«Մայիսի 12-18. «Հետամուտ եղեք լավագույն պարգևներին». Վարդապետություն և Ուխտեր 46-48», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 46-48», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Մայիսի 12-18․ «Հետամուտ եղեք լավագույն պարգևներին»
Վարդապետություն և Ուխտեր 46-48
Երբ Փարլի Պ. Պրատը, Օլիվեր Քաուդերին, Զիբա Պիտերսոնը և Պիտեր Ուիթմեր Կրտսերը հեռացան Կիրթլենդից և տեղափոխվեցին մեկ այլ տարածք՝ շարունակելով քարոզել ավետարանը, նրանք թողեցին հարյուրից ավելի Եկեղեցու նոր անդամներ, ովքեր ունեին մեծ խանդավառություն, բայց քիչ փորձառություն և ուղղորդում: Նրանք չունեին ուսումնական ձեռնարկներ, ղեկավարների ուսուցման ժողովներ, գերագույն համաժողովի հեռարձակումներ. իրականում նրանք նույնիսկ չունեին բավարար քանակությամբ Մորմոնի Գրքի օրինակներ՝ միմյանց փոխանցելու համար: Այս նորահավատներից շատերին վերականգնված ավետարանը գրավեց Հոգու սքանչելի դրսևորումների խոստումով, հատկապես Նոր Կտակարանում նկարագրվածից (տես, օրինակ Ա Կորնթացիս 12.1–11): Բայց շատերը դժվարանում էին տարբերել Հոգու ճշմարիտ դրսևորումները։ Տեսնելով այս խառնաշփոթը, Ջոզեֆ Սմիթն աղոթեց օգնության համար: Տիրոջ պատասխանը արժեքավոր է այսօր, երբ մարդիկ հաճախ մերժում կամ անտեսում են Հոգու բաները: Նա վերահաստատեց, որ հոգեւոր դրսեւորումներն իրական են. Նաև պարզաբանեց, թե ինչ են դրանք. դրանք պարգևներ են սիրառատ Երկնային Հորից, որոնք «տրված են նրանց օգտի համար, ովքեր սիրում են [Նրան] և պահում են [Նրա] բոլոր պատվիրանները և նրա համար, ով փնտրում է այդպես վարվել» (Վարդապետություն և Ուխտեր 46.9):
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 46․1-7
Փրկիչը ողջունում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են երկրպագել Իր Եկեղեցում:
Ձեր կարծիքով ձեր ընկերները կամ շրջապատի մարդիկ ջերմ ընդունելությո՞ւն են գտնում ձեր ծխի երկրպագության ծառայությունների ժամանակ: Դուք ի՞նչ եք անում, որպեսզի Եկեղեցու ժողովները դարձնեք այնպիսի վայր, որտեղ մարդիկ ցանկանան վերադառալ։ Խորհեք, թե ինչպես կարող եք կիրառել Տիրոջ խորհուրդը Վարդապետություն և Ուխտեր 46․1–7 (տես նաև 2 Նեփի 26․24–28, 3 Նեփի 18․22–23)։
Դուք կարող եք նաև հիշել, երբ առաջին անգամ ներկա եք եղել Եկեղեցու ծառայություններին կամ մեկ այլ խմբի ժողովին: Ի՞նչ արեցին մարդիկ, որպեսզի օգնեն ձեզ ընդունված զգալ:
Տես նաև Մորոնի 6.5–9, «’Tis Sweet to Sing the Matchless Love», Hymns, «Welcome» (տեսանյութ), Ավետարանի գրադարան:
Վարդապետություն և Ուխտեր 46․7-33
Երկնային Հայրն ինձ տալիս է հոգևոր պարգևներ, որպեսզի օրհնեմ մյուսներին
Վաղ շրջանի Սրբերը հավատում էին հոգևոր պարգևներին, բայց որոշ օգնության կարիք ունեին դրանք ճանաչելու և դրանց նպատակը հասկանալու համար: Երբ ուսումնասիրեք Հոգու պարգևները Վարդապետություն և Ուխտեր 46.7–33 հատվածներում, խորհեք այն նպատակի մասին, «թե ինչի համար են դրանք տրված» (հատված 8). Ի՞նչ եք սովորում Աստծո՝ այս պարգևները տվողի մասին:
Կարո՞ղ եք մտածել այս կամ այլ հոգևոր պարգևներից օգտվողների օրինակների մասին: Ինչպե՞ս են այդ պարգևները տրված «Աստծո զավակների օգտի համար» (հատված 26): Դուք կարող եք նաև տեսնել, թե արդյոք կարող եք բացահայտել տարբեր հոգևոր պարգևների օրինակներ հետևյալ սուրբ գրություններում․ Գ Թագավորաց 3․5–15, Դանիել 2․26–30, Գործք Առաքելոց 3․1–8, Հելաման 5․17–19, Մորմոն 1․1–5, Եթեր 3․1–15, Վարդապետություն և Ուխտեր 6․10–12, Մովսես 7․13։
Հոգևոր պարգևների ձեր ուսումնասիրությունը կօգնի ձեզ մտածել, թե ինչ պարգևներ է Աստված տվել ձեզ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պարգևները Նրա զավակներին օրհնելու համար: Եթե դուք ունեք հայրապետական օրհնություն, այն հավանաբար հաստատում է ձեզ տրված պարգևները: Երեց Ջոն Ս. Փինգրի Կրտսերի «Ես աշխատանք ունեմ քեզ համար» ուղերձը կարող է նաև բացել ձեր միտքը այն պարգևների համար, որոնց մասին դուք չեք մտածել (Լիահոնա, նոյ. 2017, 32–35):
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես զարգացնել հոգևոր պարգևները, ապա կարող եք կարդալ երեց Խուան Պաբլո Վիլյարի «Վարժեցնելով մեր հոգևոր մկանները» ուղերձի սկզբում գտնվող անալոգիան (Լիահոնա, մայիս 2019, 95): Ո՞ր «վարժությունները» կարող են օգնել ձեզ զարգացնել ձեր հոգևոր պարգևները:
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Սուրբ Հոգի», Ավետարանի գրադարան:
Տերը ցանկանում է, որ Իր Եկեղեցին վարի պատմագրություն
Եկեղեցու պատմագրությունը վարելու Ջոն Ուիթմերի կոչումը շարունակեց պատմագիրների երկար ավանդույթը Աստծո ժողովրդի մեջ։ Ձեր կարծիքով, պատմագրությունն ինչո՞ւ է այդքան կարևոր Տիրոջ համար: Խորհեք այս մասին, երբ կարդաք 47-րդ բաժինը, ինչպես նաև 2 Նեփի 29․11–12, Մովսես 6․5, Աբրահամ 1․28, 31։ Ձեր կարծիքով, ի՞նչ է Տերը ցանկանում, որ դուք գրի առնեք ձեր կյանքի մասին:
FamilySearch-ում դուք կարող եք գրանցել հիշողություններ և փորձառություններ ձեր և ձեր նախնիների կյանքից (տես FamilySearch.org)։
Տես Հենրի Բ. Այրինգ, «Օ՜, հիշիր, հիշիր», Լիահոնա, նոյեմբեր 2007, 66-69:
Սուրբ Հոգին կարող է ուղղորդել ինձ, երբ ես կատարեմ իմ կոչումը:
Գուցե դուք կարող եք հիշել, թե ինչ զգաց Ջոն Ուիթմերը, երբ նա կամենում էր հավաստիանալ, որ իր կոչումը Աստծուց էր: Վարդապետություն և Ուխտեր 47 հատվածում Տերն ի՞նչ է ասել Ջոն Ուիթմերին և ձեզ՝ վստահություն ներշնչելու Իր կողմից տրված կոչումների կատարման հարցում:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 46․2-6
Ես կարող եմ օգնել ուրիշներին ողջունված զգալ Եկեղեցում
-
Ձեր երեխաների հետ Վարդապետություն և Ուխտեր 46.5 հատվածը կարդալուց հետո խոսեք այն մասին, թե Փրկիչն ինչպես է ցանկանում, որ մարդիկ զգան, երբ գան Իր Եկեղեցի: Հրավիրեք ձեր երեխաներին պատկերացնել, որ նրանք ինչ-որ մարդու առաջին անգամ են տեսնում եկեղեցում: Օգնեք նրանց կիրառել այն եղանակները, որոնք կօգնեն այս մարդուն իրեն ընդունված զգալ:
Վարդապետություն և Ուխտեր 46․7-26
Երկնային Հայրն ինձ տալիս է հոգևոր պարգևներ, որպեսզի օրհնեմ մյուներին
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել Վարդապետություն և Ուխտեր 46.13–26 հատվածներում նկարագրված հոգևոր պարգևների մասին, մտածեք այս գաղափարի մասին: Դուք կարող եք պարգևները շարադրել թերթիկների վրա և թաքցնել դրանք սենյակում: Երբ ձեր երեխաները գտնեն յուրաքանչյուր թուղթ, օգնեք նրանց գտնել, թե որտեղ է նշված տվյալ պարգևը 46 բաժնում: Յուրաքանչյուր պարգևի համար խոսեք նրանց հետ այն մասին, թե ինչպես է այն օգտագործվում ուրիշներին օրհնելու համար («Գլուխ 20. Հոգու պարգևներ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 77–80, նկարագրությունները կարող են օգնել):
-
Պատմեք ձեր երեխաներին այն պարգևների մասին, որոնք դուք զգում եք, որ Երկնային Հայրը տվել է նրանց, և թող նրանք խոսեն այն պարգևների մասին, որոնք նկատում են միմյանց մեջ: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 46.8–9, 26 հատվածների, ինչո՞ւ է Երկնային Հայրը տալիս մեզ հոգևոր պարգևներ: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր պարգևները ուրիշներին օգնելու համար:
Վարդապետություն և Ուխտեր 47․1, 3
Ես կարող եմ գրել իմ պատմությունը
-
Թող ձեր երեխաները բացահայտեն, թե Տերն ինչ էր ուզում, որ Ջոն Ուիթմերն անի Վարդապետություն և Ուխտեր 47.1, 3 հատվածներում: Դուք կարող եք նաև կիսվել միմյանց հետ սուրբ գրություններից սիրելի պատմություններով: Նշեք, որ մենք գիտենք այս պատմությունների մասին, քանի որ ինչ-որ մեկը դրանք գրի է առել:
-
Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել ձեր երեխաներին գրի առնել իրենց անձնական պատմությունները: Ձեր անձնական օրագրից կարող եք կիսվել որոշ գրառումներով կամ որևէ պատմություն պատմել ձեր նախնիներից մեկի մասին (տես FamilySearch.org կամ «Հիշողություններ» հավելված)։ Կարող եք տրամադրել որոշ հուշումներ օրագրի համար, օրինակ՝ «Այս շաբաթ ի՞նչ պատահեց, որի մասին կկամենայիք տեղեկացնել ձեր թոռներին» կամ՝ «Արդյո՞ք այս շաբաթ տեսել եք Տիրոջ ձեռքը ձեր կյանքում»: Փոքր երեխաները կարող են նկարել իրենց փորձառությունները կամ կարող եք տեսագրել նրանց որևէ պատմություն պատմելիս: Ի՞նչ օրհնություններ եք ստանում «կանոնավոր պատմագրություն» վարելուց (Վարդապետություն և Ուխտեր 47․1)։
Վարդապետություն և Ուխտեր 48․2-3
Ես կարող եմ օգնել մարդկանց՝ կիսվելով նրանով, ինչ ինձ տվել են
-
Երբ ձեր երեխաների հետ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 48.2–3 հատվածները, գուցե հարկ լինի բացատրել, որ մարդիկ Օհայո նահանգ էին գալիս Արևելքից, և նրանք ապրելու տեղ չունեին: Ի՞նչ խնդրեց Տերը Սրբերին՝ օգնելու համար: Օգնեք ձեր երեխաներին մտածել այն բաների մասին, ինչ Աստված տվել է իրենց, որոնցով նրանք կարող են կիսվել ուրիշների հետ: Դուք կարող եք նաև երգել նրանց հետ այնպիսի երգ, ինչպիսին է «Give», Said the Little Stream» (Children’s Songbook, 236):