2010–2019 թթ․
Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը
Ապրիլ 2017


14:50

Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը

Հիսուս Քրիստոսի ավետարանը լի է Նրա զորությամբ, որը հասանելի է Աստծո յուրաքանչյուր դստերը կամ որդուն, ով ջանասիրաբար փնտրում է այն:

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, մենք ապրում ենք մի շատ դժվար տնտեսությունում: Մենք շրջապատված ենք մարտահրավերներով, հակասություններով ու բարդություններով: Այս անհանգիստ ժամանակները կանխատեսվել էին Փրկիչի կողմից: Նա զգուշացրել էր, որ մեր օրերում հակառակորդը բարկության կդրդի մարդկանց սրտերը և կմոլորեցնի նրանց: Սակայն մեր Երկնային Հայրը երբեք չի նախատեսել, որ անձնական խնդիրների և սոցիալական հարցերի լաբիրինթոսում մենք մենակ մնանք:

Աստված այնպես սիրեց աշխարհը, որ ուղարկեց Իր Միածին Որդուն մեզ օգնության: Իսկ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, Իր կյանքը զոհաբերեց մեզ համար: Այդ ամենը նրա համար, որ աստվածային զորությունը մեզ հասանելի լինի, զորություն, որը բավարար կլինի դիմակայելու մեր ժամանակի բեռներին , խոչընդոտներին ու գայթակղություններին: Այսօր ես ցանկանում եմ խոսել, թե ինչպես կարող ենք մեր Տեր և Վարդապետ Հիսուս Քրիստոսի զորությունը մեր կյանք հրավիրել:

Մենք սկսում ենք՝ սովորելով Նրա մասին: «Անհնար է փրկվել անգիտության մեջ»: Որքան շատ ենք իմանում Փրկիչի ծառայության և առաքելության մասին, որքան շատ ենք հասկանում Նրա վարդապետությունը, և ինչ է արել Նա մեզ համար, այնքան ավելի շատ ենք իմանում, որ Նա կարող է զորություն տալ մեզ, որի կարիքն ունենք այս կյանքում:

Տարվա սկզբում ես խնդրեցի Եկեղեցու չափահաս երիտասարդներին յուրաքանչյուր շաբաթ իրենց ժամանակի մի մասը նվիրել այն ամենի ուսումնասիրմանը, ինչ Հիսուսն ասել ու արել է, որոնք արձանագրված են կանոնիկ աշխատություններում: Ես հրավիրեցի նրանց Սուրբ գրությունների ուղեցույցի Հիսուս Քրիստոսի մասին սուրբ գրությունների մեջբերումները դարձնել իրենց անձնական ուսումնական ձեռնարկը:

Ես նետեցի այդ մարտահրավերը, քանի որ ինքս արդեն նման մարտահրավեր էի ընդունել: Ես կարդացել և ընդգծել էի Հիսուս Քրիստոսի մասին յուրաքանչյուր հատված, որ նշված էր անգլերեն սուրբ գրությունների «Թեմատիկ ուղեցույցի» հիմնական խորագրի և 57 ենթախորագրերի ներքո: Երբ ես ավարտեցի այդ հետաքրքիր վարժությունը, կինս հարցրեց, թե ինչ ազդեցություն ունեցավ այն ինձ վրա: Ես նրան պատասխանեցի. «Ես նոր մարդ եմ դարձել»:

Ես նորացված մի նվիրվածություն զգացի Նրա հանդեպ, երբ կրկին կարդացի Փրկիչի սեփական հայտարարությանը Մորմոնի Գրքում իր մահկանացու առաքելության մասին: Նա հայտարարել է.

«Ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ:

Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ»:

Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք Նրա առաքելությունը կոչում ենք Հիսուս Քրիստոսի Քավություն, ինչը բոլորի համար իրականություն դարձրեց հարությունը և հնարավոր դարձրեց հավերժական կյանքը նրանց համար, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերը և ստանում ու պահում են փրկարար արարողությունները և ուխտերը:

Վարդապետության տեսանկյունից թերի է, երբ խոսում ենք Տիրոջ քավիչ զոհաբերության մասին համառոտ արտահայտություններով, ինչպիսիք են պարզապես «Քավությունը»,«Քավության հնարավորություն տվող զորությունը», «Քավության կիրառումը» կամ «Քավության միջոցով ամրապնդումը»: Այդ արտահայտությունները հավատքից շեղելու իրական վտանգ են ներկայացնում, ներկայացնելով իրադարձությունը, կարծես այն մեր Երկնային Հորից և Նրա Որդի Հիսուս Քրիստոսից անկախ գոյություն և կարողություն ունի:

Ըստ Հոր մեծ հավերժական ծրագրի, Փրկիչն էր, որ տառապանք տարավ: Փրկիչն էր, որ կոտրեց մահվան կապանքները: Փրկիչն էր, որ վճարեց մեր մեղքերի ու օրինազանցությունների գինը, ջնջելով դրանք մեր ապաշխարության պայմանով: Փրկիչն է, որ մեզ ազատում է ֆիզիկական և հոգևոր մահից:

Չկա «Քավություն» անունով որևէ անկերպ էակ, որին մենք կարող ենք դիմել բժշկվելու, օգնության, ներողամտության կամ զորության համար: Այդ ամենի աղբյուրը Հիսուս Քրիստոսն է: Քավություն և Հարություն սրբազան եզրույթները նկարագրում են այն, ինչ Փրկիչն արեց ըստ Հոր ծրագրի, որպեսզի մենք կարողանանք հույսով ապրել այս կյանքում և ձեռք բերել հավերժական կյանք գալիք աշխարհում: Փրկիչի քավիչ զոհաբերությունը՝ ողջ մարդկության պատմության առանցքային գործողությունը, լավագույնս հասկանում և գնահատում ենք, երբ բացարձակորեն և հստակորեն այն կապում ենք Նրա հետ:

Փրկիչի առաքելության կարևորությունն ընդգծել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը, որն ազդեցիկ հայտարել է. «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն Առաքյալների և Մարգարեների վկայություններն են Հիսուս Քրիստոսի մասին, որ նա մահացել է, թաղվել է և երրորդ օրը կրկին հարություն է առել ու համբարձվել է երկինք. բոլոր մյուս բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին, միայն դրա հավելումներն են»:

Մարգարեի հենց այդ հայտարարությունն էր պատճառը, որ 15 մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ հրատարակեցին և ստորագրեցին իրենց վկայությունը՝ ի հիշատակ Տիրոջ ծննդյան 2000-ամյակի: Այդ պատմական վկայությունը հայտնի է «Կենդանի Քրիստոսը» վերնագրով: Շատ անդամներ մտապահել են այդ ճշմարտությունները: Մյուսները քիչ գիտեն այդ վկայության մասին: Մինչ դուք փնտրում եք ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին, ես ձեզ կոչ եմ անում ուսումնասիրել «Կենդանի Քրիստոսը» փաստաթուղթը:

Նվիրելով մեր ժամանակը Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության մասին սովորելուն, մենք մասնակցում ենք Նրա զորությունից օգտվելու մեկ այլ առանցքային տարրին. մենք ընտրում ենք հավատք ունենալ Նրա հանդեպ և հետևել Նրան:

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները պատրաստ են առանձնանալ, բարձրաձայնել և տարբերվել աշխարհի մարդկանցից: Նրանք անվեհեր, նվիրված և համարձակ են: Ես լսել եմ նման աշակերտներից մի քանիսի մասին Մեքսիկայում՝ իմ վերջին հանձնարարության ընթացքում, որտեղ ես հանդիպեցի կառավարական պաշտոնյաների հետ, ինչպես նաև երկրի մյուս կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուրը շնորհակալություն էր հայտնում իրենց երկրում ամուր ամուսնություններ և ընտանիքներ պաշտպանելու և պահպանելու գործում մեր անդամների հերոսական և հաջող ջանքերի համար:

Նման հզոր աշակերտ դառնալը հեշտ չէ և ինքնաբերաբար տեղի չի ունենում: Մեր ուշադրությունը պետք է կենտրոնանա Փրկիչի և Նրա ավետարանի վրա: Մտավոր կարգապահություն է պահանջվում բոլոր մտորումներում: Բայց երբ դա անում ենք, մեր կասկածներն ու վախերը ցրվում են:

Վերջերս լսեցի մի անվախ երիտասարդ դափնիի մասին: Նրան հրավիրել էին իր ավագ դպրոցը ներկայացնել նահանգային մի մրցույթի՝ նույն երեկոյան, երբ նա ցցի Սփոփող Միության ընդհանուր ժողովին մասնակցելու պարտավորություն էր վերցրել: Երբ նա գիտակցեց, որ ժամերը համընկնում են և բացատրեց մրցույթի պաշտոնյաներին, որ պետք է մրցույթից շուտ դուրս գա մեկ այլ կարևոր միջոցառման մասնակցելու համար, նրան ասացին, որ եթե նա այդպես վարվի, ապա կարող է որակազրկվել:

Ի՞նչ արեց Վերջին Օրերի այդ դափնին: Նա հավատարիմ մնաց Սփոփող Միության հավաքին մասնակցելու իր պարտավորությանը: Ինչպես խոստացել էին, նրան որակազրկեցին նահանգային մրցույթից: Երբ հարց տվեցին իր որոշման մասին, նա պարզապես պատասխանեց. «Դե, Եկեղեցին ավելի կարևոր է, այդպես չէ՞»:

Հավատն առ Հիսուս Քրիստոս մեզ մղում է կատարել քայլեր, որոնք այլ դեպքում չէինք անի: Հավատքը, որը դրդում է մեզ գործողությունների, մեզ ավելի է մոտեցնում Նրա զորությանը:

Մենք նաև ավելացնում ենք Փրկիչի զորությունը մեր կյանքում, երբ սրբազան ուխտեր ենք կապում և ճշգրտությամբ պահում ենք այդ ուխտերը: Մեր ուխտերը մեզ կապում են Նրա հետ և մեզ աստվածային զորություն են տալիս: Որպես հավատարիմ աշակերտներ, մենք ապաշխարում ենք և հետևում Նրան՝ մտնելով մկրտության ջրերը: Մենք քայլում ենք ուխտի ճանապարհով, որ ստանանք այլ կարևոր արարողություններ: Եվ երախտապարտ ենք, որ Աստծո ծրագիրը նախատեսում է այդ օրհնությունները հասանելի դարձնել մեր նախնիներին, ովքեր մահացել են՝ հնարավորություն չունենալով ստանալ այդ արարողությունները իրենց մահկանացու կյանքի ընթացքում:

Ուխտեր պահող տղամարդիկ և կանայք ուղիներ են փնտրում իրենց անբիծ պահել աշխարհից, որպեսզի ոչինչ չարգելափակի դեպի Փրկիչի զորություն նրանց մուտքը: Մի հավատարիմ կին և մայր վերջերս գրել է. «Մենք ապրում ենք անհանգիստ ու չար ժամանակներում: Որքա՜ն օրհնված ենք մենք, որ մեծ գիտելիքներ ունենք փրկության ծրագրի մասին, որ ունենք սիրող մարգարեների, առաքյալների և ղեկավարների ոգեշնչված առաջնորդությունը, ինչը մեզ օգնում է ալեկոծված ծովով անվտանգ նավարկել: Մենք մոռացել ենք առավոտյան ռադիո միացնելու սովորությունը: Փոխարենը, մինչ պատրաստվում ենք հերթական օրվան, մեր բջջային հեռախոսներով մենք այժմ գերագույն համաժողովի ելույթ ենք լսում ամեն առավոտ»:

Փրկիչի զորությունը մեր կյանք հրավիրելու մեկ այլ տարր է հանդիսանում հավատքով Նրան մոտենալը : Նման հրավերը պահանջում է եռանդուն ու կենտրոնացած ջանքեր:

Հիսուսի հանդերձի ծայրին դիպչող կինը

Հիշո՞ւմ եք աստվածաշնչյան պատմությունը կնոջ մասին, որը 12 տարի տառապում էր կեղեքիչ հիվանդությամբ: Նա Փրկիչի հանդեպ մեծ հավատք դրսևորեց, բացականչելով, «Եթէ միայն նորա հանդերձին դպչիմ, կ’փրկուիմ»:

Իր հավատին կենտրոնացած այս կինը պետք է ձգվեր այնքան, որ հասներ Նրա զորությանը: Այս ֆիզիկական լարումընրա հոգևոր լարման խորհրդանիշն էր:

Մեզանից շատերը այդ կնոջ նման սրտի խորքից աղաղակել են. «Եթե կարողանայի հոգևորապես բավականաչափ ձգվել, որպեսզի Փրկիչի զորությունը իմ կյանք հրավիրեմ, ես կիմանայի, թե ինչպես կարգավորեմ իմ սրտաճմլիկ վիճակը: Ես կիմանայի, թե ինչ պետք է անեմ: Եվ ես այն անելու զորություն կունենայի»:

Երբ փորձում եք հասնել Տիրոջ զորությանը ձեր կյանքում նույն լարվածությամբ, ինչպես ջրում խեղդվող մարդն է ջանում օգնություն կանչել ու ագահաբար օդ շնչել, Հիսուս Քրիստոսի զորությունը ձերը կլինի: Երբ Փրկիչը գիտի, որ դուք իսկապես ուզում եք հասնել Նրան, երբ Նա զգում է, որ ձեր սրտի մեծագույն ցանկությունն է իր զորությունը ձեր կյանք հրավիրել, Սուրբ Հոգու զորությամբ դուք ճշգրիտ կիմանաք, թե ինչ պիտի անեք:

Երբ դուք հոգևորապես լարվում եք նախկինում ձեր արածից ավելին անելու համար, Նրա զորությունը դեպի ձեզ կհորդի: Այն ժամանակ դուք կկարողանաք հասկանալ մեր երգած «Աստծո Հոգին» օրհներգի խորիմաստ խոսքերը.

Տերը մեծացնում է սրբոց ըմբռնումը. …

Ընդարձակվում է Աստծո գիտությունը,

Ցրվում է խավարը երկրի երեսից:

Հիսուս Քրիստոսի ավետարանը լի է Նրա զորությամբ, որը հասանելի է Աստծո յուրաքանչյուր դստերը կամ որդուն, ով ջանասիրաբար փնտրում է այն: Ես վկայում եմ, որ երբ Նրա զորությունը հրավիրում ենք մեր կյանք, ինչպես նա, այնպես էլ մենք, միասին ցնծություն կապրենք:

Որպես Նրա հատուկ վկաներից մեկը, ես հայտարարում եմ, որ Աստված ապրում է, Հիսուսը Քրիստոսն է: Նրա Եկեղեցին վերականգնվել է երկրի վրա: Աստծո մարգարեն երկրի վրա այսօր Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն է, որին ես աջակցում եմ իմ ողջ սրտով: Ես այդ մասին վկայում եմ, արտահայտելով իմ սերը և թողնելով իմ օրհնությունը ձեզանից յուրաքանչյուրին Հիսուս Քրիստոսի սուրբ անունով. ամեն: