Եկ, հետևիր ինձ
Ապրիլ 27-ից մայիսի 3-ը Մոսիա 7–10․ «Տիրոջ ուժի մեջ»


Ապրիլ 27-ից մայիսի 3-ը Մոսիա 7–10․ «Տիրոջ ուժի մեջ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Ապրիլ 27-ից մայիսի 3-ը Մոսիա 7–10, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Ամմոնը Լիմքի թագավորին ուսուցանելիս

Միներվա Կ. Թեյչերտ (1888–1976), Ամմոնը թագավոր Լիմքիի առաջ, 1949-1951, յուղաներկ կտավի վրա: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան, 1969:

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը

Մոսիա 7-10

«Տիրոջ ուժի մեջ»

Երբ կարդաք, Հոգին կարող է ձեր ուշադրությունը հրավիրել որոշ արտահայտությունների կամ հատվածների վրա: Գրի առեք, թե ինչպես եք զգում, որ այդ հատվածները վերաբերում են ձեզ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Մինչ Մոսիա թագավորի ժողովուրդը վայելում էր «անընդհատ խաղաղություն» Զարահեմլայում (Մոսիա 7․1), նրանք հիշեցին մեկ այլ խումբ նեփիացիների, ովքեր շատ տարիներ առաջ հեռացել էին, որպեսզի ապրեն Լեքի-Նեփիի երկրում։ Սերունդներ էին անցել, և Մոսիայի ժողովուրդը նրանց մասին ոչինչ չէր լսել։ Ուստի, Մոսիան խնդրեց Ամմոնին որոնողական խումբ ուղարկել և փնտրել հեռացած նեփիացիներին։ Որոնողական խումբը պարզեց, որ նեփիացիները «անօրինության պատճառով» (Մոսիա 7․24) գտնվում էին գերության մեջ լամանացիների մոտ։ Սակայն, Ամմոնի և նրա եղբայրների ժամանումից հետո հանկարծ ազատման հույս ծագեց։

Երբեմն, մենք նման ենք գերության մեջ գտնվող նեփիացիներին. տառապելով մեր մեղքերի պատճառով, մտածում ենք, թե ինչպես նորից խաղաղություն գտնենք: Երբեմն, մենք նման ենք Ամմոնին, զգալով, որ պետք է օգնենք ուրիշներին, ի վերջո պարզում ենք, որ մեր ջանքերը ոգեշնչել են նրանց, «բարձրաց[նել իրենց] գլուխները և ուրախան[ալ] և ապավին[ել] Աստծուն» (Մոսիա 7․19)։ Անկախ մեր հանգամանքներից, մենք բոլորս պետք է ապաշխարենք և «սրտի ողջ նվիրվածությամբ դառնանք դեպի Տերը, հավատքով, որ «նա … կազատի [մեզ]» (Մոսիա 7․33

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մոսիա 7․14–33

Եթե ես դառնամ դեպի Տերը, ապավինեմ և ծառայեմ Նրան, Նա կազատի ինձ։

Ամմոնի հետ հանդիպումը, ով Զարահեմլայից մի նեփիացի էր, թագավոր Լիմքիի մեջ մի հույս արթնացրեց, և նա ցանկացավ այդ հույսը փոխանցել իր ժողովրդին: Երբ կարդաք Մոսիա 7․14–33 հատվածները, ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց Լիմքին իր ժողովրդին, որպեսզի խրախուսի նրանց, ամրապնդի նրանց հավատքը և հույս տա, որ Աստված կօգնի նրանց։ Չնայած, հնարավոր է, դուք նույն մեղքերը չեք գործել, ինչպե՞ս կարող են Լիմքիի ժողովրդին ուղղված խոսքերն օգնել ձեզ դառնալ դեպի Տերը։ Օրինակ, դուք կտեսնեք, որ Լիմքին իր ժողովրդին հիշեցրեց Աստծո ազատման անցյալի պատմությունները (տես հատվածներ 18–20)։ Ինչպե՞ս են այդ պատմությունները, ինչպես նաև սուրբ գրությունների մյուս պատմությունները կամ անձնական փորձառությունները օգնել ձեզ վստահել Աստծուն:

Մոսիա 8․5–12

Որտե՞ղ էին գտնվում այն 24 թիթեղները, որոնք գտավ Լիմքիի ժողովուրդը։

Չնայած, Լիմքիի ժողովրդի մի փոքր խումբ առանց հաջողության հասնելու փնտրում էր Զարահեմլայի երկիրը, նրանք հայտնաբերեցին ոսկու 24 թիթեղներ, որոնց վրա անծանոթ լեզվով փորագրություններ կային։ Այդ թիթեղները, որոնք ի վերջո Մոսիա թագավորը թարգմանեց, պատմում էին հարեդացիների մասին, ովքեր խոստումի երկիր էին եկել Բաբելոնի աշտարակից և, ի վերջո, կործանման էին մատնվել (տես Մոսիա 28․11–19)։ Ավելի ուշ, Մորոնին կրճատեց այդ թիթեղները (տես Եթեր 1․1–2), որը դարձավ Եթերի գիրքը։ Մոսիա 28․18 հատվածում ուշադրություն դարձրեք, թե ինչ ազդեցություն գործեց այդ հիշատակարանը Մոսիայի ժողովրդի վրա։

Մոսիա 8․12–19

Տերը տալիս է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ մարդկությանն օգնելու համար։

Երբ Լիմքին լսեց Ամմոնի այն վկայությունը, որ Տերը տեսանող է բարձրացրել, Լիմքին «անչափ ուրախացավ և գոհություն հայտնեց Աստծուն» (Մոսիա 8․19)։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ նա ունեցավ այդ զգացողությունը։ Մոսիա 8․13–19 հատվածներում գրված Ամմոնի խոսքերից ի՞նչ եք սովորում տեսանողների մասին։ Մեր օրերում, «Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Խորհուրդը հաստատված են որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ» (Bible Dictionary, “Seer”)։ Երբ եք վերջին անգամ մտածել երկրի վրա մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ ունենալու օրհնության մասին։ Գուցե, դուք կարող եք գրի առնել, թե ինչպես են մարգարեները, տեսանողները և հայտնողները «մեծ բարիք» եղել ձեզ համար (Մոսիա 8․18

Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեծ տեսանող է, ով կանգնած է մեր տնտեսության գլխին (տես Վ&Ու 21․1, 124․125, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․62)։ Իր ծառայության ժամանակ նա ինչպե՞ս օրինակ ծառայեց տեսանողի մասին Ամմոնի նկարագրությանը համապատասխան։

Մոսիա 9–10

Ես կարող եմ դիմակայել իմ մարտահրավերներին «Տիրոջ ուժի մեջ»

Զենիֆն ընդունեց, որ ինքը սխալներ էր գործել։ Երբեմն, նա շատ նախանձախնդիր էր և իր ժողովրդին՝ Լիմքիի ժողովրդի նախնիներին, կանգնեցնում էր դժվարին իրավիճակի առաջ, երբ ոչ իմաստուն համաձայնության էր գալիս թագավոր Լամանի հետ։ Սակայն, ավելի ուշ, երբ նա պատերազմում էր լամանացիների դեմ, օգնեց իր ժողովրդին հավատքով դիմագրավել իրենց մարտահրավերներին: Երբ կարդաք Մոսիա 9-10 գլուխները, ուշադրություն դարձրեք, թե Զենիֆի ժողովուրդն ինչ գործերով ցույց տվեց իր հավատքը։ Ինչպե՞ս Աստված զորացրեց նրանց։ Ձեզ համար ի՞նչ է նշանակում առաջ գնալ «Տիրոջ ուժի մեջ»: (Մոսիա 9.17, 10.10–11):

Մոսիա 10․11–17

Իմ ընտրությունները կարող են ազդել սերունդների վրա։

Համաձայն Մոսիա 10․11–17 հատվածների, ինչպե՞ս լամանացիների նախնիների գործողությունները և վերաբերմունքը լամանացիներին թույլ չտվեցին իմանալ ճշմարտությունը: Լամանացիների նախնիների ընտրություններն ինչպե՞ս ազդեցին ապագա սերունդների վրա։ Մտածեք այն մարդկանց մասին, ովքեր կարող են փոխվել ձեր համոզմունքների և ընտրությունների շնորհիվ. ի՞նչ եք անում, որ օգնեք նրանց լիարժեք հավատք ունենալ Քրիստոսի հանդեպ:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մոսիա 7․19–20

Ուշադրություն դարձրեք այն օրինակներին, որոնք Լիմքին մատնացույց արեց, որպեսզի խրախուսի իր ժողովրդին հավատք ունենալ։ Սուրբ գրություններից ի՞նչ օրինակներ են ոգեշնչում մեզ «վստահել Աստծուն»։ Ի՞նչ է նշանակում դնել մեր վստահությունն Աստծո վրա (տես նաև Մոսիա 9.17, 10.19): Մեր կյանքից կամ մեր նախնիների կյանքից ի՞նչ պատմություններով կարող ենք կիսվել, որպեսզի ավելի մեծ վստահություն ոգեշնչենք Աստծո հանդեպ։

Մոսիա 7․26–27

Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Փրկիչի մասին (տես նաև Վ&Ու 130.22): Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ այս բաներն իմանալու համար:

Մոսիա 8․13–18

Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ, թե ինչ է տեսանողը, գուցե, նրանց ցույց տաք այն գործիքների նկարները, որոնք օգնում են մեզ տեսնել այնպիսի իրեր, որոնք այլ կերպ չէինք կարող տեսնել, դրանցից են՝ հեռադիտակը, աստղադիտակը կամ մանրադիտակը: Այս գործիքներն ինչո՞վ են նման տեսանողին (տես Մովսես 6.35–36): Ի՞նչ կարող են տեսանողները տեսնել, որը մենք չենք տեսնում։ Մենք ի՞նչ ապացույց ունենք, որ Ջոզեֆ Սմիթը տեսանող էր։

Կարող եք ցույց տալ մեր ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների նկարները և հարցնել ձեր ընտանիքի անդամներին, թե ինչ գիտեն նրանց մասին։ Ինչպե՞ս ենք մենք հետևում նրանց։

Մոսիա 9․14–18, 10․1–10

Երբ լամանացիները հարձակվեցին, Զենիֆի ժողովուրդը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ էր։ Ի՞նչ կարող ենք սովորել Զենիֆից և նրա ժողովրդից այն մասին, թե ինչպես պատրաստվել դժվարություններին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք ձեր սեփական հոգևոր հուշումները։ Այս ակնարկն առաջարկում է հատվածներ և սկզբունքներ, որոնց վրա կարող եք կենտրոնանալ, սակայն թույլ մի տվեք, որ այդ առաջարկները սահմանափակեն ձեր ուսումնասիրությունը։ Գուցե, դուք տպավորվեք այնպիսի հատվածներով կամ բացահայտեք այնպիսի սկզբունքներ, որոնք նշված չեն այստեղ։ Թույլ տվեք Հոգուն առաջնորդել ձեզ։

Նկար
Ջոզեֆ Սմիթը Մորոնիի հետ

Տեսիլք Ջոզեֆ Սմիթին, Քլարկ Կելլի Փրայս

Տպել