«Սեպտեմբերի 15–21. «Շատ նեղությունից հետո գալիս են օրհնությունները». Վարդապետություն և Ուխտեր 102–105», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 102-105», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Սեպտեմբերի 15–21. «Շատ նեղությունից հետո գալիս են օրհնությունները»
Վարդապետություն և Ուխտեր 102-105
Կիրթլենդի Սրբերը վշտացած էին, երբ իմացան, որ Ջեքսոն գավառում (Միսսուրի) իրենց եղբայրներն ու քույրերը արտաքսվում էին իրենց տներից: Հավանաբար հուսադրող էր, այնուհետև, երբ Տերը հայտարարեց, որ «Սիոնի փրկագնումն անպայման պետք է լինի զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 103.15): Այդ խոստումն ունենալով իրենց սրտում, ավելի քան 200 տղամարդ, ինչպես նաև մոտ 25 կին և երեխա ընդգրկվեցին, ինչպես իրենք կոչեցին՝ Իսրայելի ճամբարում, որը հետագայում հայտնի դարձավ որպես Սիոնի ճամբար: Դրա առաքելությունն էր՝ արշավել դեպի Միսսուրի և փրկագնել Սիոնը:
Ճամբարի անդամների համար Սիոնի փրկագնումը նշանակում էր վերականգնել Սրբերին իրենց հողում: Սակայն, մինչ նրանք կժամանեին Ջեքսոն գավառ, Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ ցրի Սիոնի ճամբարը: Ճամբարի որոշ անդամներ շփոթված և վրդովված էին այդ նոր հրահանգից. կարծես թե արշավախումբը ձախողվել էր, և Տիրոջ խոստումները չէին իրականացել: Մյուսներն, այնուամենայնիվ, այլ կերպ էին մտածում: Թեպետ աքսորված Սրբերը հետ չստացան իրենց հողերն ու տները, սակայն փորձառությունն իրոք «փրկագնման» մի աստիճան շնորհեց Սիոնին, և դա եղավ «զորությամբ»: Սիոնի ճամբարի հավատարիմ անդամները, որոնցից շատերը հետագայում դարձան Եկեղեցու ղեկավարներ, վկայեցին, որ այդ փորձը խորացրեց նրանց հավատքը Աստծո զորության հանդեպ, Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման և Սիոնի նկատմամբ՝ ոչ միայն որպես վայր, այլ նաև որպես Աստծո ժողովուրդ: Այս թվացյալ անհաջող նպատակի արժեքը կասկածի տակ առնելու փոխարեն, նրանք հասկացան, որ իրական նպատակը Փրկիչին հետևելն էր նույնիսկ այն դեպքում, երբ մենք ամեն ինչ չէ, որ հասկանում ենք: Ահա թե ինչպես Սիոնը ի վերջո կփրկագնվի:
Տես Սրբերը, 1:194–206, «The Acceptable Offering of Zion’s Camp» Revelations in Context, 213–18։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 102․12-23
Ո՞րն է անդամության խորհուրդների նպատակը
Բաժին 102-ը պարունակում է Կիրթլենդում (Օհայո) կայացած ժողովի արձանագրությունը, որտեղ կազմավորվել էր Եկեղեցու առաջին բարձրագույն խորհուրդը: 12-23 հատվածներում Տերը նկարագրում է այն ընթացակարգերը, որոնցով առաջնորդվում են բարձրագույն խորհուրդները, երբ անդամության խորհուրդներ են անցկացնում նրանց համար, ովքեր կատարել են լուրջ օրինազանցություններ:
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Անդամները երբեմն հարցնում են, թե ինչու են անցկացվում Եկեղեցու անդամության խորհուրդներ։ Նպատակը եռակի է՝ փրկել օրինազանցի հոգին, պաշտպանել անմեղին, և պահպանել Եկեղեցու անարատությունն ու բարի համբավը» («A Chance to Start Over: Church Disciplinary Councils and the Restoration of Blessings», Ensign, Sept. 1990, 15)։
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Անդամության խորհուրդներ», Ավետարանի գրադարան:
Վարդապետություն և Ուխտեր 103.1-12, 36, 105.1-19
Սիոնը կարող է կառուցվել միայն արդարության սկզբունքների վրա
Ինչո՞ւ Սրբերը կորցրին իրենց խոստացված հողը Միսսուրիում: Հնարավոր է, որ շատ պատճառներ կային. Տերն ասաց, որ առնվազն մեկը «իմ ժողովրդի օրինազանցությունն էր»: եթե չլիներ դա, Սիոնը «հնարավոր է փրկագնված լիներ» (Վարդապետություն և Ուխտեր 105.2): Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 103.1-12, 36, 105.1-19 հատվածները, դուք կնկատեք, որ որոշ բաներ խոչընդոտել են Սիոնի հիմնադրմանը Միսսուրիում, ինչպես նաև այլ բաներ, որոնք կարող էին օգնել դրան: Ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել ձեզ հաստատել Սիոնը ձեր սրտում, տանը և համայնքում:
Վարդապետություն և Ուխտեր 103․12-13, 36, 105․1-6, 9-19
Օրհնությունները գալիս են հավատքի փորձություններից հետո
Շատ առումներով Սիոնի ճամբարին մասնակցելը հավատքի փորձություն էր: Ճամփորդությունը երկար էր, շոգ եղանակ էր, իսկ սնունդն ու ջուրը երբեմն սակավ էին: Եվ այն ամենից հետո, ինչ նրանք կրեցին, Սիոնի ճամբարին դեռ չէր հաջողվում Սրբերին վերադարձնել իրենց հողը: Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեիք նամակ գրել Սիոնի ճամբարի որևէ անդամի, ում հավատքը Տիրոջ հանդեպ երերաց իր ունեցած փորձառության պատճառով։ Ի՞նչ կարող եք ասել այս մարդուն քաջալերելու համար: Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 103.5–7, 12–13, 36, 105․1–6, 9–19 հատվածներում, որոնք կարող են օգնել:
Այնուհետև կարող եք մտածել Սիոնի ճամբարի նման փորձության ավելի ժամանակակից օրինակի մասին, ինչպիսին է միսիոները, ով ջանասիրաբար աշխատում է, բայց ոչ ոք չի միանում Եկեղեցուն իր ջանքերի արդյունքում: Ելնելով ձեր ուսումնասիրածից՝ ինչպե՞ս կօգնեիք այդ միսիոներին տեսնել, որ իր միսիան ամեն դեպքում հաջողված էր:
Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ «շատ նեղությունից հետո» (Վարդապետություն և Ուխտեր 103․12)։
Տես նաև 1 Նեփի 11․16–17, Ալմա 7․11–12, Վարդապետություն և Ուխտեր 6․33–36, 84․88, 101․35–36, Դեյվիդ Ա. Բեդնար, «On the Lord’s Side: Lessons from Zion’s Camp», Ensign, հուլիս 2017, 26–35, կամ Լիահոնա, հուլիս 2017, 14–23, Թեմաներ և հարցեր, «Համբերել մինչև վերջ», Ավետարանի գրադարան, «Աստծո Սրբեր» Հիմներ, էջ 6։
Ո՞րն է փորձությունների նպատակը
Մտածեք՝ փորձությունների նպատակի վերաբերյալ երեց Օրսոն Ֆ. Ուիթնիի խորհրդի շուրջ. «Մեր տարած ոչ մի ցավ, մեր ունեցած ոչ մի փորձառություն զուր չի անցնում։ Այն ծառայում է մեր գիտելիքների ավելացմանը, այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են՝ համբերությունը, հավատքը, տոկունությունը և համեստությունը։ Այն ամենը, ինչը մենք տանում ենք և այն ամենը, ինչի համար մենք տոկում ենք, հատկապես, երբ մենք տոկում ենք համբերությամբ, զորացնում է մեր բնավորությունը, մաքրում է մեր սրտերը, մեծացնում է մեր հոգիները և մեզ դարձնում է ավելի քնքուշ և գթասիրտ, ավելի արժանի՝ կոչվելու Աստծո զավակներ … և վշտի ու տառապանքի, ծանր աշխատանքի և դժվարությունների միջոցով է, որ մենք ձեռք ենք բերում գիտելիք, որի համար մենք գալիս ենք այստեղ, և որը մեզ ավելի շատ կդարձնի մեր Երկնային Հոր և Մոր նման» (Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 98)։
Վարդապետություն և Ուխտեր 104.11-18, 78-83
Տերն ինձ դարձրել է «երկրային օրհնությունների տնտես»:
Միսսուրիի փորձություններից բացի, 1834 թվականին Եկեղեցին ունեցավ ֆինանսական դժվարություններ, այդ թվում` խոշոր պարտքեր և ծախսեր: 104-րդ բաժնում Տերը խորհուրդ տվեց Եկեղեցու ֆինանսական վիճակի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող եք կիրառել 11-18 և 78-83 հատվածների սկզբունքները ձեր ֆինանսական որոշումների համար:
Տես նաև «Treasure in Heaven: The John Tanner Story» և «The Labor of His Hands» (տեսանյութեր), Ավետարանի գրադարան:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 103․9
Հետևելով Հիսուսին ես կարող եմ «լույս լինել աշխարհի համար»
-
Դուք կարող եք առաջարկել ձեր երեխաներին բռնել լամպի, մոմի կամ լույսի մեկ այլ աղբյուրի նկարներ, մինչ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 103.9 հատվածը: Ինչպե՞ս կարող ենք լույս լինել ուրիշների համար, երբ հետևում ենք Հիսուս Քրիստոսին: Տես նաև «Jesus Wants Me for a Sun Beam» (Children’s Songbook, 60–61):
Վարդապետություն և Ուխտեր 104․13-18
Տերը ցանկանում է, որ ես իմ ունեցածով կիսվեմ այն մարդկանց հետ, ովքեր կարիքի մեջ են
-
Դուք կարող եք մի քանի րոպե տրամադրել ձեր երեխաներին՝ կազմելու Աստծո տված օրհնությունների ցուցակը (օրինակ՝ սնունդ, հագուստ, տաղանդներ, հավատք և տուն): Խրախուսեք նրանց թվել այնքան, որքան կարող են: Այնուհետև կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104.13–18 հատվածները` փնտրելով պատասխաններ այնպիսի հարցերի համար, ինչպես օրինակ` «ով է բոլոր բաների իսկական տերը»: Ի՞նչ է Նա կամենում, որ անենք այդ բաների հետ: Դուք և ձեր երեխաները կարող եք կիսվել փորձառություններով, երբ ինչ-որ մեկը ձեզ տվել է ձեզ անհրաժեշտ մի բան (տես նաև «The Coat» [տեսանյութ], Ավետարանի գրադարան):
Վարդապետություն և Ուխտեր 104․42։
Տերը կօրհնի ինձ, եթե պահեմ Նրա պատվիրանները
-
Մի քանի անգամ բաժին 104-ում Տերը խոստանում է «բազում օրհնություններ» այն մարդկանց, ովքեր հավատարմորեն հնազանդվում են Իր պատվիրաններին: Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «բազում», դուք կարող եք շրջանագիծ նկարել և խնդրել ձեր երեխաներին օգնել ձեզ բազմապատկել շրջանակների թիվը՝ նկարելով երկու, հետո չորս, հետո ութ, հետո տասնվեց և այլն: Օգնեք ձեր երեխաներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք Երկնային Հայրը տվել է նրանց։
Վարդապետություն և Ուխտեր 105․38-40
Ես կարող եմ խաղաղարար լինել
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել Սիոնի ճամբարի պատմությունը, դուք կարող եք կիսվել «Գլուխ 36. Սիոնի ճամբարը» գլխով (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ-ում, 135-39, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում)։ Պարբերաբար դադար տվեք՝ մատնանշելով այն դասերը, որոնք կարող ենք սովորել Սիոնի ճամբարից. օրինակ Տերը ցանկանում է, որ մենք խաղաղասեր լինենք և աշխատենք միասնաբար՝ վիճելու և կռվելու փոխարեն (տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 98–101)։
-
Կարող եք նաև կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105.38–40 հատվածը և խնդրել երեխաներին ամեն անգամ կանգնել, երբ լսում են «խաղաղություն» բառը: Բացատրեք, որ Տերը ցանկանում էր, որ Իր ժողովուրդը խաղաղություն հաստատեր այն մարդկանց հետ, ովքեր բարի չէին: Օգնեք ձեր երեխաներին մտածել այն բաների մասին, որոնք իրենք կարող են անել խաղաղարարներ լինելու համար և հրավիրեք նրանց որոշ իրավիճակների բեմադրություն ներկայացնել: