Արժանանալ Տիրոջ և ձեր ընտանիքի վստահությանը
Մարդիկ, ովքեր ունեն «սրտի շիտակություն», այն մարդիկ են, որոնց կարելի է վստահել, քանի որ վստահության հիմքը շիտակ լինելն է։
Եղբայրնե՛ր, հավանաբար չկա ավելի մեծ գովասանք, որ կարող ենք ստանալ Տիրոջից, քան իմանալ այն, որ Նա վստահում է մեզ որպեսքահանայության արժանի կրողներ, հրաշալի ամուսիններ և հայրեր։
Մի բան հաստատ է․ Տիրոջ վստահությանն արժանանալն օրհնություն է, որ տրվում է մեզ մեր մեծ ջանքերի շնորհիվ։ Վստահությունն օրհնություն է, որը հիմնված է Աստծո օրենքներին հնազանդվելու վրա։ Տիրոջ վստահությանն արժանանալը գալիս է մկրտության ջրերում և սուրբ տաճարում կապած ուխտերին հավատարիմ լինելու արդյուքում։ Երբ մենք պահում ենք Տիրոջը տված խոստումները, մեր հանդեպ ունեցած Նրա վստահությունը մեծանում է։
Ես սիրում եմ հինև մեր ժամանակների սուրբ գրությունները, որոնցում օգտագործվում է «սրտի շիտակություն» արտահայտությունը, երբ նկարագրվում է արդար մարդու էությունը։ Շիտակությունը կամ շիտակության պակասը մարդու էության հիմնական մաս է հանդիսանում։ Մարդիկ, ովքեր ունեն «սրտի շիտակություն», այն մարդիկ են, որոնց կարելի է վստահել, քանի որ վստահության հիմքը շիտակ լինելն է։
Շիտակ մարդ լինելը պարզապես նշանակում է, որ ձեր մտադրությունները, ինչպես նաև ձեր գործերը, մաքուր և արդար են ձեր կյանքի բոլոր բնագավառներում՝ թե հասարակության մեջ, և՛ թե անձնական կյանքում։ Մեր կայացրած յուրաքանչյուր որոշմամբ մենք կամ ավելի շատ ենք արժանանում Աստծո վստահությանը, կամ կորցնում ենք Նրա վստահությունը։ Այս սկզբունքը թերևս ամենապարզ ձևով շարադրվում է որպես ամուսիններ և հայրեր Աստծո կողմից մեզ տրված պարտականություններում։
Որպես ամուսիններ և հայրեր, ժամանակակից մարգարեների, տեսանողների և հայտնողների միջոցով Աստված մեզ տվել է պարտականություններ, որոնք շարադրված են «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» փաստաթղթում: Այս փաստաթուղթը մեզ սովորեցնում է, որ (1) «հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ», (2) հայրերը պետք է «պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքները», և (3) հայրերը պետք է պատասխանատու լինեն պաշտպանելու իրենց ընտանիքները:
Աստծո վստահությանն արժանանալու համար մենք պետք է Տիրոջ ձևով մեր ընտանիքներում կատարենք Նրա կողմից տրված այս երեք պարտականությունները։ Ինչպես նշվում է ընտանիքի մասին հռչակագրում, Տիրոջ ձևը նշանակում է՝ կատարել այդ պարտականությունները մեր կնոջ հետ միասին «որպեսհավասար գործընկերներ»։ Իմ կարծիքով, դա նշանակում է, որ մենք չենք կայացնում որևէ կարևոր որոշում՝ կապված այդ երեք պարտականությունների հետ, առանց մեր կնոջ հետ լիարժեք համաձայնության գալու։
Տիրոջ վստահությանն արժանանալու առաջին քայլը Նրան ապավինելն է։ Նեփի մարգարեն նման օրինակ է մեզ տվել, մինչ աղոթում էր. «Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, և ես քեզ եմ ապավինելու հավիտյան։ Ես իմ վստահությունը չեմ դնի մարմնի բազկի վրա»։ Նեփին լուրջ որոշում էր կայացրել կատարելու Տիրոջ կամքը: Բացի նրանից, որ նա ասաց՝ «կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է», Նեփին անսասան էր իր որոշման մեջ իրագործելու իր հանձնարարությունը, ինչպես նշվում է այս հայտարարության մեջ․ «Ինչպես կենդանի է Տերը, և ինչպես կենդանի ենք մենք, մենք ետ չենք գնա անապատ մեր հոր մոտ, մինչև չիրագործենք այն, ինչ Տերը պատվիրել է մեզ»։
Քանի որ առաջինըՆեփին ապավինեց Աստծուն, Աստված մեծապես վստահեց Նեփիին։ Տերն առատորեն օրհնեց նրան Հոգով, ինչն էլ օրհնեց նրա կյանքը, նրա ընտանիքի կյանքը և նրա ժողովրդի կյանքը։ Քանի որ Նեփին ղեկավարում էր սիրով և առաքինությամբ, ապահովում և պաշտպանում էր իր ընտանիքին ու ժողովրդին, նա գրում է․ «Մենք ապրեցինք երջանիկ»։
Այս հարցի շուրջ կանանց տեսակետը ներկայացնելու համար ես խնդրեցի իմ երկու ամուսնացած դուստրերին օգնել ինձ։ Ես խնդրեցի նրանց մեկ կամ երկու նախադասությամբ ներկայացնել, թե իրենց կարծիքով ինչ կարևորություն ունի վստահությունն իրենց ամուսնության և ընտանեկան կյանքի համար։ Ահա Լարա Հարիսի և Քրիստինա Հանսենի մտքերը։
Առաջինը Լարան․ «Ինձ համար կարևոր բաներից մեկն է իմանալ, որ իմ ամուսինը օրվա ընթացքում կատարում է ընտրություններ, որոնք հարգանք և սեր են ցուցաբերում իմ հանդեպ։ Երբ մենք կարողանում ենք վստահել միմյանց նման կերպ, այն խաղաղություն է բերում մեր տուն, որտեղ մենք կարողանում ենք միասին վայելել մեր ընտանեկան կյանքը»։
Այժմ Քրիստինայի մտքերը․ «Մեկին վստահելը նման է մեկին հավատալուն։ Այդ վստահության և հավատի բացակայությունն առաջ կբերի վախ և կասկած։ Ինձ համար ամենամեծ օրհնություններից մեկը, որ բխում է իմ ամուսնու հանդեպ լիարժեք վստահությունից, խաղաղությունն է․ մտքի խաղաղությունը, իմանալով, որ նա իսկապես անում է այն, ինչ ասում է, որ կանի։ Վստահությունը բերում է խաղաղություն, սեր և մթնոլորտ, որտեղ այդ սերը կարող է մեծանալ»։
Լարան և Քրիստինան երբեք չեն տեսել միմյանց գրածները։ Ինձ համար շատ հետաքրքիր է, որ նրանք երկուսն էլ, իրարից անկախ, տան խաղաղության օրհնությունը համարել են վստահելի ամուսին ունենալու անմիջական հետևանք։ Ինչպես տեսնում ենք իմ դուստրերի օրինակներից, վստահության սկզբունքը չափազանց կարևոր դեր է խաղում քրիստոսակենտրոն տուն ձևավորելու հարցում։
Ես նաև հնարավորություն եմ ունեցել վայելելու այդ նույն Քրիստոսակենտրոն մշակույթը, մեծանալով մի տան մեջ, որտեղ հայրս պատվում էր իր քահանայությունը և ձեռք էր բերել ողջ ընտանիքի վստահությունը՝ «իր սրտի շիտակության համար»։ Թույլ տվեք կիսվել ձեզ հետ երիտասարդ տարիների փորձառությամբ, որը ցույց է տալիս դրական երկարատև ազդեցությունը, որ հայրը, ով հասկանում և ապրում է շիտակության վրա կառուցված վստահության սկզբունքով, կարող է ունենալ իր ընտանիքի վրա։
Երբ ես շատ երիտասարդ էի, հայրս հիմնադրեց մի ընկերություն, որը մասնագիտացած էր գործարանի ավտոմատացման մեջ։ Այս բիզնեսը նախագծում, պատրաստում և տեղադրում էր ավտոմատացված հոսքագծերողջ աշխարհում։
Երբ ես սովորում էի միջնակարգ դպրոցում, հայրս ցանկացավ, որ ես սովորեմ աշխատել։ Նա նաև ցանկացավ, որ ես հիմնովին ուսումնասիրեմ մեր բիզնեսը։ Իմ առաջին աշխատանքը ներառում էր հանրության լայն շերտերի համար շինության անտեսանելի տարածքների վերանորոգումըև ներկումը։
Երբ ես սկսեցի սովորել ավագ դպրոցում, ինձ հնարավորություն տվեցին աշխատելու գործարանում։ Ես սկսեցի սովորել գծագրեր կարդալ և աշխատեցնել ծանր պողպատյա մեքենաները։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ես գնացի համալսարան, ապա միսիա։ Երբ միսիայից վերադարձա, ես անմիջապես վերադարձա աշխատանքի։ Ես պիտի գումար վաստակեի հաջորդ տարվա ուսման համար։
Միսիայից տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց, մինչ ես աշխատում էի գործարանում, մի օր հայրս կանչեց ինձ իր գրասենյակ և հարցրեց, թե արդյոք կկամենայի գնալ նրա հետ գործնական ուղևորության Լոս Անջելես։ Սա առաջին անգամն էր, որ հայրս հրավիրում էր ինձ ուղեկցել նրան գործնական ուղևորության ժամանակ։ Նա նաև ինձ թույլ էր տալիս հասարակության մեջ ներկայացնել ընկերությունը։
Նախքան ուղևորության մեկնելը նա ինձ որոշ մանրամասներ հայտնեց այդ նոր պոտենցիալ հաճախորդի մասին։ Առաջինը, հաճախորդը բազմազգ ընկերություն էր։ Երկրորդը, նրանք թարմացնում էին իրենց ողջ արտադրանքն ամբողջ աշխարհում՝ վերջին ավտոմատացված տեխնոլոգիաներով։ Երրորդը, մեր ընկերությունը նախկինում երբեք չէր մատակարարել նրանց ինժեներական ծառայություններ կամ տեխնոլոգիաներ։ Եվ ի վերջո, նրանց լավագույն կորպորատիվ գործընկերը, ով պատասխանատու էր գնումների համար, հրավիրել էր այս հանդիպումը՝ վերանայելու նոր նախագծի վերաբերյալ մեր հայտը։ Այս հանդիպումը ներկայացնում էր նոր և պոտենցիալ կարևոր հնարավորություն մեր ընկերության համար։
Լոս Անջելես հասնելուց հետո ես և հայրս գնացինք գործադիր տնօրենի գրասենյակ հանդիպման։ Բիզնեսի առաջին պատվերը վերաբերում էր նախագծի տեխնիկական առանձնահատկությունները քննարկելուն և վերլուծելուն։ Քննարկման հաջորդ կետը վերաբերում էր օպերատիվ մանրամասներին, ներառյալ՝ կազմակերպչական գործողությունները և առաքման ժամկետները։ Օրակարգի եզրափակիչ կետը վերաբերում էր գներին և պայմաններին։ Ահա այս պահից ամեն բան ավելի հետաքրքիր դարձավ։
Այս կորպորատիվ գործընկերը բացատրեց մեզ, որ մեր առաջարկած գինն ամենացածրն էր ծրագրի համար առաջարկված մնացած գներից։ Ապա նա, ի զարմանս մեզ, ասաց առաջարկված գներից հաջորդ ամենացածր գինը։ Այնուհետև նա հարցրեց մեզ, թե արդյոք կցանկանայինք հետ վերցնել մեր առաջարկը և նորը ներկայացնել։ Նա նշեց, որ մեր նոր գինը պետք է պարզապես մի փոքր ցածր լիներ հաջորդ առաջարկված ցածր գնից։ Ապա նա բացատրեց, որ մենք իրար մեջ հավասար կկիսենք այդ ավելացած գումարը։ Նա հիմնավորեց սա, ասելով, որ բոլորի համար էլ այն շահավետ կլինի։ Մեր ընկերության համար շահավետ կլիներ, քանի որ մենք ավելի շատ գումար կվաստակեինք, քան առաջին պայմանագրի դեպքում։ Նրա ընկերության համար շահավետ կլիներ, քանի որ նրանքավելի շատ գումար կվաստակեին, քան նախորդ առաջարկի դեպքում։ Եվ, իհարկե, նրա համար շահավետ կլիներ վերցնել այդ տարբերությունը, քանի որ նա էր այս հրաշալի գործարքի կազմակերպիչը։
Ապա նա տվեց մեզ փոստի համարը, ուր կարող էինք ուղարկել նրա պահանջած գումարը։ Այս ամենից հետո նա նայեց հորս և հարցրեց․ «Այսպիսով, պայմանավորվեցի՞նք»։ Ի զարմանս ինձ, հայրս կանգնեց, սեղմեց նրա ձեռքն ու ասաց, որ մենք կվերադառնանք նրա մոտ։
Ժողովից հեռանալուց հետո մենք նստեցինք վարձու մեքենան, հայրս շրջվեց դեպի ինձ և հարցրեց․ «Այսպիսով, քո կարծիքով մենք ի՞նչ պետք է անենք»։
Ես պատասխանեցի, ասելով, որ չէի կարծում, որ մենք պետք է ընդունենք այդ առաջարկը։
Այնուհետև հայրս հարցրեց․ «Չե՞ս կարծում, որ մենք պարտավորություն ունենք մեր բոլոր աշխատակիցների առաջ՝ պահպանելու աշխատանքի գումարի չափը»։
Մինչ ես խորհում էի նրա հարցի շուրջ և նախքան կկարողանայի պատասխանել, նա պատասխանեց իր իսկ հարցին։ Նա ասաց․ «Լսիր, Ռի՛կ, եթե դու երբևէ կաշառք վերցնես կամ հրաժարվես շիտակությունից, շատ դժվար կլինի այլևսվերագտնել այն։ Երբեք չանես նման բան, նույնիսկ մեկ անգամ»։
Փաստը, որ ես կիսվում եմ այս փորձառությամբ, նշանակում է, որ ես երբեք չեմ մոռացել այն, ինչ հայրս սովորեցրեց ինձ մեր առաջին գործնական ճամփորդության ժամանակ։ Ես կիսվում եմ այդ փորձառությամբ, որպեսզի ցույց տամ հարատև ազդեցությունը, որն ունենք որպես հայրեր։ Դուք կարող եք պատկերացնել վստահությունը, որ ես ունեի իմ հոր հանդեպ՝ շնորհիվ նրա սրտի շիտակության։ Նա ապրում էր այդ նույն սկզբունքներով իրանձնական կյանքում իմ մոր, իր երեխաների և բոլոր նրանց հետ, ում հետ շփվում էր։
Եղբայրնե՛ր, այս երեկո ես աղոթում եմ, որ մենք բոլորս կարողանանք առաջինը ապավինել Տիրոջը, ինչպես արեց Նեփին, ապա, մեր սրտերի շիտակության միջոցով արժանանանք Տիրոջ վստահությանը, ինչպես նաև մեր կնոջ և զավակների վստահությանը։Եթե մենք հասկանանք և կիրառենք շիտակության վրա կառուցված վստահության այս սուրբ սկզբունքը, մենք հավատարիմ կլինենք մեր սուրբ ուխտերին։ Մենք նաև հաջողության կհասնենք մեր ընտանիքներում սիրով և առաքինությամբ ղեկավարելու գործում, ապահովելով ընտանիքի կենսական կարիքները և պաշտպանելով մեր ընտանիքներն աշխարհի չարիքներից։ Այդ ճշմարտությունների մասին ես խոնարհաբար վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: