Եկ, հետևիր ինձ 2024
Հավելված Ա. Ծնողների համար․ Պատրաստել երեխաներին՝ լինելու Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքում


«Հավելված Ա. Ծնողների համար․ Պատրաստել երեխաներին՝ լինելու Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքում», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Հավելված Ա», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025

մայր ու երեխա

Հավելված Ա

Ծնողների համար․Պատրաստել երեխաներին՝ լինելու Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքում

Քանի որ Երկնային Հայրը սիրում է ձեզ, վստահում է ձեզ և գիտի ձեր ներուժը, Նա ձեզ հնարավորություն է տվել օգնելու ձեր երեխաներին մտնել և առաջ ընթանալ Իր ուխտի ուղիով՝ հավերժական կյանք տանող ուղիով (տես Վարդապետություն և Ուխտեր 68.25–28): Դա կօգնի նրանց պատրաստվել սուրբ ուխտեր կապելուն և պահելուն, ինչպիսիք են՝ մկրտության ուխտը և տաճարում կնքված ուխտերը: Այս ուխտերի միջոցով ձեր երեխաները կկարողանան ուրախությամբ կապվել իրենց Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ:

Կան բազմաթիվ եղանակներ՝ նախապատրաստելու ձեր երեխաներին ուխտի ուղու այս ճամփորդությանը, և Երկնային Հայրը կօգնի ձեզ բացահայտել նրանց օգնելու լավագույն միջոցը: Երբ ոգեշնչում եք փնտրում, հիշեք, որ ուսումնառության գործընթացը լիովին տեղի չի ունենում ծրագրված դասերի ժամանակ: Իրականում, տան ուսուցումը շատ արդյունավետ է, քանի որ հնարավորություն կա սովորելու փոքր և հասարակ ուսուցման օրինակներով, ինչպես բնական ձևով տեղի է ունենում առօրյա կյանքում: Ինչպես ուխտի ուղուն հետևելն է հետևողական և ողջ կյանքը տևող գործընթաց, այնպես էլ ուխտի ուղու մասին սովորելն է ողջ կյանքը տևող գործընթաց: (Տես «Տուն և ընտանիք», Ուսուցանել Փրկչի ձևով [2022թ․], 30–31։)

Ստորև բերված են մի քանի գաղափարներ, որոնք կարող են ոգեշնչել ձեզ։ Երեխաների միության երեխաներին ուսուցանելու համար դուք կարող եք լրացուցիչ գաղափարներ գտնել այստեղ՝ «Հավելված Բ․ Երեխաների միության համար. Պատրաստել երեխաներին՝ լինելու Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքում»։

Մկրտություն և հաստատում

Նեփին ուսուցանել է, որ «դուռը, որով [մենք] պետք է մտնենք» ուխտի ուղի, «ապաշխարությունը և ջրով մկրտությունն է» (2 Նեփի 31.17): Ձեր երեխաներին մկրտությանը և հաստատմանը նախապատրաստելու ձեր ջանքերը կարող են նրանց քայլերը հաստատուն դարձնել այդ ուղու վրա: Այդ ջանքերը սկսվում են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և ապաշխարության մասին ուսուցումով: Դրանք ներառում են նաև ուսուցում այն մասին, թե ինչպես ենք մենք նորոգում մեր մկրտության ուխտերը՝ ընդունելով հաղորդությունը ամեն շաբաթ:

մկրտություն

Նեփին ուսուցանել է, որ «դուռը, որով [մենք] պետք է մտնենք» ուխտի ուղի, «ապաշխարությունը և ջրով մկրտությունն է» (2 Նեփի 31.17):

Ահա մի քանի աղբյուր, որ օգտակար կլինի ձեզ. 2 Նեփի 31, հատուկ համար Ընկեր ամսագրից՝ մկրտության մասին, Թեմաներ և հարցեր՝ «Մկրտություն», Ավետարանի գրադարան։

  • Ամեն անգամ, երբ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ամրացնող փորձառություն եք ունենում, դրանով կիսվեք ձեր երեխայի հետ: Օգնեք նրանց հասկանալ, որ հավատքը մի բան է, որը կարող է մշտապես ուժեղանալ ողջ կյանքի ընթացքում: Ձեր երեխան ի՞նչ կարող է անել, որպեսզի ավելի ամուր հավատք զարգացնի Քրիստոսի հանդեպ՝ նախքան իր մկրտվելը:

  • Երբ ձեր երեխան սխալ ընտրություն է կատարում, ուրախությամբ խոսեք ապաշխարության պարգևի մասին: Իսկ երբ դուք սխալ ընտրություն եք կատարում, կիսվեք այն ուրախությամբ, որը ստանում եք, երբ ապաշխարում եք: Վկայեք, որ քանի որ Հիսուս Քրիստոսը տառապեց և մահացավ մեր մեղքերի համար, մենք կարող ենք ամեն օր ապաշխարել, ներվել և ստանալ փոխվելու զորություն: Երբ ձեր երեխան ներողություն է խնդրում, հանգիստ և ուրախ ներեք նրան:

  • Պատմեք ձեր երեխային ձեր մկրտության մասին։ Ցույց տվեք նկարներ և կիսվեք հիշողություններով: Խոսեք ձեր զգացմունքների մասին, թե ինչպես եք ձեր մկրտության ուխտերը պահելով ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին, նաև, թե ինչպես են ձեր ուխտերը շարունակում օրհնել ձեր կյանքը: Քաջալերեք ձեր երեխային հարցեր տալ։

  • Երբ ձեր ընտանիքում կամ ձեր ծխում մկրտություն լինի, ձեր երեխային տարեք այն տեսնելու: Միասին խոսեք այն մասին, թե դուք և ձեր երեխան ինչ եք տեսել և զգացել: Եթե հնարավոր է, խոսեք մկրտվողի հետ և տվեք հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս ընդունեցիք այս որոշումը: Ինչպե՞ս եք պատրաստվել»։

  • Ամեն անգամ, երբ նկատում եք, որ ձեր երեխան կատարում է իր խոստումները, անկեղծորեն գովեք նրան: Նշեք, որ երբ կատարում ենք պարտավորությունները, օգնում ենք մեզ պատրաստվել պահել մկրտության ժամանակ կապած ուխտերը։ Ի՞նչ ենք մենք խոստանում Աստծուն, երբ մկրտվում ենք: Ի՞նչ է Նա խոստանում մեզ: (Տես Մոսիա 18․8-10․13:)

  • Խոսեք այն մասին, թե ինչպես եք օրհնվել՝ հաստատվելով և դառնալով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Օրինակ՝ ինչպե՞ս եք դուք ավելի մոտեցել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, երբ ծառայել եք ուրիշներին, և երբ ուրիշներն են ծառայել ձեզ: Օգնեք ձեր երեխային մտածել, թե լինելով Եկեղեցու անդամ, ինչպես կարող է ծառայել և ամրացնել ուրիշներին։ Նաև օգնեք նրանց զգալ և ճանաչել այն ուրախությունը, որը գալիս է ծառայությունից:

  • Երբ դուք և ձեր երեխան միասին սուրբ փորձառություն եք ունենում (օրինակ՝ եկեղեցում, սուրբ գրությունները կարդալիս կամ որևէ մեկին ծառայելիս), պատմեք նրան ձեր ունեցած հոգևոր զգացմունքների կամ տպավորությունների մասին: Հրավիրեք ձեր երեխային կիսվել, թե ինչ է զգում: Ուշադրություն դարձրեք այն բազմազան ուղիներին, որոնցով Հոգին կարող խոսել մարդկանց հետ, ներառյալ այն ուղիները, որոնցով Նա խոսում է ձեզ հետ անհատապես: Օգնեք ձեր երեխային ճանաչել և կիսվել ձեզ հետ այն պահերով, երբ նա գուցե զգացել է Սուրբ Հոգու ազդեցությունը:

  • Միասին դիտեք «Լսիր Նրան» վերնագրով հավաքածուի մի քանի տեսանյութեր Ավետարանի գրադարանում: Միասին խոսեք այն մասին, թե ինչպես են Տիրոջ ծառաները լսում Նրա ձայնը: Առաջարկեք ձեր երեխային թղթի վրա կամ տեսախցիկով նկարել, թե ինչպես է նա լսում Փրկչի ձայնը:

  • Հաղորդությունը սուրբ և ուրախ իրադարձություն դարձրեք ձեր ընտանիքում: Կիսվեք ձեր երեխայի հետ, թե ինչպես եք կենտրոնանում Հիսուս Քրիստոսի վրա հաղորդության ընթացքում: Օգնեք ձեր երեխային ծրագիր կազմել՝ ցույց տալու համար, որ հաղորդությունն իր համար սուրբ է: Օրինակ՝ հաղորդության աղոթքների խոսքերը լսելը կարող է հիշեցնել մեզ մեր մկրտության ուխտերի մասին:

  • Ընկեր ամսագրի շատ համարներ ներառում են հոդվածներ, պատմություններ և վարժություններ, որոնք կօգնեն երեխաներին նախապատրաստվել մկրտությանը և հաստատմանը: Թույլ տվեք ձեր երեխային ընտրել այդ հոդվածներից մի քանիսը և միասին կարդացեք ու վայելեք դրանք։ (Տես նաև «Պատրաստվել մկրտությանը» հավաքածուն Ավետարանի գրադարանի երեխաների բաժնում:)

Քահանայության զորություն, իշխանություն և բանալիներ

Քահանայությունն Աստծո իշխանությունն ու զորությունն է, որով Նա օրհնում է Իր զավակներին: Այսօր Աստծո քահանայությունը երկրի վրա է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Եկեղեցու բոլոր անդամները, այդ թվում՝ կանայք, տղամարդիկ և երեխաները, որոնք պահում են իրենց ուխտերը, իրենց տներում օրհնված են Աստծո քահանայության զորությամբ, որպեսզի ամրացնեն իրենց և իրենց ընտանիքները (տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 3․6, Ավետարանի գրադարան)։ Այս զորությունը կօգնի անդամներին կատարել Աստծո՝ փրկության և վեհացման աշխատանքն իրենց կյանքում և իրենց ընտանիքներում (տես Ընդհանուր ձեռնարկ, 2․2

Երբ տղամարդիկ և կանայք ծառայում են Եկեղեցու կոչումներում, նրանք դա անում են քահանայության իշխանությամբ՝ քահանայության բանալիները կրողների ղեկավարության ներքո: Երկնային Հոր բոլոր զավակները՝ Նրա որդիներն ու Նրա դուստրերը, կօրհնվեն, երբ ավելի լավ հասկանան քահանայությունը:

Մենք արարողությունները ստանում ենք քահանայության իշխանությամբ: «Եկեղեցու արական սեռի արժանավոր անդամները ստանում են քահանայության իշխանություն՝ քահանայության շնորհման և քահանայության պաշտոնների ձեռնադրման միջոցով» (Ընդհանուր ձեռնարկ, 3.4)։ Նրանք, ովքեր քահանայության պաշտոններ են կրում, կարող են լիազորված լինել ինչ-որ մեկի կողմից, ով կրում է քահանայության բանալիները՝ կատարելու քահանայության արարողությունները:

Քահանայության մասին ավելին իմանալու համար տես Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 76–79, Ռասսել Մ. Նելսոն, «Քահանայության զորություն ունենալու գինը», Լիահոնա, մայիս 2016, 66–69, «Քահանայության սկզբունքները», գլուխ 3 Ընդհանուր ձեռնարկ:

  • Քահանայության արարողությունները դարձրեք ձեր ընտանեկան կյանքի հաստատուն մասը: Օրինակ՝ օգնեք ձեր երեխային ամեն շաբաթ հոգևորապես պատրաստվել հաղորդությանը: Խրախուսեք ձեր երեխային փնտրել քահանայության օրհնություններ, երբ նա հիվանդ է կամ մխիթարության և առաջնորդության կարիք ունի: Սովորություն դարձրեք և նշեք, թե ինչպես է Տերն օրհնում ձեր ընտանիքը քահանայության զորության միջոցով:

  • Երբ միասին կարդաք սուրբ գրությունները, առիթ փնտրեք քննարկելու, թե Աստված ինչպես է օրհնում մարդկանց Իր զորությամբ: Կիսվեք ձեր սեփական փորձառություններով, երբ Աստված օրհնել է ձեզ Իր քահանայության միջոցով: Օրհնությունների օրինակների համար, որոնք մենք ստանում ենք Աստծուց քահանայության միջոցով, տես Ընդհանուր ձեռնարկի 3.2 և 3.5 բաժինները:

  • Ուսուցանեք ձեր երեխային, որ մկրտությունից հետո նա կարող է քահանայության զորություն ստանալ՝ պահելով մկրտության ուխտը: Միասին վերանայեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Հոգևոր գանձեր» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2019թ․, 76–79): Պատմեք ձեր երեխային, թե քահանայության արարողությունների շնորհիվ ինչպես եք ձեր կյանքում ստացել Աստծո զորությունը: Քահանայության զորությամբ օրհնված լինելու որոշ եղանակներ թվարկված են Ընդհանուր ձեռնարկի 3.5 բաժնում:

  • Քննարկեք «Ինչպիսի՞ն է Տիրոջ ծառան» հարցը: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.36–42 հատվածները և փնտրեք պատասխաններ: Ամեն անգամ, երբ նկատում եք, որ ձեր երեխան (կամ մեկ ուրիշը) կիրառում է այս հատվածների սկզբունքներից կամ հատկանիշներից մեկը, մատնանշեք այն:

  • Երբ դուք կամ ձեր երեխան բանալիներ եք օգտագործում դուռը բացելու կամ ավտոմեքենայի շարժիչը միացնելու համար, մի պահ հատկացրեք և այդ բանալիները համեմատեք քահանայության ղեկավարների ձեռքերում գտնվող բանալիների հետ: (Քահանայության բանալիների սահմանման համար տես Ընդհանուր ձեռնարկի 3.4.1 բաժինը): Ի՞նչ են մեզ համար «բացում» կամ «միացնում» քահանայության բանալիները: Տես նաև Գարի Ի. Սթիվենսոնի «Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը» ելույթը, Լիահոնա, մայիս 2016թ․, 29–32։ «Որտե՞ղ են բանալիները» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։

    2:51

    Where Are the Keys?

  • Երբ ձեզ ձեռնադրեն կոչման համար, հնարավորության դեպքում ձեր երեխային հրավիրեք ներկա գտնվել: Թող ձեր երեխան տեսնի, թե դուք ինչպես եք կատարում ձեր կոչման պարտականությունները: Դուք նույնիսկ կարող եք փնտրել համապատասխան ուղիներ, որոնցով նա կարող է օգնել ձեզ: Նկարագրեք, թե ինչպես եք զգում Տիրոջ զորությունը ձեր կոչման մեջ:

Մկրտվել և հաստատվել նախնիների համար

Տաճարները հանդիսանում են Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի մի մասը: Տիրոջ տանը սուրբ արարողություններին մասնակցելիս մենք սուրբ ուխտեր ենք կապում Երկնային Հոր հետ, որոնք բոլորը մատնանշում են Հիսուս Քրիստոսին: Երկնային Հայրը ուղի է ապահովել, որ Իր բոլոր զավակները ուխտեր կապեն և մասնակցեն արարողություններին, ներառյալ այն մարդիկ, որոնք չեն ստացել այդ ուխտերն ու արարողություններն այս կյանքում: Տարեսկզբին ձեր երեխան դառնում է 12 տարեկան, նա բավական մեծ է, որպեսզի տաճարում մկրտվի և հաստատվի մահացած նախնիների համար (տես նաև Ա Կորնթացիս 15.29):

  • Գնացեք Տիրոջ տուն այնքան հաճախ, որքան ձեր հանգամանքները թույլ են տալիս: Խոսեք ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչու եք գնում տաճար և ինչպես է տաճարն օգնում ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Միասին կրկնեք և քննարկեք տաճարային երաշխավորագրի հարցերը: Դուք կարող եք գտնել դրանք էջեր 36–37-ում և Երիտասարդներին զորացնելու համար․ Ընտրություններ կատարելու ուղեցույց գրքույկում: Խոսեք ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչ է տեղի ունենում տաճարային երաշխավորագրի հարցազրույցի ժամանակ: Կիսվեք, թե ինչու է ձեզ համար կարևոր տաճարային երաշխավորագիրը։

  • Միասին կարդացեք Մաղաքիա 4.6: Խոսեք այն մասին, թե ինչպես կարող են ձեր սրտերը դառնալ դեպի ձեր նախնիները: Իմացեք ավելին ձեր նախնիների մասին՝ FamilySearch.org կայքում՝ միասին ուսումնասիրելով ձեր ընտանեկան պատմությունը: Փնտրեք այն նախնիներին, որոնք կարիք ունեն մկրտության և հաստատման: Ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուն կարող է օգնել ձեզ:

  • Ավետարանի գրադարանի երեխաների բաժնում միասին վերանայեք «Տաճար» հավաքածուի որոշ նյութեր: (Տես նաև «Պատրաստել ձեր երեխային տաճարային մկրտություններին և հաստատումներին» ChurchofJesusChrist.org կայքում:)

Ստանալ Հայրապետական օրհնություն

Հայրապետական օրհնությունը կարող է առաջնորդության, մխիթարության և ոգեշնչման աղբյուր լինել: Այն պարունակում է մեզ տրված անձնական խորհուրդ Երկնային Հոր կողմից և օգնում է մեզ հասկանալ մեր հավերժական ինքնությունն ու նպատակը: Օգնեք ձեր երեխային նախապատրաստվել ստանալու հայրապետական օրհնություն՝ ուսուցանելով նրան հայրապետական օրհնությունների նշանակությունն ու սուրբ էությունը:

Ավելին իմանալու համար տես Թեմաներ և հարցեր, «Հայրապետական օրհնություններ», Ավետարանի գրադարան, Ջուլի Բ. Բեք, «You Have a Noble Birthright», Լիահոնա, մայիս 2006, 106–8:

  • Ձեր երեխայի հետ կիսվեք հայրապետական օրհնությունը ստանալու ձեր փորձառությամբ: Դուք կարող եք կիսվել հետևյալով. ինչպես եք պատրաստվել ստանալ հայրապետական օրհնությունը, ինչպես է դա օգնել ձեզ ավելի մոտենալ Աստծուն և ինչպես է Նա շարունակում առաջնորդել ձեզ այս օրհնության միջոցով: Դուք կարող եք նաև հորդորել ձեր երեխային խոսել ընտանիքի այլ անդամների հետ, որոնք ստացել են իրենց հայրապետական օրհնությունները:

  • Միասին վերանայեք Երեց Ռանդալ Կ. Բենեթի ուղերձը «Քո հայրապետական օրհնությունը. ոգեշնչված ուղղություն Երկնային Հորից» և երեց Կազուհիկո Յամաշիտայի ուղերձը «Երբ ստանալ քո հայրապետական օրհնությունը» (Լիահոնա, մայիս 2023, 42–43, 88–90): Կիսվեք միմյանց հետ, թե ինչ եք սովորում այս ելույթներից այն մասին, թե ինչու է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք ստանանք հայրապետական օրհնություն: Հայրապետական օրհնություն ստանալու գործընթացին ծանոթանալու համար տես Ընդհանուր ձեռնարկի 18.17 բաժինը:

  • Եթե դուք ունեք նախնիներ, ովքեր ստացել են իրենց հայրապետական օրհնությունները, կարող եք ոգեշնչման համար կարդալ դրանցից մի քանիսը ձեր երեխայի համար: Մահացած նախնիների օրհնությունները պահանջելու համար մուտք գործեք ChurchofJesusChrist.org, սեղմեք Գործիքներ պատկերակը էկրանի վերևի աջ անկյունում և ընտրեք «Հայրապետական օրհնություն»:

  • Երբ ձեր երեխան ստանա իր հայրապետական օրհնությունը, առաջարկեք ընտանիքի բոլոր անդամներին, որոնք ներկա են եղել, արձանագրել իրենց զգացմունքները և երեխայի հետ կիսվել դրանցով:

Ստանալ օժտումը

Աստված ցանկանում է «բարձրից զորությամբ» օժտել կամ օրհնել Իր բոլոր զավակներն (Վարդապետություն և Ուխտեր 95.8): Մենք գնում ենք տաճար, որպեսզի ստանանք մեր անձնական օժտումը միայն մեկ անգամ, բայց ուխտերը, որոնք կապում ենք Աստծո հետ և այն հոգևոր զորությունը, որը Նա տալիս է մեզ՝ որպես օժտման մաս, կարող են օրհնել մեզ ամեն օր:

  • Ցուցադրեք ձեր տանը գտնվող տաճարի նկարը: Ասացեք ձեր երեխային Տիրոջ տանը ունեցած զգացմունքների մասին: Հաճախ խոսեք Տիրոջ, Նրա տան հանդեպ ձեր սիրո և այնտեղ կնքած ուխտերի մասին: Հնարավորություններ փնտրեք ձեր երեխայի հետ տաճար գնալու՝ մկրտություններ և հաստատումներ կատարելու իր նախնիների համար:

  • Միասին ուսումնասիրեք temples.ChurchofJesusChrist.org: Միասին կարդացեք հոդվածներ, ինչպիսիք են՝ «Տաճարային օժտման մասին» և «Պատրաստվել Տիրոջ տան համար»: Թույլ տվեք, որ ձեր երեխան տա ցանկացած հարց, որ նա ունի տաճարի վերաբերյալ: Ուղղորդման համար, թե ինչի մասին կարող եք խոսել տաճարից դուրս, տես երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 101–4, հատկապես տես «Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսումնասիրություն և պատրաստություն տաճարին» վերնագրով բաժինը):

  • Երբ դուք և ձեր երեխան մասնակցեք կամ ականատես լինեք այլ արարողությունների (օրինակ՝ հաղորդության կամ հիվանդների օրհնության), մի պահ քննարկեք արարողության մեջ ներառված խորհրդանիշները: Ի՞նչ են ներկայացնում խորհրդանիշները։ Ինչպե՞ս են դրանք վկայում Հիսուս Քրիստոսի մասին: Դա կպատրաստի ձեր երեխային խորհել տաճարային արարողությունների խորհրդանշական իմաստի մասին, որոնք նույնպես վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

  • Օգնեք, որ ձեր երեխան ուշադրություն դարձնի, թե ինքն ինչպես է պահում Մոսիա 18.8–10, 13-ում նկարագրված մկրտության ուխտը: Նաև օգնեք ձեր երեխային ուշադրություն դարձնել, թե ինչպես է Տերն օրհնում իրեն: Ամրապնդեք ձեր երեխայի վստահությունը ուխտերը պահելու իր կարողության հանդեպ:

  • Անկեղծ և հաճախ խոսեք այն մասին, թե ինչպես են ձեր տաճարային ուխտերը առաջնորդում ձեր ընտրությունները և օգնում ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Դուք կարող եք կարդալ Ընդհանուր ձեռնարկի 27:2 բաժինը, որպեսզի վերանայեք ուխտերը, որոնք մենք կապում ենք տաճարում: Եթե դուք ստացել եք ձեր օժտումը, պատմեք ձեր երեխաներին այն մասին, թե ինչպես է տաճարային հագուստն օգնում ձեզ հիշել Հիսուս Քրիստոսի հետ կապած ձեր ուխտերը (տես «Տաճարային սուրբ հագուստ» [տեսանյութ], Ավետարանի գրադարան):

4:12

Sacred Temple Clothing

Ծառայել միսիայում

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է․ «Միակ ամենակարևոր բանը, որը դուք կարող եք անել՝ պատրաստվելով ծառայության կանչին՝ միսիոներ դառնալն է շատ ավելի շուտ՝ մինչև ձեր միսիա գնալը: … Հարցը միսիա գնալը չէ, այլ՝ միսիոներ դառնալն ու ծառայելն է մեր ողջ կյանքի ընթացքում՝ մեր ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: … Դուք պատրաստվում եք ողջ կյանքը ձգվող միսիոներական աշխատանքին» («Դառնալ միսիոներ», Լիահոնա, նոյ. 2005, 45–46): Ձեր երեխայի միսիոներ դառնալու փորձառությունները հավերժ կօրհնեն նրան, ոչ միայն այն ժամանակահատվածի համար, երբ նա կարող է ծառայել որպես միսիոներ:

Ավելին իմանալու համար տես Ռասսել Մ. Նելսոն, «Քարոզենք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 6–7, Մ. Ռասսել Բալլարդ, «Միսիոներական ծառայությունը հավիտյան օրհնեց իմ կյանքը», Լիահոնա, մայիս 2022, 8–10, Միսիոներական պատրաստություն. հարմարվել միսիոներական կյանքին, Ավետարանի գրադարան։

  • Փորձեք, թե ինչպես կարող եք կիսվել ավետարանով բնական ձևերով: Միշտ զգոն եղեք այն հնարավորությունների հանդեպ, երբ կարող եք ուրիշների հետ կիսվել ձեր զգացմունքներով՝ Երկնային Հոր, Փրկչի և այն օրհնությունների մասին, որոնք դուք ստանում եք Փրկչի վերականգնված ավետարանից և որպես Նրա Եկեղեցու անդամ: Առաջարկեք ուրիշներին միանալ ձեր ընտանիքին՝ մասնակցելու եկեղեցի-ընտանիք միջոցառումներին:

  • Միսիոներների հետ շփվելու հնարավորություններ փնտրեք ձեր ընտանիքի անդամների համար: Առաջարկեք միսիոներներին ուսուցանել ձեր ընկերներին կամ առաջարկեք և հնարավորություն տվեք նրանց ուսուցանել ձեր տանը: Հարցրեք միսիոներներին իրենց ունեցած փորձառությունների մասին, և ինչպես է միսիոներական ծառայությունն օգնում նրանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Նաև հարցրեք, թե ինչ են արել (կամ կցանկանային արած լինել) միսիային պատրաստվելու համար:

  • Եթե դուք ծառայել եք միսիայում, անկեղծ և հաճախակի խոսեք ձեր փորձառությունների մասին: Կարող եք առաջարկել միսիայում ծառայած ընկերներին կամ ընտանիքի անդամներին պատմել իրենց մասին: Դուք կարող եք նաև խոսել այն մասին, թե ինչպես եք ավետարանով կիսվել ուրիշների հետ ձեր ողջ կյանքի ընթացքում: Օգնեք ձեր երեխային մտածել այն մասին, թե նա ինչպես կարող է կիսվել ավետարանով:

  • Հնարավորություն տվեք, որ ձեր երեխան ձեր ընտանիքի անդամներին ուսուցանի ավետարանի սկզբունքները: Ձեր երեխան նաև կարող է իր հավատքով կիսվել ուրիշների հետ: Օրինակ՝ կարող եք քննարկել նմանատիպ հարցեր՝ «Ինչպե՞ս կներկայացնենք Մորմոնի Գիրքը մեկին, ով երբեք չի լսել դրա մասին» կամ «Ինչպե՞ս կարող ենք նկարագրել Փրկչի կարևորությունը մեկին, ով քրիստոնյա չէ»:

  • Օգնեք ձեր երեխային անկաշկանդ զգալ մարդկանց հետ խոսելիս: Որո՞նք են զրույց սկսելու լավ եղանակները: Խրախուսեք ձեր երեխային սովորել, թե ինչպես լսել ուրիշներին, հասկանալ, թե ինչ կա նրանց սրտում և կիսվել ավետարանի ճշմարտություններով, որոնք կարող են օրհնել նրանց կյանքը:

  • Հնարավորություններ փնտրեք, որպեսզի ձեր երեխան սովորի այլ մշակույթների և հավատքների մասին: Օգնեք նրան ճանաչել և հարգել ուրիշների համոզմունքների լավ և ճշմարիտ սկզբունքները:

Ստանալ կնքման արարողությունը

Տաճարում ամուսինն ու կինը կարող են ամուսնանալ հավերժության համար: Դա տեղի է ունենում մի արարողության միջոցով, որը կոչվում է «կնքում»: Թեև ձեր որդու կամ դստեր համար այս արարողությունը կարող է տարիներ անց կատարվել, սակայն այն փոքր, պարզ, հետևողական քայլերը, որոնք դուք միասին կանեք այդ տարիների ընթացքում, կարող են օգնել նրան պատրաստվել այդ հրաշալի օրհնությանը:

  • Միասին կարդացեք «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագիրը Ավետարանի գրադարանում։ Ի՞նչ է այս հռչակագիրն ուսուցանում ընտանեկան կյանքում երջանկության և հաջող ամուսնությունների մասին: Ձեր երեխայի հետ ուսումնասիրելու նյութ ընտրեք հռչակագրում նշված սկզբունքներից մեկը: Դուք կարող եք այդ սկզբունքին առնչվող հատվածներ փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում: Կարող եք նաև նպատակներ դնել՝ ձեր ընտանիքում այդ սկզբունքը լիարժեք կիրառելու համար: Երբ աշխատում եք ձեր նպատակների վրա, միասին քննարկեք, թե այդ սկզբունքով ապրելն ինչ ազդեցություն կթողնի ընտանեկան կյանքի վրա:

  • Ձեր երեխայի հետ կարդացեք նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Գովք փրկարարներին» (Լիահոնա, մայիս 2016, 77–80)։ Երբ հասնեք «Միանգամյա օգտագործման հասարակություն» բաժինը, կարող եք ձեր տանը փնտրել միանգամյա օգտագործման իրեր, և այլ բաներ, որոնք բազմակի օգտագործման համար են: Խոսեք այն մասին, թե ինչպես եք այլ կերպ վերաբերվում իրերին, երբ ցանկանում եք, որ դրանք երկար մնան: Ի՞նչ է սա հուշում այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք ամուսնությանը և ընտանեկան հարաբերություններին: Ուրիշ ի՞նչ ենք սովորում նախագահ Ուխդորֆի ուղերձից այն մասին, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ ամուր ամուսնություններ և ընտանիքներ կառուցել:

  • Բաց եղեք ձեր երեխայի հետ այն բաների մասին, որոնք դուք և ձեր ամուսինը սովորում եք Քրիստոսակենտրոն հավերժական ամուսնություն ունենալու և այն ուղիների մասին, որոնք դուք փորձում եք բարելավել: Եթե դուք և ձեր ամուսինը կնքվել եք տաճարում, օրինակով ցույց տվեք ձեր երեխային, թե ինչպես եք ջանում պահել Տիրոջ հետ կապած ձեր ուխտերը: Ասացեք ձեր երեխային, թե ինչպես եք ձգտում Երկնային Հորը և Փրկչին դարձնել ձեր հարաբերությունների կենտրոնը, և ինչպես են Նրանք օգնում ձեզ (տես նաև Ուլիսես Սոարես, «Տիրոջ հետ գործընկերության մեջ», Լիահոնա, նոյ. 2022, 42–45)։

  • Երբ պետք է ընտանեկան որոշումներ կայացվեն, անցկացրեք ընտանեկան խորհուրդներ և քննարկումներ: Համոզվեք, որ ընտանիքի բոլոր անդամների կարծիքները լսելի լինեն և գնահատվեն: Այդ քննարկումների ժամանակ ցույց տվեք ձեր առողջ հարաբերությունները, բարյացակամ եղեք միմյանց հանդեպ, նույնիսկ, երբ ձեզանից մեկը համաձայն չէ մյուսի կարծիքին (Տես Մ․ Ռասսել Բալլարդ, «Ընտանեկան խորհուրդներ», Լիահոնա, մայիս 2016, 63-65)։

  • Երբ ընտանիքում անհամաձայնություն կամ բախում է տեղի ունենում, դրսևորեք համբերություն և կարեկցանք: Օգնեք ձեր երեխային տեսնել, թե հակասությունը Քրիստոսանման եղանակով լուծելը ինչպես կօգնի նրան պատրաստվել երջանիկ ամուսնության: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.41–42 հատվածները և խոսեք այն մասին, թե այդ հատվածների սկզբունքներն ինչպես կարող են կիրառվել ամուսնության մեջ: