Սեմինարիա
2 Նեփի 25. Փրկվել Հիսուս Քրիստոսով


«2 Նեփի 25. Փրկվել Հիսուս Քրիստոսով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 25. Փրկվել Հիսուս Քրիստոսով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 25

Փրկվել Հիսուս Քրիստոսով

Նկար
Հիսուս Քրիստոս

Երբևէ եղե՞լ է, որ որևէ մեկը թեթևություն բերի կամ փրկի ձեզ որևէ դժվարին իրավիճակից: Ինչպե՞ս եք վերաբերվել այդ մարդուն նրա օգնությունը ստանալուց հետո: Մարգարեական ուսմունքների կարևորությունն ընդգծելուց հետո Նեփին վկայեց, որ միայն Հիսուս Քրիստոսն ունի բոլոր մարդկանց փրկելու զորություն: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես եք փրկված Հիսուս Քրիստոսի շնորհով:

Սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի ուսուցում Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարիտ վարդապետությունը և սկզբունքները գրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Երբ օգնեք ուսանողներին ուսումնասիրել դրանք, Սուրբ Հոգին կարող է նրանց մտքերին ու սրտերին վկայել այդ ճշմարտության մասին: Նրանք կարող են ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ հետևողականորեն կիրառելով վարդապետությունն ու սկզբունքները:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել դասի համար պատրաստել և խոսել Հիսուս Քրիստոսի մասին մի ուղերձից, որն ազդեցություն է ունեցել նրանց վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր փրկվելու միակ ճանապարհը

Դասը սկսելու համար պատմեք մեկի պատմությունը, որը փրկվել է: Կարող եք ուսանողներին խնդրել պատմել նաև այն ժամանակի մասին, երբ նրանք կամ իրենց ծանոթ որևէ մեկը փրկվել է:

Կարելի է դիտել «Այնտեղ, որտեղ հանդիպում են արդարությունը, սերն ու ողորմությունը» տեսանյութը (5:36), որը հասանելի է կայքում՝ ChurchofJesusChrist.org:

2 Նեփի 25 գլխում Նեփին իր ժողովրդին հիշեցրեց մարգարեների այն վկայության մասին, որ Հիսուս Քրիստոսը Մեսիան է, ինչը նշանակում է՝ բոլոր մարդկանցից Օծյալը կամ Փրկիչը (տես Սուրբ գրքերի ուղեցույցը, «Մեսիա», scriptures.ChurchofJesusChrist.org): Նեփին հիշատակել է, որ թեև հրեաներն իրենց անհավատության պատճառով ցրվելու են, բայց եթե հավատային Հիսուս Քրիստոսին, Տերը կհավաքեր ու «կվերականգներ [նրանց] իրենց կորած և ընկած վիճակից» (2 Նեփի 25.15–17):

Կարդացեք 2 Նեփի 25.18–20 հատվածները և գտեք, թե ինչ էր ուսուցանում Նեփին հրեաների (և Աստծո բոլոր զավակների) փրկության մասին: Օգտակար կլինի իմանալ, որ սուրբ գրություններում անուն բառը կարող է օգտագործվել անձի զորությունը կամ ազդեցությունը ներկայացնելու համար: Դա հատկապես ճիշտ է, երբ խոսքը Փրկչի մասին է:

  • Ինչի՞ց է փրկում մեզ Հիսուս Քրիստոսը:

  • Ի՞նչ կլիներ, եթե մենք չունենայինք Փրկչին:

Փրկված շնորհով

Կարդացեք 2 Նեփի 25.23 հատվածը և գտեք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է փրկել մեզ:

Ստորև ներկայացվող հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին՝ ավելի լավ հասկանալ շնորհը:

Շնորհի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն է ներկայացված «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

  • Ի՞նչ հարցեր կարող եք տալ՝ հատված 23-ում ներկայացված Նեփիի ուսմունքները խորապես հասկանալու համար:

Կարող եք ուսանողների հարցերը գրել գրատախտակին: Նրանք կարող են տալ այսպիսի հարցեր. «Ի՞նչ է շնորհը» և «Ի՞նչ է նշանակում, որ փրկված ենք այն ամենից հետո, ինչ կարող ենք անել»:

Օգտագործեք ստորև ներկայացվող նյութը, որպեսզի օգնեք ուսանողներին գտնել իրենց հարցերի պատասխանները:

Շնորհը աստվածային օգնություն կամ ուժ է, որը տրվում է մեզ Տեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: …

Շնորհը պարգև է Երկնային Հոր կողմից՝ տրված Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով: Շնորհ բառը, ինչպես այն օգտագործվում է սուրբ գրություններում, հիմնականում վերաբերում է արտոնող զորությանն ու հոգևոր բժշկմանը, որն առաջարկվում է Հիսուս Քրիստոսի ողորմության և սիրո միջոցով: (Ավետարանական թեմաներ, «Շնորհ», topics.ChurchofJesusChrist.org):

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Կարծում եմ, երբեմն մենք սխալ ենք մեկնաբանում «այն ամենից հետո՝ ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը: Մենք պետք է հասկանանք, որ «հետո»-ն չի նշանակում «պատճառով»:

Մենք չենք կարող փրկվել այն ամենի «պատճառով», ինչ կարող ենք անել: Մեզնից ովքե՞ր են արել այն ամենն, ինչ կարող են: Արդյո՞ք Աստված սպասում է, մինչև սպառենք բոլոր ջանքերը, հետո միջամտի մեր կյանքին՝ Իր փրկող շնորհով:

Շատ մարդիկ իրենց հուսալքված են զգում, քանի որ անընդհատ ձախողվում են: Նրանք բուն աղբյուրից գիտեն, որ «հոգին հոժար է, բայց մարմինը տկար» [Մատթեոս 26.41]: Նրանք իրենց ձայնն են բարձրացնում Նեփիի հետ, բացականչելով. «Հոգիս մորմոքվում է իմ անօրինությունների պատճառով» [2 Նեփի 4.17]:

Ես համոզված եմ, որ Նեփին գիտեր, որ Փրկչի շնորհը թույլ է տալիս և հնարավորություն է տալիս մեզ հաղթահարել մեղքը [տես Ալմա 34.31]: Ահա, թե ինչու էր Նեփին ջանասիրաբար աշխատում համոզել իր զավակներին և եղբայրներին՝ «հավատալ Քրիստոսին և հաշտվել Աստծո հետ» [2 Նեփի 25.23]:

Ի վերջո, դա այն է, ինչ մենք կարող ենք անել: Եվ դա՛ է մեր մահկանացու կյանքի առաջադրանքը: …

Այսօր և ընդմիշտ Աստծո շնորհը հասանելի է բոլոր նրանց, ում սիրտը կոտրված է և հոգին փշրված [տես 3 Նեփի 9.19–20]: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2015թ., 110)

Կարող եք տալ ստորև ներկայացվող հարցերից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով: Գուցե հուշում ստանաք և ուղղեք հաջորդական հարցեր կամ պատմեք այն ժամանակի մասին, երբ զգացել եք Փրկչի շնորհը: Կարող եք նաև մի օրինակ բերել, թե Փրկչի շնորհն ինչպես է օգնել ձեզ կամ ձեզ ծանոթ մեկին:

  • Ինչպես կնկարագրեիք Փրկչի հանդեպ ունեցած ձեր զգացումները՝ իմանալով, որ Նրա շնորհը հասանելի է անձամբ ձեզ:

  • Փրկչի շնորհից օգտվելու ի՞նչ ճանապարհներ կան:

  • Ձեր կյանքի ո՞ր հատվածները կարող էին այլ լինել, եթե ավելի շատ զգայիք Տիրոջ շնորհը: Ի՞նչ ձևերով:

Մի պահ մտածեք, թե ինչ իմացաք այն մասին, որ Հիսուս Քրիստոսն է միակ ճանապարհը, որով կարող եք փրկվել: Ո՞ր ուղերձը կամ ճշմարտությունն էր ձեզ համար ամենից կարևորը կամ ձեզ մոտ Հիսուս Քրիստոսին փառաբանելու ցանկություն է առաջացրել: Ձեր սովորածն ու զգացածը ի՞նչ են ձեզ հուշում անել: Այս մտքերը կարող եք գրել ձեր օրագրում:

Ուրախացեք Քրիստոսով

Քանի որ Նեփին գիտեր Փրկչի շնորհը և փրկելու զորությունը, նա գրեց, որպեսզի օգնի ուրիշներին հավատալ Քրիստոսին: Կարդացեք 2 Նեփի 25.26 հատվածը և գտեք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին հավատալ Հիսուս Քրիստոսին: Կարող եք նշել այս հատվածում օգտագործված տարբեր գործողությունները նկարագրող բառերը:

  • Այս հատվածում ո՞ր բառերն են նշանակալից ձեզ համար:

  • Ձեր կյանքն ինչպե՞ս է փոխվել այն բանից, որ որևէ մեկը ձեզ պատմել է Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ինչպե՞ս կարող է ամրապնդվել ձեր կապը Հիսուս Քրիստոսի հետ՝ ուրիշներին Նրա մասին անձնական զգացողությունները պատմելու միջոցով:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել հատված 26-ը, կարող եք դասարանը բաժանել զույգերի կամ փոքր խմբերի և առաջարկել նրանց միմյանց հետ «զրուցել Քրիստոսի մասին»՝ կիսվելով Հիսուս Քրիստոսի մասին իրենց մտքերով ու զգացողություններով: Ուսանողները կարող են դասն ավարտել նաև՝ անհատապես կատարելով հետևյալ վարժությունը.

Մտածեք ձեր կյանքում մեկի մասին, որին օգտակար կլիներ Փրկչի սիրո և շնորհի մասին հիշեցնելը: Պատրաստեք ուղերձ (օրինակ՝ տեքստ, սոցիալական մեդիայի գրառում կամ անձնական նամակ), որով կկարողանայիք կիսվել նրա հետ:

Տպել