Սեմինարիա
Վարդապետության սերտում. Եթեր 12.6. «Նախքան ձեր հավատքի փորձությունը դուք վկայություն չեք ստանում»


«Վարդապետության սերտում. Եթեր 12․6. «Նախքան ձեր հավատքի փորձությունը դուք վկայություն չեք ստանում», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Եթեր 12․6», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Եթեր 12․6

«Նախքան ձեր հավատքի փորձությունը դուք վկայություն չեք ստանում»:

երկու երիտասարդ կին քննարկում են

Երբ ուսումնասիրում էիք Եթեր 12.1–22 հատվածները, դուք սովորեցիք, թե ինչպես հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ՝ նախքան ճշմարտության մասին հոգևոր վկայություն ստանալը (տես Եթեր 12.6 հատվածը): Այս դասը կօգնի ձեզ մտապահել Եթեր 12․6 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Ուսանողներին հորդորեք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Երբ ուսանողներն ավելի լավ տիրապետեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին, նրանք ավելի բնական եղանակով դրանք կկիրառեն իրենց ունեցած խնդիրների համար: Հետևողական և ստեղծագործ եղեք, երբ առաջարկում եք նրանց վերանայել սկզբունքները տարբեր եղանակներով:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք փնտրել սուրբ գրությունների հատվածներ, որոնք կարող են օգնել մարդուն հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս: Սուրբ գրություններ գտնելու համար նրանք կարող են որոնել «Հավատք» թեման Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածի դասը նախատեսված է անցկացնել «Եթեր 12․1–22» դասից հետո, որը Եթեր 12․6 վարդապետության սերտման հատվածի ուսումնասիրման համատեքստային դասն է։ Եթե վարդապետության սերտման այդ դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և մտապահեք

Նախորդ դասի ընթացքում Եթեր 12.6 հատվածից դուք սովորեցիք հետևյալ ճշմարտությունը․ եթե մենք ցանկանում ենք հոգևոր վկայություն ստանալ, ապա նախ պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:

Ուսանողներին առաջարկեք Եթեր 12.6 հատվածի ուսմունքները բացատրել դասընկերոջը: Քննարկման համար ուսանողներին ցուցադրեք հետևյալ հարցադրումը:

  • Ի՞նչ խորհուրդ է տրվում Եթեր 12.6 հատվածում նրանց, ովքեր անպատասխան հարցեր ունեն կամ դեռ «չեն տեսնում» ճշմարտությունը:

Ուսանողներին օգնեք մտապահել Եթեր 12.6 հատվածի հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը: Հետևյալը դա անելու եղանակներից մեկն է:

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը (1899–1994) ուսուցանել է, որ յուրաքանչյուր մարդ, ի վերջո, հենված է հավատքի պատին և պետք է իր տեղը գտնի այնտեղ (տես «Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է», Ensign, մայիս 1975, 65): Այլ կերպ ասած, բոլորն իրենք իրենց հավատքով պետք է որոշեն հավատալ և իմանալ ճշմարտությունը:

Նկարեք նկար, որտեղ մի մեծ պատ է պատկերված որի առջև կանգնած եք դուք: Օգտագործեք «հավատքի պատը», որպեսզի մտապահեք Եթեր 12.6 հատվածի հղումը և հիմնական սուրբգրային արտահայտությունը: Ձևավորեք ձեր պատը՝ վերևում գրելով «Եթեր 12.6», ապա մի քանի անգամ պատին գրեք «Նախքան ձեր հավատքի փորձությունը դուք վկայություն չեք ստանում»: Երբ ձեր պատի ամբողջ տարածքը լցված կլինի հիմնական սուրբգրային արտահայտությամբ, փորձեք մի քանի անգամ բարձրաձայն ասել այն՝ առանց նայելու:

Գործնական կիրառում

Նախքան գործնական կիրառման վարժությունը սկսելը՝ մտածեք ստեղծագործական եղանակներ, որոնք կօգնեն ուսանողներին սովորել և կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Այդ վարժությունները պարբերաբար կատարելը կօգնի նրանց հաջողությամբ կիրառել այս սկզբունքները:

Դա անելու եղանակներից մեկն է՝ գրատախտակին գրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու բոլոր երեք սկզբունքները: Այնուհետև պատահական հերթականությամբ յուրաքանչյուր սկզբունքից գրեք գաղափարներ կամ հասկացություններ և ուսանողներին առաջարկեք համապատասխանեցնել գաղափարները ճիշտ սկզբունքներին:

Ուսանողների հետ կիսվեք հետևյալ սցենարով կամ մտածեք նույն նպատակն ունեցող ձեր սեփական սցենարի մասին։

Քրիստիանան և Նիսետան լավ ընկերներ են: Քրիստիանան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է: Նա ջանում է օրինակ լինել Նիսետայի համար, որը չի հավատում կազմակերպված կրոնին: Նիսետան հաճախ կասկածի տակ է դնում Քրիստիանայի համոզմունքները և զարմանում է, թե նա ինչու է կիրակի օրը հաճախում եկեղեցի, վճարում տասանորդը, ապրում Իմաստության խոսքով և համեստ հագնվում:

Քրիստիանան Նիսետային բացատրում է, որ զգում է, որ այն պատվիրաններն ու չափանիշները, որոնցով նա ապրում է, ճշմարիտ են և ուղարկված են Աստծուց: Նիսետան սիրալիր պատասխանում է. «Ինչպե՞ս կարող ես ասել, որ գիտես, թե այս ամենը ճշմարիտ է: Ինչպե՞ս կարող ես իմանալ, որ այն, ինչ դու չես կարող տեսնել, ճիշտ է»:

Ուսանողներին կարող եք բաժանել փոքր խմբերի և առաջարկել նրանց քննարկել, թե այս իրավիճակում ինչպես կարող են օգտագործել Եթեր 12.6 հատվածը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Ուսանողներին հիշեցրեք, որ վարդապետության սերտման գործնական կիրառման սցենարները հնարավորություն են տալիս իրենց կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Նրանց գաղափարներն ու պատասխանները հղկված կամ կատարյալ լինելու կարիք չունեն:

Ուսանողներին կարող եք առաջարկել սկսել իրենց քննարկումը հետևյալ հարցերով. «Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ո՞ր սկզբունքներից կսկսեիք օգնել ձեր ընկերոջը: Ինչո՞ւ»: Օգտակար կլինի նաև, որ իրենց քննարկման ընթացքում ուսանողներն անդրադառնան հետևյալ հարցերին։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից

  • Ինչպե՞ս կցանկանայիք օգնել Նիսետային ավելի լավ հասկանալ ճշմարտությունները կամ հասկացությունները: Ինչո՞ւ։

  • Ի՞նչով կարող եք կիսվել Նիսետայի հետ Տիրոջ մասին և այն մասին, թե նա ինչպես է աշխատում մեզ հետ:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Եթեր 12.6 հատվածի ո՞ր ուսմունքները կարող են օգնել այս իրավիճակում: Ինչո՞ւ։

    Ուսանողներին օգտակար կլինի տեսնել Եկեղեցու ղեկավարի համապատասխան խոսքերը, օրինակ՝ քույր Բոնի Լ. Օսկարսոնի խոսքերը նախորդ դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից:

  • Որո՞նք են սուրբ գրությունների այն լրացուցիչ հատվածները կամ Եկեղեցու ղեկավարների խոսքերը, որոնք կարող են օգնել և առաջնորդել Նիսետային:

Գործեք հավատքով

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ուրիշները: Նիսետայի հետ այս ամենով կիսվելն ինչպե՞ս կօգնի նրան գործել հավատքով:

  • Ինչպիսի՞ գործողություններ խորհուրդ կտայիք անել Նիսետային, որպեսզի նա սկսի գործել հավատքով:

Երբ ուսանողներն ավարտեն իրենց քննարկումները, առաջարկեք մի քանիսին կիսվել, թե ինչպես են իրենք արձագանքել և ինչ են սովորել իրենց փորձառությունից:

Կարող եք ուսանողների հետ քննարկել, թե ինչպես կարող է այս վարժությունն օգտակար լինել իրենց հիմա և ապագայում: Օրինակ՝ կարող եք առաջարկել ուսանողներին մտածել ներկա կամ ապագա այնպիսի իրավիճակների մասին, երբ Եթեր 12.6 հատվածի ուսմունքները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կարող են օգնել իրենց կամ ուրիշներին անցնել հավատքի փորձության միջով և ի վերջո ճշմարտության մասին վկայություն ստանալ:

Վարդապետության սերտման կրկնություն

Առաջիկա դասի ընթացքում գրատախտակին նկարեք պատի նկար, որի դիմաց կանգնած է մի մարդուկ: Ուսանողներին առաջարկեք հիշել, թե վարդապետության սերտման որ հղումն է առնչվում նկարի հետ (Եթեր 12.6), և հորդորեք նրանց ընկերակցի հետ արտասանել հիմնական սուրբգրային արտահայտությունը: Հիմնական սուրբգրային արտահայտությունն է՝ «Նախքան ձեր հավատքի փորձությունը դուք վկայություն չեք ստանում»: