«Մարտի 4-10․ «Մենք հրճվում ենք Քրիստոսով»: 2 Նեփի 20-25», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Մարտի 4-10-ը։ 2 Նեփի 20-25», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Մարտի 4-10-ը․ «Մենք հրճվում ենք Քրիստոսով»
2 Նեփի 20-25
Եսայիայի գրվածքները խիստ նախազգուշացումներ են պարունակում, բայց նաև հույս և ուրախություն են պարգևում։ Դա է պատճառներից մեկը, թե ինչու Նեփին ներառեց դրանք իր հիշատակարանում. «Ես գրում եմ մի քանի խոսքեր Եսայիայից», - ասաց նա, - «որ նրանք, ովքեր … տեսնեն այս խոսքերը, կարողանան բարձրացնել իրենց սրտերը և ուրախանալ» (2 Նեփի 11.8): Ինչ-որ իմաստով, Եսայիայի գրվածքները կարդալու հրավերը ուրախության հրավեր է: Դուք կարող եք Նեփիի նման Եսայիայի մարգարեություններից բերկրանք ստանալ՝ կարդալով Իսրայելի հավաքման, Մեսիայի գալուստի և արդարներին խոստացած խաղաղության մասին: Դուք կարող եք ուրախանալ՝ ապրելով այն մարգարեացված օրերում, երբ Տերը «դրոշ կբարձրացնի ազգերի համար և կժողովի Իսրայելի տարագիրներին» (2 Նեփի 21.12): Երբ ծարավ եք արդարության՝ դուք կարող եք «ուրախությամբ … ջուր դուրս քաշել փրկության ջրհորներից» (2 Նեփի 22․3)։ Այլ կերպ ասած, դուք կարող եք «հրճվել Քրիստոսով» (2 Նեփի 25․26)։
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Ես կարող եմ խաղաղություն գտնել Հիսուս Քրիստոսում
Լեքիի երեխաները խնդիր ունեին հակառակության հետ կապված: Այդ խնդիրն ավելի վատթարացավ ապագա սերունդների օրերում՝ առաջացնելով բաժանում, գերություն, վիշտ և կործանում: Եվ այսօր էլ հակառակությունը շարունակում է խնդիր լինել:
Այդ ամենը նկատի ունենալով՝ խորհեք 2 Նեփի 21–22 գլուխների մարգարեությունների մասին: Մտածեք, թե ինչպես է Փրկիչը իրականացնում այդ մարգարեությունները: Ի՞նչ է ձեզ համար նշանակում այն մարգարեությունը, որ գայլը «կբնակվի գառի հետ» (2 Նեփի 21․6)։ Խորհեք, թե ինչ կարող եք անել, խաղաղություն հաստատողներ լինելու համար:
Տես Դեյլ Գ․ Ռենլանդ, «Քրիստոսի խաղաղությունը վերացնում է թշնամանքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 83–85։
Տերը հավաքում է Իր ժողովրդին
Նեփին և իր ընտանիքը Իսրայելի ցրման վկաներն էին (տես 2 Նեփի 25.10): Այժմ դուք կարող եք մասնակցել Իսրայելի հավաքմանը (տես 2 Նեփի 21.12): Երբ կարդաք 2 Նեփի 21.9–12-ը, մտածեք, թե ինչպես կարող եք օգնել՝ իրականացնելու այս հատվածներում նկարագրված մարգարեությունները:
Օրինակ՝ երբ դուք կարդաք «նշանի» (դրոշի կամ դրոշակի) մասին, որը կբարձրացվի Աստծո ժողովրդին հավաքելու համար, մտածեք այն մասին, թե ինչպես եք դուք տեսել Աստծուն Իր ժողովրդին ֆիզիկապես և հոգևորապես հավաքելիս: Ի՞նչն է գրավում մարդկանց դեպի Տերը և Նրա Եկեղեցին:
Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի օգնեք հավաքել Աստծո ժողովրդին։
Աշխարհիկ Բաբելոնը կընկնի
Բաբելոնի թագավորությունը հզոր քաղաքական և ռազմական սպառնալիք էր հին Իսրայելի համար։ Բայց Նեփիի ժողովրդի և մեզ համար այսօր առավել մեծ սպառնալիքն այն է, ինչը խորհրդանշում է Բաբելոնը՝ աշխարհիկությունը և մեղքը: Դիտարկեք, թե 2 Նեփի 23–24 հատվածների նախազգուշացումները ինչպե՞ս կարող են ազդել այն մարդկանց վրա, որոնք վախենում էին, հիանում կամ վստահում Բաբելոնի հարստությանն ու ուժին (տես, օրինակ՝ 23.6–9, 11, 19–22, 24.10–19): Որո՞նք են նմանատիպ մի քանի բաները, որոնցից մենք այսօր կարող ենք վախենալ, հիանալ կամ վստահել: Ձեր կարծիքով, ո՞րն է ձեզ ուղղված Փրկչի ուղերձն այս գլուխներում: Խորհեք, թե ինչպես կարող եք ցույց տալ, որ դուք «ցնծում եք [Տիրոջ] վեհափառությամբ» (2 Նեփի 23.3):
«Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, … մենք հրճվում ենք Քրիստոսով»
Նեփին բաց էր իր համոզմունքներով կիսվելիս, հատկապես՝ Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությաբ։ 2 Նեփի 25 գլուխների ձեր ուսումնասիրության ժամանակ մտածեք Նեփիի ցանկության մասին՝ «համոզել [իր] զավակներին, ․․․ հավատալ Քրիստոսին և հաշտվել Աստծո հետ» (հատված 23)։ Նեփին ի՞նչ էր ցանկանում, որ ժողովուրդն իմանար Փրկչի մասին (տես հատվածներ 12–13, 16): Նեփին ինչպե՞ս փորձեց համոզել ժողովրդին հավատալ Նրան (տես հատվածներ 19–29): Ուշադրություն դարձրեք այս գլուխների այն հատվածներին, որոնք համոզում են ձեզ հավատալ և հետևել Հիսուս Քրիստոսին:
Մեզանից ոմանք գուցե նույնքան համարձակ չզգան, որքան Նեփին էր՝ Քրիստոսի մասին խոսելիս: Բայց գուցե դուք կարողանաք ինչ-որ բան գտնել Նեփիի՝ 2 Նեփի 25.23–26 հատվածներում տրված ուսմունքներում, որը ոգեշնչում է ձեզ ավելի բաց խոսել Նրա մասին ուրիշների հետ: Օրինակ Նեփիի «Մենք հրճվում ենք Քրիստոսով» հայտարարությունը կարող է հուշել ձեզ մտածել այն մասին, թե Փրկիչն ինչպես է ուրախություն բերում ձեզ և դուք ինչպես կարող եք այդ ուրախությամբ կիսվել ուրիշների հետ:
«Մենք խոսում ենք Քրիստոսի մասին» իր ուղերձում (Լիահոնա, նոյ. 2020, 88–91), երեց Նիլ Լ. Անդերսենն առաջարկում է, թե մենք ինչպես կարող ենք ավելի բաց խոսել Քրիստոսի մասին տարբեր միջավայրերում: Նրա ո՞ր առաջարկներն են նշանակալից ձեզ համար: Ի՞նչ հնարավորություններ ունեք, որպեսզի «խոսեք Քրիստոսի մասին» ուրիշների հետ:
Ի՞նչ եք ոգեշնչվում խոսել ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի մասին: Եթե որոշ գաղափարների կարիք ունեք, կարող եք փնտրել «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (Gospel Library)-ում: «I Believe in Christ» (Hymns, no. 134) հիմնը կարող է ավելի շատ գաղափարներ տալ:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Հիսուս Քրիստոսը կդատի արդարությամբ
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին պատկերացնել այս հատվածները, փորձեք գտնել կտրված ծառ կամ ծառից աճած ճյուղ (կամ օգտագործել ներքևի նկարը): Եթե «ճյուղը» 2 Նեփի 21.1-ում ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, ապա հատվածներ 2–5-ը ի՞նչ են ուսուցանում Նրա մասին:
Հիսուս Քրիստոսը բերում է խաղաղություն և ուրախություն
-
Ի՞նչ են ուսուցանում 2 Նեփի 21.6–9 հատվածներն այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ բոլորը հետևեն Փրկչին (տես նաև 4 Նեփի 1․15–18)։ Ինչպե՞ս կարող ենք մեր տունն ավելի նման դարձնել սրան: Ձեր երեխաները կարող են հաճույքով դիտել հատվածներ 6–7-ում նշված կենդանիների նկարները: Այդ կենդանիները սովորաբար թշնամիներ են, բայց չեն վնասի միմյանց, երբ Հիսուսը նորից գա (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Ձեր երեխաները կարող են նաև նկարել իրենց և այդ կենդանիներին, որոնք խաղաղությամբ ապրում են Հիսուսի հետ:
Տերը հավաքում է Իր ժողովրդին
-
Եսայիան ասել է, որ Տերը «դրոշ կբարձրացնի ազգերի համար»՝ օգնելով ժողովրդին հավաքվել Իր մոտ (տես 2 Նեփի 21.11–12): Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, որ դա դրոշն է: Գուցե նրանք հաճույքով կնկարեն իրենց սեփական դրոշը: Նրանք կարող են ներառել նկարներ կամ բառեր, որոնք ներկայացնում են դեպի Հիսուս Քրիստոս և Նրա Եկեղեցին իրենց գալու պատճառները: Թույլ տվեք նրանց խոսել իրենց դրոշների մասին և օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող են օգնել մյուսներին «հավաքվել» Հիսուս Քրիստոսի մոտ։
-
2 Նեփի 22.4–5-ը միասին կարդալուց հետո կարող եք ձեր երեխաների հետ խոսել այն մի քանի «գերազանց բաների» մասին, որ Տերն է արել: Որո՞նք են Տիրոջ կատարած «գործերից մի քանիսը [մեր մեջ]», որոնք մենք կարող ենք հռչակել: Որպեսզի օգնեք ձեր երեխաներին խորհել այս հարցի շուրջ, կարող եք միասին երգել Փրկչի մասին մի երգ, ինչպիսին է «I Believe in Christ» (Hymns, no. 134): Ընտանիքի անդամները կարող են հերթով լրացնել նմանատիպ մի նախադասություն. «Ես հավատում եմ Քրիստոսին. Նա »։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը այն ամենի համար, ինչ Փրկիչն արել է մեզ համար։
«Մենք հրճվում ենք Քրիստոսով»
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին «հրճվել Քրիստոսով»։ Գուցե պատմեք որևէ պատմություն, կամ ցույց տաք մի տեսաֆիլմ, որտեղ Հիսուս Քրիստոսը ուրախություն է բերում ուրիշներին, օրինակ՝ «Հիսուսը բուժում է կույրին» կամ «Թոյլ տուէք փոքր երեխաներին ինձ մօտ գալ» (Gospel Library): Ձեր երեխաները կարող են նշել պատմության կամ տեսաֆիլմի ուրախալի պահերը։ Ապա, երբ միասին կարդաք 2 Նեփի 25.26-ը, նրանք կարող են խոսել այն մասին, թե ինչու են իրենք «հրճվում Քրիստոսով»: