«Ես աշխատանք ունեմ քեզ համար»
Մեզանից յուրաքանչյուրը իմաստալից դեր ունի Աստծո աշխատանքն առաջ մղելու գործում:
Աստված ասաց Մովսեսին. «Ես աշխատանք ունեմ քեզ համար» (Մովսես1.6): Երբևէ ցանկացե՞լ եք իմանալ՝ արդյո՞ք Երկնային Հայրն աշխատանք ունի ձեզ համար: Արդյոք կա՞ն կարևոր բաներ, որոնք Նա պատրաստել է, որ հատկապես դուք կատարեք: Ես վկայում եմ՝ պատասխանը «այո՛» է:
Դիտարկենք Գիրիշ Գիմիրին, ով ծնվել ու մեծացել է Նեպալում: Պատանեկության տարիներին նա ուսանում էր Չինաստանում, որտեղ մի համադասարանցի նրան ցույց տվեց Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ի վերջո Գիրիշը եկավ Բրիգամ Յանգ Համալսարան ավարտական աշխատանքի համար և հանդիպեց իր ապագա կնոջը: Նրանք բնակություն հաստատեցին Սոլթ Լեյքի Հովտում և երկու զավակ որդեգրեցին Նեպալից:
Տարիներ անց, երբ Նեպալի փախստականների ճամբարից ավելի քան 1500 փախստականներ տեղափոխվեցին Յուտա,1 Գիրիշը հուշում ստացավ, որ պիտի օգնի նրանց: Քանի որ Գիրիշը սահուն խոսում էր մայրենի լեզով և հասկանում մշակույթը, նա ծառայում էր որպես թարգմանիչ, ուսուցիչ և դաստիարակ: Համայնքում վերաբնակվելուց հետո մի քանի նեպալցի փախստականներ հետաքրքրություն ցուցաբերեցին ավետարանի հանդեպ: Նեպալերենով խոսողների մի ճյուղ կազմավորվեց, և Գիրիշը ավելի ուշ սկսեց ծառայել որպես այդ ճյուղի նախագահ: Նա նաև ակտիվորեն մասնակցեց նեպալերենով Մորմոնի Գրքի թարգմանության գործում:
Տեսնու՞մ եք, թե Երկնային Հայրն ինչպես պատրաստեց և ինչպես է օգտագործում Գիրիշին:
Աստված աշխատանք ունի մեզանից յուրաքանչյուրի համար:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Աստված կարևոր աշխատանք ունի յուրաքանչյուրիս համար: Խոսելով քույրերի հետ և ուսուցանելով այնպիսի ճշմարտություններ, որոնք կիրառելի են բոլորի համար, Նախագահ Սպենսեր Վ Քիմբալն ուսուցանել է. «Նախքան (երկիր գալը մեզ) տրվել են որոշակի հանձնարարություններ: … Նույնիսկ եթե մենք հիմա չենք հիշում մանրամասները, սա չի փոխում փառահեղ իրողությունը այն բանի, ինչին մենք մի ժամանակ համաձայնվել ենք:»2 Ինչպիսի՜ վեհացնող ճշմարտություն: Մեր Երկնային Հայրը հատուկ ու կարևոր գործեր ունի իմ և ձեզ համար (տես Եփեսացիս 2.10):
Այս աստվածային հանձնարարությունները չեն պահվում մի քանի արտոնյալ մարդկանց համար, դրանք բոլորիս համար են՝ անկախ սեռից, ռասայից, ազգությունից, եկամտից, սոցիալական կարգավիճակից կամ Եկեղեցում ունեցած կոչումից: Մեզանից յուրաքանչյուրը իմաստալից դեր ունի Աստծո աշխատանքն առաջ մղելու գործում (տես Մովսես 1.39):
Մեզանից շատերը հարցնում են, արդյոք Երկնային Հայրը կարող է օգտագործել մեզկարևոր ներդրումներ կատարելու համար: Բայց հիշեք, նա միշտ օգտագործում էր սովորական մարդկանց՝ կատարելու անսովոր գործեր (տես 1 Կորնթացիս 1.27–28, ՎևՈւ 35.13, 124.1):«[Մենք] գործակալներ ենք» և «զորություն կա [մեր] մեջ», որ «շատ արդարություն գործենք» (ՎևՈւ 58.27–28):3
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․
«Տերն իր մտքում ավելի շատ բան է նախատեսել ձեզ համար, քան դուք ինքներդ եք նախատեսել ձեզ համար: Ձեզ պահել ու պահպանել են այս ժամանակի և այս տեղի համար: …
Տերը ձեր կարիքն ունի աշխարհը փոխելու համար: Երբ դուք ընդունեք ու հետևեք Նրա կամքին, դուք կկարողանաք անհնարինն իրականացնել»:4
Ուստի, մենք ինչպե՞ս կարող ենք հասկանալ և կատարել աշխատանքը, որը Տերն է նախատեսել մեզ համար: Թույլ տվեք կիսվել չորս սկզբունքներով, որոնք կօգնեն մեզ:
Կենտրոնացեք ուրիշների վրա
Նախ՝ կենտրոնացեք ուրիշների վրա: Մենք կարող ենք հետևել Քրիստոսին, «որ ման եկավ բարի անելով» (Գործք 10.38, տես նաև 2 Նեփի 26.24):
Լիաժամկետ միսիայից վերադառնալուց հետո ես կորցրի ամենօրյա նպատակը, որից ես բավականություն էի ստանում: Անշուշտ, ես պիտի պահեի իմ պատվիրանները, ստանայի կրթություն, ընտանիք կազմեի և վաստակեի իմ ապրուստը: Բայց ես ցանկանում էի իմանալ, արդյոք էլի ինչ-որ բան կա, նույնիսկ հատուկ որևէ բան, որ Տերը ցանկանում է, որ ես կատարեմ: Մի քանի ամիս խորհելուց հետո ես պատահաբար կարդացի այս հատվածը. «Եթե դու ցանկանաս, դու կլինես այն միջոցը, որով շատ բարիք կգործվի այս սերնդի մեջ» (ՎևՈւ 11:8): Հոգին օգնեց ինձ հասկանալ, որ աստվածային հանձնարարությունների հիմնական նպատակն է օրհնել ուրիշներին և «շատ բարիք գործել»:
Մեր կյանքում մենք կարող ենք ունենալ որոշումներ կայացնելու կարևոր պահեր, ինչպես օրինակ՝ ինչ ուսանել, ինչ անել աշխատանք գտնելու համար, որտեղ ապրել, բայց այս ամենը՝ ուրիշներին օգնելու համատեքստում:
Մի ընտանիք տեղափոխվեց նոր քաղաք: Փոխանակ տուն գտնելու հարուստների թաղամասում, նրանք զգացին, որ պիտի տեղավորվեն այնպիսի տարածքում, որտեղ կային նշանակալի սոցիալական ու տնտեսական կարիքներ: Տարիների ընթացքում Տերն օգտագործեց այդ ընտանիքը շատ մարդկանց աջակցելու և նրանց ծուխն ու ցիցը կառուցելու համար:
Մի արհեստավարժ բժիշկ զբաղվում էր իր բժշկական պրակտիկայով, բայց ուղղորդում ստացավ, որ շաբաթվա մեջ մեկ աշխատանքային օր պիտի հատկացնի անվճար բուժելու այն մարդկանց, ովքեր չունեն առողջապահության ապահովագրություն: Ուրիշներին օրհնելու պատրաստակամության շնորհիվ Տերը ճանապարհ պատրաստեց այս տղամարդու և նրա կնոջ համար, որ նրանք աջակցեն հարյուրավոր կարիքավոր հիվանդների, մինչ մեծացնում էին իրենց մեծ ընտանիքը:
Բացահայտեք ու զարգացրեք հոգևոր պարգևներ
Երկրորդ՝ բացահայտեքու զարգացրեք հոգևոր պարգևներ: Երկնային Հայրը մեզ տվել է այս պարգևները, որպեսզի օգնի մեզ ճանաչել, կատարել և բավականություն ստանալ աշխատանքից, որը Նա ունի մեզ համար:
Մեզանից ոմանք հարցնում են. «Ես ունե՞մ որևէ պարգև»: Կրկին պատասխանն է՝ «այո՛»: «Ամեն մարդու մի պարգև է տրված Աստծո Հոգուց … որպեսզի բոլորն այդպիսով օգտվեն» (ՎևՈւ 46.11–12, շեշտադրումն ավելացված է):5 Մի քանի հոգևոր պարգևներ գրանցված են սուրբ գրություններում (տես Ա Կորնթացիս 12.1–11, 31, Մորոնի 10.8–18, ՎևՈւ 46.8–26), բայց կան նաև շատ ուրիշ հատվածներ:6 Մի քանիսը կարող են ներառել՝ գթություն ունենալ, հույս արտահայտել, լավ վերաբերվել մարդկանց, արդյունավետ կազմակերպել, համոզիչ խոսել ու գրել, ուսուցանել հստակ և աշխատել տքնաջան:
Ուրեմն ինչպե՞ս կարող ենք ճանաչել մեր պարգևները: Մենք կարող ենք անդրադառնալ մեր հայրապետական օրհնությանը, հարցնել նրանց, ովքեր լավ են ճանաչում մեզ և անձամբ հայտնաբերել, թե ինչն է մեզ մոտ լավ ստացվում և ինչից ենք բավականություն ստանում: Եվ որ ամենակարևորն է, մենք կարող ենք հարցնել Աստծուն (տես Հակոբոս 1.5, ՎևՈւ 112.10): Նա գիտե մեր պարգևները, քանի որ Նա է մեզ դրանք տվել (տես ՎևՈւ 46.26):
Երբ բացահայտում ենք մեր պարգևները, մենք պարտավոր ենք զարգացնել դրանք (տես Մատթեոս 25.14–30): Նույնիսկ Հիսուս Քրիստոսը «լիությունը չստացավ սկզբում, այլ շարունակեց՝ շնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը» (ՎևՈւ 93.13):
Մի երիտասարդ տղա պատկերազարդումներ էր կատարում, որպեսզի բարձրացնի կրոնական արժեքները: Իմ սիրելի նկարը Փրկիչի նկարն է, որի օրինակը ցուցադրված է մեր տանը: Այս եղբայրը զարգացրել և օգտագործում էր իր նկարչական տաղանդը: Օգտագործելով նրան, Երկնային Հայրը ոգեշնչեց ծխի անդամներին բարելավել իրենց աշակերտությունը:
Երբեմն մենք զգում ենք, որ չունենք որևէ հատուկ կարևոր պարգև: Մի օր մի հուսալքված քույր դիմեց Տիրոջը. «Տեր, ո՞րն է իմ անձնական ծառայությունը»: Նա պատասխանեց. «Նկատի՛ր ուրիշներին»: Դա հոգևոր պարգև էր: Այդ ժամանակից ի վեր նա ուրախություն գտավ, նկատելով նրանց, ում հաճախ մոռացության են մատնում, և Աստված աշխատեց նրա միջոցով շատերին օրհնելու համար: Մինչ մեր հոգևոր պարգևներից մի քանիսը աշխարհիկ չափանիշներով աչքի ընկնող չեն, բայց դրանք կարևոր են Աստծո և Նրա աշխատանքի համար:7
Օգուտներ քաղեք անհաջողություններից
Երրորդ՝ օգուտներ քաղեք անհաջողություններից Մեր փորձություններն օգնում են մեզ բացահայտել և պատրաստվել այն աշխատանքին, որ Երկնային Հայրն ունի մեզ համար։ Ալման բացատրել է. «Շատ նեղություններից հետո Տերը … ինձ իր ձեռքում մի գործիք է դարձրել» (Մոսիա 23.10):8 Ինչպես Փրկիչի քավիչ զոհաբերությունը Նրան հնարավորություն է տալիս աջակցել մեզ (տես Ալմա 7.11–12), մենք ևս կարող ենք օգտագործել գիտելիքը, որը ձեռք է բերվել դժվարին փորձառությունից՝ ոգեշնչելու, զորացնելու և օրհնելու ուրիշներին:
