Մարգարեներին տրված շարունակական հայտնության օրհնությունը և անձնական հայտնությունն առաջնորդում են մեր կյանքը
Շարունակական հայտնությունը ստացվել և ստացվում է Տիրոջ հաստատած ուղիներով:
Այսօր ես կխոսեմ մարգարեների շարունակական հայտնության և շարունակական անձնական հայտնության մասին, որոնք առաջնորդում են մեր կյանքը:
Երբեմն մենք հայտնություն ենք ստանում նույնիսկ այն ժամանակ, երբ չգիտենք Տիրոջ նպատակները: Երբ 1994 թվականի հունիսին Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կանչվեց առաքյալ, կարճ ժամանակ անց ես մի գեղեցիկ հայտնություն ստացա, որ նա կկանչվի առաքյալ։ Ես տարածքային ներկայացուցիչ էի և ոչ մի պատճառ չէի տեսնում նման գիտելիք ստանալու համար։ Բայց 1960-ականների սկզբներին մենք զուգընկերներ էինք, երբ ծառայում էինք Անգլիայի միսիայում, և ես շատ սիրեցի նրան։ Այդ փորձառությունը համարում եմ գորովագութ ողորմածություն ինձ համար։ Վերջին տարիներին ես մտածում էի, թե արդյոք Տերն ինձ պատրաստում էր դառնալու կրտսեր Առաքյալ Տասներկուսի այդ հրաշալի զուգընկերոջ համար, ով իմ կրտսեր զուգընկերն էր, երբ երիտասարդ միսիոներներ էինք։1 Ես երբեմն զգուշացնում եմ երիտասարդ միսիոներներին բարյացակամ գտնվել իրենց կրտսեր զուգընկերների հանդեպ, քանի որ երբեք չեն իմանա, թե նրանք երբ կարող են դառնալ իրենց ավագ զուգընկերը:
Ես ամուր վկայություն ունեմ, որ այս վերականգնված Եկեղեցին առաջնորդում է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը։ Նա գիտի, թե ում կանչի Իրեն Առաքյալ և ինչ կարգով կանչի նրանց: Նա նաև գիտի, թե ինչպես նախապատրաստի Իր ավագ առաքյալին՝ լինել Եկեղեցու մարգարե և նախագահ:
Այս առավոտ մենք օրհնվեցինք, երբ լսեցինք մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին, ով աշխարհին ներկայացրեց խորիմաստ երկուհարյուրամյա հռչակագիրը՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնման մասին։2 Նախագահ Նելսոնի այդ ազդեցիկ հռչակագիրը հստակեցրեց, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին իր ծագման, գոյության և ապագայի դիրքի համար պարտական է շարունակական հայտնությանը։ Նոր հռչակագիրը խորհրդանշում է սիրող Հոր կապն Իր զավակների հետ:
Ավելի շուտ նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն արտահայտել է այն, ինչ ես զգում եմ այսօր։ Նա ասել է․ «Ամեն ինչից առավել, … մենք պետք է երախտապարտ լինենք նրա համար, որ երկինքներն իսկապես բաց են, և որ Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցին հիմնված է հայտնության վեմի վրա: Շարունակվող հայտնությունն իսկապես ապրող Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի կենարար արյունն է»։3
Ենովք մարգարեն կանխատեսել էր այն օրերը, որոնցում մենք ապրում ենք: Տերը հայտնեց Ենովքին այն մեծ ամբարշտության մասին, որը կտիրեր, և մարգարեացավ «մեծ նեղությունների» մասին, որոնք տեղի կունենան: Այնուամենայնիվ, Տերը խոստացավ. «Բայց իմ ժողովրդին ես կպահպանեմ»:4 «Արդարություն ցած կուղարկեմ երկնքից. և ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից, որ վկայություն բերեն իմ Միածնի մասին»։5
Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը մեծ զորությամբ ուսուցանել է, որ Մորմոնի Գիրքը՝ մեր կրոնի պորտաքարը, ի հայտ է եկել երկրից՝ իրականացնելով Ենովքին ասած Տիրոջ խոսքը: Հայրը և Որդին, հրեշտակներն ու մարգարեները, ովքեր հայտնվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին, «երկնքից ուղարկվեցին, որպեսզի արքայությունում վերականգնեն անհրաժեշտ զորությունները»:6
Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն հայտնության հետևից։ Դրանցից մի քանիսը կհնչեն այս համաժողովի ընթացքում: Մարգարե Ջոզեֆի կողմից ստացված բազմաթիվ հայտնություններ մեզ համար պահպանվել են Վարդապետություն և Ուխտերում: Եկեղեցու բոլոր կանոնիկ աշխատությունները պարունակում են այս վերջին տնտեսությունում Տիրոջ միտքն ու կամքը մեզ համար։7
Բացի այս հրաշալի հիմնարար սուրբ գրություններից, մենք օրհնված ենք ապրող մարգարեների շարունակական հայտնությամբ: Մարգարեները «Տիրոջ լիազորված գործակալներն են, որոնք իրավասու են խոսել Նրա անունից»։8
Որոշ հայտնություններ վիթխարի նշանակություն ունեն, իսկ մյուսները մեծացնում են մեր հասկացողությունը աստվածային հիմնական ճշմարտությունների մասին և ուղեցույց են հանդիսանում մեր օրերի համար։9
Մենք անչափ երախտապարտ ենք 1978 թվականի հունիսին նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին տրված հայտնության համար, որը քահանայության և տաճարային օրհնությունները տարածում է Եկեղեցու բոլոր արժանավոր տղամարդկանց վրա:10
Ես ծառայել եմ Տասներկուսից շատերի հետ, ովքեր ներկա էին և մասնակցում էին, երբ նա ստացավ այդ արժեքավոր հայտնությունը։ Նրանցից յուրաքանչյուրն իր առանձին խոսքում հաստատել է հզոր և միավորող հոգևոր առաջնորդությունը, որը զգացել են նախագահ Քիմբալը և մնացածները։ Շատերն ասում էին, որ դա ամենահզոր հայտնությունն էր, որը նրանք ստացել էին այդ ժամանակաշրջանից առաջ կամ հետո։11
Մեզանից նրանք, ովքեր այժմ ծառայում են Տասներկու առաքյալների քվորումում, օրհնվել են մեր օրերում, երբ ներկայիս մարգարեների միջոցով նշանակալից հայտնություններ են ստացվել:12 Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Տիրոջ լիազորված գործակալն է եղել, հատկապես, հայտնությունների առումով, որպեսզի օգնի ընտանիքներին իրենց տներում կառուցել հավատքի սրբավայրեր, հավաքել ցրված Իսրայելը վարագույրի երկու կողմերում և օրհնել օժտված անդամներին տաճարային սրբազան արարողությունների հարցերում:
Երբ մեր տներն օրհնելու կարևոր փոփոխությունները հայտարարվեցին 2018 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ, ես վկայեցի, «որ Առաջին Նախագահության Խորհրդի և Տասներկու Առաքյալների Քվորումի տաճարային քննարկումներում և … հետո, երբ մեր սիրելի մարգարեն խնդրանքով դիմեց Տիրոջը հայտնության համար, … հզոր հաստատում ստացան բոլորը»:13
Այն ժամանակ տաճարային սրբազան արարողություններին վերաբերող այլ հայտնություններ տրվեցին, բայց չհայտարարվեցին կամ չիրագործվեցին։14 Այս առաջնորդությունը սկսվեց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի անհատական մարգարեական հայտնությամբ և գործընթացի մասնակիցների սիրող և հզոր հաստատումով: Նախագահ Նելսոնը մասնավորապես ներգրավեց քույրերին, որոնք նախագահում են Սփոփող միության, Երիտասարդ կանանց և Երեխաների միության կազմակերպությունները: Վերջին առաջնորդությունը, որը տրվեց տաճարում և ուղղված էր Առաջին նախագահությանը և Տասներկու Առաքյալներ քվորումին, խորապես հոգևոր և զորավոր էր։ Ամեն մեկս հասկացանք, որ ստացել ենք Տիրոջ մտքի, կամքի և խոսքի համաձայն։15
Ես ամենայն վճռականությամբ հայտարարում եմ, որ շարունակական հայտնությունը ստացվել և ստացվում է Տիրոջ հաստատած ուղիներով: Ես վկայում եմ, որ այսօր առավոտյան Նախագահ Նելսոնի նոր հռչակագիրը բոլոր մարդկանց օրհնելու հայտնություն է:
Մենք բոլորին հրավիրում ենք սնվել Տիրոջ սեղանից։
