Լիահոնա
Սուրբ քահանայության հանդերձը
Սեպտեմբեր 2024


Սուրբ քահանայության հանդերձը, Լիահոնա, սեպտեմբեր 2024.

Սուրբ քահանայության հանդերձը

Որպես տաճարային օժտման մաս, մեզ տրվել է մեր ուխտերի մասին սրբազան ֆիզիկական հիշեցում, որը խորհրդանշում է հենց Փրկչին:

Նկար
Ադամն ու Եվան միասին քայլելիս

Ադամն ու Եվան կտավից, Դուգլաս Մ․ Ֆրայեր

Անկախ այն բանից, թե ինչ նախապատրաստություն էին նրանք ստացել և ինչ հավաստիացումներ էին նրանք փորձում հիշել, Ադամի և Եվայի համար, ըստ ամենայնի, ապշեցուցիչ ցնցում էր Եդեմի պարտեզից դուրս գալը և ընկած աշխարհ մտնելը։

Լրջությամբ և գիտակցաբար նրանք հասկացան, թե ինչ է նշանակում իրենց հանգիստ, անհոգ կյանքը փոխանակել պայքարի ու քրտինքի, փշերի ու վշտերի աշխարհի հետ, որի վերջոում հաջորդում է մի բան, որը կոչվում էր մահ: Նրանք սկզբում չէին կարող իմանալ, թե ինչ է նշանակում այս ամենը, բայց շուտով իմացան, որ ամեն օրը կարող է իր հետ նոր ցավ բերել։ Իրականում, ամենից ցավալին գիտակցելն էր, որ իրենք բաժանված են լինելու իրենց Երկնային Հորից՝ զրկված Նրա ներկայությունից, ըստ Մովսեսի:

Հաշվի առնելով այս բաժանումը և միայնությունը սառը, սարսափելի աշխարհում, որքան մխիթարական պետք է լիներ Ադամի և Եվայի համար հիշելը, որ խոստումներ են տրվել՝ ուխտեր կոչվող սուրբ եւ հավերժական խոստումներ: Նրանք խոստացել էին, որ կհնազանդվեին Հորը իրենց կյանքի բոլոր օրերին, իսկ Նա խոստացել էր տալ Փրկիչ, ով կթեթևացնի նրանց ցավն ու վիշտը, կքավի նրանց սխալները և ապահով հետ կբերի նրանց Իր ներկայություն:

Բայց ինչպե՞ս կարող էին այդ մահկանացուները հիշել իրենց խոստացածը: Ինչպե՞ս նրանք կարող էին տեղյակ լինել իրենց վտանգավոր վիճակի մասին՝ ամեն օր, գիշեր-ցերեկ։

Նրանց ուխտերի հիշեցումը

Այդ հիշեցման համար Նա նրանց տվեց «կաշվի հանդերձ»: Դա մեծ և ժամանակին արված պարգև էր։ Արգելված պտուղը ճաշակելուց հետո Ադամն ու Եվան գրեթե անմիջապես հասկացան, որ մերկ են։ Սկզբում նրանք փորձեցին մերկությունը ծածկել թզենու տերևներով։ Ապա, վախենալով, որ դա բավական չէ, նրանք փորձեցին թաքնվել Տիրոջից: (Այդպիսի հիմար պահվածքը բնորոշ է մահկանացուներին։) Այդ պահից ի վեր մեզ սիրող Հայրը հրավիրում է Իր զավակներին թաքստոցից դուրս գալ և գալ Նրա մոտ: Եվ ինչպես այն ժամանակ կաշվե հանդերձով, և այդ ժամանակից ի վեր հագուստի տարբեր տեսակներով, Նա Իր ողորմությամբ մեզ մերկ չի թողել, այլ հագցրել է հնազանդներին «արդարության հանդերձանքով»՝ որպես մեր խոստումների ու ուխտերի հիշեցում: Այս «փրկության հանդերձները» խորհրդանշում են մեծագույն պարգևը՝ Հիսուս Քրիստոսի Քավությունը։

Հանդերձը Փրկչի խորհրդանիշն է

Ադամի ու Եվայի, ուխտերի ու հանդերձների մասին այս բոլոր մտքերը պարզապես մտային վարժություններ չեն։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ էին զգում Ադամն ու Եվան, քանի որ մենք նույնպես խնդիրների ենք բախվում այս ընկած աշխարհում: Մենք նույնպես բաժանվել ենք Աստծո ներկայությունից և ամեն անգամ մեղք գործելիս ավելի ենք հեռացնում մեզ։ Ինչպես Ադամին և Եվային, մեզ նույնպես տրվեց այդ նույն Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը Նազարեթից, Ալֆան և Օմեգան՝ կենդանի Աստծո Որդին։ Ադամի և Եվայի նման ՝ մենք ուխտեր ենք կապել Աստծու հետ։ Եվ տաճարային օժտման շրջանակում մեզ տրվել է սուրբ ֆիզիկական հիշեցում այդ ուխտերիմասին, որը խորհրդանշում է հենց Փրկիչին: Մեր տնտեսության մեջ այն կոչվում է սուրբ քահանայութեան հանդերձ:

Այս հանդերձը մենք կրում ենք մեր արտաքին հագուստի տակ: Ինչ պատասխանառվություններ էլ որ ունենամ, ինչ դերեր էլ որ ունենամ կյանքում, ինչ պարտականություններ էլ որ պահանջվեն առօրյա կյանքում, դրանք հիմնված են իմ ուխտերի վրա՝ միշտ և հավիտյան: Դրանք բոլորը հիմնված են այն սուրբ խոստումների վրա, որոնց ես հուսահատ կառչած եմ մնում: Այդ հանդերձը ի ցույց չի դրվում կամ գցվում աշխարհի առաջ, և ոչ էլ՝ իմ ուխտերը: Բայց ես երկուսն էլ մոտ եմ ինձ պահում, որքան հնարավոր է մոտ։ Դրանք խիստ անձնական են և սրբազան։

Հիշելով այդ ուխտերը, այդ երկկողմանի խոստումները, մենք կրում ենք հանդերձը մեր ողջ կյանքի ընթացքում: Այդպես դրսևորում ենք մեր ցանկությունն առ այն, որ Փրկիչը մշտապես ներգործություն ունենա մեր կյանքում։ Մեր սիրված խորհրդանիշներ պարբերություն ունեն: Մենք մեր կյանքում մեկ անգամ մկրտվում ենք։ Մենք ճաշակում ենք հաղորդությունը շաբաթը մեկ անգամ: Մենք ընտանիքով հաճախում ենք տաճար, երբ կարողանում ենք։ Սակայն սուրբ քահանայության հանդերձը այլ է. այս խորհրդանիշը մենք պատվում ենք ամեն օր ու գիշեր:

Եվ հենց այդպես են ուխտերը պահվում՝ մի կողմ չեն դրվում ըստ հարմարության կամ անհոգության հետևանքով, և չեն փոփոխվում հասարակության ոճերին և նորաձևությանը համապատասխանելու համար: Հիսուս Քրիստոսի աշակերտի կյանքում աշխարհի ուղիները պետք է փոխվեն այնպես, որպեսզի համապատասխանեն մեր ուխտերին, այլ ոչ թե ընդհակառակը:

Հագնելով հանդերձը, ինչպես ուսուցանել է Առաջին Նախագահությունը, մենք հագնում ենք Հիսուս Քրիստոսի սուրբ խորհրդանիշը։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է երբևէ արդարացումներ փնտրեինք այդ խորհրդանիշը չկրելու համար։ Ինչո՞ւ պետք է զրկենք մեզ զորության, պաշտպանության և ողորմության խոստումից, որն այդ հանդերձը ներկայացնում է։ Ընդհակառակը, երբ ստիպված ենք լինում ժամանակավորապես հանել հանդերձը, պետք է ցանկանանք հնարավորինս շուտ հագնել այն, քանի որ հիշում ենք և խոստումները, և վտանգները, որոնք իմաստ են հաղորդում մեր ուխտերին։ Ամենից առաջ մենք հիշում ենք Քրիստոսի խաչն ու դատարկ գերեզմանը:

Ոմանք գուցե ասեն. «Հիսուսին հիշելու այլ ձևեր ևս ունեմ»։ Եվ ես կարձագանքեի, որ դա հրաշալի է: Որքան շատ, այնքան լավ: Եկեք բոլորս մտածենք հնարավորինս շատ միջոցների մասին, որպեսզի պահենք «միշտ հիշել նրան» մեր պարտականությունը: Սակայն այդպես վարվելով, ազնիվ չի լինի կանխամտածված անտեսել այն հիշեցումը, որ Տերն Ինքն էր տվել օժտում ստացածներին՝ սուրբ քահանայության հանդերձը։

Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը ինձ համար ամեն ինչ են: Իմ բոլոր հավերժական հույսերն ու ձգտումները, այն ամենը, ինչ թանկ է ինձ, կախված է Նրանից: Նա «իմ փրկության քարն է», իմ Երկնային Հոր մոտ հասնելու ճանապարհը, իմ միակ ճանապարհը դեպի այն, ինչ ես մի ժամանակ ունեի և այժմ ցանկանում եմ կրկին ունենալ, և դեռ ավելին: Նրա պարգևը մեզ՝ ամենամեծն է, որ ես երբևէ ստացել եմ, երբևէ տրված ամենաառատաձեռնը՝ գնված անսահման տառապանքներով, տրված անսահման թվով մարդկանց, շնորհված անսահման սիրով: Փշերն ու թախիծը, ցավն ու տառապանքը, այս ընկած աշխարհի վիշտն ու մեղքը բոլորը «կուլ են գնում Քրիստոսի մեջ»:

Այսպիսով, ես հագնում եմ սուրբ քահանայության հանդերձը՝ ամեն օր ու գիշեր, 64 տարի առաջ՝ 19 տարեկանում իմ օժտումը ստանալուց ի վեր, որովհետեւ ես սիրում եմ Նրան և որովհետև ինձ անհրաժեշտ են այն խոստումները, որոնք այն ներկայացնում է:

Հարցեր հանդերձը կրելու հետ կապված

Ձեզանից ոմանք գուցե կարդան այս հոդվածը ՝ հուսալով, որ ես կպատասխանեմ հանդերձի հետ կապված մի հարցի։ Դուք գուցե հույս ունենաք, որ ձեր սրտին մոտ մի հարցի շուրջ կլսեք՝ «այսպես է ասում Տերը» կամ նույնիսկ՝ «այսպես են ասում Նրա ծառաները»։ Ձեր հարցը կարող է կապված լինել աշխատանքի, մարմնամարզության, հիգիենայի, կլիմայի, համեստության, սանիտարական պայմանների և նույնիսկ առողջական վիճակի հետ։

Որոշ պատասխաններ կարելի է գտնել temples.ChurchofJesusChrist.org կայքում և Ընդհանուր Ձեռնարկի 38.5 բաժնում: Ընտանիքի վստահելի անդամների և ղեկավարների հետ դուք կարող եք խորհրդակցել անձնական հարցերի շուրջ։ Սակայն կա շատ հստակ ուղղություն, որը տրվում է նախնական արարողությունների ժամանակ, և կա ձեր հավերժական Երկնային Հայրը, ով ճանաչում է և սիրում է ձեզ, և ամբողջովին հասկանում է ձեր հանգամանքները: Նա կուրախանար, եթե դուք անձամբ Իրեն տաք այս հարցերը։

Նկար
Սենտ Ջորջի (Յուտա) տաճարի ծայրաձողը

Սենտ Ջորջի (Յուտա) տաճարի ծայրաձողի լուսանկարը

Խնդրում եմ սխալ չհասկանալ: Երբ դուք դիմում եք աստվածային առաջնորդությանը, Հոգին միայն կոգեշնչի ձեզ առնվազն հետևել տաճարում ստացած հրահանգներին և մարգարեական խորհրդին, որը պարունակվում է Առաջին Նախագահության վերջերս հղված ուղերձների մեջ։ Սիրող Հայրը կօգնի ձեզ հասկանալ, որ առնվազն կարող եք համապատասխանեցնել ձեր կյանքը նվիրվածության և համեստության Իր չափանիշներին, որոնք կօրհնեն ձեզ այժմ և հավիտյան: Բայց արդյո՞ք Նա հասկանում է ձեր հարցերը, և արդյոք Նա կօգնի ձեզ ստանալ հանդերձը հարգելու և ձեր ուխտերը պահելու օրհնությունները։ Այո: Հարկ եղած դեպքում արդյո՞ք պետք է դուք խորհրդակցել նաև փորձառու բժիշկների հետ։ Իհարկե։ Արդյո՞ք պետք է անտեսեք առողջ դատողությունը կամ ծայրահեղության հասնեք։ Ես աղոթում եմ, որ չանեք դա։

Ես չեմ կարող պատասխանել ձեր բոլոր հարցերին: Ես նույնիսկ չեմ կարող պատասխանել իմ բոլոր հարցերին: Բայց որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, ես կարող եմ ձեզ խոստանալ սիրող Աստծո օգնությունը, ով ցանկանում է տեսնել ձեր հաջողությունն ու օրհնությունը, քանի դեռ պահում եք Նրա հետ կնքած ուխտերը, թեև դուք այժմ չեք կարող հասկանալ կամ կանխատեսել դրա ուղիները:

Տպել