Լիահոնա
Բարիք, որ Ավետարանը բերեց ինձ
Սեպտեմբեր 2024


«Բարիք, որ Ավետարանը բերեց ինձ», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Բարիք, որ Ավետարանը բերեց ինձ

Եկեղեցու մարդկանց շնորհիվ ես զգացի Սուրբ Հոգին։

Նկար
Հեղինակի և նրա կնոջ նկարը

Փոքր տարիքում իմ հերոսը մայրական կողմի պապիկս էր՝ իմ acheii-ը (ըթշեյ)։ Նա ուներ ամուր հավատք։ Ես նրա հետ գնացել եմ շատ տարբեր եկեղեցիներ, բայց կրոնն ինձ համար չէր։

Երբ ես հանդիպեցի Ջինային, ով դարձավ իմ կինը, նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամ էր։ Նա ցանկանում էր, որ ես սովորեի Եկեղեցու մասին, որպեսզի մենք կարողանայինք ամուսնանալ տաճարում։ Բայց ես դա չէի ուզում։ Ես կրոնի մարդ չէի։

Վերջապես, մենք քաղաքացիական ամուսնություն կնքեցինք։ Երբ մենք երեխա ունեցանք, ես դեռ չէի հետաքրքրվում Եկեղեցով, բայց Ջինան շարունակում էր հաճախել։

Ի վերջո, ես որոշեցի, որ այլ եկեղեցիներ գնալով կապացուցեմ, որ նրա եկեղեցին սխալ է։ Այդպես շարունակվեց մի քանի տարի, բայց անկախ նրանից, թե ուր էի գնում, սփոփանք չէի գտնում։

Այնուհետև, մի կիրակի, երբ Ջինան պատրաստում էր մեր աղջկան եկեղեցի գնալու համար, ես նույնպես սկսեցի հագնել եկեղեցու համար համապատասխան հագուստս։ Նա նայեց ինձ և հարցրեց. «Ի՞նչ ես անում»։ Ես պատասխանեցի. «Ես պատրաստվում եմ եկեղեցի գնալ ձեզ հետ»։ Նա նայեց մեր աղջկան և ասաց. «Շտապ պատրաստվի՛ր։ Մենք չենք ուզում, որ նա փոխի իր միտքը»։

Եվ մենք գնացինք։ Քանի որ ես զգացի Սուրբ Հոգին եկեղեցու մարդկանց միջոցով, նրանք էական նշանակություն ունեցան իմ դարձի համար։ Դրանից հետո միսիոներները եկան մեր տուն։ Նրանք հրաշալի էին, նրանց կիսած ուսմունքները գեղեցիկ էին ինձ համար, և Հոգին լցրեց իմ սիրտը (տես Մորոնի 10․4-5

Երբ ես այցելեցի պապիկիս՝ պատմելու, թե ինչ եմ գտել, նա ուրախ չէր։ Բայց ես գիտեի, որ պետք է հետևեմ իմ սրտի թելադրանքին։

Ես միացա Եկեղեցուն, և շուտով ես ու Ջինան կնքվեցինք տաճարում։ Մեր դուստրը կնքվեց մեզ հետ, և այժմ մենք ունենք ևս երեք երեխա, որ ծնվեցին ուխտի մեջ։

Պահանջվեց 10 տարի, որպեսզի իմ acheii՝ պապիկը, ի վերջո, հարգանք ցուցաբերի այն ամենի հանդեպ, ինչին մենք հավատում ենք Եկեղեցում։ Որդուս ավագ դպրոցն ավարտելու ժամանակ նա բոլորին ասաց նավահո լեզվով. «Ինձ համար հաճելի է լինել այս ընտանիքում։ Ես աջակցում եմ այն ամենին, ինչին նրանք հավատում են։ Նրանց երեխաներն իսկապես գիտեն, թե ինչպես աղոթել»։

Ես Եկեղեցու միակ անդամն եմ իմ մեծ ընտանիքում, բայց ես գիտեմ, որ նրանք գիտակցում են, որ իմ դարձն անկեղծ էր և տեսնում են այն բարիքը, որ ավետարանը բերում է կնոջս, մեր երեխաների և իմ կյանքում։

Տպել