Մենք հայտարարում ենք նաև մեր անկեղծ ցանկությունը վերամիավորվելու նրանց հետ, ում վկայությունները թուլացել են, եղել են քիչ ակտիվ կամ իրենց անունները հանել են Եկեղեցու գրանցումներից: Մենք ցանկանում ենք ձեզ հետ սնվել «Քրիստոսի խոսքերով» Տիրոջ սեղանի մոտ, որպեսզի սովորենք այն, ինչ մենք բոլորս պետք է սովորենք։16 Մենք ունենք ձեր կարիքը: Եկեղեցին ունի ձեր կարիքը: Տերն ունի ձեր կարիքը: Մենք սրտանց աղոթում ենք, որ դուք միանաք մեզ և երկրպագեք աշխարհի Փրկիչին: Մենք գիտենք, որ ձեզանից ոմանք վիրավորվել են, ձեր հանդեպ անբարեխիղճ կամ այլ վարք են դրսևորել, որը Քրիստոսանման չէ: Մենք գիտենք նաև, որ ոմանք դժվարություններ են ունեցել իրենց հավատքի հետ, որոնք, գուցե, ամբողջովին չգնահատվեն, չհասկացվեն կամ լուծում չստանան:
Մեր կայուն ու հավատարիմ անդամներից ոմանք որոշ ժամանակ դժվարություններ են ունեցել իրենց հավատքի հետ։ Ես սիրում եմ Վ. Վ. Ֆելփսի իրական պատմությունը, ով լքել էր Եկեղեցին և Միսսուրիի դատարանում վկայություն էր տվել մարգարե Ջոզեֆ Սմիթի դեմ: Ապաշխարելուց հետո նա գրեց Ջոզեֆին. «Ես գիտեմ իմ իրավիճակը, դու դա գիտես, և Աստված դա գիտի, և ես ուզում եմ փրկվել, եթե իմ ընկերները օգնեն ինձ»:17 Ջոզեֆը ներեց նրան, վերադարձրեց նրան ծառայության և սիրով գրեց. «Քանզի հին ընկերները, ի վերջո, ընկերներ են մնում»:18
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, անկախ ձեր իրավիճակից, իմացեք, որ Եկեղեցին և նրա անդամները ձեզ հետ կընդունեն:
Անձնական հայտնությունն առաջնորդում է մեր կյանքը
Անձնական հայտնությունը հասանելի է բոլոր նրանց, ովքեր խոնարհաբար առաջնորդություն են փնտրում Տիրոջից: Այն նույնքան կարևոր է, որքան մարգարեական հայտնությունը: Սուրբ Հոգուց ստացած անձնական, հոգևոր հայտնությունը հանգեցրել է նրան, որ միլիոնավոր մարդիկ ստանան այն վկայությունը, որն անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ մկրտվելու և հաստատվելու համար։
Անձնական հայտնությունը մկրտությունից հետո ստացած մեծ օրհնություն է, երբ մենք «սրբագործվում ենք՝ ընդունելով Սուրբ Հոգին»։19 Կարող եմ հիշել մի հատուկ հոգևոր հայտնություն, երբ 15 տարեկան էի: Իմ թանկագին եղբայրը Տիրոջից առաջնորդություն էր փնտրում, թե ինչպես պատասխանի մեր սիրելի հորը, ով չէր ցանկանում, որ իմ եղբայրը միսիա ծառայի։ Ես նույնպես աղոթեցի անկեղծ մտադրությամբ և ստացա անձնական հայտնություն ավետարանի ճշմարտացիության մասին:
Սուրբ Հոգու դերը
Անձնական հայտնությունը հիմնված է Սուրբ Հոգուց ստացված հոգևոր ճշմարտությունների վրա:20 Սուրբ Հոգին ամեն ճշմարտության, հատկապես, Փրկիչի տված ճշմարտության հայտնողն ու վկայողն է: Առանց Սուրբ Հոգու մենք իսկապես չէինք կարող իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է: Նրա կարևորագույն դերն է՝ վկայել Հոր և Որդու, նրանց կոչումների և նրանց փառքի մասին:
Սուրբ Հոգին կարող է զորեղ ազդեցություն ունենալ բոլորի վրա։21 Այս ազդեցությունը կայուն չի լինի, քանի դեռ մարդը չի մկրտվել և չի ստացել Սուրբ Հոգու պարգևը: Սուրբ Հոգին նաև մաքրող միջոց է ապաշխարության և ներման գործընթացում:
Հոգին շփվում է զարմանալի ձևերով: Տերն օգտագործել է այս գեղեցիկ նկարագրությունը․
«Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում:
Արդ, ահա, սա է հայտնության ոգին»:22
Չնայած դրա ազդեցությունը կարող է լինել աներևակայելի հզոր, այն ամենից հաճախ ցածր, մեղմ և հանդարտ ձայն է։23 Սուրբ գրությունները պարունակում են բազմաթիվ օրինակներ այն մասին, թե ինչպես է Հոգին ազդում մեր մտքի վրա, այդ թվում խաղաղություն խոսելով մեր մտքին,24 զբաղեցնելով մեր միտքը,25 լուսավորելով մեր միտքը26 և նույնիսկ ձայն ուղարկելով մեր մտքին։27
Որոշ սկզբունքներ, որոնք պատրաստում են մեզ հայտնություն ստանալու համար, ներառում են.
-
Աղոթել հոգևոր առաջնորդության համար: Ակնածանքով և խոնարհաբար մենք պետք է փնտրենք և խնդրենք,28 լինենք համբերատար ու ենթարկվող։29
-
Նախապատրաստվել ոգեշնչման համար։ Դա պահանջում է, որ մենք ներդաշնակ լինենք Տիրոջ ուսմունքների հետ և կատարենք Նրա պատվիրանները։
-
Արժանիորեն ճաշակել հաղորդությունը։ Երբ այդպես ենք վարվում, մենք վկայում և ուխտում ենք Աստծո հետ, որ մեզ վրա ենք վերցնում Նրա Սուրբ Որդու անունը, որ հիշում ենք Նրան և պահում ենք Նրա պատվիրանները:
Այս սկզբունքները մեզ նախապատրաստում են ընդունել, հասկանալ և հետևել Սուրբ Հոգու հուշումներին և առաջնորդությանը: Դա ներառում է «խաղաղարար բաները,– որոնք բերում են ուրախություն [և] … կյանք հավերժական»։30
Մեր հոգևոր պատրաստությունը մեծապես լավանում է, երբ մենք կանոնավոր ուսումնասիրում ենք ավետարանի սուրբ գրություններն ու ճշմարտությունները և մեր մտքում խորհում ենք այն առաջնորդության մասին, որը մենք փնտրում ենք: Բայց հիշեք, որ համբերատար լինեք և վստահեք Տիրոջ ժամանակին: Առաջնորդությունը տալիս է ամենակարող Տերը, երբ Նա «գիտակցաբար որոշում է մեզ դպրոց ուղարկել»։31
Հայտնություն մեր կոչումներում և հանձնարարություններում
Սուրբ Հոգին նաև հայտնություն կտա մեր կոչումներում և հանձնարարություններում: Իմ փորձից գիտեմ, որ կարևոր հոգևոր առաջնորդությունը ամենից հաճախ գալիս է այն ժամանակ, երբ մենք փորձում ենք օրհնել ուրիշներին մեր պարտականությունները կատարելիս։
Ես հիշում եմ, որ երբ երիտասարդ եպիսկոպոս էի, հուսահատ զանգ ստացա մի ամուսնական զույգից, նախքան գործնական հանդիպման գնալու համար ինքնաթիռ կնստեի։ Մինչև նրանց ժամանելը, ես Տիրոջն աղերսեցի, որ իմանամ, թե ինչպես կարող եմ օգնել նրանց։ Ինձ հայտնի դարձավ խնդրի էությունը և այն, թե ինչ պետք է պատասխանեի։ Այդ հայտնությամբ տրված առաջնորդությունը թույլ տվեց ինձ կատարել եպիսկոպոսի իմ կոչման սուրբ պարտականությունը, չնայած ժամանակի սղությանը։ Բոլոր եպիսկոպոսներն աշխարհով մեկ նույնպես կհամաձայնեն ինձ հետ։ Որպես ցցի նախագահ, ես ոչ միայն ստացա կարևոր հայտնություն, այլև ստացա անձնական ճշգրտում, որն անհրաժեշտ էր Տիրոջ նպատակներն իրականացնելու համար:
Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուրս կարող ենք ստանալ սուրբ առաջնորդություն, քանի դեռ խոնարհաբար աշխատում ենք Տիրոջ այգում: Մեր առաջնորդության մեծ մասը գալիս է Սուրբ Հոգուց: Երբեմն և որոշ նպատակների համար այն անմիջապես գալիս է Տիրոջից: Ես անձամբ եմ վկայում, որ դա ճիշտ է: Ամբողջ Եկեղեցու վերաբերյալ առաջնորդությունը տրվում է Եկեղեցու նախագահին և մարգարեին։
Մենք, որպես ժամանակակից Առաքյալներ, արտոնություն ենք ունեցել աշխատել և ճամփորդել մեր ներկայիս մարգարե նախագահ Նելսոնի հետ: Ես կվերաձևակերպեմ այն, ինչ ասաց Վիլֆորդ Վուդրուֆը մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին. դա հավասարապես վերաբերում է Նախագահ Նելսոնին: Ես տեսել եմ «Աստծո Հոգու գործերը նրա հետ և նրան տրված Հիսուս Քրիստոսի հայտնությունները, ինչպես նաև այդ հայտնությունների իրականացումը»:32
Իմ խոնարհ խնդրանքն այսօր այն է, որ մեզանից յուրաքանչյուրը փնտրի շարունակական հայտնություն մեր կյանքն առաջնորդելու համար և հետևի Հոգուն, երբ մենք երկրպագում ենք Հայր Աստծուն՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որի մասին ես վկայում եմ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: