«3 Նեփի 27, Մաս 2․ Սրբագործվել Հիսուս Քրիստոսի միջոցով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 27, Մաս 2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 27, Մաս 2
Սրբագործվել Հիսուս Քրիստոսի միջոցով
Երբևէ ցանկացե՞լ եք հոգևոր առումով ավելի մաքուր լինել։ Երբ Հիսուս Քրիստոսն Ամերիկա աշխարհամասում ուսուցանում էր իր աշակերտներին, Նա բացատրեց Իր ավետարանի հետևորդներին հասանելի կարևոր օրհնություններ, այդ թվում՝ Սուրբ Հոգու միջոցով սրբագործումը։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ՝ ինչպես ստանալ Փրկչի սրբագործող զորությունը, երբ ջանքեր եք գործադրում Նրա ավետարանով ապրելու համար։
Անմաքուր
Յոթանասունից երեց Ալեն Դ. Հեյնին կիսվել է իր մանկության պատմությամբ։
Երբ ես ինը տարեկան էի, իմ ալեհեր, 1,5 մ հասակ ունեցող տատիկը, այցելեց մեզ մի քանի շաբաթով։ Մի օր, մինչ նա այնտեղ էր, ես և իմ երկու ավագ եղբայրները որոշեցինք փոս փորել այգում, որը գտնվում էր մեր տան դիմացի փողոցից այն կողմ։ Չգիտեմ, թե ինչու մենք արեցինք դա․ տղաները, երբեմն, փոսեր են փորում։ Մենք մի քիչ փոշոտվեցինք, սակայն դա չէր կարող լուրջ խնդիր առաջ բերել։ Մեր հարևանությամբ ապրող տղաները տեսան, թե որքան զվարճալի էր փոս փորելը և սկսեցին օգնել։ Ապա մենք բոլորս էլ ավելի ու ավելի փոշոտվեցինք։ Հողաշերտը կարծր էր, ուստի մենք բերեցինք այգու ջրի խողովակը և մի քիչ ջուր լցրեցինք փոսի մեջ, որպեսզի հողը փափկեր։ Մենք մի քիչ ցեխոտվեցինք, սակայն փոսը գնալով խորացավ։
Մեր խմբից մեկը որոշեց, որ պետք է մեր փոսը դարձնենք լողավազան, ուստի մենք լցրեցինք այն ջրով։ Լինելով ամենակրտսերը և ցանկանալով փորձել փոսի մեծությունը, ինձ համոզեցին ներս ցատկել ու փորձել այն։ Այժմ ես իրոք ցեխոտ էի։ Սկզբում ես չէի պլանավորել ծածկվել ցեխով, սակայն վերջում ես հայտնվեցի այդ իրավիճակում։
Երբ սկսեց ցրտել, ես անցա փողոցը՝ փորձելով տուն մտնել։ Տատիկս տեսավ ինձ մուտքի դռան մոտ և արգելեց ինձ տուն մտնել։ Նա ասաց, որ եթե ինձ ներս թողներ, ես կցեխոտեի տունը, իսկ նա նոր էր այն մաքրել։ Ուստի, ես արեցի այն, ինչ կաներ յուրաքանչյուր իննամյա տղա տվյալ իրավիճակում և վազեցի դեպի տան հետևի դուռը, սակայն նա ավելի արագաշարժ գտնվեց, քան ես կարծում էի։ Ես զայրացա, ոտքս հարվածեցի գետնին և պահանջեցի, որ ներս մտնեմ, սակայն դուռը փակ մնաց։
Ես թաց էի, ցեխոտ, մրսում էի և, ըստ իմ մանկական պատկերացման կարող էի մեռնել իմ տան ետևի բակում։ Ի վերջո, ես հարցրի նրան, թե ինչ պետք է անեի, որ տուն մտնեի։ Հենց այդ պահին տատիկս ինձ վրա պահեց ջրի խողովակը։ Այդ պահն ինձ հավերժություն թվաց, որից հետո տատիկս գտավ, որ ես մաքուր էի և թույլ տվեց, որ տուն մտնեմ։ Տանը տաք էր և ես կարողացա չոր, մաքուր հագուստներ հագնել։ (Ալլեն Դ. Հեյնի, «Հիշենք, թե ում ենք ապավինել», Լիահոնա, նոյեմբեր 2015, 121):
-
Հոգևոր ի՞նչ համեմատություններ կարող եք անել երեց Հեյնիի պատմության և մեր կյանքի միջև։
3 Նեփի 27 գլխում Փրկիչն Իր ավետարանը քննարկում էր Իր նեփիացի աշակերտների հետ, որի ընթացքում ուսուցանում էր մեղքի հետևանքների մասին և ինչպես կարող ենք հաղթահարել դրանք ու հոգևոր առումով մաքրվել։
Կարդացեք 3 Նեփի 27․19 հատվածը և փնտրեք Փրկչի ուսմունքները։
-
Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ այն մասին, որ ունեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության կարիքը։
Հիսուս Քրիստոսը կարող է մաքրագործել ձեզ մեղքի հետևանքից և օգնել սրբանալ։ Մտածեք մեղքից մաքրագործվելու անհրաժեշտության մասին և ինչպիսին կարող է լինել կամ ինչ զգացողություն է հոգևոր առումով մաքուր լինելը։ Այսօր ուսումնասիրելու ընթացքում փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող եք օգտվել ձեր կյանքում Փրկչի սրբագործող զորությունից։
Հիսուս Քրիստոսը նկարագրում է, թե ինչպես կարող ենք սրբագործվել Սուրբ Հոգու միջոցով։
3 Նեփի 27․20–22 հատվածներում Փրկիչն ուսուցանել է, թե ինչ կարող ենք անել Նրա սրբագործող զորությունն ստանալու և հավերժական կյանքին արժանանալու համար։ Որպեսզի օգնեք ուսումնասիրել այս հատվածները, պատճենեք հետևյալ աղյուսակը ձեր օրագրում։
Պատվիրաններ |
Օրհնություններ |
---|---|
Կարդացեք 3 Նեփի 27․20–22 հատվածները և լրացրեք աղյուսակը ձեր գտածի հիման վրա։
-
Ինչպե՞ս կամփոփեիք հատված 20-ում որպես ճշմարտություն ներկայացված Փրկչի ուսմունքները։
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ եթե ապաշխարենք և դառնանք դեպի Հիսուս Քրիստոսը, կարող ենք Սուրբ Հոգին ստանալով սրբագործվել և վերջին օրը անբիծ կանգնել Նրա առաջ։
Սրբագործվել նշանակում է լինել «Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեղքից ազատված, անարատ, մաքուր և սուրբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Սրբագործում» scriptures.ChurchofJesusChrist.org)։
Սրբագործվել Սուրբ Հոգու միջոցով
Հատված 20-ում Հիսուս Քրիստոսի խոսքերն ուսուցանում են, որ Նա օգնում է մեզ սրբագործվել Սուրբ Հոգին ստանալու միջոցով։
Առաջին նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է Փրկչի Քավության և Սուրբ Հոգու սրբագործող ազդեցության միջև կապը։
Եթե դուք զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը այսօր, ապա կարող եք ընդունել դա որպես վկայություն, որ Քավությունը գործում է ձեր կյանքում: Այդ իսկ պատճառով և այլ ուրիշ պատճառներից ելնելով դուք լավ կանեք, եթե լինեք այնպիսի վայրերում և այնպիսի խնդիրների առջև կանգնեք, որոնք հրավիրում են Սուրբ Հոգու հուշումները: Սուրբ Հոգու ազդեցությունը զգալը գործում է երկու ուղղությամբ. Սուրբ Հոգին բնակվում է միայն մաքուր տաճարում, և Սուրբ Հոգին ստանալը մաքրում է մեզ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: (Հենրի Բ. Այրինգ, «Հոգու պարգևները դժվարին ժամանակներում», Ensign, June 2007, 23)
Կիրառեք Փրկչի ուսմունքները ձեր կյանքում
Այսօր ուսումնասիրած ճշմարտությունները պարզ են, բայց կարևոր, որոնց պետք է կանոնավոր կերպով հետևել՝ Աստծո ներկայությանն անժանիորեն վերադառնալու համար։ Մտածեք, թե ձեր կյանքում ինչպես կկիրառեք այն, ինչ սովորել և զգացել եք։ Կարող եք ընտրել հետևյալ տարբերակներից մեկը կամ մի քանիսը կամ այդ ուսմունքները կիրառելու այլ եղանակ ընտրել։
-
Ավելի կշռադատված մտածեք ամեն օր ապաշխարելու մասին և որոշեք ավելի լիարժեքորեն հետևել Փրկչին։
-
Հաղորդության արարողությունում ձեր մասնակցությունը կիրակի օրվա ձեր երկրպագության ավելի իմաստալից մասը դարձրեք։
-
Մտածեք, թե որ մեղքը կամ շեղումն է սահմանափակում ձեր ընկերակցությունը Սուրբ Հոգու հետ։ Կատարեք անհրաժեշտ գործողություններ՝ այդ մեղքը կամ շեղումը ձեր կյանքից հեռացնելու համար։
-
Սկսեք անել մի բան, որը թույլ կտա ձեզ ավելի մեծ չափով օգտվել Սուրբ Հոգու ընկերակցությունից։