Օգնություն դժվար պահերին
Հյուսթոնում (Տեխաս, ԱՄՆ) փոթորիկից և ջրհեղեղից հետո մի տարեց կին տեսավ, որ Վերջին Օրերի Սրբերը «օգնող ձեռքեր» գրությունով դեղին վերնաշապիկներ հագած, օգնության են հասնում աղետի զոհերին: «Ես գիտեի, որ մորմոնները գալու են», – ասաց նա:
Այս իրադարձությունը, որի մասին ֆեյսբուքյան էջում գրել է Տեխաս Հյուսթոն Հարավային Միսիայի նախագահ Ահարոն Թ. Հոլը, ցույց է տալիս, թե ինչպես է Եկեղեցին դժվարությունների ժամանակ օգնության գալիս թե՛ անդամներին, և թե՛ հարևաններին: «Տիրոջ Եկեղեցու անդամների համար չափազանց մեծ մարտահրավեր չկա», – գրել է Նախագահ Հոլը:
Աղետների ժամանակ Եկեղեցին առաջիններից մեկն է արձագանքողների թվում և տուժած տարածքներում Եկեղեցու մարդասիրական օգնությունը հաճախ շարունակվում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարատև վերականգնման ծրագրերով՝ ինքնապահովման վերականգնման նպատակով: Տեղական ղեկավարները համագործակցում են Եկեղեցու վարչական գրասենյակի հետ՝ կարիքների գնահատման և դրանք ապահովելու նպատակով, ինչպես նաև կազմակերպում են անդամներին ռեսուրսների բաշխման, մաքրման, վերականգնման և վերակառուցման աշխատանքներ տանելու համար:
ՎՕՍ բարեգործությունների միջոցներով, ինչպես նաև համագործակցելով տուժած տարածքներում հաստատված բարեգործական գործակալությունների հետ, Եկեղեցին վերջերս օգնություն է ցուցաբերել բազմաթիվ տուժածների՝ Պերուի ջրհեղեղից, Սիերա Լեոնեի սողանքներից, Մոնտանայի (ԱՄՆ) և Ալբերտայի (Կանադա) անտառային հրդեհներից, Տեխասի, Ֆլորիդայի և Կարիբյան կղզիների փոթորիկներից, ներառյալ Պուերտո Ռիկոյի, Հաիթիի և Դոմինիկյան Հանրապետության, օգնություն է ցուցաբերվել նաև Մեքսիկայի երկու ուժեղ երկրաշարժերից տուժածներին:
Սեպտեմբերին Եկեղեցին հայտարարեց, որ շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ութ երկրներում սովի նվազեցման և սովյալ երեխաների կերակրման ծրագրերին: ՎՕՍ բարեգործությունները համագործակցում է 11 կազմակերպությունների հետ, 25 ծրագրերի շրջանակներում՝ օգնությունը բաշխելու նպատակով:
ՎՕՍ բարեգործությունները 1985 թվականից ի վեր 189 երկրներում միլիոնավոր մարդկանց աջակցություն է ցուցաբերել մոտ 2 մլրդ դոլարի չափով, սկսած Եթովպիայում սովի զոհերին տրամադրված օգնությունից: