Լիահոնա
Հոգին լրացրեց պակասը
Սեպտեմբեր 2024


«Հոգին լրացրեց պակասը», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Հոգին լրացրեց պակասը

Ես զգացի ծխի անդամների սերը, երբ նրանք երգեցին առանց իմ նվագակցության։

Նկար
երգեհոն նվագող կնոջ և նրան մխիթարող երկու ընկերների նկարը

Նկարը՝ Քետի Դոքրիլի

Մենք ապրում էինք Ջորջիա (ԱՄՆ) նահանգի մի փոքրիկ քաղաքում, երբ հայրս մահացավ ընդամենը 55 տարեկանում։ Մեր ընտանիքի մեծ մասն այլ նահանգում էր ապրում։ Մեր մեջ գտնվող այդ 2000 մղոնը (3200 կմ) երբեք այդքան շատ չէր թվացել նախկինում։

Իմ ամուսինը մեր փորք ծխի եպիսկոպոսն էր, իսկ ես՝ երգեհոնահարը։ Հուղարկավորության հետ կապված բոլոր էմոցիաների և սթրեսի արդյունքում ես բավականին հոգնած էի այդ կիրակի, երբ եկավ պահը մեր հաղորդության ժողովի փակման օրհներգի. «Տերն ընդ ձեզ մինչև նոր հանդիպում» (Հիմներ, էջ 40)։

Երկրորդ տան կեսից վիշտը պատեց ինձ։ Ինչ-որ կերպ ես նվագեցի այդ տունը մինչև վերջ, բայց ձեռքերս դողում էին, և աչքերս այնպես էին լցվել արցունքով, որ ստիպված էի կանգ առնել, երբ մի ամբողջ տուն դեռ մնացել էր։ Ես չէի կարողանում զսպել արցունքներս։

Հետևեց կարճատև դադար, մինչ ներկաները հասկացան, որ երգեհոնը այլևս չի նվագում։ Բայց հետո ծխի անդամները սկսեցին երգել առանց նվագակցության։ Երգը կատարյալ չստացվեց։ Ի վերջո, մենք քիչ էինք։ Սակայն Հոգին լրացրեց պակասը։ Մինչ արցունքները և ամոթը խեղդում էին կոկորդս, ես զգացի շատերի սերը, երբ նրանք երգում էին։

Տերն ընդ ձեզ մինչև նոր հանդիպում,

Սիրո դրոշը ծածանեք,

Մահվան դավերը խափանեք,

Տերն ընդ ձեզ մինչև նոր հանդիպում։

Երբ օրհներգն ավարտվեց, խմբավարը գրկեց ինձ, մինչ ես լաց էի լինում փակման աղոթքի ընթացքում։ Հետո մի քանի հոգի արցունքն աչքերին մոտեցան երգեհոնին՝ ասելու, թե որքան են ցավում հայրիկիս համար։

Ավելի ուշ խմբավարին ասացի, որ թաղման ժամանակ դաշնամուր եմ նվագելու։ Հավանաբար, տեղի ունեցածից հետո դա վատ գաղափար էր թվում, բայց հայրս այնքան հաճույքով էր լսում ինձ դաշնամուր նվագելիս։ Ես ցանկանում էի նվագել նրա համար։ Այդ ժամանակ ես հասկացա, թե որքան մոտ էի զգում նրան փակման օրհներգի ժամանակ։

Ես անչափ շնորհակալ եմ օրհներգերի համար։ Ես վկայում եմ, որ երաժշտությունը կարող է սովորեցնել և մխիթարել մեզ այն պահերին, երբ բառերը հաճախ անզոր են լինում։ Ինչպես Առաջին Նախագահությունը գրել է օրհներգի նախաբանում․ «Օրհներգերը … մխիթարում են հոգնածին, սփոփում են վիշտը և ոգեշնչում են մեզ համբերել մինչև վերջ»։ Ես նաև շնորհակալ եմ լավ ծխի սիրո համար, երբ այդքան հեռու էի իմ ընտանիքից։ Ես գիտեմ, որ ես ու հայրս իսկապես նորից կհանդիպենք։

Տպել