Երբ մարդկային ռեսուրսների գործադիր բաժնում աշխատող հրաշալի մասնագետին ազատեցին աշխատանքից, նա կարդաց իր հայրապետական օրհնությունը և ոգեշնչում ստացավ հիմնել մի ընկերություն, որպեսզի օգնի արհեստավարժ մասնագետներին աշխատանք գտնել: (Նա նույնիսկ օգնեց ինձ աշխատանք գտնել, երբ մեր ընտանիքը վերադարձավ միսիայից:) Տերն օգտագործեց նրա փորձությունը որպես մի կամուրջ ուրիշներին օրհնելու համար, միաժամանակ ապահովելով նրան ավելի կարևոր աշխատանքով:
Երիտասարդ զույգի երեխան մահացած էր ծնվել։ Կոտրված սրտով, նրանք որոշեցին մեծարել իրենց դստերը, խորհրդակցելով և նյութական օգնություն ցույց տալով այն ծնողներին, ովքեր հայտնվել էին նմանատիպ իրավիճակներում: Տերն աշխատեց այս զույգի միջոցով, օգտագործելով նրանց յուրահատուկ կարեկցանքը, որը բացահայտվել էր փորձության միջոցով:
Ապավինեք Աստծուն
Եվ չորրորդ՝ ապավինեք Աստծուն: Երբ մենք խնդրում ենք հավատով, անկեղծ միտումով, Նա մեզ կբացահայտի մեր աստվածային հանձնարարությունները:9 Երբ դրանք բացահայտվեն, Նա կօգնի մեզ կատարել այդ հանձնարարությունները: «Քանզի (Նրա) աչքի առաջ բոլոր բաները ներկա են» (ՎևՈւ 38.2, տես նաև Աբրահամ 2.8) և ճիշտ ժամանակին Նա կբացի մեզ անհրաժեշտ դռները (տես Հայտնություն 3.8): Նա նույնիսկ ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի մենք կարողանանք ապավինել Նրա զորությանը, ինչը վեր է մեր բնական կարողություններից (տես Փիլիպպեցիս 4.13, Ալմա 26.12):
Մի եղբայր, մտահոգված տեղական կառավարության որոշումներից, ոգեշնչում ստացավ մասնակցել ընտրություններին պետական պաշտոն ստանալու համար: Չնայած դժվարին նախընտրական պայքարին, նա գործադրեց իր հավատքը և միջոցներ հավաքեց ընտրվելու համար: Չնայած նա չհաղթեց, բայց զգաց, որ Տերն իրեն ուղղորդել էր և զորացրել, որ բարձրացնի այնպիսի հարցեր, որոնք կարևոր են համայնքի համար:
Մի միայնակ մայր, ով մեծացնում էր զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ, հետաքրքրվում էր, արդյոք ինքը կարող էր համապատասխան կերպով բավարարել իր ընտանիքի կարիքները: Չնայած դժվար էր, բայց Տերը ուժեղացնում էր նրան, որպեսզի հաջողությամբ կատարեր իր ամենակարևոր առաքելությունը:
Նախազգուշացնող ձայն
Մինչ Աստված օգնում է մեզ կատարել աստվածային հանձնարարությունները, միևնույն ժամանակ փորձություններն աշխատում են, որպեսզի շեղեն և հետ պահեն մեզ կյանքի իմաստից:
Մեղքը, հավանաբար, մեր մեծագույն որոգայթն է, որը թուլացնում է մեր զգայունությունը Սուրբ Հոգու նկատմամբ և սահմանափակում է հոգևոր ուժին մոտենալու մեր հնարավորությունը: Որպեսզի կատարենք Երկնային Հոր գործը, մենք պիտի ձգտենք մաքուր լինել (տես 3 Նեփի 8.1): Արդյո՞ք մենք ապրում ենք այնպես, որ Աստված կարող է աշխատել մեր միջոցով:
Սատանան նույնպես ձգտում է շեղել մեզ պակաս կարևոր հարցերով: Տերը զգուշացնում էր Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարներին. «Բայց քո միտքն ավելի շատ եղել է երկրային բաների վրա, քան այն բաների, որոնք ինձանից են … և այն ծառայության, որի համար դու կանչվել ես» (ՎևՈւ 30.2): Մի՞թե մենք այնքան ենք կլանված աշխարհիկ բաներով, որ շեղվում ենք մեր աստվածային հանձնարարություններից:
Բացի այդ, սատանան հուսահատեցնում է մեզ անհամապատասխանության զգացումով: Նա ստիպում է, որ մեր աշխատանքը թվա շատ դժվար կամ վախեցնող: Սակայն մենք կարող ենք վստահել Աստծուն: Նա սիրում է մեզ: Նա ցանկանում է, որ մենք հաջողենք։ Նա է «առաջից գնացողը, նա [մեզ] հետ է լինելու, նա [մեզ] չի թողնիլ» (Երկրորդ Օրինաց 31.8, տես նաև Սաղմոս 32.8, Առակաց 3.5–6, Մատթեոս 19.26, ՎևՈւ 78.18):
Սատանան կարող է նաև համոզել մեզ պակաս արժեքավոր համարել մեր աշխատանքը, քան ուրիշներին հանձնարարված գործը: Բայց Աստծո հանձնարարած ցանկացած գործ կարևոր է, և մենք բավարարված կզգանք, երբ «հրճվենք նրանով, ինչ Տերը պատվիրել է (մեզ)» (Ալմա 29.9):
Երբ Աստված աշխատում է մեր միջոցով, հակառակորդը կարող է գայթակղել մեզ, որ մեզ վերագրենք ցանկացած ձեռքբերում: Սակայն մենք կարող ենք հետևել Փրկիչի խոնարհությանը, շեղվելով մեզ գովաբանելուց և փոխարենը փառաբանենք Հորը (տես Մատթեոս 5.16, Մովսես 4.2): Երբ մի լրագրող փորձում էր գնահատել Մայր Թերեզային՝ աղքատներին օգնելու նրա կյանքի առաքելության համար, նա կտրուկ պատասխանեց. «Դա Աստծո աշխատանքն է: Ես, կարծես, մատիտ լինեմ նրա ձեռքում: … Նա է մտածում: Նա է գրում: Մատիտը կապ չունի դրա հետ: Մատիտին միայն թույլ է տրվում աշխատել»:10
Վերջաբան
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին՝ «ներկայացրեք [ձեր] անդամներն՝ արդարության գործիք Աստծուն» (Հռովմայեցիս 6.13): Ներկայացնել ինքներս մեզ՝ նշանակում է իմաց տալ Նրան, որ մենք ցանկանում ենք, որ մեզ օգտագործեն, նշանակում է՝ փնտրել Նրա ուղղորդումը և հասնել Նրա զորությանը:
Ինչպես միշտ, մենք կարող ենք նայել Հիսուս Քրիստոսին՝ որպես կատարյալ օրինակի: Նախաերկրային Կյանքում Երկնային Հայրը հարցրեց. «Ու՞մ ուղարկեմ»:
Եվ Հիսուսը պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Աբրահամ 3.27, տես նաև Եսայիա 6.8):
Հիսուսն ընդունեց, պատրաստվեց և կատարեց Իր նախորոշված դերը որպես Փրկիչ և Քավիչ: Նա կատարեց Հոր կամքը (տես Հովհաննես 5.30, 6.38, 3 Նեփի 27.13) և ավարտեց Իր աստվածային հանձնարարությունները:
Եթե մենք հետևենք Քրիստոսի օրինակին և ներկայացնենք ինքներս մեզ Աստծուն, ես վկայում եմ, որ Նա ևս կօգտագործի մեզ՝ առաջ մղելով Իր աշխատանքը և օրհնելով ուրիշներին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: