2010–2019 թթ․
Կենդանի հացը, որն իջնում է երկնքից
Հոկտեմբեր 2017


2:3

Կենդանի հացը, որն իջնում է երկնքից

Եթե մենք ձգտում ենք ապրել Քրիստոսում և որ Նա ապրի մեզանում, ուրեմն սրբությունն այն է, ինչ մենք փնտրում ենք:

Երբ Հիսուսը Գալիլեայում հրաշքով կերակրեց 5000 մարդու «հինգ գարիէ հաց(ով) եւ երկու փոքր ձկ(ով)», հաջորդ օրը Նա կրկին խոսեց ժողովրդի հետ Կափառնայումում: Փրկիչը հասկացավ, որ շատերին այնքան էլ չէին հետաքրքրում իր ուսմունքները, այլ կրկին կերակրվելու համար էին եկել: Հետևաբար, նա փորձեց նրանց բացատրել չափազանց մեծ արժեքը «այն կերակուրի, որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ. Որ մարդի Որդին կտայ ձեզ»: Հիսուսը հայտարարեց.

«Ես եմ կյանքի հացը։

Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։

Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի։

Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»:

Փրկիչի խոսքերի նախատեսված իմաստը միանգամայն սխալ ընկալվեց նրան լսողների կողմից, քանի որ նրանք միայն բառացիորեն հասկացան: Վախեցած արձագանքելով այս մտքին, նրանք հարցրին. «Սա ի՞նչպէս կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար»։ Հիսուսը լրացուցիչ բացատրություն տվեց այս սկզբունքին.

«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի Որդու մարմինը չուտէք եւ նորա արյունը չխմէք, կեանք չունիք ձեր անձերումը:

Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը յաւիտենական կեանք ունի. եւ ես յետին օրումը կյարուցանեմ նորան:

Որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը ճշմարիտ խմելիք է»։

Ապա Նա արտահայտեց այս փոխաբերության իմաստը.

«Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը մնում է ինձանում, և ես նրանում»։

«Ինչպէս ինձ ուղարկեց կենդանի Հայրը, եւ ես կենդանի եմ Հօր համար. Այնպէս էլ նա որ ինձ ուտում է, կենդանի կ’լինի ինձ համար»։

Այնուամենայնիվ, Նրա ունկնդիրները չըմբռնեցին Հիսուսի ասածը, և «շատերը, … երբ որ լսեցին, ասեցին. Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան: … (Եվ) սորանից հետո նորա աշակերտներից շատերը ետ գնացին և այլևս ման չէին գալի Նորա հետ»:

Ուտել Նրա միսը և խմել Նրա արյունը անսովոր եղանակ է, որով արտահայտում ենք, որ Փրկիչին ամբողջապես պիտի բերենք մեր կյանք ու մեր գոյություն, որ «մէկ լինեն ինչպէս մենք»: Դա ինչպես է տեղի ունենում:

Նախ, մենք հասկանում ենք, որ զոհաբերելով Իր միսն ու արյունը, Հիսուսը քավեց մեր մեղքերը և հաղթահարեց թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր մահը: Իսկ հետո մենք ճաշակում ենք Նրա մարմնից ու արյունից, երբ Նրանից ստանում ենք Քավության զորությունն ու օրհնությունները:

Քրիստոսի վարդապետությունը արտահայտում է, թե մենք ինչ պիտի անենք քավիչ շնորհը ստանալու համար: Դրանք են՝ հավատալ և հավատ ունենալ Քրիստոսի հանդեպ, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգին, «ապա գալիս է ձեր մեղքերի թողությունը՝ կրակով և Սուրբ Հոգով»: Սա է դարպասը, մեր մուտքը դեպի Փրկիչի քավիչ շնորհը, դեպի նեղ ու անձուկ արահետը, որը տանում է հավերժական կյանք:

«Ուստի, եթե դուք առաջ մղվեք (արահետով), սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք»:11

«Եվ այժմ, ահա, սա է Քրիստոսի վարդապետությունը՝ միակ և ճշմարիտ վարդապետությունը Հոր և Որդու և Սուրբ Հոգու, որը մեկ Աստված է՝ առանց վերջի»:

Խորհենք Տիրոջ Ընթրիքի հաղորդության գեղեցիկ խորհրդանշանակության մասին: Հացը և ջուրը ներկայացնում են Նրա միսն ու արյունը, ով Կյանքի հացն է և Կենդանի ջուրը, նրբանկատորեն հիշեցնելով մեզ այն գինը, որը Նա վճարեց մեր քավության համար: Հացը կտրելիս մենք հիշում ենք Փրկիչի տանջահար եղած մարմինը: Երեց Դալլին Հ. Օուքսը մի անգամ նկատել է, որ «քանի որ հացը կտրտվում է, յուրաքանչյուր կտորը նույնքան յուրահատուկ է, որքան այն մարդիկ, ովքեր ճաշակում են այն: Մենք բոլորս տարբեր մեղքեր ունենք ապաշխարելու: Մենք բոլորս ունենք տարբեր կարիքներ, որոնք պիտի զորացվեն Տեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, ում մենք հիշում ենք այս արարողության մեջ»: Երբ մենք խմում ենք ջուրը, մտածում ենք արյան մասին, որը նա հեղեց Գեթսեմանիում և խաչի վրա, ինչպես նաև մտածում ենք դրա սրբագործող զորության մասին: Իմանալով, որ «ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել նրա արքայությունը», մենք վճռում ենք լինել նրանց թվում, «ովքեր լվացել են իրենց հանդերձները (Փրկիչի) արյունով՝ իրենց հավատքի, և բոլոր իրենց մեղքերից ապաշխարության, և մինչև վերջ իրենց հավատարմության շնորհիվ»:

Ես խոսեցի Փրկիչի քավիչ շնորհը ստանալու մասին, որը վերցնում է մեր մեղքերը և դրանց հետևանքները, որոնք մեր մեջ են: Բայց փոխաբերականորեն նրա մարմինն ուտելը և Նրա արյունը խմելը ունի լրացուցիչ իմաստ, այն է՝ անձնավորել Քրիստոսի հատկանիշներն ու բնավորությունը, հանելով բնական մարդուն և դառնալով Սուրբ «Տեր Քրիստոսի քավության միջոցով»: Երբ ամեն շաբաթ մենք ճաշակում ենք հաղորդության ջուրն ու հացը, լավ կլինի ուշադրություն դարձնենք, թե որքան լիարժեք և ամբողջությամբ ենք միավորումՆրա բնավորությունը և Նրա անմեղ կյանքի օրինակը մեր կյանքի ու մեր գոյության հետ: Հիսուսը չէր կարողանա քավել ուրիշների մեղքերը, եթե Ինքն անմեղ չլիներ: Քանի որ արդարադատությունը ոչ մի հայց չուներ Նրան ներկայացնելու, Նա կարող էր առաջարկել Իրեն մեր փոխարեն՝ բավարարելով արդարադատությունը, իսկ հետո նաև առաջարկել կարեկցանք: Երբ մենք հիշում ու պատվում ենք Նրա քավիչ զոհաբերությունը, մենք պիտի նաև խորհենք Նրա անմեղ կյանքի մասին:

Սա նշանակում է, որ մենք պիտի տքնաջան մաքառենք մեր բաժինը կատարելու համար: Մենք չենք կարող գոհ լինել, մնալով այնպիսին, ինչպիսին կանք, այլ պիտի մշտապես առաջ գնանք «և կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը»: Ինչպես Թագավոր Լամոնիի հայրը Մորմոնի Գրքում, մենք պիտի պատրաստ լինենք հրաժարվել մեր մեղքերից և կենտրոնանալ այն բանի վրա, թե Տերն ինչ է ակնկալում մեզանից, անհատապես և միասին:

Վերջերս ընկերներիցս մեկը պատմեց ինձ մի փորձառության մասին, որ ունեցել էր որպես միսիայի նախագահ: Նրան վիրահատել էին, որից հետո մի քանի շաբաթ նա ապաքինվում էր: Մինչ նա վերականգնվում էր, ժամանակը նվիրում էր սուրբ գրությունների ուսումնասիրությանը: Մի անգամ կեսօրից հետո, երբ նա խորհում էր Փրկիչի խոսքերի շուրջ 3 Նեփի 27-րդ գլխում, ննջեց: Նա պատմում է.

«Ես երազ տեսա, որում ինձ ցույց տրվեց իմ կյանքի հստակ և մանրամասն ամփոփումը: Ինձ ցույց տրվեցին իմ մեղքերը, սխալ ընտրությունները և այն ժամանակները, … երբ ես անհամբերությամբ էի վերաբերվել մարդկանց, ցույց տրվեցին նաև իմ բաց թողած լավ խոսքերն ու գործերը, որոնք պիտի ասեի կամ անեի: … Մի քանի րոպեում ինձ ցույց տրվեց իմ կյանքի համապարփակ պատկերը, բայց այն ինձ ավելի երկար թվաց: Ես վախեցած արթնացա և … անմիջապես ծնկի իջա մահճակալիս կողքին ու սկսեցի աղոթել, ներում խնդրելով, արտահայտելով իմ սրտի զգացմունքները, ինչպես երբեք չէի արել նախկինում:

Նախքան այդ երազը, ես չգիտեի, որ այդքան մեծ կարիք ունեի ապաշխարելու: Իմ թուլություններն ու թերությունները հանկարծ այնքան պարզ դարձան ինձ, որ անդունդը իմ անձի ու Աստծո սրբության ու բարության միջև թվում էր միլիոնավոր մղոններ: Այդ օրվա իմ աղոթքում ես ամբողջ սրտով իմխորագույն երախտագիտությունն արտահայտեցի Երկնային Հոր և Փրկիչի հանդեպ այն ամենի համար, ինչ Նրանք արել էին ինձ համար, իմ կնոջ ու զավակներիս հետ հարաբերությունների համար, որոնք ես շատ բարձր եմ գնահատում:Մինչ ես ծնկաչոք աղոթում էի, զգացի նաև Աստծո սերն ու գթությունը, որոնք շատ խորն էին, չնայած անարժան լինելու իմ զգացումին: …

Կարող եմ ասել, որ ես նույնը չեմ այդ օրից ի վեր:… Իմ սիրտը փոխվեց:… Այս փորձառության արդյունքում ես իմ մեջ զարգացրի ավելի շատ կարեկցանք ուրիշների հանդեպ, սիրելու ավելի մեծ կարողություն՝ ավետարանը քարոզելու անհետաձգելի ցանկությամբ:… Ինչպես երբեք նախկինում, ես կարողացա հասկանալ Մորմոնի Գրքի հավատքի, հույսի և ապաշխարության պարգևի ուղերձները»:

Կարևոր է հասկանալ, որ այս բարի մարդու մեղքերի ու թերությունների հստակ բացահայտումը չհիասթափեցրեց նրան և չհանգեցրեց հուսահատության: Այո, նա ցնցված էր և խղճի խայթ զգաց: Նա խորապես զգաց ապաշխարության կարիքը: Նա խոնարհվեց, այնուամենայնիվ երախտագիտություն, խաղաղություն և հույս, իրական հույս զգաց շնորհիվ Հիսուս Քրիստոսի, ով «կենդանի հացն է, որ երկնքիցն է իջել»։

Իմ ընկերը խոսեց այն անդունդի մասին, որը գտնվում էր երազում իր կյանքի և Աստծո սրբության միջև: Սրբությունը ճիշտ բառ է: Ուտելով Քրիստոսի միսը և խմելով Քրիստոսի արյունը մենք ձգտում ենք սրբության: Աստված պատվիրում է. «Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ»։

Ենովքը խորհուրդ է տվել մեզ. «Ուստի ուսուցանեք ձեր երեխաներին, որ բոլոր մարդիկ, ամենուրեք, պետք է ապաշխարեն, այլապես նրանք ոչ մի կերպ չեն ժառանգի Աստծո արքայությունը, քանզի ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ բնակվել նրա ներկայության մեջ. քանզի Ադամի լեզվով, Սրբության Մարդ է նրա անունը, և նրա Միածնի անունն է՝ Մարդու Որդի, այսինքն՝ Հիսուս Քրիստոս»: Երբ ես պատանի էի, ցանկանում էի իմանալ, թե Նոր Կտակարանում Հիսուսին ինչու ենհաճախ հիշատակում (և նույնիսկ Ինքն է Իրեն հիշատակում) որպես Մարդու Որդի, երբ Նա իրականում Աստծո զավակն է, բայց Ենովքի հայտարարությունը հստակեցնում է, որ այս վկայակոչումներն իրականում նրա աստվածության և սրբության ճանաչումն են. Նա Սրբության Մարդու Որդին է, Հայր Աստվածը:

Եթե մենք ձգտում ենք ապրել Քրիստոսում, և որ Նա ապրի մեզանում, ուրեմն սրբությունն այն է, ինչ մենք փնտրում ենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Մենք սրբության ենք ձգտում տաճարում, որտեղ փորագրված է՝ «Սրբություն Տիրոջը»: Մենք այն փնտրում ենք ամուսնության մեջ, ընտանիքում և տանը: Մենք փնտրում ենք այն ամեն շաբաթ, երբ բերկրանք ենք զգում Տիրոջ սուրբ օրը: Մենք նույնիսկ փնտրում ենք այն առօրյա կյանքի մանրուքներում. մեր ելույթներում, մեր հագուստի մեջ ու մեր խոհերում: Ինչպես նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն է ասել, «մենք արդյունքն ենք այն ամենի, ինչ կարդում ենք, ինչ տեսնում ենք և ինչ մտածում ենք»: Մենք սրբություն ենք փնտրում, երբ ամեն օր վերցնում են մեր խաչը:

Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին ասել է. «Մենք գիտակցում ենք, որ կան բազմաթիվ փորձություններ, գայթակղություններ և տառապանքներ, որոնք կարող են մեզ հեռացնել այն ամենից, ինչն առաքինի է և գովեստի արժանի Աստծո առաջ։Սակայն մահկանացու կյանքում ունեցած մեր փորձառությունները մեզ հնարավորություն են տալիս ընտրելու սրբությունը։ Շատ հաճախ մեր ուխտերը պահելու համար կատարած զոհաբերություններն են, որ սրբագործում են մեզ և դարձնում սուրբ»։ Եվ «մեր կատարած զոհաբերություններին» ես կավելացնեի ծառայությունը, որը մենք կատարում ենք:

Մենք գիտենք, որ երբ «(մենք) մերձավորների ծառայության մեջ ենք, (մենք) սոսկ (մեր) Աստծո ծառայության մեջ ենք»: Եվ Տերը հիշեցնում է մեզ, որ այդպիսի ծառայությունը կենտրոնական է Իր կյանքում և բնավորության մեջ. «Որովհետեւ մարդիՈրդին էլ չ’եկաւ, որ իրան ծառայեն, այլ նա ծառայէ, եւ իր անձը փրկանք տայ շատերի տեղ»: Ինչպես Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին է ուսուցանել. «Ծառայությունը ինչ-որ բան չէ, որը մենք պետք է ստիպված կատարենք, որպեսզի սելեստիալ արքայությունում ապրելու համար իրավունք վաստակենք: Ծառայությունը հենց այն մանրաթելն է, որից սելեստիալ արքայության մեջ վեհացած կյանքն է հյուսվում»:

Զաքաիրան մարգարեացավ, որ Տիրոջ հազարամյակի թագավորության ժամանակ նույնիսկ ձիերի սանձերի զարդերի վրա լինելու է մակագրություն «Սրբություն Տիրոջը»: Այդ գիտելիքով զինված, ռահվիրա Սրբերը այս հովիտներում փակցրել էին այդ հիշեցումը. «Սրբություն Տիրոջը» սովորական թվացող կամ աշխարհիկ իրերի վրա, ինչպես նաև այնպիսի իրերի վրա, որոնք անմիջականորեն կապված էին կրոնական գործունեության հետ: Այն գրված էր հաղորդության բաժակների ու ափսեների վրա, տպված էր Յոթանասունականների վկայականների վրա, ինչպես նաև Սփոփող Միության դրոշի վրա: «Սրբություն Տիրոջը» գրությունը նաև հայտնվեց «Սիոնի Վաճառականների Կոոպերատիվ Միություն» խանութի ցուցափեղկերի վրա: Գրությունը կարելի էր տեսնել մուրճի գլխիկի և թմբուկի վրա: «Սրբություն Տիրոջը» մակագրությունը փորագրված էր Նախագահ Բրիգամ Յանգի տան դռների մետաղական բռնակների վրա: Սրբության այս վկայակոչումները թվացյալ անսովոր և անսպասելի տեղերում կարող են տարօրինակ թվալ, բայց դրանք ցույց են տալիս, թե որքան ամբողջական և հաստատուն պիտի լինի մեր կենտրոնացումը սրբության վրա:

Հաղորդության բաժակ
Հաղորդության ափսե
ՍՎԿՄ-ի ցուցափեղկ
Մուրճ
Թմբուկ
Դռան բռնակ

Ճաշակել Փրկիչի միսը և խմել Նրա արյունը նշանակում է մեր կյանքից վանել ամեն բան, ինչն անհամապատասխան է Քրիստոսանման հատկանիշներին, և Նրա հատկանիշները դարձնել մերը:Սա ապաշխարության ավելի ընդարձակ իմաստ է. ոչ միայն հեռանալ անցյալի մեղքերից, այլև «դարձնել սիրտն ու կամքը դեպի Տերը» և շարժվել առաջ: Ինչպես բացահայտվեց իմ ընկերոջ երազում, Աստված մեզ ցույց կտա մեր թերություններն ու թուլությունները, բայց Նա նաև կօգնի մեզ մեր թուլությունները վերածել ուժի: Եթե մենք անկեղծորեն հարցնենք. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ Նա չի թողնի, որ մենք կռահենք, բայց նա սիրով կպատասխանի հանուն մեր երջանկության: Եվ Նա մեզ հույս կտա:

Սա անհաղթահարելի գործողություն է և շատ վախեցնող է, եթե սրբության ձգտելու մեր ջանքերում մենք մենակ լինեինք:Փառահեղ ճշմարտությունն այն է, որ մենք մենակ չենք: Մենք ունենք Աստծո սերը, Քրիստոսի շնորհը, Սուրբ Հոգու սփոփանքն ու ուղղորդումը և մեր ընկերակից Սրբերի ընկերակցությունն ու քաջալերանքը Քրիստոսի մարմնում: Մենք չպիտի բավարարվենք այն տեղով, որտեղ հիմա ենք, բայց նաև չպիտի հուսահատվենք: Ինչպես մի պարզ, բայց խոհուն օրհներգ հորդորում է մեզ.

Ժամանակ գտիր սուրբ լինելու, աշխարհը շտապում է,

Շատ ժամանակ անցկացրու Հիսուսի հետ մենակ:

Նայելով Հիսուսին, նմանվիր Նրան,

Քո ընկերները քո օգնությամբ կտեսնեն Նրա նմանությունը:

Ես բերում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, «կենդանի հացն, որ երկնքիցն է իջել», և որ այն «Իմ մարմինը ուտողը եւ իմ արիւնը խմողը յաւիտենական կեանք ունի», Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: