«Վերականգնման ձայները. Վաղ շրջանի նորադարձները», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վաղ շրջանի նորադարձները», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025
Վերականգնման ձայները
Վաղ շրջանի նորադարձները
Նույնիսկ 1830 թ․ ապրիլին Եկեղեցու կազմավորումից առաջ Տերը հայտարարել է․ «Արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել» (Վարդապետություն և Ուխտեր 4․4)։ Այդ պնդումն իր ճշմարտացիությունն ապացուցեց հետագա ամիսներին, երբ բազմաթիվ ճշմարտություն որոնողներ, Աստծու Հոգուց առաջնորդվելով, պետք է գտնեին Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցին։
Այս վաղ նորադարձներից շատերը կարևոր նշանակություն ունեցան Վերականգնման հիմքը դնելիս, և նրանց դարձի պատմությունները արժեքավոր են մեզ համար այսօր։ Նրանց ցույց տված հավատքն այն նույն հավատքն էր, որը մեզ անհրաժեշտ է դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձի գալու համար։
Էբիգաիլ Քալկինս Լեոնարդ
Երբ Էբիգաիլ Քալկինսը երեսունհինգ տարեկան էր, ցանկացավ ներում ստանալ իր մեղքերի համար։ Նա երբեմն կարդում էր Աստվածաշունչը, և Քրիստոնեական եկեղեցիների անդամներ էին այցելում նրա տուն, բայց նա շփոթված էր, թե ինչով է տարբերվում մի եկեղեցին մյուսից։ Նա ասել է․ «Մի առավոտ, ես վերցրի Աստվածաշունչը և գնացի անտառ, որտեղ ծնկի իջա»։ Նա ջերմեռանդ աղոթեց Տիրոջը։ «Անմիջապես մի տեսիլք անցավ աչքերիս առջևով, - ասաց նա, - և տարբեր աղանդավորներ մեկը մյուսի հետևից անցան իմ կողքով, և ձայնը ասաց ինձ. «Սրանք կառուցված են շահի համար»: Այնուհետև, դրանից բացի, ես տեսա մի պայծառ լույս և մի ձայն վերևից բացականչեց. «Ես կբարձրացնեմ մի ժողովուրդ, որին ես կցանկանայի ունենալ և օրհնել»: Կարճ ժամանակ անց Էբիգաիլը լսեց Մորմոնի Գրքի մասին: Չնայած նա դեռևս գրքի օրինակը չուներ, բայց ձգտում էր «իմանալ այս գրքի մասին ճշմարտությունը Սուրբ Հոգու պարգևով և զորությամբ», և նա «անմիջապես զգաց դրա ներկայությունը»: Երբ վերջապես կարողացավ կարդալ Մորմոնի Գիրքը, նա «պատրաստ էր ընդունել այն»: Նա և ամուսինը՝ Լայմանը, մկրտվեցին 1831 թվականին։
Թոմաս Բ. Մարշ
Թոմաս Բ․ Մարշը երիտասարդ տարիքում ուսումնասիրել է Աստվածաշունչը և միացել է մի Քրիստոնեական եկեղեցու։ Բայց նա դժգոհ էր և վերջապես դուրս եկավ բոլոր եկեղեցիներից։ «Ես մի փոքր մարգարեության հոգի ունեի,- ասել է նա, - և ասացի [կրոնական ղեկավարին], որ ես ակնկալում եմ, որ նոր եկեղեցի կծագի, որը ճշմարտությունը կունենա իր մաքրության մեջ»։ Դրանից հետո Թոմասը հոգևոր հուշում ստացավ թողնել Բոստոնի (Մասաչուսեթս) իր տունը և գնալ արևմուտք։ Արևմտյան Նյու Յորքում երեք ամիս անցկացնելուց հետո և չգտնելով այն, ինչ փնտրում էր, նա պատրաստվեց տուն վերադառնալ։ Ճանապարհին մի կին հարցրեց Թոմասին, թե արդյոք նա լսել է «Ոսկե Գրքի մասին, որը գտել էր Ջոզեֆ Սմիթ անունով մի պատանի»: Գերված այդ մտքից, Թոմասն անմիջապես գնաց Պալմիրա և հանդիպեց Մարտին Հարրիսին տպարանում այն ժամանակ, երբ Մորմոնի Գրքի առաջին 16 էջերը դուրս էին գալիս տպիչից։ Թոմասին թույլ տվեցին վերցնել այդ 16 էջերի օրինակները, և նա բերեց դրանք իր կնոջը՝ Էլիզաբեթին։ «Նա շատ գոհ էր» այդ գրքից, հիշում է նա, «և հավատում էր, որ դա Աստծո գործն է»։ Ավելի ուշ, Թոմասն ու Էլիզաբեթը տեղափոխվեցին Նյու Յորք՝ իրենց երեխաների հետ և մկրտվեցին։ (Թոմաս Բ․ Մարշի մասին ավելին իմանալու համար, տես Վարդապետություն և Ուխտեր 31։)
Փարլի և Թանկֆուլ Պրատներ
Թոմաս Մարշի նման, Փարլի և Թանկֆուլ Պրատներն արձագանքեցին հոգևոր շշուկներին և թողեցին Օհայոյի իրենց հարուստ ագարակը՝ ավետարանը քարոզելու մտադրությամբ, ինչպես որ հասկանում էին դա Աստվածաշնչից: Ինչպես Փարլին ավելի ուշ պատմել է իր եղբորը․ «Այս բաների հոգին այնքան ուժեղ էր խրվել իմ մտքում, որ ինձ հանգիստ չէր տալիս»: Երբ նրանք հասան արևելյան Նյու Յորք, Փարլին հուշում ստացավ որոշ ժամանակ մնալ տեղում։ Նրանք որոշեցին, որ Թանկֆուլը կշարունակի առանց նրա։ «Ես երկրի այս տարածքում գործ ունեմ անելու, - Փարլին ասաց նրան, - և ինչ է դա, ու թե որքան կտևի, ես չեմ կարող ասել։ Բայց ես կգամ, երբ այն կատարվի»։ Այդտեղ նա առաջին անգամ լսեց Մորմոնի Գրքի մասին։ «Ես տարօրինակ հետաքրքրություն զգացի այդ գրքի հանդեպ»,- ասել է նա։ Նա խնդրեց գրքի օրինակը և մեկ գիշերում կարդաց այն։ Առավոտյան նա գիտեր, որ գիրքը ճշմարիտ է, արժևորելով այն «ավելի, քան աշխարհի բոլոր հարստությունները»։ Մի քանի օր անց Փարլին մկրտվեց։ Այնուհետև նա վերադարձավ Թանկֆուլի մոտ, որը նույնպես մկրտվեց։ (Փարլի Պ. Պրատի մասին ավելին իմանալու համար տես Վարդապետություն և Ուխտեր 32։)
Սիդնի և Ֆեբե Ռիգդոններ
Նյու Յորքից Միսսուրի միսիա գնալու ճանապարհին Փարլի Պրատը և նրա ընկերները կանգնեցին Մենթորում (Օհայո), Սիդնի և Ֆեբե Ռիգդոնների տանը, որոնք նրա հին ընկերներն էին, և որոնց Փարլին ճանաչում էր Օհայոյում գտնվելու ժամանակներից։ Սիդնին քրիստոնյա սպասավոր էր, և Պարլին ինչ-որ ժամանակ նրա եկեղեցու անդամ էր ու համարում էր նրան հոգևոր ուսուցիչ: Փարլին ուրախությամբ պատմեց իր ընկերներին Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման մասին: Սիդնին ինքը փնտրում էր Նոր Կտակարանում նկարագրված ճշմարիտ Եկեղեցու վերականգնումը, թեև սկզբում թերահավատորեն էր վերաբերվում Մորմոնի Գրքին: «Բայց ես կկարդամ քո գիրքը, - ասաց նա իր ընկեր Փարլիին, - և կփորձեմ պարզել՝ արդյոք դա հայտնություն է Աստծուց, թե՝ ոչ»: Երկու շաբաթ ուսումնասիրելուց և աղոթելուց հետո, նա և Ֆեբեն համոզված էին, որ գիրքը ճշմարիտ է: Բայց Սիդնին նաև գիտեր, որ Եկեղեցուն միանալը մեծ զոհաբերություն կլիներ իր ընտանիքի համար: Նա անպատճառ կկորցներ սպասավորի իր աշխատանքը և իր հասարակական դիրքը համայնքում։ Երբ նա և Ֆեբեն քննարկեցին դա, Ֆեբեն հայտարարեց․ «Ես հաշվել եմ դրա գինը … և իմ ցանկությունն է կատարել Աստծո կամքը՝ գալ դեպի կյանքը, թե գալ դեպի մահը»։