«Մորմոնի խոսքերը. «Իմաստուն նպատակի համար»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորմոնի խոսքերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոնի խոսքերը
«Իմաստուն նպատակի համար»
Երբևէ օրհնվե՞լ եք ուրիշի նախնական պատրաստությունից: Ինչպե՞ս է այդ անձի պատրաստությունն ազդել ձեր փորձառության վրա: Մորմոնը Նեփիի փոքր թիթեղները հայտնաբերում է այն բանից հետո, երբ արդեն կրճատել էր նեփիացիների հիշատակարանների մի մասը: Առաջնորդվելով Տիրոջ Հոգով՝ Մորմոնը Տիրոջ կամքով փոքր թիթեղները ներառում է «իմաստուն նպատակի համար» (տես Մորմոնի խոսքերը 1.3–7): Այս դասը կօգնի ձեզ հավաստիանալ, որ Տերը գիտի ամեն բան, և որ Նրա գործը կիրականացվի:
Համոզմունքներ Աստծո մասին
0–5 սանդղակի օգնությամբ (0 = չեմ հավատում, 5 = մեծ հավատ ունեմ) անկեղծ գնահատեք, թե ինչ չափով եք հավատում ստորև ներկայացվող պնդումներից յուրաքանչյուրին.
-
Ես հավատում եմ Աստծուն:
-
Ես հավատում եմ, որ Նա գիտի ամեն բան և ամենակարող զորություն ունի:
-
Ես հավատում եմ, որ Նա ինձ համար իմ կյանքում հաջողության հասնելու ճանապարհ է պատրաստում:
-
Ես զգում եմ, որ կարող եմ վստահել Սուրբ Հոգու միջոցով ինձ տված Նրա խորհրդին և հուշումներին:
Օգտակար կլինի խորհել, թե ինչու եք այդպես մտածում:
Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են մեծացնել կամ ուժեղացնել ձեր հավատն ու վստահությունը Աստծո, Նրա զորության հանդեպ, ինչպես նաև այն բանի հանդեպ, թե ինչպես է Նա կատարում Իր գործը:
Մորմոնը կրճատում է թիթեղները
Պատկերացրեք, թե ինչ կարող է նշանակել լինել Մորմոն մարգարեն, որն ապրել է մոտ 1000 տարի անց այն բանից հետո, երբ Լեքիի ընտանիքը լքել է Երուսաղեմը: Նա նեփիացիների հիշատակարանների վերջին պահպանողներից մեկն էր և աշխատել է նեփիացիների հազարամյա պատմությունը թիթեղների մեկ հավաքածուի մեջ խտացնելու ուղղությամբ: Դուք ինչպե՞ս կորոշեիք, թե որ իրադարձությունները ներառել, և որոնք դուրս թողնել:
Երբ նեփիացիների թիթեղների համառոտագրության նրա աշխատանքը հասավ Բենիամին թագավորի ժամանակաշրջանին, Մորմոնը մի կարևոր բացահայտում արեց: «Մորմոնի խոսքերը» վերնագրված գրքում նա զետեղեց իր փորձառության սեղմ բացատրությունը:
Կարդացեք Մորմոնի խոսքերը 1.3–6 հատվածը և փնտրեք, թե ինչ էր գտել Մորմոնը, և ինչ արեց դրա պատճառով:
Օգտակար կլինի իմանալ, որ «այս թիթեղները» արտահայտությունը (Մորմոնի խոսքերը 1.3–4) վերաբերում է փոքր թիթեղներին, որոնց պատրաստումը պատվիրվել էր Նեփիին (տես 1 Նեփի 9.2–4): Փոքր թիթեղները վերապատմում էին Նեփիի մեծ թիթեղների նույն ժամանակաշրջանի մեծ մասը, որոնք Մորմոնն արդեն կրճատել էր, բայց դրանք կենտրոնանում են տեղի ունեցած հոգևոր իրադարձությունների վրա: Եթե ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ այդ հիշատակարանները, կարող եք կարդալ Մորմոնի Գրքի սկզբում ներկայացված «Մորմոնի Գրքի մասին համառոտ բացատրությունը»:
Թե՛ Մորմոնը, թե՛ Նեփին Տիրոջից հատուկ հուշումներ են ստացել փոքր թիթեղների վերաբերյալ: Կարդացեք 1 Նեփի 9.5–6 և Մորմոնի խոսքերը 1.7–8 հատվածները և փնտրեք, թե ինչ նմանություններ կան այս երկու մարգարեների փորձառություններում:
-
Ո՞ր բառերն ու արտահայտությունները կարևորեցիք:
-
Այս հատվածներն ի՞նչ են պատմում մեզ Նեփիի և Մորմոնի մասին:
-
Նրանց խոսքերն ի՞նչ ճշմարտություններ կարող են ուսուցանել մեզ Տիրոջ մասին:
Այլ ճշմարտությունների կողքին կարող եք նշել, որ Տերը գիտի ամեն բան, ունի ամենակարող զորություն և Իր գործերը կատարելու ճանապարհ է պատրաստում:
Տերը ճանապարհ է պատրաստել
Որպես Տիրոջ կանխատեսության և զորության ապացույց կարելի է տեսնել այն, որ Նա Նեփիին պատվիրել էր պատրաստել փոքր թիթեղները և Մորմոնին հուշել էր ներառել այդ հիշատակարանները իր համառոտագրության մեջ:
Հարյուրավոր տարիներ անց, երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր Մորմոնի Գրքի թիթեղները, նա սկսեց Նեփիի մեծ թիթեղների համառոտագրությունից, որը կատարել էր Մորմոնը: Մարտին Հարիսը, որն օգնում էր Ջոզեֆին որպես դպիր, բազմիցս խնդրել էր, որ թարգմանված էջերը ցույց տա կնոջն ու ընտանիքի այլ անդամներին: Չնայած Տերը մերժել էր Մարտինի խնդրանքը, Ջոզեֆը շարունակում էր Տիրոջ թույլտվությունը խնդրել: Խիստ ցուցումներով և նախազգուշացումներով, Մարտինին, ի վերջո, թույլատրվեց ձեռագրի 116 էջերը տանել Նյու Յորք նահանգի Պալմիրա բակավայրում գտնվող իր տուն: Նա պարտավորվեց ձեռագիրը երկու շաբաթ անց վերադարձնել Ջոզեֆին Փենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաքում:
Կարող եք դիտել «Աստծո գործը» տեսանյութի 6:52–11:30 հատվածը և փնտրել, թե Տերն ինչպես է պատրաստել ճանապարհը՝ նախքան այդ իրադարձությունների տեղի ունենալը: Տեսանյութը կարելի է գտնել այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Կամ կարող եք կարդալ հետևյալ կետերը, որոնք նկարագրում են, թե ինչ փորձառություն ունեցան Մարտինն ու Ջոզեֆը (տես նաև Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը Վերջին օրերում, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 51–53):
-
Ջոզեֆի կինը՝ Էմման, ծննդաբերեց իրենց առաջնեկին, որն ընդամենը մի քանի ժամ անց մահացավ: Երբ Մարտինը չվերադարձավ Հարմոնի, Էմմային երկու շաբաթ խնամելուց հետո Ջոզեֆը մեկնեց Պալմիրա:
-
Մարտինը խոստովանեց, որ կորցրել է Մորմոնի Գրքի ձեռագիրը: Տերը պատժեց Ջոզեֆին և չթույլատրեց շարունակել թարգմանությունը:
-
Երբ Ջոզեֆն ավարտեց անկեղծ ապաշխարության ժամանակաշրջանը և ներում խնդրեց, Տերը թույլատրեց Ջոզեֆին շարունակել թիթեղների թարգմանությունը: Սակայն նրան հրահանգ էր տրվել չվերաթարգմանել կորած հատվածը:
-
Տերը ցույց տվեց, որ ամբարշտացած մարդիկ սատանայի ազդեցությամբ գողացել էին ձեռագիրը: Նրանց նպատակն էր փոխել բառերը և ներկայացնել, որ Ջոզեֆը միայն ձևացնում էր, թե թարգմանում է՝ այդպիսով ոչնչացնելով Տիրոջ աշխատանքը (տես Վարդապետություն և Ուխտեր 10.10–19, 29–33):
-
Տերը պատվիրեց Ջոզեֆին թարգմանել Նեփիի փոքր թիթեղների վրա գրված հիշատակարանը, որը Մորմոնը ներառել էր իր համառոտագրության մեջ և վերաշարադրել էր կորած հատվածի նույն ժամանակաշրջանի մեծ մասն ու իրադարձությունները: Տերը վկայել է. «Իմ իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը» (Վարդապետություն և Ուխտեր 10.43):
Հետևեք հուշումներին
Այս տարի Մորմոնի Գրքից մինչ այժմ ձեր ուսումնասիրած բոլոր գրվածքները (1 Նեփի–Օմնի) հասանելի են ձեզ, քանի որ Մորմոնը հավատաց, որ Տերն ամեն ինչ գիտի և հետևեց փոքր թիթեղներն ընդգրկելու հոգևոր ոգեշնչմանը:
Գուցե ցանկանաք ձեր օրագրում ստեղծել «փոքր թիթեղներ» բաժինը, ինչպես Նեփին, որպեսզի գրառեք ձեզ համար սրբազան փորձառությունները: Գուցե ցանկանաք խորհել և գրի առնել այն, ինչին հավատում եք և ինչ գիտեք Աստծո մասին, նաև, թե Նա ինչպես կարող է օգնել ձեզ գործել հավատքով՝ Իր գործն իրականացնելու համար: