաև Բեյլիի ծնողների, քույր ու եղբայրների ցավը, նույնքան խորն էր խաղաղության ու մխիթարության զգացումը, որը նրանք կարծես անմիջապես զգացին` ի հակադրություն ցավի: Սուրբ Հոգին, որպես Մխիթարիչ, իսկապես ուժ տվեց Ֆերնանդոյին այս անըմբռնելի տանջանքի մեջ: Հոգին տևական խաղաղություն հաղորդեց, որը Ֆերնանդոյի մեջ առաջացրեց ներման ու սիրո վերաբերմունք նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված էին այդ ողբերգական ավտովթարի մեջ:

Բեյլիի ծնողները զանգեցին նրա եղբորը, ով վթարի ժամանակ ծառայում էր որպես միսիոներ: Նա իր զգացումները նկարագրել էր նամակի մեջ, որոնք ունեցել էր իր սիրելի քրոջ մասին այդ ծանր լուրն իմանալով. «Զարմանալի էր փոթորիկի միջից ձեր հանդարտ ձայնը լսելը: Ես չգիտեի ինչ ասեմ: … Ես մտածում էի այն մասին, որ քույրս այլևս տանը չի լինի, երբ տուն գամ: … Ես մխիթարվեցի Փրկիչի ու Նրա ծրագրի մասին ունեցած ձեր ամուր վկայությունով: Այդ նույն հաճելի հոգին, որն աչքերս է արցունքով լցնում, երբ ուսումնասիրում ու ուսուցանում եմ, լցրեց իմ սիրտը: Այնուհետև ես մխիթարվեցի ու հիշեցի այն բաները, որոնք գիտեմ»:

Սուրբ Հոգին կօգնի ձեզ մխիթարելով, ինչպես Նա մխիթարեց Ֆերնանդոյի ու Բեյլիի ընտանիքին:

Սուրբ Հոգին վկայում է

Սուրբ Հոգին նաև վկայում և հաստատում է Հոր և Որդու և բոլոր բաների ճշմարտացիության մասին: Տերն Իր առաքյալների հետ խոսելիս, ասել է. «Բայց երբոր Մխիթարիչը կգայ, որ ես Հօրիցը կուղարկեն ձեզ, … նա կվկայէ ինձ համար»:

Սուրբ Հոգու թանկագին դերը որպես վկայող նկարագրելու համար ես կշարունակեմ Ֆերնանդոյի ու Բեյլիի պատմությունը: Եթե հիշում եք, ես ասացի, որ Ֆերնանդոն ու իր եղբայրը մկրտվեցին, սակայն նրա ծնողներն ու երեք կրտսեր եղբայրները` ոչ: Ու չնայած տարիների ընթացքում միսիոներների հետ հանդիպելու բազմաթիվ հրավերներ ստացան , ամեն անգամ ընտանիքը մերժում էր:

Բեյլիի ու նրա փոքրիկ դստեր ցավալի մահվան պատճառով Ֆերնանդոյի ընտանիքն անմխիթար վիճակում էր: Ի տարբերություն Ֆերնանդոյի ու Բեյլիի ընտանիքի, նրանք չէին կարողանում մխիթարանք կամ խաղաղություն գտնել: Նրանք չէին հասկանում, թե ինչպես իրենց սեփական որդին, Բեյլիի ընտանիքի հետ միասին, կարողանում էին կրել իրենց ծանր բեռը:

Ի վերջո նրանք հասկացան, որ այն, ինչ իրենց որդին ուներ, իսկ իրենք չունեին, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն էր, և պետք է դա լիներ նրա խաղաղության ու մխիթարության աղբյուրը: Սա հասկանալուց հետո նրանք միսիոներներին հրավիրեցին, որպեսզի ավետարանն ուսուցանեն իրենց ընտանիքին: Արդյունքում երջանկության ծրագրի մասին իրենք ստացան իրենց վկայությունն ու հաստատումը, որը հաճելի խաղաղություն ու հանգստացնող սփոփանք բերեց, որը նրանք հուսահատորեն փնտրում էին:

Ֆերնանդոյի ընտանիքի մկրտությունը

Բեյլիի ու իրենց դեռ չծնված թոռնուհու մահից երկու ամիս անց Ֆերնանդոյի ծնողները, ինչպես նաև նրա երկու կրտսեր եղբայրները մկրտվեցին, հաստատվեցին ու ստացան Սուրբ Հոգու պարգևը: Ֆերնանդոյի կրտսեր եղբայրն անհամբերությամբ սպասում է իր մկրտությանը, երբ դառնա ութ տարեկան: Նրանք ամենքը վկայում են, որ Սուրբ Հոգին վկայություն բերեց ավետարանի ճշմարտացիության մասին` առաջնորդելով նրանց մկրտվելու և Սուրբ Հոգու պարգևը ստանալու ցանկությանը:

Եղբայրնե՛ր ու քույրե՛ր, Սուրբ Հոգին կօգնի ձեզ` վկայություն բերելով, ինչպես որ Նա օգնեց Ֆերնանդոյի ընտանիքին:

Ամփոփում

Այժմ եկեք ամփոփենք: Մենք նշեցինք երեք հայտնի դարձած ճշմարտություն, որոնք մեզ օգնում են ճանաչել Սուրբ Հոգուն: Դրանք են՝ Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է, Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է, և Սուրբ Հոգու պարգևը տրվում է ձեռնադրման միջոցով: Մենք նաև երեք պատասխան տվեցինք «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ» հարցին: Սուրբ Հոգին զգուշացնում է, Սուրբ Հոգին մխիթարում է, և Սուրբ Հոգին վկայում է:

Պարգևը պահելու արժանավորություն

Նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտվել ու հաստատվել, նրանց համար, ովքեր վերջերս են մկրտվել ու հաստատվել կամ նրանց համար, ովքեր շատ վաղուց են մկրտվել , մեր ֆիզիկական ու հոգևոր ապահովության համար կարևոր է, որ ունենանք Սուրբ Հոգու պարգևը: Մենք սկսում ենք այդպես վարվել` ձգտելով պահել պատվիրանները, ունենալով անձնական ու ընտանեկան աղոթք, կարդալով սուրբ գրությունները և ձգտելով ներել ընտանիքին ու սիրելիներին, սիրել նրանց հետ ունեցած մեր հարաբերությունները: Մենք պետք է մեր մտքերը, գործողությունները և խոսքերը առաքինի պահենք: Մենք պետք է երկրպագենք մեր Երկնային Հորը մեր տանը, եկեղեցում և, հնարավորության դեպքում, սուրբ տաճարում: Մոտ մնացեք Սուրբ Հոգուն, և Սուրբ Հոգին ձեզ մոտ կմնա:

Վկայություն

Այժմ ես ավարտում եմ մի հրավերով ու իմ հաստատուն վկայությամբ: Ես ձեզ հրավիրում եմ լիարժեք ապրել այնքան հաճախ Երեխաների խմբի կողմից երգված երգի բառերին համաձայն, բառեր, որոնք վստահ եմ, նրանք կճանաչեն. «Լսի՛ր, լսի՛ր: Սուրբ Հոգին կշշնջա: Լսի՛ր, լսի՛ր մեղմ ու հանդարտ ձայնը»:

Սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, տարիքով և երիտասարդ, ես իմ վկայությունն են բերում աստվածային էակների փառավոր գոյության մասին, ովքեր կազմում են Աստվածագլուխը` Հայր Աստվածը , Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին: Ես վկայում եմ, որ այն արտոնություններից մեկը, որ մենք` որպես վերջին օրերի սրբեր, վայելում ենք ժամանակների լրության տնտեսությունում, Սուրբ Հոգու պարգևն ունենալն է: Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին օգնում է և կօգնի ձեզ: Ես նաև ավելացնում եմ Հիսուս Քրիստոսի ու որպես մեր Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին իմ հատուկ վկայությունը, ինչպես նաև իմ հատուկ վկայությունը Աստծո մասին` որպես մեր Երկնային Հայր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: