Սեմինարիա
Մոսիա 21–24, Մաս 1. Գտեք Տիրոջ նպատակները մեր փորձությունների և չարչարանքների համար


«Մոսիա 21–24, Մաս 1. Գտեք Տիրոջ նպատակները մեր փորձությունների և չարչարանքների համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 21–24, Մաս 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 21–24, Մաս 1

Գտեք Տիրոջ նպատակները մեր փորձությունների և չարչարանքների համար

երիտասարդ տղան խորհում է, նա տխուր է երևում

Ինչպե՞ս կբացատրեք ինչ-որ մեկին, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ մենք փորձություններ ու չարչարանքներ ունենանք: Մոսիա 21–24 գլուխներում նկարագրվում է Լիմքիի և Ալմայի ժողովուրդների փորձառությունները, որոնք երկուսն էլ դժվար հաղթահարելի մարտահրավերներ ունեցան: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի մեծ վստահություն զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ձեր կյանքում փորձություններ և տառապանքներ ունենաք:

Տվեք հարցեր, որոնք քննարկում կծավալեն: Իմաստալից դասարանային քննարկումներ տեղի են ունենում այն ժամանակ, երբ ուսուցիչները հաղորդակցվում են ուսանողների, իսկ ուսանողները՝ միմյանց հետ: Տվեք թեմային առնչվող հարցեր, որոնք բազմաթիվ ուսանողների պատասխանելու հնարավորություն կտան: Կարող եք քննարկումը խրախուսել նաև՝ ուսանողներին խնդրելով պատասխանել իրենց դասընկերների մեկնաբանություններին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարելի է առաջարկել մտածել անցյալում ունեցած որևէ փորձության կամ դժվարության մասին, որն օգնել է նրանց աճել ու ավելի մոտենալ Տիրոջը: Ուսանողներին խրախուսեք պատրաստվել և կիսվել, թե ինչ են սովորել, կամ այս փորձությունն ինչպես կարող է դրականորեն ազդել նրանց վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սա երկու դասերից առաջինն է, որն անդրադառնում է Մոսիա 21–24 գլուխներին: Մաս 1-ում քննարկվում է, թե Տերն ինչու կարող է թույլ տալ, որ մենք փորձություններ ունենանք, իսկ մաս 2-ում քննարկվում է, թե մենք ինչպես կարող ենք ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնեն մեզ անցնել այդ փորձությունների միջով: Եթե դասի ժամանակը սահմանափակ է, և Մոսիա 21–24-ի վերաբերյալ միայն մեկ դաս է հնարավոր անցկացնել, մտածեք, թե ինչպես կարող եք արդյունավետորեն համատեղել այդ երկու դասը:

Կրեք դժվարությունների բեռները

ծանր ուսապարկ կրող մարդ

Պատկերացրեք, որ ձեր փորձությունները, դժվարությունները և չարչարանքները ծանր քարեր են, որոնք պարտավոր եք ֆիզիկապես կրել ձեր պայուսակում կամ ուսապարկում:

Կարող եք մի ուսապարկ և ծանր առարկաներ բերել դասարան, որոնք կխորհրդանշեն դժվարությունների բեռները: Որևէ կամավոր ուսանողի առաջարկեք կրել ուսապարկը, իսկ այդ ժամանակ դասարանի մյուս ուսանողները պետք է ասեն տարբեր փորձություններ և իրերը տեղավորեն պայուսակում: Հետևեք, որ ուսապարկը չծանրանա այնքան, որ այն կրող ուսանողը վնասվածք ստանա: Հնարավորության դեպքում ուսանողը կարող է շարունակել կրել ուսապարկը, իսկ դասարանը պետք է քննարկի ստորև նշված հարցերը:

Կարող եք գրատախտակին թվարկել ստորև նշված հարցերին ուսանողների տրված պատասխանները:

  • Պատանիներն ի՞նչ փորձություններ կամ դժվարություններ կարող են ունենալ, որոնք կարող են ուսապարկում ծանր քարեր կրելու զգացողություն տալ:

  • Մարդիկ իրենց կրած դժվարությունների մասին ի՞նչ հարցեր կարող են ունենալ:

Կարող եք ուսանողներին ժամանակ տալ, որպեսզի թվարկեն իրենց անձնական փորձություններից մի քանիսը և այդ փորձությունների մասին իրենց մտքերը, հարցերն ու զգացողությունները գրի առնեն իրենց օրագրերում: Դա կարող է օգնել ավելի լավ պատրաստել նրանց՝ ունենալու անձնավորված փորձառություն սուրբ գրություններն ուսումնասիրելիս:

Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Տերն ինչու կարող է թույլ տալ, որ այդ փորձություններն ունենաք:

Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել Լիմքիի ժողովրդի և Ալմայի ժողովրդի վերաբերյալ համատեքստը, կարող եք ցուցադրել կամ պատկերել հետևյալ նկարը և մատնանշել մարդկանց յուրաքանչյուր խմբի գտնվելու վայրը, երբ հիշատակեք նրանց:

Մոսիա 21–24 գլուխներում մենք սովորում ենք մարդկանց երկու խմբերի մասին, որոնք մեծ փորձություններ և չարչարանքներ են ունեցել: Առաջին խումբն ապրում էր Նեփիի երկրում․ այդ խմբի առաջնորդն էր Նոյ թագավորի որդի Լիմքին: Երկրորդ խումբն ապրում էր Հելամի երկրում․ այդ խմբի առաջնորդն էր Ալման:

Մոսիա 21–24 գլուխներում նկարագրված վայրերի պատկերը

Մի քանի ցանկացողների առաջարկեք կիսվել, թե ինչ գիտեն այն հանգամանքների մասին, որոնք գերության մատնեցին Լիմքիի և Ալմայի ժողովուրդներին: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք հետևյալ համառոտ պատմությունները:

Լիմքիի ժողովուրդը

Աբինադիի ուսմունքները և նախազգուշացումները մերժելուց հետո նեփիացիներին, որոնց այժմ առաջնորդում էր Լիմքի թագավորը, Նեփիի երկրում գերեվարեցին լամանացիները և պահանջեցին, որ ծանր հարկեր վճարեն (տես Մոսիա 19.15): Ինչպես մարգարեացել էր Աբինադի մարգարեն (տես Մոսիա 12.5), լամանացիները Լիմքիի ժողովրդին ստիպեցին ծառայել իրենց և ծանր փորձություններ կրել (տես Մոսիա 21.3):

Ալմայի ժողովուրդը

Աբինադիի մահից հետո Ալման և նրա հետևորդները փախան դեպի Մորմոնի ջրերը, որտեղ մկրտվեցին (տես Մոսիա 17.1–4, 18.1–14): Հետո իրենց անվտանգության համար նրանք փախան ու արդարակյաց բնակավայր կառուցեցին Հելամի երկրում (տես Մոսիա 18.32–34, 23.1–4, 19–20): Ալմայի ժողովրդին ի վերջո հայտնաբերեցին լամանացիները և գերության վերցրին (տե.ս Մոսիա 23.25–29, 36–37): Ամուղոնը, որը Նոյի ամբարիշտ քահանաներից մեկն էր, իշխանություն ստացավ նրանց վրա և սկսեց հետապնդել Ալմային ու նրա ժողովրդին (տե.ս Մոսիա 24.8–9):

Ինչու է Տերը թույլ տալիս, որ մենք փորձություններ ունենանք

Կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի և նրանց մի կեսին հանձնարարել ուսումնասիրել Լիմքիի ժողովրդին, իսկ մյուս կեսին՝ Ալմայի ժողովրդին:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ մենք փորձություններ ու չարչարանքներ ունենանք: Կարող եք գրի առնել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք տպավորիչ էին ձեզ համար:

Եթե ուսանողներն ավարտել են այս հատվածների ուսումնասիրությունը, յուրաքանչյուր խմբի ուսանողներին առաջարկեք ըստ ցանկության ամփոփ ներկայացնել, թե ինչ սովորեցին իրենց ուսումնասիրած հատվածներից: Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին քննարկել, թե ինչ սովորեցին այդ հատվածներից

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ տեսաք ժողովուրդների երկու խմբերի և նրանց վերապրածի միջև:

  • Այս պատմություններում Տիրոջ սիրո և ժողովուրդների հանդեպ Նրա մտահոգության ի՞նչ ապացույց տեսաք:

    Ի պատասխան նախորդ հարցին՝ ուսանողները կարող են նշել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Տերը լսեց նրանց աղաղակները» (Մոսիա 21.15), «նրանք սկսեցին աստիճանաբար բարգավաճել» (Մոսիա 21.16), «Ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին» կամ «Ես՝ Տեր Աստվածս, այցելում եմ իմ ժողովրդին իրենց չարչարանքների մեջ» (Մոսիա 24.14):

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ մարդիկ փորձություններ և չարչարանքներ ունենան:

Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին գրել իրենց պատասխանները նախորդ հարցի վերաբերյալ: Ստորև ներկայացված է ճշմարտությունների մի քանի օրինակ, որոնք ուսանողները կարող են գտած լինել:

  • Տերը թույլ է տալիս, որ մենք փորձություններ ունենանք, որպեսզի օգնի մեզ խոնարհ դառնալ և ավելի շատ ապավինել իրեն (տես Մոսիա 21.5–14):

  • Որոշ փորձություններ և չարչարանքներ գալիս են անհնազանդության արդյունքում (տես Մոսիա 21.15):

  • Մեր փորձությունները կարող են մեզ հնարավորություններ տալ՝ փնտրելու և զգալու Տիրոջ զորությունը մեր կյանքում (տես Մոսիա 21.15–16, 24.14):

  • Տերը խրատում է իր ժողովրդին և փորձում է նրանց համբերությունն ու հավատքը (տե.ս Մոսիա 23.21):

Շատ մարդիկ կարծում են, որ խրատվելը (տես Մոսիա 23.21) նույնն է, ինչ պատժվելը: Յոթանասունից երեց Լին Գ. Ռոբինսը բացատրել է. «խրատել բառը ծագում է լատիներեն castus բառից, որը նշանակում է «առաքինի կամ մաքրաբարո», իսկ խրատել նշանակում է «մաքրել» [տես Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11-րդ խմբ. (2003), «chasten»] («Արդար դատավորը», Լիահոնա, նոյեմբեր 2016թ., 97): Մի պահ մտածեք, թե Տերն ինչպես կարող է մաքրել ձեզ փորձությունների և չարչարանքների միջոցով:

Ստորև ներկայացվող հարցերը (կամ ձեր մտածած այլ հարցեր) կարող են օգտագործվել՝ ուսանողների համար էականություն ապահովելու համար: Կարող եք ուսանողներին ժամանակ տալ, որպեսզի իրենց պատասխանները գրեն իրենց օրագրերում՝ նախքան հարցերը դասարանով քննարկելը: Անպայման շնորհակալություն հայտնեք ուսանողներին իրենց մտքերով կիսվելու համար:

  • Այդ ճշմարտությունների ըմբռնումը ինչպես կարող է ազդել փորձություններին արձագանքելու ձեր մոտեցման վրա:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են տեսնել ձեզ այդ փորձություններին ենթարկելու Տիրոջ նպատակները:

    Որպես նախորդ հարցի պատկերավոր օրինակ՝ կարող եք ցուցադրել «Աստծո կամքը» տեսանյութը (3:02), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

    3:2

    The Will of God

  • Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ձեր կրած փորձությունները:

Բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությունը: