2010–2019 թթ․
«Ես աշխատանք ունեմ քեզ համար»
Հոկտեմբեր 2017


2:3

«Ես աշխատանք ունեմ քեզ համար»

Մեզանից յուրաքանչյուրը իմաստալից դեր ունի Աստծո աշխատանքն առաջ մղելու գործում:

Աստված ասաց Մովսեսին. «Ես աշխատանք ունեմ քեզ համար» (Մովսես1.6): Երբևէ ցանկացե՞լ եք իմանալ՝ արդյո՞ք Երկնային Հայրն աշխատանք ունի ձեզ համար: Արդյոք կա՞ն կարևոր բաներ, որոնք Նա պատրաստել է, որ հատկապես դուք կատարեք: Ես վկայում եմ՝ պատասխանը «այո՛» է:

Գիրնիշ Գիմիր

Դիտարկենք Գիրիշ Գիմիրին, ով ծնվել ու մեծացել է Նեպալում: Պատանեկության տարիներին նա ուսանում էր Չինաստանում, որտեղ մի համադասարանցի նրան ցույց տվեց Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ի վերջո Գիրիշը եկավ Բրիգամ Յանգ Համալսարան ավարտական աշխատանքի համար և հանդիպեց իր ապագա կնոջը:Նրանք բնակություն հաստատեցին Սոլթ Լեյքի Հովտում և երկու զավակ որդեգրեցին Նեպալից:

Տարիներ անց, երբ Նեպալի փախստականների ճամբարից ավելի քան 1500 փախստականներ տեղափոխվեցին Յուտա, Գիրիշը հուշում ստացավ, որ պիտի օգնի նրանց: Քանի որ Գիրիշը սահուն խոսում էր մայրենի լեզով և հասկանում մշակույթը, նա ծառայում էր որպես թարգմանիչ, ուսուցիչ և դաստիարակ:Համայնքում վերաբնակվելուց հետո մի քանի նեպալցի փախստականներ հետաքրքրություն ցուցաբերեցին ավետարանի հանդեպ: Նեպալերենով խոսողների մի ճյուղ կազմավորվեց, և Գիրիշը ավելի ուշ սկսեց ծառայել որպես այդ ճյուղի նախագահ: Նա նաև ակտիվորեն մասնակցեց նեպալերենով Մորմոնի Գրքի թարգմանության գործում:

Գիրնիշ Գիմիրը նեպալերենով Մորմոնի Գիրքը ձեռքին

Տեսնու՞մ եք, թե Երկնային Հայրն ինչպես պատրաստեց և ինչպես է օգտագործում Գիրիշին:

Աստված աշխատանք ունի մեզանից յուրաքանչյուրի համար:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Աստված կարևոր աշխատանք ունի յուրաքանչյուրիս համար: Խոսելով քույրերի հետ և ուսուցանելով այնպիսի ճշմարտություններ, որոնք կիրառելի են բոլորի համար, Նախագահ Սպենսեր Վ Քիմբալն ուսուցանել է. «Նախքան (երկիր գալը մեզ) տրվել են որոշակի հանձնարարություններ: … Նույնիսկ եթե մենք հիմա չենք հիշում մանրամասները, սա չի փոխում փառահեղ իրողությունը այն բանի, ինչին մենք մի ժամանակ համաձայնվել ենք: Ինչպիսի՜ վեհացնող ճշմարտություն: Մեր Երկնային Հայրը հատուկ ու կարևոր գործեր ունի իմ և ձեզ համար (տես Եփեսացիս 2.10):

Այս աստվածային հանձնարարությունները չեն պահվում մի քանի արտոնյալ մարդկանց համար, դրանք բոլորիս համար են՝ անկախ սեռից, ռասայից, ազգությունից, եկամտից, սոցիալական կարգավիճակից կամ Եկեղեցում ունեցած կոչումից: Մեզանից յուրաքանչյուրը իմաստալից դեր ունի Աստծո աշխատանքն առաջ մղելու գործում (տես Մովսես 1.39):

Մեզանից շատերը հարցնում են, արդյոք Երկնային Հայրը կարող է օգտագործել մեզկարևոր ներդրումներ կատարելու համար: Բայց հիշեք, նա միշտ օգտագործում էր սովորական մարդկանց՝ կատարելու անսովոր գործեր (տես 1 Կորնթացիս 1.27–28, ՎևՈւ 35.13, 124.1):«[Մենք] գործակալներ ենք» և «զորություն կա [մեր] մեջ», որ «շատ արդարություն գործենք»(ՎևՈւ 58.27–28):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

«Տերն իր մտքում ավելի շատ բան է նախատեսել ձեզ համար, քան դուք ինքներդ եք նախատեսել ձեզ համար: Ձեզ պահել ու պահպանել են այս ժամանակի և այս տեղի համար: …

Տերը ձեր կարիքն ունի աշխարհը փոխելու համար: Երբ դուք ընդունեք ու հետևեք Նրա կամքին, դուք կկարողանաք անհնարինն իրականացնել»:

Ուստի, մենք ինչպե՞ս կարող ենք հասկանալ և կատարել աշխատանքը, որը Տերն է նախատեսել մեզ համար: Թույլ տվեք կիսվել չորս սկզբունքներով, որոնք կօգնեն մեզ:

Կենտրոնացեք ուրիշների վրա

Նախ՝ կենտրոնացեք ուրիշների վրա: Մենք կարող ենք հետևել Քրիստոսին, «որ ման եկավ բարի անելով» (Գործք 10.38, տես նաև 2 Նեփի 26.24):

Լիաժամկետ միսիայից վերադառնալուց հետո ես կորցրի ամենօրյա նպատակը, որից ես բավականություն էի ստանում: Անշուշտ, ես պիտի պահեի իմ պատվիրանները, ստանայի կրթություն, ընտանիք կազմեի և վաստակեի իմ ապրուստը: Բայց ես ցանկանում էի իմանալ, արդյոք էլի ինչ-որ բան կա, նույնիսկ հատուկ որևէ բան, որ Տերը ցանկանում է, որ ես կատարեմ: Մի քանի ամիս խորհելուց հետո ես պատահաբար կարդացի այս հատվածը. «Եթե դու ցանկանաս, դու կլինես այն միջոցը, որով շատ բարիք կգործվի այս սերնդի մեջ» (ՎևՈւ 11:8): Հոգին օգնեց ինձ հասկանալ, որ աստվածային հանձնարարությունների հիմնական նպատակն է օրհնել ուրիշներին և «շատ բարիք գործել»:

Մեր կյանքում մենք կարող ենք ունենալ որոշումներ կայացնելու կարևոր պահեր, ինչպես օրինակ՝ ինչ ուսանել, ինչ անել աշխատանք գտնելու համար, որտեղ ապրել, բայց այս ամենը՝ ուրիշներին օգնելու համատեքստում:

Մի ընտանիք տեղափոխվեց նոր քաղաք: Փոխանակ տուն գտնելու հարուստների թաղամասում, նրանք զգացին, որ պիտի տեղավորվեն այնպիսի տարածքում, որտեղ կային նշանակալի սոցիալական ու տնտեսական կարիքներ: Տարիների ընթացքում Տերն օգտագործեց այդ ընտանիքը շատ մարդկանց աջակցելու և նրանց ծուխն ու ցիցը կառուցելու համար:

Մի արհեստավարժ բժիշկ զբաղվում էր իր բժշկական պրակտիկայով, բայց ուղղորդում ստացավ, որ շաբաթվա մեջ մեկ աշխատանքային օր պիտի հատկացնի անվճար բուժելու այն մարդկանց, ովքեր չունեն առողջապահության ապահովագրություն: Ուրիշներին օրհնելու պատրաստակամության շնորհիվ Տերը ճանապարհ պատրաստեց այս տղամարդու և նրա կնոջ համար, որ նրանք աջակցեն հարյուրավոր կարիքավոր հիվանդների, մինչ մեծացնում էին իրենց մեծ ընտանիքը:

Բացահայտեք ու զարգացրեք հոգևոր պարգևներ

Երկրորդ՝ բացահայտեքու զարգացրեք հոգևոր պարգևներ: Երկնային Hայրը մեզ տվել է այս պարգևները, որպեսզի օգնի մեզ ճանաչել, կատարել և բավականություն ստանալ աշխատանքից, որը Նա ունի մեզ համար:

Մեզանից ոմանք հարցնում են. «Ես ունե՞մ որևէ պարգև»: Կրկին պատասխանն է՝ «այո՛»: «Ամեն մարդու մի պարգև է տրված Աստծո Հոգուց … որպեսզի բոլորն այդպիսով օգտվեն» (ՎևՈւ 46.11–12, շեշտադրումն ավելացված է): Մի քանի հոգևոր պարգևներ գրանցված են սուրբ գրություններում (տես Ա Կորնթացիս 12.1–11, 31, Մորոնի 10.8–18, ՎևՈւ 46.8–26), բայց կան նաև շատ ուրիշ հատվածներ: Մի քանիսը կարող են ներառել՝ գթություն ունենալ, հույս արտահայտել, լավ վերաբերվել մարդկանց, արդյունավետ կազմակերպել, համոզիչ խոսել ու գրել, ուսուցանել հստակ և աշխատել տքնաջան:

Ուրեմն ինչպե՞ս կարող ենք ճանաչել մեր պարգևները: Մենք կարող ենք անդրադառնալ մեր հայրապետական օրհնությանը, հարցնել նրանց, ովքեր լավ են ճանաչում մեզ և անձամբ հայտնաբերել, թե ինչն է մեզ մոտ լավ ստացվում և ինչից ենք բավականություն ստանում: Եվ որ ամենակարևորն է, մենք կարող ենք հարցնել Աստծուն (տես Հակոբոս 1.5, ՎևՈւ 112.10): Նա գիտե մեր պարգևները, քանի որ Նա է մեզ դրանք տվել (տես ՎևՈւ 46.26):

Երբ բացահայտում ենք մեր պարգևները, մենք պարտավոր ենք զարգացնել դրանք (տես Մատթեոս 25.14–30):Նույնիսկ Հիսուս Քրիստոսը «լիությունը չստացավ սկզբում, այլ շարունակեց՝ շնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը» (ՎևՈւ 93.13):

Փրկիչի նկարը ըստ Բեն Սիմենսենի

Մի երիտասարդ տղա պատկերազարդումներ էր կատարում, որպեսզի բարձրացնի կրոնական արժեքները: Իմ սիրելի նկարը Փրկիչի նկարն է, որի օրինակը ցուցադրված է մեր տանը: Այս եղբայրը զարգացրել և օգտագործում էր իր նկարչական տաղանդը: Օգտագործելով նրան, Երկնային Հայրը ոգեշնչեց ծխի անդամներին բարելավել իրենց աշակերտությունը:

Երբեմն մենք զգում ենք, որ չունենք որևէ հատուկ կարևոր պարգև: Մի օր մի հուսալքված քույր դիմեց Տիրոջը. «Տեր, ո՞րն է իմ անձնական ծառայությունը»: Նա պատասխանեց. «Նկատի՛ր ուրիշներին»: Դա հոգևոր պարգև էր: Այդ ժամանակից ի վեր նա ուրախություն գտավ, նկատելով նրանց, ում հաճախ մոռացության են մատնում, և Աստված աշխատեց նրա միջոցով շատերին օրհնելու համար: Մինչ մեր հոգևոր պարգևներից մի քանիսը աշխարհիկ չափանիշներով աչքի ընկնող չեն, բայց դրանք կարևոր են Աստծո և Նրա աշխատանքի համար:

Օգուտներ քաղեք անհաջողություններից

Երրորդ՝ օգուտներ քաղեք անհաջողություններից Մեր փորձություններն օգնում են մեզ բացահայտել և պատրաստվել այն աշխատանքին, որ Երկնային Հայրն ունի մեզ համար։ Ալման բացատրել է. «Շատ նեղություններից հետո Տերը … ինձ իր ձեռքում մի գործիք է դարձրել» (Մոսիա 23.10): Ինչպես Փրկիչի քավիչ զոհաբերությունը Նրան հնարավորություն է տալիս աջակցել մեզ (տես Ալմա 7.11–12), մենք ևս կարող ենք օգտագործել գիտելիքը, որը ձեռք է բերվել դժվարին փորձառությունից՝ ոգեշնչելու, զորացնելու և օրհնելու ուրիշներին:

Երբ մարդկային ռեսուրսների գործադիր բաժնում աշխատող հրաշալի մասնագետին ազատեցին աշխատանքից, նա կարդաց իր հայրապետական օրհնությունը և ոգեշնչում ստացավ հիմնել մի ընկերություն, որպեսզի օգնի արհեստավարժ մասնագետներին աշխատանք գտնել: (Նա նույնիսկ օգնեց ինձ աշխատանք գտնել, երբ մեր ընտանիքը վերադարձավ միսիայից:) Տերն օգտագործեց նրա փորձությունը որպես մի կամուրջ ուրիշներին օրհնելու համար, միաժամանակ ապահովելով նրան ավելի կարևոր աշխատանքով:

Երիտասարդ զույգի երեխան մահացած էր ծնվել։ Կոտրված սրտով, նրանք որոշեցին մեծարել իրենց դստերը, խորհրդակցելով և նյութական օգնություն ցույց տալով այն ծնողներին, ովքեր հայտնվել էին նմանատիպ իրավիճակներում: Տերն աշխատեց այս զույգի միջոցով, օգտագործելով նրանց յուրահատուկ կարեկցանքը, որը բացահայտվել էր փորձության միջոցով:

Ապավինեք Աստծուն

Եվ չորրորդ՝ ապավինեք Աստծուն: Երբ մենք խնդրում ենք հավատով, անկեղծ միտումով, Նա մեզ կբացահայտի մեր աստվածային հանձնարարությունները: Երբ դրանք բացահայտվեն, Նա կօգնի մեզ կատարել այդ հանձնարարությունները: «Քանզի (Նրա) աչքի առաջ բոլոր բաները ներկա են» (ՎևՈւ 38.2, տես նաև Աբրահամ 2.8) և ճիշտ ժամանակին Նա կբացի մեզ անհրաժեշտ դռները (տես Հայտնություն 3.8): Նա նույնիսկ ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի մենք կարողանանք ապավինել Նրա զորությանը, ինչը վեր է մեր բնական կարողություններից (տես Փիլիպպեցիս 4.13, Ալմա 26.12):

Մի եղբայր, մտահոգված տեղական կառավարության որոշումներից, ոգեշնչում ստացավ մասնակցել ընտրություններին պետական պաշտոն ստանալու համար:Չնայած դժվարին նախընտրական պայքարին, նա գործադրեց իր հավատքը և միջոցներ հավաքեց ընտրվելու համար: Չնայած նա չհաղթեց, բայց զգաց, որ Տերն իրեն ուղղորդել էր և զորացրել, որ բարձրացնի այնպիսի հարցեր, որոնք կարևոր են համայնքի համար:

Մի միայնակ մայր, ով մեծացնում էր զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ, հետաքրքրվում էր, արդյոք ինքը կարող էր համապատասխան կերպով բավարարել իր ընտանիքի կարիքները: Չնայած դժվար էր, բայց Տերը ուժեղացնում էր նրան, որպեսզի հաջողությամբ կատարեր իր ամենակարևոր առաքելությունը:

Նախազգուշացնող ձայն

Մինչ Աստված օգնում է մեզ կատարել աստվածային հանձնարարությունները, միևնույն ժամանակ փորձություններն աշխատում են, որպեսզի շեղեն և հետ պահեն մեզ կյանքի իմաստից:

Մեղքը, հավանաբար, մեր մեծագույն որոգայթն է, որը թուլացնում է մեր զգայունությունը Սուրբ Հոգու նկատմամբ և սահմանափակում է հոգևոր ուժին մոտենալու մեր հնարավորությունը: Որպեսզի կատարենք Երկնային Հոր գործը, մենք պիտի ձգտենք մաքուր լինել (տես 3 Նեփի 8.1): Արդյո՞ք մենք ապրում ենք այնպես, որ Աստված կարող է աշխատել մեր միջոցով:

Սատանան նույնպես ձգտում է շեղել մեզ պակաս կարևոր հարցերով: Տերը զգուշացնում էր Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարներին. «Բայց քո միտքն ավելի շատ եղել է երկրային բաների վրա, քան այն բաների, որոնք ինձանից են … և այն ծառայության, որի համար դու կանչվել ես» (ՎևՈւ 30.2): Մի՞թե մենք այնքան ենք կլանված աշխարհիկ բաներով, որ շեղվում ենք մեր աստվածային հանձնարարություններից:

Բացի այդ, սատանան հուսահատեցնում է մեզ անհամապատասխանության զգացումով: Նա ստիպում է, որ մեր աշխատանքը թվա շատ դժվար կամ վախեցնող: Սակայն մենք կարող ենք վստահել Աստծուն: Նա սիրում է մեզ: Նա ցանկանում է, որ մենք հաջողենք։ Նա է «առաջից գնացողը, նա [մեզ] հետ է լինելու, նա [մեզ] չի թողնիլ»(Երկրորդ Օրինաց 31.8, տես նաև Սաղմոս 32.8, Առակաց 3.5–6, Մատթեոս 19.26, ՎևՈւ 78.18):

Սատանան կարող է նաև համոզել մեզ պակաս արժեքավոր համարել մեր աշխատանքը, քան ուրիշներին հանձնարարված գործը: Բայց Աստծո հանձնարարած ցանկացած գործ կարևոր է, և մենք բավարարված կզգանք, երբ «հրճվենք նրանով, ինչ Տերը պատվիրել է (մեզ)» (Ալմա 29.9):

Երբ Աստված աշխատում է մեր միջոցով, հակառակորդը կարող է գայթակղել մեզ, որ մեզ վերագրենք ցանկացած ձեռքբերում: Սակայն մենք կարող ենք հետևել Փրկիչի խոնարհությանը, շեղվելով մեզ գովաբանելուց և փոխարենը փառաբանենք Հորը (տես Մատթեոս 5.16, Մովսես 4.2): Երբ մի լրագրող փորձում էր գնահատել Մայր Թերեզային՝ աղքատներին օգնելու նրա կյանքի առաքելության համար, նա կտրուկ պատասխանեց. «Դա Աստծո աշխատանքն է: Ես, կարծես, մատիտ լինեմ նրա ձեռքում: …Նա է մտածում: Նա է գրում: Մատիտը կապ չունի դրա հետ: Մատիտին միայն թույլ է տրվում աշխատել»:

Վերջաբան

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին՝ «ներկայացրեք [ձեր] անդամներն՝ արդարության գործիք Աստծուն» (Հռովմայեցիս 6.13): Ներկայացնել ինքներս մեզ՝ նշանակում է իմաց տալ Նրան, որ մենք ցանկանում ենք, որ մեզ օգտագործեն, նշանակում է՝ փնտրել Նրա ուղղորդումը և հասնել Նրա զորությանը:

Ինչպես միշտ, մենք կարող ենք նայել Հիսուս Քրիստոսին՝ որպես կատարյալ օրինակի: Նախաերկրային Կյանքում Երկնային Հայրը հարցրեց. «Ու՞մ ուղարկեմ»:

Եվ Հիսուսը պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Աբրահամ 3.27, տես նաև Եսայիա 6.8):

Հիսուսն ընդունեց, պատրաստվեց և կատարեց Իր նախորոշված դերը որպես Փրկիչ և Քավիչ: Նա կատարեց Հոր կամքը(տես Հովհաննես 5.30, 6.38, 3 Նեփի 27.13) և ավարտեց Իր աստվածային հանձնարարությունները:

Եթե մենք հետևենք Քրիստոսի օրինակին և ներկայացնենք ինքներս մեզ Աստծուն, ես վկայում եմ, որ Նա ևս կօգտագործի մեզ՝ առաջ մղելով Իր աշխատանքը և օրհնելով ուրիշներին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Sես Refugee Processing Center, “Admissions and Arrivals,” ireports.wrapsnet.org/Interactive-Reporting

  2. Spencer W. Kimball, “The Role of Righteous Women,” Ensign, Nov. 1979, 102.

  3. Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նշել է. «Հավատացեք ինքներդ ձեզ:Հավատացեք, որ դուք ունեք մեծ ու բարի … գործեր անելու կարողություն: … Դուք Աստծո զավակն եք և անսահման կարողություններ ունեք» (Եկեղեցու Նախագահների ուսմունքներ. Գորդոն Բ Հինքլի[2016], 77):

  4. Russell M. Nelson, Accomplishing the Impossible: What God Does, What We Can Do (2015), 147.

  5. Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

    «Մեր Երկնային Հայրը տեսնում է մեր իրական ներուժը: Նա գիտե բաներ մեր մասին, որոնք մենք ինքներս չգիտենք: Նա հուշում է մեզ մեր կյանքի ընթացքում իրականացնել մեր ստեղծման նպատակը: …

    Եկեք վճռենք հետևել Փրկչին և աշխատել ջանասիրաբար՝ դառնալու այն մարդը, որ մենք նախատեսված էինք դառնալ: Եկեք լսենք և հնազանդվենք Սուրբ Հոգու հուշումներին: Երբ այդպես վարվենք, Երկնային Հայրը հայտնի կդարձնի մեզ այն բաները, որոնք մենք երբեք չէինք իմացել մեր մասին: Նա նախապես կլուսավորի ճանապարհը և կբացի մեր աչքերը՝ տեսնելու մեր անհայտ և հավանաբար, աներևակայելի տաղանդները» («Ափսոսանքների և վճիռների մասին», Լիահոնա, նոյեմբեր 2012, 22, 23)։

  6. Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Բրյուս Ռ Մակքոնկին բացատրել է. «Հոգևոր պարգևներն անվերջ են թվով և անսահման են բազմազանությամբ: Հայտնի դարձված խոսքում թվարկվածները պարզապես պատկերումն են աստվածային շնորհի անսահման զեղման, որ ողորմած Աստվածը տալիս է նրանց, ովքեր սիրում ու ծառայում են նրան» (A New Witness for the Articles of Faith [1985], 371):

  7. Երեց Մարվին Ջ. Էշթոնն ուսուցանել է.

    «Պատահական սկզբունքով ընտրելով, թույլ տվեք մի քանի պարգևների մասին խոսել, որոնք միշտ չէ, որ ակնհայտ են կամ աչքի ընկնող, բայցշատ կարևոր են. Սրանց թվում կարող են լինել պարգևներ, որոնք այնքան ակնհայտ չեն, այնուամենայնիվ իրական են ու արժեքավոր:

    «Եկեք ամփոփենք այդ ավելի քիչ տեսանելի պարգևները.խնդրելու պարգևը, լսելու պարգևը, ականջ դնելու և մեղմ, ցածր ձայնով խոսելու պարգևը, լաց լինելու պարգևը, հակառակությունից խուսափելու պարգևը, ընդունել կարողանալու պարգևը, ունայն կրկնություններից խուսափելու պարգևը,պարգև` փնտրելու այն, ինչը արդար է, չդատելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, առաքյալ լինելու պարգևը, մյուսների մասին հոգ տանելու պարգևը, խորհելու ընդունակություն ունենալու պարգևը, աղոթք ասելու պարգևը, հզոր վկայություն բերելու պարգևը և Սուրբ Հոգին ստանալու պարգևը» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20):

  8. Պողոսը նույնպես ասել է. «(Աստված) մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնովն որով մենք Աստուածանից մխիթարվում ենք»։(2 Կորնթացիս 1.4):

  9. Երեց Ռիչարդ Գ. Սքոթը մեկնաբանել է. «Աստված առանձնահատուկ ծրագիր ունի ձեր կյանքի համար: Նա ձեզ հայտնի կդարձնի այդ ծրագրի մասերը, երբ դուք փնտրեք այն հավատով և հաստատուն հնազանդությամբ» (“How to Live Well amid Increasing Evil,” Liahona, May 2004, 102)։

  10. Mother Teresa, in Edward W. Desmond, “Interview with Mother Teresa: A Pencil in the Hand of God,” Time, Dec. 4, 1989, time.com.